HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը դատավորը համարում է սեփականություն, ոչ թե բիզնես

2009 թ.-ից կրկնակի բարձրացավ դատավորների աշխատավարձը՝ 220 հազար դրամից հասնելով 440 հազարի, ինչը պետական բյուջեին արժեցավ տարեկան 1 մլրդ դրամ: Կառավարությունը դատավորների աշխատավարձերի բարձրացումը հիմնավորեց կոռուպցիայի դեմ պայքարով:

Այդ ժամանակ նույնիսկ պատգամավորներն ընդվզեցին՝ ասելով, թե հավասարության սկզբունքը պահպանելու համար իրենց աշխատավարձն էլ պետք է բարձրացվի: Ինչեւէ, բարձրացվեցին միայն դատավորների աշխատավարձերը: Դատական օրենսգրքով դատավորների համար, բացի աշխատավարձից, սահմանված են նաեւ հավելավճարներ: Դատարանի նախագահի հավելավճարը պաշտոնային դրույքի 25%-ի չափով է, Վճռաբեկ դատարանի նախագահինը՝ 15%-ի չափով:

Բացի այդ, դատավորները հավելավճար են ստանում աշխատանքային ստաժի համար: Մինչեւ 5 տարվա ստաժի դեպքում հավելավճարը կազմում է պաշտոնային դրույքի յուրաքանչյուր տարվա համար՝ 2%, իսկ 5 տարին գերազանցելու դեպքում՝ յուրաքանչյուր տարվա համար 5% հավելավճար:

Թե ինչքանով է աշխատավարձի բարձրացումը դատավորներին ետ պահել կոռուպցիայից կամ դատական համակարգը՝ կոռուպցիոն ռիսկերից, այլ թեմա է, սակայն փաստ է, որ շատ դատավորներ աշխատավարձի բարձրացման կարիք ամենեւին էլ չունեն, քանի որ նրանք, բացի աշխատավարձը, այլ եկամուտներ էլ ունեն: Այդ մասին խոստովանում են հենց իրենք:

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Տարոն Նազարյանը 2008 թ. իր գույքի եւ եկամուտների հայտարարագրում հայտարարագրել է արտարժույթով եկամուտ՝ 219 հազար 465 ԱՄՆ դոլար եւ 3 մլն 747 հազար դրամ: Ըստ հայտարարագրի՝ դատավորն անշարժ գույքի գործարք չի կատարել, գնել է միայն «Մերսեդես բենց ML 350» մակնիշի ավտոմեքենա: Անշուշտ, Տ. Նազարյանի՝ արտարժույթով հայտարարագրած գումարը չափազանց շատ է օրենքով ձեռնարկատիրությամբ զբաղվելու արգելք ունեցող դատավորի համար, ուստի փորձեցինք անձամբ տեղեկանալ, թե որտեղից նրան այդքան գումար:

Տ. Նազարյանին նաեւ խնդրեցինք մեզ տրամադրել Պետեկամուտների կոմիտե ներկայացրած գույքի եւ եկամուտների իր հայտարարագրի բնօրինակի պատճենը, որտեղ ավելի մանրամասն են երեւում տարվա ընթացքում դատավորի ստացած եկամուտները: Նա հայտարարագիրը չտրամադրեց՝ պատճառաբանելով, թե «պատճենը չունի», սակայն պարզաբանեց, թե որտեղից է գոյացել 219 հազար 465 ԱՄՆ դոլար եկամուտը:

Պետեկամուտների կոմիտեի տրամադրած տեղեկանքից երեւում է, որ դատավորի դրամային եկամուտը եղել է 3 մլն 747 դրամ, սակայն Տարոն Նազարյանը պարզաբանեց, թե 2008 թ. ունեցել է 3 մլն 147 հազար դրամ, որը վերաքննիչ դատարանից ստացած աշխատավարձն է: Ինչ վերաբերում է դոլարային եկամտին, ապա ըստ Տ. Նազարյանի՝ 117.686 ԱՄՆ դոլարը «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում ունեցած 50.000 դոլար վարկային գծի (օվերդրաֆտ) պարբերաբար վերցրած վարկերի հանրագումարն է:

«Օրինակ՝ տարվա ընթացքում ավտոմեքենա գնելու համար վերցրել եմ գումար, եւ հաջորդող ամիսների ընթացքում դա ամբողջովին մարվել է: Արձակուրդը ընտանիքով անցկացնելու համար ստացել եմ վարկի գումար եւ կրկին հաջորդող ամիսների ընթացքում ամբողջությամբ մարել: Առանձնատան կառուցապատման, ներքին հարդարման եւ կահավորման համար բազմիցս տարբեր չափերի վարկ եմ վերցրել նույն վարկային գծից եւ տարվա վերջին իմ ստացած շահաբաժինների հաշվին մարել եմ»,- պարզաբանում է Տարոն Նազարյանը:

Դատավորը ունեցել է նաեւ մեկ այլ վարկային գիծ՝ 599.000 դրամ, որից նույնպես օգտվել է ու աշխատավարձի հաշվից մարել: Նրա ասելով՝ այս վարկային գծից օգտվում են զգալի թվով դատավորներ, եւ ինքը բացառություն չէ:

Այն, որ դատավոր Նազարյանը աշխատավարձի հույսին չէ, հաստատում է նաեւ ինքը: Մինչ օրս նա եկամուտներ է ստանում վրացական «Յունիմետ» ՍՊԸ-ին փոխառությամբ տրված 78.500 ԱՄՆ դոլարի դիմաց հաշվարկված տոկոսներից: Միայն 2008 թ. այս ՍՊԸ-ից ստացված տոկոսները կազմել են 9.294 դոլար: Ըստ Տ. Նազարյանի՝ այդ գումարը ծախսվել է «ընթացիկ կարիքների համար»:

«92.437 ԱՄՆ դոլար եկամուտ ստացել եմ Վրաստանում գրանցված եւ գործող «Յունիմետ» ՍՊԸ-ից: Դա մեկ տարվա ընթացքում ոչ միանվագ ստացված տարեկան շահաբաժինն է, որով, ըստ էության, հիմնականում մարվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ից 50.000 ԱՄՆ դոլար օվերդրաֆտով պարբերաբար օգտագործված վարկի գումարը»,- նշում է դատավորը:

Տ. Նազարյանը համարում է, որ իր դոլարային եկամուտը ոչ թե 219.465 ԱՄՆ դոլար է, ինչպես հաշվարկել է Պետեկամուտների կոմիտեն, այլ՝ 101.779 դոլար: Նա վերցրած եւ մարած վարկային գումարները չի հաշվում որպես եկամուտ, ինչը անհասկանալի է, քանի որ դրանք, այնուամենայնիվ, մարվել են ստացված եկամուտների հաշվին:

Թեեւ դատավորը վրացական ՍՊԸ-ում ունեցած 78.500 դոլարը անվանեց փոխառություն, այնուամենայնիվ գտնում ենք, որ նրա գործունեությունը ձեռնարկատիրություն է, քանի որ «Յունիմետ» ՍՊԸ-ում այդ գումարի չափով Տ. Նազարյանը բաժնեմաս ունի ու շահույթ է ստանում:

«Փոխառությունը ձեռնարկատիրական գործունեություն չէ, ո՞վ է ասում, որ դա ձեռնարկատիրություն է: Աշխատավարձից էլ եմ եկամուտ ստանում, ուրեմն դա ձեռնարկատիրությու՞ն է: ՍՊԸ-ում ունեցած բաժնեմասը սեփականություն է, ոչ թե ձեռնարկատիրություն»,- բիզնեսով զբաղվելու մեր դիտարկմանը հակադարձեց Տարոն Նազարյանը:

Նա համաձայն չէ նաեւ այն կարծիքին, որ դատավորների զգալի մասը, բացի հիմնական աշխատավարձից, այլ եկամուտներ է ստանում, օրինակ, տարբեր ՍՊԸ-ներում ունեցած բաժնետոմսերից, «փոխառություններից», եւ նրանց աշխատավարձը երկու անգամ բարձրացնելու անհրաժեշտություն չկար: Ընդհակառակը, Տ. Նազարյանը կարծում է, որ դատավորների աշխատավարձը ցածր է, եւ պետությունը պետք է ավելի շատ վճարի:

«Դատավորին տրվող այսօրվա աշխատավարձը բավարար չէ ֆինանսական անկախության երաշխիք ծառայելու համար»,- ասում է Տ. Նազարյանը: Նրա հաշվարկներով, որպեսզի դատավորը ֆինանսապես անկախ լինի, պետք է տարեկան ստանա մոտ 50 000 դոլար աշխատավարձ: Այժմ Տարոն Նազարյանը ամսական ստանում է 480 000 դրամ աշխատավարձ եւ չի դժգոհում, քանի որ այլ եկամուտներ ունի: «Ես չեմ թաքցնում, որ եկամուտներ ունեմ, բայց շատ դատավորներ իրենց աշխատավարձով են ապրում»,-ավելացրեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter