HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախագահի խոստումն իրականություն չդարձավ. արազափցիները ստիպված կլինեն լքել գյուղը

Արմավիրի մարզի սահմանամերձ Արազափը գյուղը դատարկվելու եզրին է. մարդիկ լքում են իրենց տները: Որոշ ընտանիքներ էլ վարկերի պատճառով հայտնվել են անտուն մնալու վտանգի առաջ:

Թուրքիայից ընդամենը 500 մետր հեռու գտնվող և ամռանը թուրք հովվի ձայնը լսող գյուղը ակնկալում է ՀՀ կառավարության ուշադրությունը, սակայն նախագահն անտեսում է գյուղացիների խնդրանքը, իսկ կառավարության ղեկավարը չի ուզում միջամտել բանկ-գյուղացի հարաբերություններին:

Արազափ գյուղում բնակվող Ավագյանների ընտանիքը 1998թ-ից գյուղատնտեսական վարկեր են վերցրել եւ միշտ ժամանակին կատարել պարտավորությունները, սակայն 2009-2010թթ. գյուղում նախ ստորգետնյա ջրերի մակարդակը բարձրացավ եւ հեղեղեց ամբողջ ցանքատարածությունները, ապա կարկուտը մեծ վնաս պատճառեց գյուղացիներին, ինչի հետեւանքով վարկային պարտավորությունները չկարողացան կատարել:

Ընտանիքի մայրը` Անուշ Առաքելյանը, տան սենյակներից մի անկյունում նստած կանաչի էր մաքրում եւ սառած ձեռքերը տաքացնում հագուստի տակ թաքցնելով:

Անուշի որդին` Երվանդ Ավագյանը պատմեց, որ 2009թ. ունեցել են մոտ 4000 դոլարի վարկ, ինչը նաեւ տույժ-տուգանքների հաշվին աճեց եւ այժմ դարձել է 21 հազար 500 դոլար:

Երվանդի պատմելով վարկերը երաշխիքով են եւ գրավով: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «ԱԿԲԱ կրեդիտ Ագրիկոլ բանկը» 2012թ. նույն օրը միանգամից 3 հայց է ներկայացրել նրանց դեմ, եւ բոլորն էլ բավարարվել է: Այժմ արգելանքի տակ է նրանց տունը, հողամասը եւ 2001թ. արտադրության «FORD TRANSIT 2.4 TD» մակնիշի բեռնատար ավտոմեքենան, որը դեկտեմբերի վերջին ԴԱՀԿ աշխատակիցները տարել են, որպեսզի աճուրդ կազմակերպեն եւ վաճառեն:

«Գիտեք, թե աճուրդներն էլ ոնց են լինում: Էժան կվաճառեն, էլի կմնանք վարկերի տակ: Ինչ անշարժ ու շարժական գույք ունենք բոլորը արգելանքի տակ է, ամբողջ փաստաթղթերն իրենց մոտ է: Հարկադիրի աշխատողներն ասացին, եթե դրանով պարտավարությունը չկատարվի արգելանք կդրվի նաեւ հորս թոշակի վրա»,-պատմում էր Երվանդը:

Երվանդն ասում է, որ մինչեւ 2009թ. իրենց վարկը եղել է հոր` Ավագ Ավագյանի անունով, սակայն երբ բնական աղետ եղավ եւ չկարողացան վարկը փակել, բանկի աշխատակիցները նրանց ասել են, որ նոր վարկեր կարող են տալ, սակայն բարեկամների եւ հարեւանների անուններով:«Հենց այդպես էլ արեցին ու հիմա ամբողջ գյուղին շղթայել են: Ինձ ուրիշի անունով հենց պարտավորության չափով` 5000 դոլար վարկ տվեցին, որը մի դրամարկղից ստացել եմ, մյուսում նորից տվել եմ իրենց ու բանկից դատարկ ձեռքով դուրս եմ եկել: Հաջորդ տարի էլ ամբողջ բերքը կարկուտը վնասեց ու 5000 դոլարը դարձավ 7000, դա էլ 14000 ու գնալով գումարի չափը մեծացավ: Այսօր էլ, որ գործը ԴԱՀԿ-ի մոտ է, օրական 0.12 տոկոս տուգանք է ավելանում, 5 տոկոս էլ հարկադիրի գումարն է կազմում: Լավ կլիներ, որ այն ժամանակ մեզ դատի տային գոնե գումարն այդքան չէր մեծանա»,-ասում է Երվանդը:

Նրա խոսքերով, թեեւ իրենք վատ վիճակում են եղել, սակայն բանկային պարտավորությունները որոշ չափով կատարել են, այլ բան է, որ վարկերի մի մասը հարեւանների ու բարեկամների անունով է, եւ առաջնահերթ հենց նրանց անունով վարկերն են փակել, որպեսզի թշնամություն չառաջանա:

Երվանդն ասում է, որ բանկում կառավարչից սկսած բոլորը գիտեն, որ այլ մարդկանց անունով ձեւակերպված վարկերը եւս իրենն է եղել եւ ինքը պարտավորությունն այդ մասով կատարել է:

Երվանդը նշում է, որ շուտով հողն էլ աճուրդի կհանեն եւ իրենք ամբողջությամբ կկործանվեն, քանի որ իրենց միակ եկամուտի միջոցը հողն է:

Արազափի վարկառու գյուղացիները նամակ են գրել նախագահ Սերժ Սարգսյանին եւ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նախագահը չի պատասխանել գյուղացիներին, իսկ վարչապետի աշխատակազմից նամակագիրներին ասել են, թե բանկերը մասնավոր են եւ չեն կարող միջամտել:

«Սա բանկերի կողմից իսկական ցեղասպանություն է ժողովրդի դեմ: Գյուղի 80 տոկոսից ավելին այս վիճակում է, ո՞նց պիտի լինի: Պիտի ժամանակ տրամադրեն, այլ տարբերակ չկա: Ինձ թվում է` կառավարության համար խնդիր չի, որ բանկերին ասի` ժամանակ տվեք գյուղացիներին, հո ամեն ինչ խլելով չի: Մենք ի՞նչ անենք, անօրինական սահմանն անցնե՞նք»,-ասում է Ավագ պապը:

Նրանք դեռ հույս ունեն, որ ղեկավարությունը կընդառաջի սահմանամերձ գյուղացիներին եւ իրենց ձայնը լսելի կլինի:

Արազափի համայնքապետի տեղակալ Հայկազ Գալստյանը «Հետքի» հետ զրույցում գյուղի թիվ 1 խնդիրը նշեց գյուղատնտեսական վարկերը: Նրա ասելով` գյուղացիների 90 տոկոսը վարկառու է, իսկ շատերն արդեն ժամկետանց վարկեր ունեն:

Հայկազ Գալստյանը եւս վարկերի տակ է: Նա 6000 դոլար վարկ էր վերցրել, որ 6 հա հողի վրա ցորեն ցանի: 6 հա-ից ստացել է 9 տոննա ցորեն, մինչդեռ ակնկալում էր 24 տոննա: Ստացած բերքը նույնիսկ ծախսերը չի փակել, ինչն էլ ավելի է սրել գյուղապետի տեղակալի սոցիալական վիճակը:

Հ. Գալստյանը վարկ վերցրել է 14 տոկոսով, բայց քանի որ գյուղը բանկի համար արդեն վստահելի չէ, նոր վարկերը տրամադրվում են ավելի բարձր տոկոսադրույքով`15 տոկոսով:

«Արդեն մի 10 տուն արգելանքի տակ է, հարկադիրից եկել նկարել են, որ դնեն աճուրդի: Գյուղացին էլ մենակ է մնացել, կառավարության կողմից ոչ մի օգնություն չկա»,-ասաց համայնքապետի տեղակալը:

Հայկազ Գալստյանն ասաց, որ վարկերի պատճառով շուտով գյուղի երիտասարդները կմեկնեն արտագնա աշխատանքի, որպեսզի կարողանան օր առաջ ազատվել վարկերից: Նրա տեղեկություններով` մոտ 30 երիտասարդ արդեն պատրաստվում է երկրից դուրս գալ ու չգիտեն էլ աշխատանք կգտնեն, թե ոչ:

Արազափից մարդիկ գնում են ոչ միայն ժամանակավոր աշխատանքի համար, այլեւ ընտանիքներով: Հայկազ Գալստյանը նշեց, որ միայն դեկտեմբերին 6-8 ընտանիք սոցիալական կարիքից դրդված գնացել է արտերկիր եւ հնարավոր է, որ նման ընտանիքների թիվն ավելանա:

Արմավիրի մարզպետարանից «Հետքին» տեղեկացրին, որ 2009-2010թթ. Արազափում տեղի ունեցած բնական աղետների հետեւանքով պատճառված վնասների համար գյուղացիներին որեւէ պետական աջակցություն չի ցուցաբերվել:

2011թ. հունվարի 1-ից մինչեւ սույն թվականի հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում ԴԱՀԿ ծառայության Արմավիրի մարզային բաժնում Արմավիրի մարզի Արազափ գյուղի վարկառու բնակիչների վերաբերյալ հօգուտ «ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության հարուցվել է թվով 182 կատարողական վարույթ՝ 85.359.492 ՀՀ դրամ  բռնագանձման ենթակա ընդհանուր  գումարով։ 

Հարկադիր էլեկտրոնային աճուրդում է գտնվում թվով 9 անվանում անշարժ գույք: Փորձաքննության փուլում է գտնվում թվով 15 անվանում անշարժ գույք /հողամաս, բնակելի տուն/։ Մինչ նշված օրը  Արմավիրի մարզի Արազափ գյուղի վարկառու բնակիչներին պատկանող գույք հարկադիր էլ. աճուրդով չի վաճառվել: 

                                                                            ԴԱՀԿ լրատվության բաժին

Նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս 2011թ. մարտի 11-ին հրավիրած տնտեսական քաղաքականության իրականացման առաջնահերթությունների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ ծրագրերի ձախողումների համար արդարացումներ պետք չեն եւ նշեց մի շարք ոլորտներ, այդ թվում գյուղատնտեսությունը:

«Այս տարի բոլորիս գործունեության օրակարգում առաջնային տեղ են ունենալու գյուղը, գյուղացին ու գյուղատնտեսությունը: Խոսքս միայն գյուղատնտեսության նախարարությանը չի վերաբերում, որովհետև գյուղի խնդիրը միայն գյուղատնտեսության նախարարի խնդիրը չէ: Իհարկե, գյուղատնտեսության նախարարությունը շատ ակտիվ պետք է լինի, մանավանդ, որ կառավարությունը գյուղատնտեսությունը համարում է իր գերակայություններից մեկը: Մենք պետք է շատ կոնկրետ և հասցեական աշխատանք կատարենք: Մեզնից յուրաքանչյուրը պարբերաբար պետք է այցելի գյուղ` եւ՛ վարչապետը, եւ՛ փոխվարչապետը, բոլոր նախարարները: Ինքս եմ պարբերաբար գնալու գյուղ, զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով և ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու: Այդ ծրագրերի արդյունքները պետք է երևան: Գյուղացին պետք է տեսնի, որ ինքը մենակ չէ»,-հայտարարել էր նախագահը:

Ի՞նչ փոխվեց հայտարարությունից հետո եւ ի՞նչ դրական միտումներ նկատվեցին գյուղատնտեսական ոլորտում: Գյուղացիներն առաջընթաց չեն զգացել եւ փաստում են հակառակի մասին. գնալով աղքատանում են ու խրվում վարկային ճահճի մեջ: 

Մեկնաբանություններ (2)

ԱԶԱՏ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔ FREEDOM OF SPEECH СВOБОДА СЛОВ
ՀՀ նախագահը և, ընդհանրապես, որևէ երկրի ղեկավար՝ իր անձով պետք է մարմնավորի մարդկային բարոյական կերպարին հատուկ գծեր, և դա պետք է վերաբերի նաև նրա շրջապատին: Ինչ ենք տեսնում իրականում՝ նախագահի բարձր հովանու ներքո գնտվող անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում ՀՀ քաղաքացիների նկատմամբ, և դա լռելյայն հավանության է արժանանում երկրի ղեկավարի կողմից: http://www.facebook.com/groups/F2r0e1e1dom/?bookmark_t=group
Anush
Lacs galis e...inch mexk en mer gyuxaciner@...((

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter