HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահվան ապրեցնող աղոթքը

Ռազմիկ Մարկոսյան

Նրանց մահն անմահ հորովել է`
Հայրենի հողի հրավեր…
Եղիշե Չարենց

Ինձ համար երդումը միշտ կեղծ բարեպաշտություն է եղել: Քրիստոնեությունը նույնպես երդումը մերժելի է համարում, անգամ` անեծքի չափ մերժելի: Երեխա ժամանակ, երբ հասակակիցներիս հետ խաղում էի և դեռ չէի կարդացել Սուրբ գիրքը, հիշում եմ, որ այն ժամանակից ի վեր չէի երդվում: «Դե երդվիր, որ դու չես արել»: «Ես չեմ արել ու վերջ: Ուզում ես` հավատա, չես ուզում` մի հավատա»: Մանկությունս լիքն է նման հուշերով: Իհարկե, այն ժամանակ չէի կարող բացատրել, թե ինչու չեմ երդվում, բայց հիշում եմ, որ վիրավորվում էի, երբ ինձանից երդում էին պահանջում: Ու այդպես էլ ամբողջ կյանքում չերդվեցի: Չերդվեցի նաև Ազգային միացյալ կուսակցությունում:   

Ի՞նչ երդում: Կյանքը, ինչպես բոլորին, ինձ էլ մի անգամ է տրվել: Վստահաբար կարող եմ ասել, որ այն նաև ժպտացել էր ինձ. բազմանդամ, ապահով ընտանիքի կրտսեր զավակն էի, մեծ տոհմի սիրելին: Իսկ ես այդ ամենից հրաժարվել, Տիրոջից խնդրել էի «ուրախությունն անանձնական» ու դրա դիմաց ստացել խորհրդային քաղբանտարկյալի կյանքը. թերևս աշխարհում ամենից անմարդկային ու ստորացուցիչ կյանքը, որ կարող էր ունենալ գաղափարական մարտիկը: Ես իմ կատարած ընտրությունը, իմ կայացրած որոշումն արդեն իսկ երդում էի համարում: Երդումից էլ ավելին: Եվ մի՞թե հոգով մեղանչողը գործով չպիտի մեղանչի, ինչ է թե երդում է տվել: Իմ պայքարը պատերազմ չէր, այլ մենամարտ, որը եթե ընդունել ես, երդվելու պատճառ չկա:  

Մանկական խաղից մինչև գաղափարական պայքար, ինչ պարագայում էլ որ երդվում ես, ակամա հայտնվում ես մի կասկածյալի դերում, որը երդմամբ փորձում է փարատել դիմացինի կասկածը: Իսկ ես երբեք ինձ կասկածյալ չեմ զգացել ու այդ հարցում դիմացինին փարատելու հոգսը իմը չեմ համարել:

Չերդվելու սկզբունքս տարբեր պարագաներում գուցե զանազան մտայնությունների տեղիք է տվել, բայց կյանքն էլ ինձ տեղիք տվեց անդրադառնալու երդման իրական ուժին ու կարևորությանը, երբ ԱՄԿ-ի երդվյալ անդամներից շատերը ՊԱԿ-ի դրդիչ գործողությունների ճնշման տակ ինքնամերժ ներում խնդրեցին այն ամենի համար, ինչի համար ոչ վաղ անցյալում երդվել էին: Նրանցից ստացած նամակներից մեկում ահա թե ինչ կարդացի. «Մեզ համար չկա ուրիշ Հայաստան` Սովետական Հայաստանից բացի»: Կարդացի ու հիշեցի մեր կուսակցության երդման տեքստը` այս նամակի հեղինակի ոգեշունչ ընթերցմամբ. «Երդվում եմ ես քեզ, ժողովուրդ հայոց… երդվում եմ…»: Ի՞նչ արած: Չեմ մեղադրում: Կայացել էր «խոստում` խոստումի դիմաց»: Սուրբ գրքում հենց նման դեպքերի համար է ասված. «Յուրաքանչյուր ոք փորձվում է` տարվելով ու խաբվելով իր իսկ ցանկություններից» (1 Հակոբոս 14):

Այսպես, կյանքը վերջնականորեն ապացուցեց` երդումով չէ, որ մարդը պիտի վստահություն ձեռք բերի կամ զերծ մնա մերժելիից:

Երդման հարցում բնազդս, կարելի է ասել` ի սկզբանե ճիշտ էր գործել: Բայց իմ ընտրած կյանքում` ազատության և առավել` անազատության մեջ, կային սկզբունքներ ու մոտեցումներ, որոնք դեռ պիտի ճշտվեին, հղկվեին` ձևավորելով կենսագրությունս, որի մեջ դեռևս այն օրերին ներկա էին կյանքիս բոլոր ժամանակները, անգամ ապագաս, քանի որ մենք ինքներս մեր հետևանքն ենք, ամեն մի քայլից կազմված մեր ճանապարհը:

Խոսքս հերոսականության մասին է: Հերոսությո՞ւն էր արդյոք այն, ինչ մենք էինք անում: Այդ մասին կխոսի ժամանակը: Բայց մենք մեր պայքարի հետ մեկտեղ հերոսի կերպար էինք ստանձնել: Ինձ համար այդ հերոսը մեկն էր, որից որքան էլ որ առաջ եմ անցել, ամեն վայրկյան հիշում, ներում, կարոտում եմ նրան: Այսպես երևի մարդու ստեղծածն է նյութականանում ու առանձնանում իրենից: Նյութականանում: Ահա իմ հուշագրության պատճառներից մեկը: Ես ասացի` ներում եմ: Դրա առիթն ամենից շատ ունեմ` կապված բանտային տարիների գոռոզամտությանս հետ, որի միակ դրսևորումն իմ հերոսականությունն էր: Ինձ տանում էին պատժախուց, իսկ ես երգում էի: (Երևի պայքարն առանց պաթետիզմի չի լինում): Ինձ կտտանքների էին ենթարկում, իսկ ես հպարտորեն լռում էի: (Չէ՞ որ հերոս էի): Ինչ-որ էական բան էր պակասում: Մի կարևոր բանի կարիքն ունեի: Հնդիկ բանաստեղծ Տագորն ասում է. «Դեն եմ շպրտում հպարտությունս` իմ գիտությամբ ու կարողությամբ դատելու` որն է լավը, որը` վատ»: Հասել էր իմ այդ ժամանակը: Եվ երբ արդեն «փորձված» բանտարկյալ էի, ես դեն նետեցի հպարտությունս ու գտա... աղոթքը:

Ես ապրում էի առավոտ-երեկո աղոթողի պես, բայց իմ ներսում աղոթք չկար: Քրիստոնյայի իմ բնազդը, որ մանկուց ինձ ուղղորդել էր մերժել երդումը, իմ ըմբոստ, հալածական, որոնող էության մեջ արեց իր հաջորդ քայլը: Ես ուրախությամբ հայտնաբերեցի հոգուս կարիքը, և հենց այդ ժամանակ ձեռքս ընկավ Մահարու` մանկատանն ապրած տարիների աղոթքը.

Հիմա, որ ես պառկեմ պիտի,
Հիսուս, աղոթք ընեմ Քեզի,
Բոլոր մեղքերս, Տեր, զիս ներե,
Եթե նորեն ես չարթըննամ,
Շնորհե, ով Տեր, Քո քովդ գամ:

Ցեղասպանությունից փրկված մանուկների` հավատքով ողողված այս աղոթքը սկզբում թվաց, թե ուժասպառ արեց ինձ: Բայց աստիճանաբար հասկացա, որ դա հոգուս խաղաղությունն է: Ամեն գիշեր քնելուց առաջ այդ որբ երեխաները ոչ թե երդվում էին, որ սիրում են Աստծուն, այլ աղոթում էին նրա անունով: «Եթե նորեն ես չարթըննամ…»: Տեսնես այս տողերն արտասանելիս ի՞նչ էին զգում այդ միամիտ մանուկները: Գիտեի՞ն արդյոք, որ խոսքը մահվան մասին է: Նրանց չիմացությունն ինձ թվում էր ամենից իմաստուն բանն աշխարհում: Եվ ես տարվեցի աղոթքով:

Դա հենց այն շրջանն էր, երբ ՊԱԿ-ը ավարտում էր ԱՄԿ-ականներից ներում կորզելու գործընթացը, և ճամբարում իմ նկատմամբ ճնշումն ավելի էր մեծացել: Ամեն առավոտ ճամբարային ռադիոն հաղորդում էր. «Դատապարտյալ Մարկոսյան, ներկայանալ հսկիչների սենյակ»:

Դրան հետևում էին ինձ կոտրելուն ուղղված գործողությունները. պատժախուց, զրկում տեսակցություններից, գնումներից` ի պատասխան իմ «հանդուգն պահվածքի»: Իմ ներսի հերոսը դեն էր շպրտել իր հպարտությունը, բայց միևնույն է` երբեք չէր ընկճվում: Նրա մտքով անգամ չէր անցնում ընդունել ՊԱԿ-ի` կալանքն արտասահմանով փոխարինելու առաջարկը, քանի որ հայրենազրկությունը համարում էր ավելի անողոք պատիժ:

Իսկ երեկոյան, երբ խավարի հետ միայնակ էի մնում, աղոթքով էի վառում ներսիս լույսը: Մի քանի աղոթք գիտեի, բայց ամենից շատ մանկան աղոթքն էի սիրում: (Ես այդ աղոթքը Երևանի ՊԱԿ-ի մեկուսարանում արտագրել ու հետս Սիբիր էի տարել): Դա իմ բարձի տակի աղոթքն էր: Ցերեկվա հերոսի ու գիշերվա աղոթողի համակեցությունն իմ ներսում կայացել էր: Դա մի վիճակ էր, որն ինձ օգնում էր մտածել կյանքի մասին, քնել առավոտյան նորից արթնանալու հույսով: Ես կառչել էի այդ փոքրիկ, հուսատու աղոթքներից: Ընկերներիս պահվածքը մի անսպասելի հարված էր ինձ համար: Եվ դեռ դա իր հետևից բերում էր օրեցօր մեծացող բանտային ճնշում իմ նկատմամբ, ու գնալով բազմապատկվում էր վիճակիս ծանրությունը: Մի կարևոր բան էր ավերվել, ու ես մնացել էի դրա փլատակների տակ: Եվ եկավ մի պահ, երբ այդ սակավաբառ աղոթքներն օգնելու փոխարեն կարծես իրե’նք սկսեցին նայել իմ երեսին: Ես չէի կարողանում այլևս նրանցից ուժ առնել:

Ես երդում չէի տվել, և այն ներումով կամ խոստումով փոխարինելն ինձ համար չէր: Իսկ ի՞նչն էր իմը. մահին դեմքով տեսած, բայց նրան չճանաչող երեխաներից սովորած աղոթքը կրկնե՞լը: Ես մտովի մերժեցի այդ երեխաների` քնից առաջ ընկերակցությունը և նրանց աղոթքը հոգուս վերագտած խաղաղության հետ միասին իրենց թողեցի: Ներսումս անսահման շատ էր անորոշությունը:

Եվ հենց այդ ժամանակ էր, որ ինձ փրկության հասավ Չարեցի անտիպ պոեմը` «NS-ի հիշատակին», որ տպագրվել էր «Գրական թերթ»-ում ու պատճառ դարձել խմբագրին` Համո Սահյանին, աշխատանքից հեռացնելու համար: Սահյանի հետ այդպես վարվողների ներսն էր նաև Չարենցը տեսել մարգարեորեն, երբ իր պոեմի ավարտին գրել էր.

Օ, այդ ի՞նչ, այդ ի՞նչ զորավոր
Բացիլ էր, ոգու ցեց խոցե,
Որ այդքան հեշտ սղոցեց
Նաիրյան ոգին զորավոր…
Եվ որդի նման մտավ ներս…

Ինչո՞վ էր այս պոեմն իմ վիճակին ավելի հարմար: Հասկանալի է. այդ օրերին ես ոչ թե պիտի կառչեի կյանքից, հավատայի վաղվա օրվան, այլ պետք էր, որ ես հաշտվեի մահվան հետ: Չէ՞ որ մահը կյանքից ավելի մոտ էր ինձ: Այն սկսել էր հոսել երակներիս մեջ:

Ցնծություն է մահն աշխարհում,
Հաղթական երթ է շքեղ,
Գալիքի ցնծալի շքերթ:

Ես անդադար կարդում էի այս տողերը: Ես, որ չէի գործել ո’չ մի զանցանք, չէի մեղանչել ո’չ խղճիս, ո’չ օրենքի առաջ, ես` «հայրենի սիրով հանցապարտս», դատական որոշմամբ պետք է իմ կյանքի տասը տարին անցկացնեի անազատության մեջ: Նրանցն էին իմ կյանքի տասը տարիները միայն: Բայց զոհասեղանին էր դրված ու սակարկվում էր իմ ամբողջ կյանքը, ապրելու իրավունքս: Անցել էր կյանքից կառչելու ժամանակը: Անհրաժեշտ էր, որ ես չերկյուղեի մահից: Ինձ ուժ էր պետք` չերազելու ուժ, և այն ինձ տվեց Չարենցը: Կարդում էի ու մտածում` ինչ միայնակ է եղել Չարենցը մահվան գալիքի դեմ, իմ սերնդի ճանաչած կարմիր պոետը: Ես այդքան ուժեղ չէի, ինձ ընկերակցություն էր պետք, ու ես ձեռքս մեկնեցի Չարենցի NS-ին, որի մեջ պարզորոշ տեսնում էի ինձ:

Եվ կրկին որպես տերևներ,
Քշում է հողմը նրանց,
Որ չընկնեն, նրանք չամրանան
Հայրենի հողերի վրա,
Այլ իբրև դեղին տերևներ
Թշնամի դաշտերում մեռնեն:

Այս տողերը նախանշում էին իմ ուղին ու մահը վերածում մխիթարության: Չարենցի պոեմը կարդում էի աղոթքի պես. մահվան աղոթքի պես: Դա մի վեհանձն մահվան հանդիսություն էր, որը, ինքս էլ չէի նկատում, թե ինչպես օրեցօր ինձ համար ռազմերթի էր վերծվում: Այսպես Չարենցը, նախապատրաստելով, ընտելացնելով մահին, ապրեցրեց ինձ: Ես խաբված հանճարի մահվան աղոթքով ապրեցի և մահով հաղթեցի մահին:

Նվիրում եմ անկախության գաղափարի համար զոհված ընկերներիս

(Հատված ինքնակենսագրական գրքից)

Մեկնաբանություններ (7)

Տիգրան Մանսուրյան
Աստված իմ, այս ի`նչ հուզիչ պատմություններ են, ի`նչ մաքուր գիր և ընտիր շարադրանք: Մետաքսե թափանցիկ վարագույրի ետևում, որ նույն այս պատմություններն են ու այս գիրը, ներկայանում է մարդն ամբողջությամբ` նվիրումի հսկայական ներուժով, ինքն իր ապրածը, իր տարիների տարածը սթափ գնահատելու կարողությամբ ու, կարևորը, պարկեշտորեն: Ինչքան են պետք այսօր այս ու այսպիսի գրությունները մեր երիտասարդների մեջ ասպետականության ոգի, նրա նկատմամբ աներեր հավատ և նրա անանձնապատական խորհուրդը սերմանելու համար: Սիրելի Ռազմիկ, ես հպարտ եմ տարիների մեր մտերմությամբ և պիտի ուզեի քո նոր գրառում-պատմություններին հաղորդակից լինել: Գրկում եմ քեզ: Տիգրան Մանսուրյան 27.10.2011թ.
Աիդա Ներսիսյան
Չկարդայի այս հոդվածը` երբեք չէի ճանաչի Ռազմիկ Մարկոսյան անհատականությանը, ազգային գործչին, մարդու ա°յս տեսակին, ա°յս երեւույթին: Արտասովոր կամային հատկանիշներով հերոսն է կանգնում դիմացդ այս փոքրիկ հոդվածի տեսքով: Մահը սեփական երակներում զգացած մարդու ինքնախոստովանություն է սա, հայրենասիրության, սեփական սկզբունքներին անդավաճան մնալու բացառիկ դրսեւորում: Եւ քանի՞ այսպիսի մարդ կա մեր իրականության մեջ: Իսկ եթե անգամ կան, թեկուզ էլի մի քանիսը, արդյո՞ք մենք տեսնում ենք նրանց,արդյո՞ք գնահատում ենք: Այս հարցականը միշտ կախված է եղել մեր ազգի գլխին դարեր շարունակ, քանզի երբեք և ոչ մի ժամանակում չենք կարողացել արժեւորել արժանին: Իսկ եթե մեծարել ենք ու գնահատել, ապա մեռնելուց հետո միայն: Քավ լիցի: “Մահով մահին հաղթած ”մարդը, ում համար մարդու իրավունքը Աստվածային արժեք է , սկզբունքը` կենսակերպ, դեռ ասելիք ունի իր երազների մեջ փայփայած անկախ Հայաստանում: Իսկ իմ` սովորական մահկանացուիս ասելիքը հետեւյալն է. եթե ես լինեի կրթության նախարար, այս հոդվածը, իբրեւ հայրենասիրության դաս, իբրեւ պատգամ` անպայման տեղ կգտներ դպրոցական դասագրքերում: Ռազմիկ Մարկոսյան լինելը չափազանց դժվար է, գրեթե անհնարին : Բայց գոնե պատմիչ Գրիգոր Պահլավունու նկարագրած տատրակին հո կարո՞ղ ենք նմանվել. Երբ ծառի ճյուղին ոտքերը վեր պարզած տատրակին հարցնում են` ինչ ես անում,- թռչունը պատասխանում է . -Երկինքն եմ պահում: -Բայց ինչպե±ս կարող ես քո թույլ ոտքերով երկինքը պահել: -Ես իմ բաժին երկինքն եմ պահում,- պատասխանում է տատրակը: Տա Աստված, որ մեզանից ամեն մեկը կարողանա իր բաժին երկինքը այնպես պահել, որ երկիրն էլ ԷՐԳԻՐ դառնա ու մեր այսօրվա թվացյալ անկախությունը դառնա իրական: Այդժամ Ռազմիկ Մարկոսյանը և 60-ականներին ազատ երկրի տեսլականն իրական ունենալու համար անլեգալ պայքարի ելած նրա գաղափարակից ընկերները հոգու ցավ չեն ապրի Ռուսաստանի մութ ու ցուրտ բանտերում կորցրած տարիների համար: Աիդա Ներսիսյան
Ռուբեն Վարդանյան
Ամենա տպավորիչ և հուզիչ հոդվածներից մեկն էր որ երբևէ կարդացել էի:Անընդհատ կարիք եմ զգում նորից ու նորից այն ընթերցելու և ամեն անգամ կարդալիս նոր խորքեր եմ հայտնաբերում ինձ համար:Գլխադասային է Աղոթքը և ներդաշնակ անցումը դեպի Չարենց:Լույս լռության մեջ այպես կարելի է որակել այն:Կարծում եմ որ բոլորս կարիք ունենք ևս և ևս մեկ անգամ ընթեցելու ու գրված մտքերը հիշելու,մեր մեջ պահելու:Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում Ռազմիկ Մարկոսյանին,մեր օրերի Ասպետին այս հոգևոր ու խորիմաստ մտքերի և խոսքերի համար,մարդկային բարձր արեքի գաղափարը թելի նման մեր միջով անցկացնելու համար :
Լիլիթ
Իմ շատ սիրելի Ռազմիկ ջան, անկեղծ ասաց չափազանց հուզվեցի կարդալով այս նյութը : Չեմ ուզում ասել շաբլոն բառեր , եթե այս պահին կողքիդ լինեի ուղակի լուռ կգրկեի քեզ : Ես շատ սիրում եմ քեզ ու շատ եմ ցավում, որ միշտ ժամանակ չենք ունեցել իրար հետ ավելի շատ շփվելու : Իսկապես երջանիկ եմ , որ աշխարհը քեզ նման ՄԱՐԴ ունի և առավել ևս հպարտ եմ որ ես քեզ նման ԿՆՔԱՀԱՅՐ ունեմ : Սիում և կարոտում եմ քեզ շատ: Քո Լիլիթ
Armen Zatikyan
Սիրելի Ռազմիկ, հարգելի ընկեր, շնորհավորում եմ «քո» տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ, մաղթելով քաջ առողջություն և անկատար իղձերի իրականացում: Առայժմ, միայն դե յուրե Հայաստանի Անկախությանը կգա փոխարինելու՝ Մովսեսի թևավոր խոսքերով ասած՝ «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու» իրական, դե ֆակտո Անկախությունը՝ միայն այն դեպքում, երբ հայ աշակերտները դպրոցներում ամեն օր կգրեն ու կկարդան, թե ովքե՞ր են եղել Ռազմիկ Մարկոսյանն ու իր ընկերները, ի՞նչ են արել, որպեսզի իրենք ապրեն հպարտ և արժանապատիվ Երկրում: Մաղթում եմ քեզ ապրես այնքան՛ որպեսզի տեսնես այդ օրերը, որպես փոխհատուցման երախտիք՝ կրածդ զրկանքների ու տառապանքների:
Արաքս Հակոբյան
Մեծարգո պարոն Մարկոսյան, Շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի անկախության 20-րդ տարելիցի առիթով: Կարծում եմ, Դուք այն բացառիկ արժանիների թվում եք, ում համար Անկախությունը հավատամք է, Մյուռոն, որով հավիտենապես հաստատել եք Ձեր ուխտը Աստծո հետ: Ձեր անբասիր կենսագրությունը և սրբաբարո համեստությունը վկայությունն են խոնարհ հերոսացման. հերոսները երբեք շատախոս չեն լինում: Անկախության դափնեպսակը շատերն են այսօր իրարից փախցնում, մինչդեռ իրականը Փշե պսակն է, որը կրելու համար հոգով ու մարմնով պետք է հոժար լինել: Դուք արժանի եք եղել Փշե պսակին, և դա որոշվել է երկնքում, երկրայիններից, ցավոք, քչերը կհասկանան դա, առավել ևս` սակավները վկայություն կտան: Անկախությունը բարձրագույն արժեք է, նրան արժանի լինելու համար պետք է միշտ ընտրել անանձնականը: Ձեր կենսագրությամբ դուք ոչ միայն վերստին հաստատում եք անվիճարկելի ճշմարտությունը, այլև շատերին ընտրության, ավելի ճիշտ` աճպարարության, հնարավորություն չեք թողնում: Գրեք Ձեր ինքնակենսագրական գրքը` որպես Անմահ հորովել, որպես ճշմարիտ ցորեն- հաց պահ տվեք Մայր հողին, որ սերունդներին չզրկեք հաց հանապազօրյայից, որ ուրիշների շաղ տված գարին հաց չդառնա, ու բթանա մեր հոգևոր քիմքը: Թող Ձեր հուշագրությունը պոկվի Ձեզանից ու ... մահանա ժողովրդի մեջ. այդպես է ցորենի հատիկը հասկ դառնում: Չէ որ ինքներդ Ձեր կեսագրությամբ վերահաստատել եք մահվամբ զմահ հաղթելու աստվածային խորհուրդը:
Ա.Հակոբյան
Տպավորված եմ: Բարձրաճաշակ լեզու ունի: Մտորումները կենդանի,ապրված զգացողությունների արդյունք են, հորինովի չեն: Այլապես չէին վարակի իրենց անկեղծությամբ, քեզ իրենց ետևից չէին տանի: Խորհրդածությունները փիլիսոփայական խորությունների են հասնում: Հեշտությամբ երդվել-դրժելու երկնտրանքի առաջին հայացքից պատանեկան,թող որ, հուզական վերաբերմունքը, որ դառնում է կենսակերպ մեր հերոսի համար և սառը,պրագմատիկ ցիննիզմը երդմազանցությանը՝ ճկուն, ,,բաշարող,, ,հարմարվողների համար: Չէի մտածել, որ հերոսները խանգարում են ապրել: Որ առանց հերոսների հեշտ է: Որ կյանքի ու ապրելու որակների մասին մտածելու կարիքը չկա: Որ հերոսներին, գուցե ամենից շատ, հերոսներին է հարկավոր ներել մեր կյանքը երազների, ձգտումների ու կորուստների , անկումների ու հաղթանակների վերածելու համար: Ես էլ միամտորեն, գլուխ եմ խոնարհում իմ ու մեր կյանքին հպարտություն ու արժանապատվություն ներշնչող հերոսին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter