
5 մլն դրամ` Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների պատիվն ու արժանապատվությունն արատավորելու համար
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ իր որդին`Սեդրակ Քոչարյանը հերթական անգամ լրատվամիջոցի դեմ հայց են ներկայացրել դատարան` պատիվը եւ արժանապատվությունն արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման պահանջով:
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ, այսօր կայացավ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր եւ հրապարակիչ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի եւ «Առաջին լրատվական»-ի հիմնադիր եւ պատասխանատու «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի գործով նախնական դատական նիստը:
Բացի հերքումից, Քոչարյանները լրատվամիջոցներից պահանջում են նաեւ հատուցել 5 մլն դրամ, որից 2-ական մլն դրամը զրպարտության համար, իսկ 1մլնը` փաստաբանական ծառայության վճարը:
Հայցվորները վիճարկում են 2012թ. նոյեմբերի 27-ին եւ 29-ին հրապարակված հոդվածները, համապատասխանաբար` «Ի՞նչ կապ ունեն Քոչարյանն ու Ծառուկյանը «Նաիրիտի» հետ» եւ «Քոչարյանների րոպեավճարը» հոդվածները:
Քոչարյանների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը դատարանում հայտարարեց, որ ինքը, լինելով «Ջի-փարթներս» ընկերության տնօրեն եւ ունենալով լիազորագիր Քոչարյանների անունից հանդես գալու համար, դեռեւս 2012թ. դեկտեմբերի 4-ին պատասխանողին նամակ է ուղարկել, որպեսզի հերքվեն, նրա բնորոշմամբ, «զրպարտչական բնույթի հոդվածները», սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել եւ օգտվել են դատական պաշտպանության իրենց իրավունքից:
«Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ հերքման տեքստի հետ մեկտեղ չեն ստացել լիազորագիր, որով կհաստատվեր, որ Արփինե Մելիքբեկյանը Քոչարյանների օրինական ներկայացուցիչն է եւ նրանց անունից հանդես գալու իրավունք ունի:
Արփինե Մելիքբեկյանը նշեց, որ հերքման տեքստ ստանալով հայցվորն ինքն էր պարտավոր հետեւողական լինել եւ ճշտել նման տեքստ ուղարկողի ով լինելը: Նա խոստացավ հաջորդ նիստին ներկայացնել ապացույցներն ու լիազորագիրը:
Լրատվամիջոցի ներկայացուցիչը համաձայն չէր գործընկերոջ դիտարկման հետ եւ նշեց, որ ամեն անգամ հերքման տեքս ստնալուց հետո թերթը պարտավոր է ճշտել` արդյոք ուղարկողը նման իրավասություն ունի, թե ոչ:
Նիկոլայ Բաղդասարյանը նաեւ հայտարարեց, որ հայցվորները սխալ հայցադիմում են ներկայացրել, քանի որ Ռոբերտ եւ Սեդրակ Քոչարյանները նույն հայցադիմումով են դիմել դատարան եւ համապարտ պատասխանատվության սուբյեկտ դիտարկել երկու տարբեր լրատվամիջոցների:
Ն. Բաղդասարյանը հարցերով փորձում էր ճշտել հայցի հիմքն ու առարկան, եւ վերոնշված հարցի վերաբերյալ մոտ 15 րոպե կողմերը «համաձայնության» չէին գալիս:
Ըստ փաստաբանի` անհիմն է նաեւ ազգակցական կապի պատճառով համապարտ պատասխանատվության սուբյեկտ դիտարկել երկու տարբեր լրատվամիջոցների:
«Եթե կապը այդպես եք դիտարկում, ապա մենք էլ կարող ենք ասել, թե ի՞նչ կապ ունի Քոչարյանը «Նաիրիտի» հետ, քանի որ հնարավոր է նա էլ ընկերական, բարեկամական կապ ունենա: Հնարավոր չէ մի դեպքում դիտարկել ազգակցական կապը, իսկ մյուս դեպքում` ոչ»,-նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Արփինե Մելիքբեկյանը դատարանին միջնորդեց նիստը հետաձգել եւ հաջորդ նիստին ներկայացնել պարզաբանումներ եւ ապացույցներ: Դատավոր Սուքոյանը հաջորդ նախնական դատական նիստը նշանակեց ապրիլի 3-ին:
Նշենք, որ առաջին հոդվածում թերթն անդրադարձել էր նախագահի նստավայրի դիմաց «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների բողոքի ակցիային եւ 2006թ. գործարանի վաճառքին ու վարկային պատմությանը: Թերթը գրել է, «Եթե «Նաիրիտը» ունենար արդիական տեխնոլոգիաներ եւ աշխատեր իր նախկին հզորությամբ, բավականին շահութաբեր կլիներ թե իր, թե Հայաստանի համար: Թեեւ ասում են, որ այն հիմա էլ բավականին շահութաբեր է, բայց ստվերային տերերի համար»:
Այնուհետեւ անդրադարձել է, որ արդեն տեղեկություններ են հրապարակվում, որ «Նաիրիտում» իր պաշտոնական կամ ոչ պաշտոնական բաժնեմասն ունի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Չէ՞ որ գործարանի վերջին սեփականաշնորհումը հենց նրա պաշտոնավարման ծաղկուն շրջանում է եղել: Առանց նրա համաձայնության` նման շահութաբեր ընկերության հետ որեւէ գործարք հնարավոր չէր իրականացնել,- գրել է թերթը եւ հավելել, որ ժամանակին նաեւ տեղեկություններ էին հրապարակվում, թե Ռոբերտ Քոչարյանը պաշտոնական կամ ոչ պաշտոնական կերպով վաճառվող կաուչուկի յուրաքանչյուր տոննայի շահույթի մեջ կոնկրետ բաժին ունի:
Երկրորդ հոդվածում էլ անդրադարձ է եղել Սեդրակ Քոչարյանին: Լրատվական կայքը գրել է, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը բազմաթիվ կառույցներ, ընկերություններ, հանք ու այլ հարստություն կուտակեց եւ այժմ մեծ հաջողությամբ դրանք զարգացնում է իր որդիների հետ` հայտնի է բոլորին: «Նաեւ գաղտնիք չէ, որ նա բաժնեմաս ունի նաեւ հեռահաղորդակցության ոլորտի Հայաստանի 2 խոշոր ընկերություններում` «ՎիվաՍել»-ում եւ «ԱրմենՏել»-ում: «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ այդ ընկերություններում Քոչարյանների ընտանիքը ոչ միայն բաժնեմասեր ունի, այլև ամբողջությամբ վերահսկում է առանձին ծառայություններ: Օրինակ` Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակին է պատկանում «ՎիվաՍել» ծառայությունից բջջային հեռախոսով համեմատաբար ցածր սակագնով միջազգային հեռախոսազանգեր իրականացնելու VoIP ծառայությունը», -գրել է կայքը:
Լրատվամիջոցի տեղեկություններով` որքան բարձր է միջազգային հեռախոսազանգի սակագինը, այնքան բարձր է դրա 1 րոպեում Սեդրակ Քոչարյանի բաժնեմասը:
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել