HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչ Բայադյան

Հեռուստատեսությունը՝ ընդարձակ համատեքստում – 2

Սկիզբ

Հարկ է ավելի մանրամասնորեն անդրադառնալ «ընդարձակ համատեքստ» արտահայտությանը։ Իհարկե, այն առաջին հերթին ունի աշխարհագրական իմաստ, քանի որ խոսքը հայկական հեռուստատեսությունը նախկին սոցիալիստական աշխարհում կատարվող զարգացումների համատեքստում տեսնելու ցանկության մասին է։

Բայց հասկանալի է, որ այդ զարգացումներն անխուսափելիորեն կապված են Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի ետսոցիալիստական հասարակություններում (կարելի էր ընդլայնել աշխարհագրությունը եւ ներառել Ռուսաստանը նույնպես) առկա քաղաքական եւ սոցիալական իրողությունների հետ։

Վերջին քսան տարվա պատմությունը, ըստ էության, ամենուրեք արձանագրում է նույն սցենարը։ Սոցիալիստական աշխարհի կազմալուծումից հետո, ազատ, ժողովրդավարական հասարակություն կառուցելու հավակնությունները արտացոլվում էին նաեւ տեղեկատվամիջոցների ասպարեզում վարվող քաղաքականության մեջ, եւ Հայաստանն այս տեսանկյունից բացառություն չէր։

Բայց այս «ռոմանտիկական» վերելքի շրջանին ամենուրեք հաջորդել է տեղատվությունը, իշխանությունների անթաքույց ցանկության իրականացումը` ծառայեցնելու զանգվածային տեղեկատվամիջոցներն իրենց քաղաքական նպատակներին։

Զեկույցում դա անվանվում է «հեռուստատեսության վերաքաղաքականացում», երբ արտաքուստ ժողովրդավարական քայլերը (ինչպես, օրինակ, Հայաստանում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ստեղծումը Եվրախորհրդի պահանջով) ուղեկցվում էին հեռուստատեսության նկատմամբ խիստ վերահսկողության նոր ձեւերի հաստատմամբ։

Հավանաբար պետք է ընդգծել, որ սա հավասար չափով չի վերաբերում զեկույցի մեջ ընդգրկված բոլոր երկրներին։ Շատ դեպքերում, օրինակ, Չեխիան դրական ձեւով առանձնանում է ուրիշ երկրներից։ Մյուս կողմից` եթե նույնիսկ իրականացված մոնիթորինգի արդյունքները շատ բանով հիշեցնում են Հայաստանի հեռուստատեսության վիճակը, չպետք է եզրակացնել, թե խոսքը լիակատար նույնության մասին է։

Օրինակ` զեկույցում նշվում է, որ որոշ երկրներում իշխանությունները ամեն ջանք թափում են` խոչընդոտելու հանրային հեռարձակման ալիքների անկախացումը ե՛ւ ֆինանսական, ե՛ւ ծրագրային քաղաքականության մշակման ու հաղորդումների պատրաստման տեսանկյունից։

Մինչդեռ Հայաստանում թե՛ հանրային, թե՛ առեւտրային (մասնավոր) հեռուստակայանները հավասարապես ենթակա են ոչ թե քաղաքական ուժերի, այլ հենց իշխանությունների կամքին։

Պետք է հաշվի առնել եւ այն հանգամանքը, որ մասսայականության տեսանկյունից, ի տարբերություն Հայաստանի, դիտարկվող երկրներում որպես կանոն չկա մեծ խզում առեւտրային եւ հանրային հեռուստաալիքների միջեւ։

Միաժամանակ հասկանալի է, որ նման զեկույցի առկայությունն ինքնին խոսում է մեծ տարբերության մասին։

Զեկույցի հեղինակներն առաջնորդվում են Եվրոպայի ճակատագրի համար հավաքական մտահոգությամբ եւ հավատում, որ այս մոնիթորինգի արդյունքները պետք է դառնան իրադրությունը շտկելուն ուղղված գործողությունների խթան։

«Ընդարձակ համատեքստի» մյուս չափումը տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ընթացքն է, որի դրսեւորումներից են թվանշային հեռուստատեսությունը եւ ավանդական ու նոր տեղեկատվամիջոցների (հեռուստատեսության եւ Նոր մեդիայի) փոփոխվող հարաբերությունները։

Ընդ որում` հեռուստատեսության ոլորտի փոխակերպման գլոբալ միտումները մնում են նույնը` լսարանի ֆրագմենտացումը, հեռարձակող ընկերությունների կոնսոլիդացումը եւ տեխնոլոգիական հարամիտումը։

Այս երեք միտումներն էլ կարող են ունենալ տեղական դրսեւորումներ, իսկ հեռուստատեսության եւ Նոր մեդիայի փոխհարաբերությունը հենց այն տիրույթն է, որտեղ կան եւ կարող են ավելանալ տեղական նոր առանձնահատկություններ։

Գաղտնիք չէ, որ Հայաստանում Նոր մեդիայի զարգացումը տարիներ շարունակ խոչընդոտել են մի շարք հանգամանքներ` ինտերնետային կապի ցածր մակարդակից եւ ծառայությունների բարձր գներից մինչեւ Ինտերնետի զարգացման եւ տարածման ազգային ռազմավարության բացակայությունը։

Այս տիրույթում տեղի ունեցած կտրուկ շրջադարձը կապված էր 2008 թ. նախագահական ընտրությունների հետ` սկսվելով նախընտրական պայքարի շրջանում DVD-ների լայնամասշտաբ օգտագործմամբ եւ շարունակվելով տարբեր ինտերնետային ծառայությունների ներգրավմամբ ետընտրական իրադարձությունների եւ հատկապես հատուկ դրության օրերին։

Եվ միանգամայն հատկանշական է, որ այս ամենի իրական խթանը հենց հեռուստատեսության եւ ռադիոյի նկատմամբ իշխանությունների խիստ վերահսկողությունն էր, եւ Նոր մեդիան ասպարեզ էր իջել որպես այլընտրանք զանգվածային տեղեկատվամիջոցներին։

Այդ օրերի աննախադեպ ակտիվությունը բերեց շոշափելի փոփոխություն, ու թեեւ հիմա էլ Ինտերնետը որոշ չափով ընկալվում է որպես հայ-ադրբեջանական «տեղեկատվական պատերազմի» արենա, այդուհանդերձ, այսօր մենք ունենք բավարար հիմքեր` խոսելու սոցիալական ցանցերի հայկական սեգմենտի մասին. մասնակիցների զգալի քանակը, հետաքրքրությունների բազմազանությունը, քննարկվող հարցերի շրջանակը…

Կասկածից վեր է, որ այս միտումը կշարունակվի` անկախ նրանից, թե ինչպես կփոխվի հայկական հեռուստատեսությունը։ Ոստի (Վեբի) սոցիալական եւ մշակութային նշանակությունը կմեծանա, թեեւ կմնան մեղադրանքները լրագրության եւ տեղեկատվության սիրողական մակարդակի մասին, ինչպես նաեւ լսարանի եւ նրա վրա տեղեկատվության ազդեցության սահմանափակության փաստը։

Առաջիկա տարիներին, ինչպես սպասվում է, աստիճանաբար կլուծվեն Ինտերնետի հետագա զարգացումը խոչընդոտող մի շարք տեխնոլոգիական խնդիրներ, որոնք կապված են ցանցի թողունակության եւ հաղորդման արագության հետ։

Սա հնարավոր կդարձնի հեռուստատեսության եւ կինոյի մուտքը ցանց եւ լայնածավալ սպառումը։ Մյուս զարգացումը բջջային հաղորդակցության ցանցի նմանատիպ կարողությունների մեծացումն է։

Եվ արդեն կանխատեսվում է, որ առաջիկա մի քանի տարիների ընթացքում ավելի կընդգծվի արդեն իսկ նշմարվող միտումը` օնլայն սեգմենտի գերազանցությունը ավանդական հեռուստատեսային շուկայի նկատմամբ։

Հեռարձակման ոլորտում տեղի ունեցող կարեւորագույն իրադարձությունը անցումն է թվանշային հեռուստատեսության։ Այս ընթացքի հետեւանքները` տեխնոլոգիականից մինչեւ քաղաքական, տարբեր հասարակություններում կարտահայտվեն տարբեր ձեւերով եւ կունենան տարբեր հրատապություն։

Մասնավորապես` թվանշային հեռուստատեսությունը եւ տեխնոլոգիական հարամիտումը (տեղեկատվական տեխնոլոգիաների, հեռահաղորդացության եւ հեռարձակման ոլորտների մերձեցումը) սասանում են հեռուստատեսային բովանդակության կարգավորման ավանդական մոդելները։

Տեսալսողական բովանդակության նկատմամբ վերահսկողությունը աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը, եւ այդ ընթացքն ավելի կարագանա, երբ թվանշացման շնորհիվ հեռարձակման ալիքների քանակը գործնականում դառնա անսահմանափակ։

Հեռուստատեսության մեզ ծանոթ գաղափարաբանությունը կառուցված է հեռարձակման հաճախությունների սակավության փաստի վրա։ Դրանք ազգային հարստություն են, որ ծառայեցվում են թե՛ քաղաքական իշխանության, թե՛ ազգային-մշակութային ավանդության պահպանության նպատակներին։ Բայց թվանշացումն արմատապես փոխում է իրադրությունը։

Այս նոր իրադրության բնորոշ կողմերից մեկը հեռուստատեսային լսարանի ֆրագմենտացումն է։ Զանգվածային հեռարձակման գլխավոր նվաճումը` զանգվածային լսարանը մասնատվում է, երբ հեռահաղորդակցությունները, կաբելային, արբանյակային, բջջային օպերատորները եւ ավանդական հեռարձակումը միախառնվում են, երբ բովանդակությունը մատուցվում է տարբեր տեխնոլոգիական պլատֆորմների միջոցով, իսկ բովանդակության տարատեսակ աղբյուրների քանակը բազմապատկվում է։

Սա նշանակում է նաեւ հաղորդվող քաղաքական ուղերձի ազդեցության, հասարակական համերաշխության եւ միասնականության պահպանման կարողությունների կտրուկ նվազում։

Պակաս կարեւոր չէ հարցի առեւտրային կողմը. աստիճանաբար անկում է ապրում նաեւ գովազդի զանգվածային լսարանը։ Կանխատեսվում է, որ լսարանի ֆրագմենտացումը կհանգեցնի գովազդի վերաբաշխման դեպի Ինտերնետ։

Արդեն իսկ մեդիա ընկերությունները տեղափոխում են իրենց բովանդակությունը դեպի ցանց՝ փորձելով գովազդատուներ խլել այնպիսի հզոր ցանցային դերակատարներից, ինչպես Google-ն է։

Սա հուշում է` անցումը թվանշային հեռուստատեսության շատ երկրներում անցանկալի ընթացք է իշխանությունների համար, եւ պարզ չէ, թե այն ինչպես կկատարվեր, եթե չլիներ հստակ ձեւակերպված համաեվրոպական պարտադրանքը։

Առայժմ Հայաստանի իշխանությունները կարողացան թվանշային հեռուստատեսությանն անցումն օգտագործել ի նպաստ իրենց` այդ պատրվակով կասեցնելով հաճախությունների համար անցկացվող մրցույթները։ Սպասենք հնարամտության նոր դրսեւորումների։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter