HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1988-ից վթարային դպրոցը դպրոցաշինական որեւէ ծրագրում չի ընդգրկվել

Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի աշակերտները նույնիսկ խստաշունչ ձմռանը ֆուտբոլ խաղալու տարածք ունեն` դպրոցի սպորտդահլիճում: Նրանց չի խանգարում ջարդված պատուհաններից ներթափանցող սառը օդը եւ կիսաքանդ հատակից բարձրացող թանձր փոշին:

Այս տարածքը ժամանակ առ ժամանակ դպրոցականները «զիջում են» նաեւ վարդենիսցի նորապսակներին ու հարսանքավորներին:Գյուղում հարսանքատուն չկա, եւ գյուղացիների վկայությամբ` ամենահարմարը հենց սպորտդահլիճն է:

Ապարանից 5 կմ հեռավորությամբ գտնվող Վարդենիս գյուղի դպրոցում 129 աշակերտ է սովորում: Դպրոցի շենքի նկուղում գարնան հալոցքի ժամանակ ջուր է հավաքվում: Շահագործման օրվանից` շուրջ 30 տարի, դպրոցի շենքը չի վերանորոգվել: 1988 թ. երկրաշարժից հետո այն վթարային է:

Երկրաշարժի հետեւանքները վերացնելու նպատակով նախահաշիվ է կազմվել: Սակայն Խորհրդային Միության փլուզման արդյունքում մոռացվել է Վարդենիսի դպրոցը եւ կազմված նախահաշիվը:

«Դպրոցի ճակատագրով հետաքրքրվող մարդկանց երբեւէ չեմ հանդիպել, դպրոցի կոլեկտիվը միշտ խնդրում է, որ հարցը բարձրացվի Կառավարությունում, տնօրենն ասում է, որ բարձրացված է, բայց որեւէ մեկի կողմից որեւէ ուշագրավ վերաբերմունք դեռեւս չի դրսեւորվել»,-պատմեց դպրոցի ուսմասվար Ռուզան Մակարյանը: Մեր այցելության ժամանակ տնօրենը գյուղում չէր, նրա հետ զրուցել չկարողացանք:

Հետաքրքրվեցինք` արդյոք համագյուղացի մեծահարուստ-բարերարներ չկա՞ն, որոնք կարող էին օգնել դպրոցին: Ռուզան Մակարյանը նշեց, որ իրենց գյուղի միակ պաշտոնյան ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանն է, ով երբեւէ չի խոստովանել, որ իր արմատները սերում են Վարդենիսից, եւ որեւէ աջակցություն չի ցուցաբերել:

Գյուղի ակումբում հավաքված տղամարդիկ գյուղի խնդիրների մասին խոսելիս անմիջապես հիշատակեցին դպրոցը:

«Ստյաժկա էլ չկա հատակին, ավազ են տարել լցրել: Բոլոր հարսանիքները, բանակի քեֆերը, կնունքները այդտեղ ենք անում, բա ի՞նչ անենք»,- ասում է վարդենիսցի Արթուր Գրիգորյանը:

«Բա էնտեղի հարսը երեխա կունենա՞»,- կատակում է մեկ ուրիշը: Դպրոցի դրսի պատն ամբողջովին ապակիներով է ծածկված, մի մասը կոտրված է: Դասասենյակների ջեռուցման համար օրական մոտ 2 լիտր վառելիք է հատկացվում, բայց ուժեղ քամու ժամանակ վառարանն էլ չի վառվում:

«Երեխեքը սառած կամ մրոտված տուն են գալիս»,- ասում է Վարդենիսի համայնքապետ Կամո Պետրոսյանը:

Վարդենիսը մասամբ է գազիֆիկացվել, սակայն համայնքապետի խոսքերով` եթե գազիֆիկացման գործընթացն ավարտվի, դպրոցի շենքային պայմանները թույլ չեն տա, որ գազը մտնի դպրոց: Համայնքապետը զարմանում է, որ խոզի գրիպի դեմ պայքարի համար պահանջում են դասասենյակներում 18 աստիճան ջերմություն ապահովել: «Միջինը 18 աստիճան ջերմաստիճան ո՞նց կարող է լինի, ապակի չկա, 2-3 լիտրը ինչպե՞ս է տաքացնելու մեծ դասասենյակները»,- հարցնում է Կամո Պետրոսյանը:

Դպրոցի կոյուղին վաղուց արդեն չի գործում, սանհանգույց չկա: Երեխաները իրենց կարիքները դեռ 4 տարի առաջ հոգում էին դպրոցի հարեւանությամբ ապրող բնակիչների զուգարաններում, իսկ այժմ փայտաշեն խցիկն է ծառայում որպես պետքարան:

7 առաջին դասարանցիներ են սովորում Վարդենիսի դպրոցում: Դպրոցի ուսմասվար Ռուզան Մակարյանը ուրախությամբ է նշում, որ հաջորդ տարի առաջին դասարանում 9 աշակերտ են ունենալու:

«Բայց ես մտավախություն ունեմ, որ էն մյուս տարի կնվազի առաջին դասարանցիների թիվը, որովհետեւ երիտասարդները գյուղից գնում են: Մեր գյուղի կեսից ավելին երեւի դրսում են` Ռուսաստանում եւ Երեւանում»,- ասում է նա եւ մատնանշում պատճառներից մեկը` դպրոցի վիճակը:

Դպրոցում մասնագետների ոչ թե պակաս, այլ ավելցուկ կա: Ուսմասվարը հավաստիացնում է, որ ուսման որակը իրենց կրթօջախում բարձր է` անկախ բոլոր դժվարություններից եւ նույնիսկ այն հանգամանքից, որ ուսուցիչները «լեռնային» չեն ստանում:

«Մեր գյուղը մի քիչ փոսի մեջ է հարեւան գյուղերի համեմատ, Մուլքիում եւ Չքնաղում ստանում են, բայց մենք չենք ստանում»,- ասում է Ռուզան Մակարյանը:

Վարդենիսի դպրոցի վերանորոգումը դպրոցաշինական որեւէ ծրագրում ընդգրկված չէ: Արագածոտնի մարզխորհրդի փետրվարի 3-ի նիստում, որին մասնակցում էր նաեւ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Վարդենիս գյուղական համայնքի ղեկավար Կամո Պետրոսյանը բարձրացրեց Վարդենիսի դպրոցի հարցը:

«Դպրոցի ջրահեռացման դրենաժային համակարգը խցանվել է, եւ ջրերը լցվում են նկուղը: Էլ չեմ ասում, որ դպրոցի ներսի հարդարանքը ոչ թե գրավում է երեխաներին, այլ վանում»,- ասաց համայնքապետը: Կառավարությունից որեւէ հստակ արձագանք նա դեռեւս չի ստացել:

Կամո Պետրոսյանը մեզ հայտնեց, որ 2009 թ. սեպտեմբերին վարդենիսցիները Հայաստանի նախագահին նամակ են ուղարկել: Նամակը մակագրվել է Արագածոտնի մարզպետարանի քաղաքաշինության վարչություն:

Համաձայն մարզպետարանի պատասխանի` դպրոցն ընդգրկված է մարզի զարգացման 2009-2013 թթ. ծրագրում, եւ 90 մլն դրամ ներդրումով 2011 թ. սկսվելու է դպրոցի վերանորոգումը:

«Ինչպես ես եմ հասկանում` այդ գումարը կոսմետիկ վերանորոգմանը չի հերիքի»,- նկատեց համայնքապետը: Սակայն այս հարցի շուրջ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Պարգեւ Համբարձումյանը «Հետքին» այլ տեղեկատվություն տրամադրեց, համաձայն որի` դպրոցն ընդգրկված է քառամյա ծրագրում, որը Կառավարությունում է եւ ցայսօր չի հաստատվել:

«Կազմվել է նախագիծ-նախահաշիվ, սակայն դպրոցի վերանորոգումը դեռեւս դպրոցաշինական որեւէ ծրագրում ընդգրկված չէ»,- ասաց Պարգեւ Համբարձումյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter