
Առաքել եպիսկոպոս Քարամյանն անիծեց «Հետքի» լրագրողին
Քիչ առաջ «Հետքի» խմբագրություն զանգեց Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը: Երեկ մենք հրապարակել էին «Վեհափառն այդպես չէր պայմանավորվել» վերնագրով նյութը, որտեղ Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը նշել էր, որ տեղյակ չէ Վեհափառի` «Կեչառիս» կատարած այցից:
Նյութը հրապարակվելուց հետո Տ. Առաքել եպիսկոպոս Քարամյանը որոշել էր, որ ինքն այդպիսի բան չի ասել: Ստորեւ ներկայացնում ենք հեռախոսազրույցը Կոտայքի թեմի առաջնորդի եւ լրագրող Անի Հովհաննիսյանի միջեւ:
- Ձեզ Առաքել եպիսկոպոս Քարամյանն է զանգում Կոտայքի թեմի առաջնորդարանից: Այսօրվա հրապարակման մեջ գրել եք, թե ես տեղյակ չեմ Վեհափառ հայրապետի «Կեչառիս» այցելության մասին: Չե՞ք ամաչում, ես լավ էլ տեղյակ եմ եղել, լավ էլ գիտեմ` ինչ է եղել: Բայց երբ ինձ զանգեցիք, ես ասացի, որ հեռախոսով որեւէ ինֆորմացիա չեմ տալիս: Դուք այդքանը գրեիք եւ վերջ. չէ՞ր լինի:
- Այո, նշեցիք, որ հեռախոսով ինֆորմացիա չեք տալիս, այնուհետեւ հարցրիք`բայց ինչի՞ մասին է խոսքը: Ես էլ ուղղեցի Ձեզ իմ հարցը: Դուք պատասխանեցիք. «Ես ներկա չեմ եղել. ոչինչ չգիտեմ այդ մասին» (ձայնագրությունը): Մեր հեռախոսազրույցի ձայնագրությունն էլ կա:
- Լսեք, դուք սատանայի ծնո՞ւնդ եք, ինչ է:
- Ինձ մի վիրավորեք: Դուք փաստացի ստել եք` ասելով, որ ներկա չեք եղել: Հիմա նյութը հրապարակվելուց հետո՞ եք որոշում, որ ներկա եք եղել:
- Ամոթ է, ամոթ: Դու աստծուն չես հավատում, ոչ մի բարոյական արժեք էլ չունես: Լռիր, պապանձվիր,- ասաց Առաքել եպիսկոպոս Քարամյանը եւ անջատեց հեռախոսը:
Հեռախոսազանգից հետո Առաքել եպիսկոպոս Քարամյանին զանգեց «Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանը` պահանջելով չվիրավորել լրագրողին:
Առաքել եպիսկոպոս Քարամյանը պատասխանեց, թե լրագրողը հանել է իրեն համբերությունից, եւ ինքը ստիպված է եղել այդպես արտահայտվել: Խմբագիրը պատասխանել է` Դուք ստել եք՝ ասելով, որ տեղյակ չեք Վեհափառի այցից, լրագրողն էլ ընդամենը հրապարակել է Ձեր սուտը:
Իսկ խմբագրի անդրադարձին, որ անիծելու փոխարեն ավելի լավ է թույլ չտան, որ եկեղեցապատկան հողում այդպիսի շինարարություն իրականացնեն, Առաքել եպիսկոպոս Քարամյանը պատասխանեց. «Ես այդ ժամանակ Հայաստանում չեմ եղել»:
Մեկնաբանություններ (286)
Մեկնաբանել