HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ատամները հաց ուտելու համար են

Այս կինը Սվետլանա Առուստամովան է։ Փախստական է, Բաքվից։ Նրա տնից երեւում է Նորաբակ գյուղի գերեզմանոցը, որտեղ միայն նոր շիրմաթմբեր են՝ առանց հուշաքարերի, որոշ դեպքերում` անգամ առանց անունների։

«Մեր գերեզմանները մնացել են այնտեղ, ուր մենք այլեւս երբեք չենք գնա,- ասում է Սվետլանան ու արտասվում։- Էս տեսակ կյանք կլինի՞, ծանր պահերին անգամ հարազատներիդ գերեզմանի մոտ չես կարող գնալ»։

Բաքվում Սվետլանան պետական ծառայող է եղել, աշխատել է տարբեր գործարանների հրշեջ ծառայություններում։ Ասում է` մտքով անգամ չէր անցնի, թե կարող էին հայերին քշել Բաքվից։ «Ապրում էինք լավ, լավ վաստակում էինք, հարգանք ու պատիվ ունեինք, տանն էլ ամեն ինչ կար։ Ցանկացած փախստականի հարցրեք, ոչ ոք չի ասի, թե վատ է ապրել»։

Բաքվում էլ Սվետան եղել է մենակ։ Մինչեւ բռնագաղթը նրա բոլոր հարազատները մահացել էին, եւ միայնակ կինը, թողնելով իր ամբողջ ունեցվածքը, հայտնվել է «օտար» քաղաքում՝ Երեւանում։

«Երբ Բաքվից եկա, 1989 թվականն էր։ Մի տարի ապրեցի Երեւանում։ Քնում էի կայարաններում եւ օդակայաններում, ապրում էի ոնց պատահի։ Հետո մտածեցի՝ այսպես չի լինի, չեմ կարող մշտապես դեսուդեն ընկնել։ Գնացի Փախստականների վարչություն։ Ինձ այստեղ ուղարկեցին, արդեն տասնվեց տարի Նորաբակում եմ»,-պատմում է Սվետան։

Նորաբակը Գեղարքունիքի մարզի գյուղերից է։ Խորհրդային տարիներին այստեղ ապրել են ադրբեջանցիներ, ովքեր 88 թվականի վերջին հեռացել են։ Հիմա գյուղի բնակիչների մեծամասնությունը փախստականներ են, ում կյանքն ու կենցաղը շատ բանով չի տարբերվում Սվետլանա Առուստամովայի վիճակից։ 

Տունը, որտեղ նա ապրում է, կիսաքանդ միահարկ սենյակ է։ Հատակի կեսը տախտակից է, մյուս կեսում «տանտիրուհին» ամռանը հավ է պահում, իսկ ձմռանն ամբարում վառելիքը՝ աթարը։

 «Հատակի տախտակների կեսը ստիպված եղա հանել, որովհետեւ մի ձմեռ բոլորովին վառելիք չունեի։ Այդ տախտակները վառելով դիմացա»,- ասում է փախստական կինը, ով հաճախ է դիմում ձեռքի տակ եղած քիչ թե շատ արժեքավոր բաներն ի շահ գոյատեւման ծառայեցնելուն։ Օրինակ՝ ընթերցասեր լինելով, բայց գրքեր (ռուսերեն) չունենալով, նա արդեն ութսուն անգամ կարդացել է æոն Գոլսուորսիի «Ֆորսայթների պատմությունը»։ «Չեմ կարող առանց գրքերի,- ասում է Սվետան,- գիրքն իմ կյանքի անբաժանելի մասն է, մե՜ծ, շա՜տ մեծ գրադարան եմ թողել Բաքվում»։ Նախկին ադրբեջանաբնակ գյուղում գրադարան կամ չի եղել, կամ էլ եղածը չի պահպանվել։ Ռուսալեզու պարբերականներ ստանալ Սվետլանան չի կարող, հնարավորություն չունի։ Նրա ամսական եկամուտը 16.500 դրամ է։

 Այսինքն՝ նա օրը 550 դրամով (մոտ $1.5) եւ տնամերձ հողամասում աճող բանջարեղենով հազիվ կարողանում է քաղցած չմնալ։

Սվետլանան պատմում է, որ ատամների մեծ մասը ոսկուց են եղել, եւ որ դա էլ է ծառայեցրել գոյատեւման խնդրի լուծմանը։ «Դեպքեր էին լինում, որ ուտելու ոչինչ չէի ունենում, հանում էի ատամներիս ոսկե շապիկներն ու վաճառում, որ հաց գնեմ»։ Հետո, ինքն իր վրա զարմացած, ասում է. «Ատամները հաց ուտելու համար են, իսկ ես ատամներս վաճառում էի, որ հաց գնեմ»։

Անցած տասնվեց տարում Սվետլանան որակյալ բուժօգնություն չի ստացել, թեեւ նրա կյանքի պայմանները հուշում են, որ առողջ լինել չի կարող։ Ասում է՝ «առողջություն չի մնացել», բայց, անակնկալներից խուսափելով, չի էլ ուզում ստուգման գնալ։ «Վախենում եմ։ Եթե վաղը ստուգեն ու ասեն, որ քաղցկեղ կամ մի այլ հիվանդություն ունեմ, ի՞նչ պիտի անեմ։ Բուժվելու համար փող է հարկավոր, մեծ փողեր են պետք»։

16.500 դրամ եկամտով նա բուժվելու մասին չի կարող մտածել, նույնիսկ չի պատկերացնում, թե բժշկի մոտ հասնելու համար ոնց է տրանսպորտի փող առանձնացնելու։ «Ես չեմ դժգոհում,- ասում է Սվետան,- փառք Աստծո, որ սա էլ կա, ո՞նց դժգոհեմ, երբ շատերն ինձանից էլ վատ են ապրում»։

«Իսկ վաղն ի՞նչ է լինելու» հարցիս, թվում է, չի ուզում պատասխանել։ Հայացքը սեւեռում է իր տան դիմացի բլրի վրա գտնվող գերեզմանոցին ու երկար նայելուց հետո ասում. «Ի՞նչ ապագա։ Մարդը ներկա չունի, ապագան որտեղի՞ց պիտի գա։ Կյանք չկա, հետաքրքրություն չկա։ Դուք գիտե՞ք՝ ինչ է փախստականը։ Աստված չանի, որ իմանաք։ Դա մի վիճակ է, երբ ամեն օր սպասում ես մահվան»։

Սվետլանա Առուստամովայի այս խոսքերը կարելի էր համարել միայնակ կնոջ հոգեկան ընկճվածության արդյունք, եթե ինձ հանդիպած մի տասնյակից ավելի փախստականները լինեին լավատես եւ հաղթահարած փախստականի բարդույթը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter