Հրապարակի, մրցույթի և կուռքերի մասին
Եվա Սարգսյան, ճարտարապետության տեսաբան, UCL, Bartlett School of Architecture
Չէի ուզում, հեչ չէի ուզում որևիցէ բան ասել այս խնդրի վերաբերյալ, քանի որ դավադրական պրովոկացիայի արդյունքում կազմակերպված էյֆորիկ աղմուկի մեջ անիմաստ է խոսել ըստ խնդրի էության: Ինչ էլ ասես` ամեն ինչ կընկալվի որպես պրովոկացիայի հերթական առիթ` ընդ որում ոչ ըստ խնդրի էության: Բայց ընթացիկ դիսկուրսի մեջ էյֆորիայից զատ ես տեսնում եմ մի շարք շրջանառվող կարծիքներ, որոնց հետ համաձայն չեմ և կուզեի քննարկել դրանք:
Նախ եկեք տարանջատենք Հանրապետության Հրապարակը որպես առանձին հուշարձան շենքեր և հրապարակը՝ որպես քաղաքաշինական, տարածական կառուցվածք: Երբ ասվում է, որ հրապարակը վերակառուցման խնդիր ունի խոսքը վերաբերվում է հրապարակի տարածությանը, և ոչ առանձին շենքերին, չնայած որ կոնկրետ Պատկերասրահի շենքը իր ճարտարապետությամբ քննարկման տեղիք տալիս է: Դրա մասին` հաջորդիվ: Ի վերջո ճիշտ կլիներ հարևանների, ֆեյսբուքյան ընկերների և «մառշռուտկայի» վարորդի մեկնաբանությունները լուրջ ընդունելու փոխարեն ինքնուրույն կարդալ և վերլուծել, հասկանալ բուն առաջադրանքի մեջ ասվածը: Այնտեղ խոսք չի գնում շենքերի ճարտարապետության փոփոխման մասին, խնդիրը կապված է հրապարակի քաղաքաշինական կազմակերպման հետ:
Լավ, սա հասկացանք, տարանջատեցինք: Հիմա բուն հարցը՝ հրապարակի քաղաքաշինական խնդիրը: Այստեղ մի-քանի խնդիրներ կարելի է նշել.
Հրապարակ՝ որպես այդպիսին գոյություն չունի: Հրապարակ ասվածը ենթադրում է մեծ, ազատ տարածություն, որը կարող է օգտագործվել: Իսկ ի՞նչ ունենք մենք: Այստեղ մենք ունենք լողավազան հիշեցնող, որևիցէ կառուցվածքից ու էսթետիկայից զուրկ շատրվաններ, որը ընդգրկված է մի փոքր «սկվեռի» մեջ: Կարծում եմ ոչ-ոք չի ըմբոստանա, եթե հրաժարվենք շատրվանների հարակից ճեմուղիները հրապարակ համարելուց:
Հետո, ունենք լողավազնին կից մի հսկայական սալիկապատ տարածություն, որը չի օգտագործվում որևիցէ կերպ, բացի ժամանակ առ ժամանակ մասնավոր մեծ ավտոբուսների կայանատեղի լինելը: Այսինքն այդ ազատ, բայց ըստ էության չկիրառվող տարածությունը նույնպես հրապարակ չենք կարող համարել:
Եվ ի վերջո ունենք հայտնի «գորգը» և դրան հարող օվալաձև տարածությունը, որն էլ հենց կոչված էր տարածականորեն կազմակերպելու հրապարակի հարթակը, սակայն իր կառուցվածքի արդյունքում ոչ միայն չի իրականացնում այդ գործառույթը, այլև վեր է ածվել բոլորովին աննպատակ տարրի:
Հրապարակի գործառութային խնդիրը: Իրականում հրապարակի կիրառական և նույնիսկ խորհրդանշական դերը բոլորովին կայացած չէ: Օգտագործվում է միայն շատրվանների հարթակը, այն էլ ուղղակի որպես զբոսայգի: Իսկ վերոնշյալ ասֆալտե ազատ տարածությունը օգտագործվում է միայն էպիզոդիկ՝ որևիցէ մասսայական կիսամշակութային միջոցառումների համար: Ընդ որում հետաքրքրական է այն հանգամանքը, որ բոլոր քչիշատե որակյալ երաժշտական և ընդհանրապես մշակութային միջոցառումների անցկացման համար ընտրվում է Ազատության հրապարակը, մինչդեռ Հանրապետության հրապարակը, որը իրոք երկրի կենտրոնն է ամեն առումով և դրա մշակույթի հավաքական ու խորհրդանշական պատկերողը, մնում է առավելապես ամբոխային, քան մշակութային միջոցառումների հարթակ: Ի՞նչից է սա: Հռետորիկ հարց:
Այսինքն դեռ պետք է հասկանալ, թե ի՞նչ գործառույթներ ենք ուզում, որ հրապարակն իրականացնի, ի՞նչի խորհրդանիշ լինի: Իրականում, անկեղծ ասած, ես չեմ հավատում, որ ճարտարապետություն ստեղծելուց այն կարելի է ծրագրավորել որևիցէ կոնկրետ կերպարի, դերի կամ գործառույթների իրականացման: Ես հավատում եմ, որ ցանկացած կայացած կամ ուղղակի գրագետ, ճիշտ կազմակերպված միջավայր կամ կառույց ինքն է գտնում իր կերպարը և թելադրում իր դերը: Բայց սա ուրիշ խոսակցություն է: Մենք, համենայն դեպս, կարող ենք և պետք է փորձենք Հանրապետության Հրապարակի դերը ֆիքսել և դրան համապատասխան կառուցվածք առաջարկել:
Կոմպոզիցիոն: Մարդ-միջավայր հարաբերություններում (և ընդհանրապես՝ մարդ-կյանք հարաբերություններում նույնպես) մի հետաքրքիր երևույթ կա՝ սովորույթը: Այն, ինչ որ ժամանակի ընթացքում դառնում է լավ ճանաչելի և սովորական, հաճախ դադարում է խանգառել կամ ընդհանրապես նկատվել: Վստահ եմ, եթե անկեղծ լինենք ինքներս մեզ հետ, անպայման կհիշենք գոնե մի-քանի օրինակ մեր հարազատ միջավայրի հետ կատարված փոփոխություններից, որոնք սկզբում զայրեցնում էին, հետո հետզհետե դադարեցին նկատելի լինել: Հրապարակը նույնպես այդպիսի խնդիր ունի: Նույնիսկ եթե հաշվի չառնենք բարձրահարկերի նոր հայտնված ֆոնային սիլուետը՝ Հրապարակն իր համաչափություններով, այսինքն շենքերի բարձրության և դրանցով ամփոփված տարածության լայնության հարաբերակցության առումով տարածություն չի կազմակերպում, Հրապարակն, իրականում, տարածականորեն ‘փլվում’ է, Հրապարակը կազմակերպող շեքերի բարձրությունը դրանցով ամփոփոված տարածության լայնության համեմատ ցածր է: Ի՞նչ անել: Չէ, գոյություն ունեցող շենքերի վրա ևս մի քանի հարկ ավելացնել ու դրանք բարձրացնելով տարածական համաչափությունները ներդաշնակության բերել պետք չէ, չի էլ ստացվի: Բա ի՞նչ անել: Չգիտեմ: Հազար ու մի բան կարելի է առաջարկել: Դրա համար էլ մրցույթ է հայտարարվել: Ես էլ իմ առաջարկն ունեմ, թե բուն հրապարակը՝ հարթությունը կազմակերպելով ինչպես կարելի է տարածությանը կոմպակտություն, ուղղվածություն հաղորդել և ստեղծել աշխատող հրապարակ: Գուցե և ներկայացնեմ:
Այս խնդրի կոնտեքստում պետք է շեշտել Պատկերասրահի չարաբաստիկ խնդրի մասին: Երբ տարիներ առաջ ուսանող ժամանակ երիտասարդ դասախոսներիցս մեկի հետ Հրապարակով քայլելուց առաջին անգամ լսեցի այդ շենքի անհեթեթ լինելու մասին, ես էլ ձեր նման ապշաց ու վախեցած էի: Նույն սովորույթի խնդիրն է, ժողովրդական լեզվով ասած՝ աչքներս սովորել է: Իրականում այդ շենքը իր արտաքին տեսքով՝ ճակատների կոմպոզիցիայով բավականին միջակ ճարտարապետություն է՝ էլ չասած, որ որակապես ակնհայտորեն մի-քանի անգամ զիջում է իր հարևան կառույցների ճարտարապետությանը: Դատեք ինքներդ, ի՞նչ կա այնտեղ: Ընդամենը ուղղանկյուն պատուհանների ցանց, որը բազմահարկ տիպարային բնակելի շենքի ճակատի է նման: Իսկ անկյունային դեկորատիվ խորշերը ոչ միայն ոչ մի կապ չունեն ճակատի բացվածքների շարանի հետ, այլև դրա պարզունակության ֆոնի վրա անհեթեթ են նայվում: Մյուս կողմից կասկածելի է նաև այդ շենքի ծավալի համաչափական հարաբերությունը թե գալլերեայի հետ, թե ողջ Հրապարակի անսամբլի մեջ:
Որպեսզի ինձնից շատ չնեղանաք անպայման ասեմ, որ նպատակ չունեմ Պատկերասրահի շենքը վարկաբեկելու, իրականում այն ինձ էլ շատ չի խանգարում՝ երևի ես էլ եմ սովորել, շենքի հեղինակին էլ՝ Մարկ Գրիգորյանին անչափ սիրում ու հարգում եմ, միանշանակ մեծ ճարտարապետ է: Սակայն այդ ամենը չի նշանակում, որ պետք է աչք փակել իրականության վրա, հատկապես՝ մասնագիտական իրականության: Լավ, բա այստեղ ի՞նչ անել: Քանդե՞լ: Անկեղծ ասած՝ էլի չգիտեմ: Բայց մի բան ինձ համար գրեթե հստակ է, որ քանդելու դեպքում ավելի լավ բան հաստատ չի կառուցվի, հեչ որ չէ գոնե այն պարզ պատճառով, որ մենք այսօր կորցրել ենք քարի ճարտարապետության անցյալի շինարարական տեխնիկան, իսկ քարով երեսապատման պրակտիկան անընդունելի է այստեղ:
Այլ բան, որ այդ շենքի փոխարեն առաջարկվի բացարձակապես արդիական մի ճարտարապետություն, որը օբյեկտիվորեն միջազգային ստանդարտների համակարգում որակյալ ճարտարապետություն կլինի: Բայց ունե՞նեք մենք այսօր այդպիսի ճարտարապետական ներուժ երկրի ներսում: Ներեք ինձ, բայց չեմ կարծում:
Անդրադառնալով վերում ասվածին՝ ուզում եմ ևս մեկ հարց բարձրացնել, Հրապարակի անձեռնմխելիության հարցը: Բերեմ մեկ օրինակ:
Ընդհանրապես, խոսելով մեր Հրապարակի մասին, միշտ զուգահեռներ եմ անցկացնում Լոնդոնի հայտնի Թրաֆալգարյան հրապարակի հետ: Ամբողջ աշխարհում թնդում է դրա համբավը, Նոր տարվա գիշերն էլ այնտեղ շամպայն խմելը պարտադիր ծես է Լոնդոնի սիրահարների համար: Բայց իրականում այնտեղ ոչ միայն հրապարակ, այլև իր համբավին վայել տարածություն չկա: Մի մեծ քառակուսի լողավազան-շատրվան է (ծանոթ բան չէ՞), դիմացը Ազգային պատկերասրահը (ինչ-որ տեղ սենց բան տեսել եմ), և այդ ամենը պարագծով ամփոփված են ոչ շատ լայն ճեմուղիներով (վերջ, «դե-ժա-վյու»): Բայց հետաքրքրականը այն փաստն է, որ մի-քանի տարի առաջ կարիք առաջացավ կառուցելու Պատկերասրահի նոր մասնաշենքը՝ մի նոր կառույցով միջամտություն անել աշխարհի ամենակոնսերվատիվ և ավանդապաշտ հասարակության ազգային դեր ունեցող հրապարակի համալիրի մեջ: Չլսված բան: Եվ բոլորը գիտեն և դրա մասին շատ է խոսվել, որ քաղաքային իշխանությունները, նաև մասնագիտական հանրությունը մեծապես կողմ էին բոլորովին նոր, արդիական ճարտարապետությամբ մի կառույց ստեղծելուն, և միայն արքայազն Չարլզի հայտնի նախասիրությունների և անսահման ազդեցության արդյունքում էր, որ նոր կառուցված շենքը ոճային առումով հղվեց դասական ճարտարապետությանը և չկիրառվեց ճարտարապետական արդիական լեզվամտածողությունը: Բայց նույնիսկ այս դեպքում Վենտուրիի կառուցած շենքը դասական ճարտարապետության միմիկրիա չէ և բոլորովին չի հավակնում դասական ճարտարապետություն կոչվելու: Նա ընդամենը շատ գրագետ և տակտով օգտագործել է դասական ճարտարապետությունից էլեմենտներ՝ ստեղծելու համար իրականում բացարձակ արդիական մի ճարտարապետություն: Իրականում Պատկերասրահի շենքում Մարկ Գրիգորյանը թերևս հենց նույն կերպ է խնդիրը դրել՝ դասական էլեմենտների միջոցով ստեղծել պարզ ու արդիական, անպաճույճ մի կառույց: Հարցը, խնդիրը լավ է դրված, լուծման արդյունքն է անհաջող:
Եվ, վերջապես, անդրադառնալով մեր սրտերում ամուր բուն դրած արժեքների անձեռնմխելիթյան հանգամանքին, թույլ տվեք ասել, որ ամեն դեպքում կան հուշարձաններ, որոնց ձեռք տալ պետք չէ, անկախ նրանից, թե դրանք լավն են, թե՝ վատը, որովհետև դրանք պատմական փաստ են, իրողություն, որը պետք է պահպանել որպես արխիվ, փաստարկ: Բայց այն հուշարձանները կամ ուղղակի պատմական կառույցները, որոնք անմիջապես կապված են հասարակության և երկրի կենսագործունեության հետ, չպետք է խոչընդոտ դառնան վերջինիս զարգացման ճանապարհին: Ամբողջ հարցը զոհաբերության իրական արժեքի գնահատումն է՝ ինչ ենք կորցնում և ինչ ձեռքբերում: Կոնկրետ Հրապարակի դեպքում չեմ կարծում, որ հուշարձանի կարգավիճակ ունեցող շենքերի միջև գոյացած տարածության կազմակերպումը կամ, ավելի ճիշտ է ասել՝ դրա բացակայությունը, որևիցէ հուշարձանային և անձեռնմխելի արժեք ունի: Հակառակը, ինչպես վերում ասեցի՝ հրապարակ այնտեղ, իրականում, չկա: Հրապարակը դեռ նոր պետք է ստեղծել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել