HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Տպագիր մամուլը` ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում

Մոտ մեկ տարի առաջ սկիզբ առած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չշրջանցեց նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Ընթացիկ տարում մեր երկրի տնտեսությունն արձանագրել է ավելի քան 15 տոկոսի անկում: Այս իրողությունը, բնականաբար, անդրադարձել է նաեւ լրատվամիջոցների, մասնավորապես տպագիր մամուլի գործունեության վրա: Սակայն բոլոր թերթերը չէ, որ տուժել են. որոշների վրա ճգնաժամն ազդել է դրականորեն:

Հակոբ Ավետիքյան. «Բովանդակության, թերթը կենսունակ դարձնելու առումով տուժել ենք»

«Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիրը ցավով նշում է, որ այս տարի խախտել են թերթի գոյության 19 տարիների ընթացքում «սրբորեն» պահպանված ավանդույթներից մեկը: «Ազգ»-ում ամեն ամսվա առաջին եւ տասնվեցերորդ օրերին աշխատակիցները ստացել են իրենց աշխատավարձերը: Հիմա թերթը դրանք վճարում է ուշացումներով, աշխատակիցներին պարբերաբար պարտք մնալով:

«Բացի այդ, մինչեւ ճգնաժամը պարբերաբար, ամեն տարի մեզ մոտ լինում էր աշխատավարձերի բարձրացում 10-15 տոկոսով: Այս տարի չի եղել»,- ասում է խմբագիր Ավետիքյանը եւ նշում, որ չնայած նյութական դժվարին կացությանը` թերթն աշխատավարձերը, առավել եւս աշխատակիցներին չի կրճատել (36 հոգի):

Սակայն 2009 թ. «Ազգ»-ի մի շարք լրագրողներ գտել են նաեւ երկրորդ աշխատանք: «Ես բարոյական իրավունք չունեի նրանց արգելել, եւ դա, անշուշտ, ազդեց թերթի բովանդակության վրա: Որովհետեւ լրագրողը, եթե չի կարողանում ամբողջ ժամանակն իր գործին տրամադրել, նրա արածն ավելի շատ դառնում է ոչ թե ստեղծագործական, այլ մեխանիկական աշխատանք»,- ասում է Հ. Ավետիքյանը:

Վերջինիս խոսքով` թերթում պակասել են աշխատատար հոդվածները, մասնավորապես հետաքննություններն ու վերլուծությունները:
Թերեւս, ըստ նրա, բացառություն է հայ-թուրքական հարաբերությունների թեման:

«Մի շարք թեմաներով լրագրողների զբաղվածության պատճառով չենք կարողացել զբաղվել ոնց որ պետքն է, ինչից, փաստորեն, տուժել է մեր առաքելությունը: Ընդհանրապես, գոհացել ենք մեկ կողմի կարծիքով,- ասում է Ավետիքյանը եւ նշում «այս բավականին ծանր կացության» ուղիղ պատճառները,- նախ` մեր բաժնետերերն այս տարի չկարողացան անհրաժեշտ ներդրումներ կատարել: Երկրորդ` տարեսկզբին մի շարք կարեւոր ընկերություններ, որոնք ինչ-որ մեծ ձեռնարկություններ ունեն եւ գովազդային բնույթի նյութեր էին մեզ մոտ տեղադրում, ասացին, որ ճգնաժամով պայմանավորված այլեւս չեն կարող թերթի հետ պայմանագրերը վերակնքել»:

Խմբագրի փոխանցմամբ` նախորդ տարիներին «Ազգ»-ի եկամուտների 70 տոկոսը գոյացել է գովազդից, իսկ ճգնաժամի պատճառով այս թիվը 10-ով նվազել է, ինչն իրենց համար «զգալի գումար է»:

«Հայկական թերթերում զուտ առեւտրային գովազդների շատ քիչ կհանդիպեք, մեծամասամբ` 95 տոկոսով, հայտարարություններ եւ ծանուցումներ են: Կոնկրետ «Ազգ»-ի պարագայում դրանց մեջ կարեւոր տեղ ունեն միջազգային կազմակերպությունների գովազդները, ասենք` տարբեր մրցույթների, թափուր աշխատատեղերի, կրթական ծրագրերի մասին հայտարարությունները: Այժմ հստակորեն սրանց թիվը պակասել է: Առաջ ամսական 3-ից 6 նման հայտարարություն էինք ունենում»,- մանրամասնում է թերթի գլխավոր խմբագիրը:

Սրանից զատ, Հ. Ավետիքյանի ներկայացմամբ, 8 էջանոց «Ազգ»-ում 30-40 տոկոսով նվազել է վճարովի ներդիրների քանակը: Մինչեւ ճգնաժամը թերթում զանազան կազմակերպություններ, տարբեր երկրների դեսպանատներ, Տեղական ինքնակառավարման մարմիններ ինչ-որ ծրագրերի շրջանակներում 4-ից 24 էջանոց ներդիրներ են տպագրել, հիմա ամիսներով այդպիսիք չեն տպագրվում:

Խմբագիրը նշում է, որ շատ դեպքերում խախտել են նաեւ այս սահմանը եւ համաձայնվել հայտարարություն տեղադրել ավելի մատչելի գնով: Բայց գնային ճկուն քաղաքականությունը եւս որեւէ օգուտ չի բերել: «Ես հաշվել եմ` առանց գովազդի պետք է օրական 8500 օրինակ իրացնենք, որպեսզի կարողանանք ինքնաֆինանսավորվել»,- ասում է գլխավոր խմբագիրը:

Թերթի տպաքանակը վերջին տարիներին տարբեր ամիսների տատանվում է 2500-3200 օրինակի միջեւ: Ավետիքյանի խոսքերով` թեեւ ճգնաժամի պատճառով մարդկանց գնողունակությունն ընկել է, սակայն դա հազիվ թե ազդած լինի թերթի վաճառքի վրա, ճիշտ այնպես, ինչպես նյութական ճնշվածությունը չի ազդել «երբեւէ սուր որակումներով աչքի չընկնող եւ իր գիծն ունեցող» «Ազգ»-ի ազատության եւ անկախության վրա:

Ըստ նրա` թերթի սպառումն առավելապես տուժում է «Ազգ»-ի կայքէջի պատճառով, քանի որ այստեղ դեռ գիշերվա 1-ին, մինչ օրաթերթը կհայտնվի կրպակներում, հրապարակվում են օրվա համարի հիմնական հոդվածները:

Հովհաննես Գալաջյան. «Ինչքան ազատ ու անկախ կայինք, այնքան էլ մնացել ենք»

Ասում է շաբաթը 3 անգամ լույս տեսնող «Իրավունք» թերթի եւ «Հետաքննություն իրավունք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը եւ նշում, որ ֆինանսատնտեսական ճգնաժամը չի ազդել նաեւ հիշյալ պարբերականների լուսաբանումների բովանդակության, թեմատիկ բազմազանության եւ խմբագրական գործընթացների վրա:

«Որպես այդպիսին` ճգնաժամն ազդել է գովազդային մուտքերի եւ ինչ-որ չափով տպաքանակի վրա: Իսկ մեր հիմնական եկամուտը գոյանում է հենց գովազդից ու վաճառքից»,- ասում է Հ. Գալաջյանը: Նա մանրամասնում է, որ վերջին տարիներին «Իրավունք» պարբերականը լույս է ընծայվել 7-8 հազար, «Հետաքննություն իրավունք»-ը` 10-12 հազար տպաքանակով: Եթե տարին երկրի համար ընտրական է, երկուսի դեպքում էլ տպաքանակն ավելանում է 20-30 տոկոսով:

Սակայն վերջին շրջանում, ըստ գլխավոր խմբագրի, ճգնաժամն այնպես է ազդել մարդկանց կենցաղի վրա, որ որոշ ընթերցողներ խնայում են նույնիսկ թերթի գինը` 100 դրամը, ինչի արդյունքում խախտվել է նաեւ նախկին ցուցանիշը` «Իրավունքն» ու «Հետաքննություն իրավունք»-ը հրատարակվում են 3-4% պակաս տպաքանակով:

Պատկերն ավելի մռայլ է գովազդատուների պարագայում. վերջիններս ավելի շատ են տնտեսում: Գալաջյանը նշում է, որ իր խմբագրած թերթերում եկամուտների 1/3-ը գոյանում է գովազդից, իսկ ճգնաժամից հետո այս ցուցանիշը 20 տոկոսով նվազել է:

«Գների իջեցման չենք գնացել: Եթե գովազդ դնելու անհրաժեշտություն կա, դնում են, դա գնի հետ կապված չէ: Ոչ էլ առանձնահատուկ պահանջներ են ներկայացրել գովազդ տեղադրելու համար: Ընդհանրապես նրանց կողմից ճնշումներ չեն եղել, դրա մասին խոսք լինել չի կարող»,- ասում է խմբագիր Գալաջյանը:

Նրա փոխանցմամբ` երկու թերթերում էլ պակասել է վճարովի ներդիրների քանակը: Նախկինում տարեկան 7-8 անգամ այդպիսիք տպագրել են` 2-8 էջով: Հիմա ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով ներդիրներ գրեթե չեն ունենում:

«Աշխատակազմի թվաքանակը, բնականաբար, չենք փոխել. աշխատում ենք 20 հոգով` չհաշված արտահաստիքային թղթակիցներին: Աշխատավարձերն առայժմ չենք կրճատել, բայց չեմ խոստանում, որ հետագայում դա չի լինի»,- ասում է Հ. Գալաջյանը եւ անմիջապես ավելացնում, որ հետագայի համար ընդհանրապես ոչինչ բացառել հնարավոր չէ:

Արմինե Օհանյան. «Բարդ շրջանն արդեն հաղթահարել ենք»

2008 թ. նախագահական ընտրություններից առաջ շուկա մտած «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հիշում է, որ թերթի գործունեության կարճ ժամանակահատվածում մոտ 6 ամիս «Հրապարակը» հայտնվել է նյութական ծանր կացության մեջ:

«Որովհետեւ ֆինանսավորողը շատ մեծ պահանջներ էր ներկայացնում, եւ ես պարզապես դադարեցրի բոլոր տեսակի կապերը տվյալ անձի հետ: Նույնիսկ վտանգ կար, որ կդադարենք տպագրվել, մինչեւ թերթը պահելու համար նոր ֆինանսական աղբյուրներ գտանք: Հիմա ստացվել է»,- ասում է Ա. Օհանյանը: «Հրապարակի» ունեցած այս ճգնաժամը համաշխարհային

ֆինանսատնտեսականից առաջ էր, եւ գլխավոր խմբագիրն ասում է, որ վերջինիս առկայությունը թերթի գործունեության վրա էականորեն չի ազդել: «Ըստ էության, թերթի ֆինանսական միջոցները գոյանում են մի քանի ճանապարհով` վաճառք, գովազդ եւ հովանավորներ: Եթե այս երեք աղբյուրները կայուն են, թերթը չի տուժի»,- ասում է գլխավոր խմբագիրը եւ մանրամասնում, որ շուկա են մտել 1000 օրինակով, իսկ այսօր տպաքանակը հասել է 3000-ի. «Այս ընթացքում մի քիչ մեծացել է հետաքրքրությունը թերթի նկատմամբ, քանի որ հասարակության մեջ եղած խնդիրների մասին, ի վերջո, միայն թերթերն են գրում, հեռուստատեսությունից քաղաքացին չի ստանում այդ ինֆորմացիան»:

Մյուս կողմից, նա նշում է, որ եթե ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է հասարակության կենսամակարդանի վրա, դա մեխանիկորեն վնասում է նաեւ թերթին. «Ասենք, եթե մենք 3-ի փոխարեն ունենայինք 4-5 հազար տպաքանակ, կախման մեջ չէինք լինի գովազդատուներից եւ հովանավորներից»: Գովազդատուներից, այնուամենայնիվ, «Հրապարակը» կախված չէ, քանի որ, ըստ խմբագրի, թերթի եկամուտների մեջ գովազդից ստացվող բաժինը մեծ չէ:
«Հայաստանում գովազդային շուկան փոքր է եւ կառավարվում է տարբեր մարմինների կողմից: Ասենք` նախագահականից կանչում են օլիգարխներին եւ ցուցում տալիս, թե որ թերթին ինչ տեւողությամբ գովազդ պատվիրեն: Սրանով էլ բացատրվում է այն, որ, ասենք, 1000 տպաքանակ ունեցող թերթում գովազդ կա, իսկ շատ ավելի մեծ սպառում ունեցողի էջերում` ոչ»,- նշում է Ա. Օհանյանը:

Այդ իսկ պատճառով էլ, խմբագրի խոսքերով, ճգնաժամով պայմանավորված` իրենք գովազդային գները չեն իջեցրել, որովհետեւ «նախ` դրանք այնքան էլ բարձր չեն, երկրորդ` եթե մարդը չի ուզում քեզ գովազդ տալ, ինչ գին էլ սահմանես, չի տա»:

«Պատահական չէ, որ ուղիղ մեկ տարի է մենք գովազդային գործակալ ենք փնտրում: Որովհետեւ եկողները շատ կարճ ժամանակահատվածում տեսնում են, որ թերթի համար գովազդ գտնելը կախված չէ մարդու կամ թերթի ունակություններից: Հիմա ամեն մի կազմակերպություն, որ ունի գովազդվելու խնդիր, մտածում է` արժե՞ տվյալ թերթին գովազդ պատվիրել, իշխանությունները, Պետեկամուտների կոմիտեն ինչպե՞ս կվերաբերվեն դրան: Ուստի, նա խուսափում է «վտանգավոր», քիչ թե շատ ազատ թերթերում գովազդ պատվիրելուց»,- ասում է Ա. Օհանյանը:

Տպագրվելու սկզբնական շրջանում «Հրապարակում» գովազդի քանակը եղել է գրեթե զրոյական: Ավելի ուշ սկսել են հայտնվել որոշ գովազդատուներ: Այսօր, չնայած ճգնաժամին, թերթն ամսական առավելագույնը մոտ 1մլն դրամի գովազդ է ունենում եւ 3-4 անգամ տպագրում է գունավոր 1 էջանոց ներդիր-գովազդներ: Սակայն սրանցով եւ թերթի վաճառքից ստացվող գումարներով հանդերձ` «Հրապարակը» շահույթ չի ստանում. աշխատում է վնասով, որը փոխհատուցում է հովանավորը:

«Իհարկե, աշխատում եմ հովանավորչական գումար հայթայթել այնպիսի վայրերից, որտեղից պայմաններ չեն թելադրի, չեն փորձի ազդել թերթի բովանդակության վրա: Բայց, միեւնույն է, մարդիկ են, եթե վճարում են, ուրեմն ինչ-որ ակնկալիքներ ունեն,- ասում է գլխավոր խմբագիրը:- Այսինքն` ես ընտրում եմ 10 տարբերակից նրան, ով ինձ ավելի հարազատ է, ես դա կանեի նաեւ առանց իր խնդրանքի, իմ ուղղվածությանը, գաղափարներին, հայացքներին չեն հակասում նրա պահանջները: Բայց, ինչ խոսք, մարդկային առումով ինչ-որ կաշկանդվածություն զգում ես»:

Ճգնաժամի թողած ազդեցության հետ Ա. Օհանյանը թերեւս կապում է այս տարվա ամռանը խմբագրությունում ստեղծված իրավիճակը: Լրագրողներից մի քանիսը (3-4 հոգի), այլ խմբագրություններում առաջարկվող ավելի բարձր աշխատավարձով պայմանավորված, աշխատանքից դուրս են եկել:

«Այս ընթացքում ճգնաժամի հետ կապված դոլարի փոխարժեքը փոխվեց, ապրանքների գներն աճեցին, իսկ մենք չկարողացանք բարձրացնել աշխատավարձը: Փաստորեն, վճարում ենք նույն աշխատավարձը, ինչ 1,5 տարի առաջ: Եթե կարողանայինք այն բարձրացնել, մարդիկ կային, որ չէին գնա»,- նշում է գլխավոր խմբագիրը:

Թերթը, ինչպես Օհանյանն է ասում, աշխատում է նվազագույն ուժերով` 15 հոգով, որոնցից 10-ը լրագրողներ, 5-6 հոգի էլ արտահաստիքային թղթակիցներ են: «Առաջ շաբաթ օրերին տպագրվում էինք 12 էջով: Հետո դադարեցրինք, քանի որ տպագրական ծախսն ավելանում էր: Նաեւ ծրագրել էինք բոլոր մարզերի հնարավոր մեծ քաղաքներում թղթակիցներ ունենալ: Բայց հրաժարվեցինք այդ մտքից, որովհետեւ տեսանք, որ ծախսերը մեծանում են: Եթե ճգնաժամ չլիներ, մեր եկամուտներն ավելի ինտենսիվ աճեին, բնականաբար, ծրագիրը կյանքի կկոչեինք»,- ասում է Ա. Օհանյանը եւ նշում, որ, այնուամենայնիվ, այսօր ավելի շատ են լրագրողներին գործուղում մարզեր, քան առաջ:

Հայկ Գեւորգյան. «Մեր թերթը ոչ միայն ինքնածախսածածկվող է, այլ նաեւ շահութաբեր»

Ասում է «Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գեւորգյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ճգնաժամն ազդե՞լ է թերթի նյութական կացության վրա, ըստ այդմ` կաշկանդելով նաեւ խմբագրության ազատությունը եւ անկախությունը: Գեւորգյանը նշում է, որ իրենք «սեւ դրամարկղ» չունեն. բոլոր եկամուտներն ու ծախսերը թափանցիկ են, եւ այս տարվա մարտին կհրապարակեն ֆինանսական հաշվետվություն:

«Մասնավորապես անցյալ տարի «ՀԺ»-ն ունեցել է 19 մլն դրամի շահույթ: Սա այն դեպքում, երբ խմբագրությունը պարբերաբար թարմացնում է իր տեխնիկան, աշխատավարձերը ցածր չեն եւ վճարվում են ժամանակին»,- հավելում է օրաթերթի պատասխանատուն: Վերջինիս հավաստմամբ` եթե ֆինանսատնտեսական ճգնաժամն ազդել է «ՀԺ»-ի խմբագրական գործընթացների վրա, ապա դա արտացոլվել է միայն նրանում, որ թեմատիկ առումով տնտեսական իրադարձությունները դիտարկում են նաեւ ճգնաժամի շրջանակներում:

Ինչ վերաբերում է գովազդային դաշտում տիրող իրավիճակին, Գեւորգյանն ասում է, որ գովազդը երբեք «ՀԺ»-ի համար չի եղել եկամուտի զգալի աղբյուր, հետեւաբար այս կտրվածքով ճգնաժամը որեւէ կերպ իրենց վրա ազդել չէր կարող:

«Ցավոք, ՀԺ-ում գովազդներ տեղադրելու խնդիրը դարձել է քաղաքական հարց: Կան բազմաթիվ օրինակներ, երբ գովազդատուները ճնշումների արդյունքում հրաժարվել են արդեն իսկ վճարված գովազդներից, ընդ որում` ետ չեն պահանջել իրենց գովազդը: Այս պայմաններում գովազդային «շուկայի» մասին խոսելն անիմաստ եմ համարում»,- ասում է Հ. Գեւորգյանը:

Թերթը 2006 թ. տպագրվել է 7000 օրինակով, 2007-ին եւ այս տարի` արդեն 8000-ով: Իսկ անցյալ տարի, երկրի ներքաղաքական կյանքի ակտիվությամբ պայմանավորված (ՀՀ նախագահի ընտրություններն էին), տպաքանակը հասել է 10 հազարի: Թեեւ քիչ, բայց աճել է ոչ միայն աշխատակիցների թիվը, այլ նաեւ նրանց վճարվող աշխատավարձը:

«Սրա հետ կապված էլ այս տարվա շահույթը կլինի շատ ավելի քիչ, քան անցած տարի էր»,- ասում է Հ. Գեւորգյանը:

շարունակությունը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter