HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սումգայիթից` սահմանային Տրետուք. Վիկտորյան ու որդիները կիսափուլ խցում ապրում են արդեն 10 տարի (վիդեո)

Վիկտորյայի տուն մտնելիս պարտադիր պետք է կռանաս, որ գլուխդ չխփես: Առաստաղի բարձրությունը հազիվ 170 սմ լինի, բարձրահասակ անձը կռացած էլ պետք է քայլի այնտեղ: Տրետուք գյուղում գտնվող երկհարկանի հպարտ շինությունից միայն մեկ սենյակ է համեմատաբար կանգուն մնացել, որտեղ արդեն 10 տարի է` Վիկտորյա Շուրկովան ու նրա երկու որդիներն են ապրում: Այդ սենյակն էլ ցանկացած պահի կարող է փուլ գալ նրանց գլխին:

8 քմ սենյակի (խցի) պատուհանի ապակին կոտրված է, կիսով չափ այն տախտակներով է ծածկված, որ քամին ներս չսողոսկի, իսկ ներսի դուռը, որը տանում է դեպի քանդված տան մյուս սենյակներ, Վիկտորյան ծածկում է «ինչով պատահի»: Կրտսեր որդին` 9-ամյա Վիտալիկը, այդ խցում է ծնվել: Վիկտորյայի հիվանդ մայրն անցյալ տարի մահացել է նույն խցում:

Տրետուքը Գեղարքունիքի մարզի Վարդենիսի շրջանի` փախստականներով վերաբնակեցված սահմանային գյուղերից է: Հյուսիս-արեւելյան կողմում` լեռներից անդին, Ադրբեջանն է, արեւելյան հատվածում` Քարվաճառի լեռները: Գյուղի փոքրաթիվ տներն ու ավերակները հեռվից արդեն հուշում են, որ Տրետուքը ծաղկող գյուղերից չէ: 2008-ի մարդահամարի տվյալներով` այստեղ 230 բնակիչ է գրանցված, փաստացի ապրողներն ավելի քիչ են:

36-ամյա Վիկտորյան Տրետուքում հաստատվել է 14 տարեկանից, երբ ընտանիքով փախել են Սումգայիթից: Վիկտորյայի հայրը ռուս է, մայրը` հայ: «Քոչելուց» մեկ տարի անց հայրը մահացել է: Մոր հետ աշխատել են «կոլխոզում», ԽՍՀՄ-ի փլուզումից հետո եւ Արցախյան պատերազմի տարիներին սկսվել են դժվարությունները: Անկախ ամեն ինչից` այդ տարիները Վիկտորյան հպարտությամբ է հիշում, չէ± որ դեռեւս դպրոցական տարիներին Լեոնիդ Ազգալդյանի ջոկատում է աշխատել. «Ես այն ժամանակ դպրոց էի գնում, համ էլ իրենց համար հաց էի սարքում»: 1992-94 թթ. նա Քարվաճառում է ծառայել: «Համ նայոմնիկ եմ եղել, համ բուժքույր եմ եղել, համ պիսեր. շատ դաժան օրեր եմ տեսել այնտեղ»,- հիշում է Վիկտորյան:

Այնուհետեւ Սոդքի զորամասում ենթասպա է եղել, աշխատել է որպես դպիր, բայց քանի որ մայրը հիվանդացել է ու խնամող չի ունեցել, Վիկտորյան  չի կարողացել շարունակել ծառայությունը: Չնայած խոստովանում է, որ այլեւս չի էլ ուզում ծառայել բանակում, ուզում է իր որդիներին մեծացնել, ծառայել է, երբ անհրաժեշտ է եղել, հիմա «խախանդ ժամանակներ են, թող ծառայեն այն մարդկանց որդիները, ովքեր «Ջիպ»-երով են պտտվում եւ լիքը փող ունեն»: 

Վիկտորյան ճանապարհից այն կողմ ցույց է տալիս իրենց հին տունը, որտեղ ապրել են «քոչելուց» հետո: Այդ տունն անձրեւների պատճառով շատ արագ քանդվել է, ստիպված տեղափոխվել են ներկայիս տան միակ կանգուն սենյակը, որը, սակայն, նույնպես իրենցը չէ, այլ Քարվաճառ տեղափոխված մի ընտանիքինը:

Վերջին տարիներին Վիկտորյային իր տունը ժամանակավոր բնակության է տալիս գյուղի դպրոցի տնօրենը, երբ ընտանիքով մեկնում է գյուղից: Բայց գարնանը տանտերը վերադառնում է` բերելով նաեւ անասուններին:

Մայիսի վերջից մինչեւ օգոստոս Վիկտորյան տեղափոխվում է իր խուցը` սպասելով տանտիրոջ հեռանալուն: «Ամենակարեւորը իմ տունն է, ես ոչինչ չեմ ուզում, մենակ տուն»,- ասում է Վիկտորյան: Նա պատմում է, որ գյուղում կան տներ, որոնք վաճառվում են 2500-3000 դոլարի սահմաններում, բայց ինքը գումար չունի:

Վիկտորյան ամուսնալուծված է եւ միայնակ է մեծացնում իր որդիներին: Տան պայմանների եւ որդիների օրվա հացը հոգալ չկարողանալու պատճառով միայնակ մայրը զավակներին ստիպված ուղարկել է Դիլիջանի գիշերօթիկ դպրոց: Արդեն 4 տարի է` երեխաները մոր մոտ են լինում միայն արձակուրդներին:

Այդ ժամանակ, երբ բոլոր երեխաները հանգստանում են, Վիկտորյայի ավագ որդին` 14-ամյա Վլադիմիրը, աշխատում է, գյուղի անասուններին տանում է սար` արածեցնելու, որ տան համար մթերք, իսկ իր համար էլ որոշ հագուստ գնի:  Մեր այցելության օրն էլ Վլադիմիրը տանը չէր, անասուներին սար էր տարել: «Շատ դժվար է, 14 տարեկան ի±նչ կյանք են տենում ստե: Մնք էլի մի բան տեսել ենք մինչեւ 14 տարեկան` կոմունիստի վախտով, հիմա ի±նչ են տենում էրեխեքը»,- ասում է մայրը:

Վլադիմիրն արդեն 4 տարի է, ինչ ամռանը աշխատում է: Երբ մայրը գնում է որեւէ աշխատանքի, ինքն էլ է միանում նրան: Անցյալ տարի Վիկտորյան եւ որդին դաշտում աշխատել են միասին, այդ գումարով հեռուստացույց են գնել: «Իմ նպաստն էնքան քիչ է, որ ես չեմ կարող այստեղ երկու երեխա դպրոց ճամփու դնեմ: 25 հազարն ի±նչ է` հագցրա, ուտացրա, գրքերի փող, ամեն գրքի հետ մի հատ տետր, ինչ-որ բան են կազմակերպում, պիտի գումար տաս: Չեմ ուզում էրեխես նեղվի, ուրիշից հետ ընկնի»,- ասում է Վիկտորյան:

Նա պատմում է, որ երբեմն տանը ուտելիք չի լինում, երեխաները սոված են մնում: Գյուղացիներից մեկի բոստանում «2 կարճոտ տախտակ» (2 շարք) կարտոֆիլ է ցանել, եւ պատահում է, որ օրերով նրանց միակ ուտելիքը կարտոֆիլն է լինում:  Անցյալ տարի «Վորլդ Վիժըն» կազմակերպությունը 4 ոչխար է հատկացրել, որոնք մոր հիվանդության ժամանակ Վիկտորյան վաճառել է, որպեսզի դեղ գնի: «Սենց ապրում ենք, էլի. ոչ տուն ունեմ, ոչ գործ ունեմ, ոչ հողամաս ունեմ, գոնե մի հեկտար հողամաս լինի, կարանամ ցորեն ցանել, էրեխեքիս պահեմ»,- ասում է Վիկտորյան եւ հիշում իր ապրած ծանր օրերը, երբ հիվանդանոց գնալու հնարավորություն չունենալու պատճառով երկու երեխաներին էլ տանն է ծննդաբերել. «Ես ինքս ինձ ազատել եմ»:

Երկու օր առաջ նպաստ է ստացել, փակել է կուտակված պարտքը, հիմա կրկին տանը ոչ աղ կա, ոչ շաքար, ոչ ձեթ: «Խաբում եմ էրեխեքին, ասում եմ` ցավդ տանեմ, մի քանի օր է, դուք կերեք, ես չուտեմ էլ` կլինի, դուք կգնաք, մինչեւ էս կարտոֆիլի գործը բացվի, մի բան անեմ: Վիկտորյան բարեկամներ չունի Հայաստանում, «քոչելուց» հետո կորցրել է շատերին, չգիտի` որտեղ են: Միայն քույրն է, նա էլ Քարվաճառ է ամուսնացել:

Վիկտորյան անդամագրվել է «Օրինաց երկիր» կուսակցությանը եւ ասում է, որ հիմա իր գործերով Երեւանում «զբաղվում են», ուզում է զինգրքույկ ստանալ, գուցե մի բան կարողանա անել: Շուտով կսկսվի կարտոֆիլի բերքահավաքը: Մոտ մեկ շաբաթ Վիկտորյան դաշտերում ուրիշների կարտոֆիլի բերքը հավաքելու կգնա` 3000-3500 դրամ օրավճարով: Իսկ մինչ այդ որդու աշխատած գումարով կապրեն:

Ամեն առավոտ` ժամը 8-ին, Վլադիմիրը  80 կով է քշում սարը, շատ հեռու տանում, երկու սարերի արանքով, որտեղ նույնիսկ մեքենայի ճանապարհ չկա, երբեմն հասցնում է Քարվաճառի սարերը, երեկոյան 8-ի սահմաններում վերադառնում: Վիկտորյան սրտնեղում է` որդին նույնիսկ 10 օր չի հասցրել հանգստանալ ամառային արձակուրդներին, բայց ինչ անի, տանը ալյուրն էլ է վերջացել, սպասում է Վլադիմիրը փող բերի, որ ալյուր առնեն:  

Մեկնաբանություններ (1)

W. Wallace
Իսկ ի՞նչ է անում օրինաց երկիրը այս կնոջ համար: Մարդիկ իրենց փրկությունը տեսնում եմ կուսակցություններում անդամագրվելու մեջ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter