HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Կառավարչի խոսքերով՝ «ՏաԹեւերը» լուծում է նաեւ սոցիալական խնդիր

Անցյալ տարվա հոկտեմեբերի 16-ին «ՏաԹեւեր» ճոպանուղու պաշտոնական բացման արարողության ավարտը նշանավորվեց եղանակի կտրուկ փոփոխությամբ. ամպրոպին հաջորդող բազմագույն ծիածանով եւ թրջված իրերը մեքենաների մեջ տեղավորող հյուրերի շտապողականությամբ, ովքեր թեեւ չկամությամբ, սակայն պարտադրաբար լքում էին տարածքը:

Սպասասրահների բացակայության վերաբերյալ «Հետքի» հարցին «Ազգային մրցունակության հիմնադրամի» արդեն նախկին տնօրեն Բեկոր Փափազյանն այն ժամանակ պատասխանեց. «Այո, անհրաժեշտություն է, այո, կարելի էր մտածել թեկուզ ժամանակավոր, թեթեւ կոնստրուկցիաներով ինչ-որ բան ստեղծելու մասին, մարդկանց քամուց, անձրեւից եւ արեւից պատսպարվելու հնարավորություն տալու համար: Մենք այդ խնդրին հիմնովին լուծում ենք տալու. կառուցվելու է սրճարան-սպասասրահ»:

Մեկ տարի անց ճոպանուղու «Հալիձոր» կայանում շահագործման հանձնվեց «Տաթեւատուն» կոչվող ռեստորանը, որը նաեւ զբոսաշրջիկների համար ծառայելու է իբրեւ սպասասրահ: 

Ապրիլին սկսված եւ 6 ամիս տեւած սպասասրահի շինարարությանը զուգահեռ բարեկարգվել են նաեւ երկու կայանների տարածքները. կանաչապատվել, տեղադրվել նստարաններ, աղբամաններ, սալարկվել հետիոտնի համար նախատեսված անցուղիները, տեղադրվել տեղեկատվական եռալեզու ուղեցույց-վահանակներ` հնարավորություն տալով այցելուներին ոչ միայն տեղեկանալու ճոպանուղու շահագործման եւ տեխնիկական հնարավորություններին, այլեւ օդային այդ տրանսպորտից ճիշտ օգտվելու կանոններին: 

«Ճոպանուղու շահագործման ողջ ընթացքում տեխնիկական սպասարկումը, հսկողությունն իրականացվում է տեղացի եւ շվեյցարիացի մասնագետներ կողմից,-հավաստիացրեց ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը,- ընթացիկ տարում ճոպանուղու տեխնիկական զննումն իրականացրել է ՀՀ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը», որի արդյունքում «ՏաԹեւերը» ճանաչվել է տեխնիկապես սարքին եւ բացարձակ անվտանգ կառույց»:

Կառավարիչի փոխանցմամբ՝ ճոպանուղու անձնակազմը պարբերաբար մասնակցում է վերապատրաստման դասընթացների, եւ հարկ եղած դեպքում կարող են ոչ միայն առաջին օգնություն ցույց տալ խցիկում իրեն վատ զգացող ուղեւորին, այլեւ 170 մետր բարձրության վրա կազմակերպել ուղեւորների տարհանումը: Ի դեպ, ճոպանուղու առավելագույն բարձրությունը կիրճի վրա 320 մետր է: 

Տնօրենի մատնանշած «էքստրիմն» այս մեկ տարվա ընթացքում դեռ ոչ ոք չի «վայելել»: Դա մեկ անգամ եւս ապացուցում է ճոպանուղու սպասարկման եւ շահագործման բարձր մակարդակը, մյուս կողմից էլ հույս ներշնչում, որ երբեւէ որեւէ մեկի «թարս» բախտից անսարքություն չի առաջանա, ասենք՝ հենց այդ ամենաբարձր կետում: 

Հալիձորի ավանը Տաթեւի վանքին միացնող հետադարձելի կրկնակի օդային այս անցուղին իր տեսակի մեջ աշխարհում ամենաերկարն է ու այդ կապակցությամբ գրանցում ստացավ անգամ Գինեսի ռեկորդների գրքում: Նմանատիպ ճոպանուղի գործում է Կանադայի Վանքուվեր քաղաքում, սակայն վերջինիս երկարությունը 4,89 կմ է, իսկ «ՏաԹեւերինը»՝ 5,7 կմ: Ճոպանուղու երկու խցիկներից յուրաքանչյուրը տեղաշարժվում է ինչպես մեկ, այնպես էլ հակառակ ուղղությամբ, ավելին՝ մի կետից մյուսի տեղափոխումն իրականացվում է առանց կանգառների: 

Գործարկումից մինչ օրս ճոպանուղով երթեւեկողները Հալիձորից Տաթեւ կամ հակառակ ուղղությամբ մեկնելու եւ վերադառնալու համար ձեռք են բերում, այսպես կոչված՝ երկկողմանի տոմսեր՝ վճարելով 3000 դրամ: Միակողմանի երթեւեկի համար ուղեւորը վճարում է 2000 դրամ: Մինչեւ այս տարվա հուլիս-օգոստոս որեւէ սահմանափակում երկկողմանի տոմսերի վաճառքի առումով չէր եղել: Լուրերը, որ «ՏաԹեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանում նշված ամիսներին ժամը 15-ից հետո վաճառվել են միայն միակողմանի ուղերթի տոմսեր, պարզվեց՝ իրականությանը համապատասխանում են:

Տիգրան Ղազարյանը նշեց, որ այդ քայլին գնացել են հարկադրված, քանի որ պայմանավորված զբոսաշրջիկների աննախադեպ աճով հնարավորություն չեն ունեցել տեխնիկապես ապահովել մինչեւ կեսօր ուղեւորված մարդկանց վերադարձը, ովքեր արդեն իսկ գնել էին երկկողմանի ուղերթի տոմս: 

«Տոն եւ հանգստյան օրերին ճոպանուղին սպասարկել է օրական 700-800 ուղեւոր,- նշեց ճոպանուղու կառավարիչը,- եւ ճիշտն ասած՝ չի բացառվում, որ ապագայում վերանա երկկողմանի տոմս հասկացությունը: Մարդիկ պարզապես տոմս կգնեն՝ հստակ պատկերացում ունենալով, որ ճոպանուղով Տաթեւից պիտի վերադառնան ամենաուշը ժամը 18-ին, իսկ ուշանալու դեպքում այլեւս մեզ չեն մեղադրի, թե մենք գնել էինք երկկողմանի տոմս, իսկ մեր հետվերադարձը չեն ապահովում»:

Իսկ ովքեր կկարողանան օգտվել նորակառույց սպասասրահ-սրճարանից, որտեղ գործող գներն ավելի շուտ ռեստորանային են, քան սրճարանային հարցին տնօրենի պատասխանը տրամաբանական հնչեց. «Ով կցանկանա»: «Գուցե ավելացնենք նաեւ, ով վճարել կկարողանա,-փորձեցի ճշտել մատնացույց անելով ճաշացանկն ու գները,- քանի որ միայն ցանկությունը քիչ է, այստեղ երեւանյան բավական թանկ ռեստորաններում գործող գներին չզիջող գներ եմ տեսնում: Այն տպավորությունն է, որ ձեր սրճարան-սպասասրահը միայն օտարերկրացի եւ մայրաքաղաքային ապահովված հյուրերի համար է նախատեսված»: 

«Դե նրանք, ովքեր ձեր ասած մարդկանց ցուցակում չեն, հիմնականում գալիս են պիկինիկի համար նախատեսված ուտելիքն իրենց հետ վերցրած ու հանգիստն անցկացնում բնության գրկում: Մյուս խումբը դրանք վրանային կամ էկոտուրիզմի սիրահարներն են, ովքեր մեզ նույնպես չեն այցելում: Այնպես որ, էլի եմ կրկնում՝ կօգտվեն նրանք, ովքեր կցանկանան»,- նկատեց կառավարիչը:

Այդ պահին հիշեցի դրսում բարեկարգման աշխատանքների վերջին շտկումներն իրականացնող երկու գորիսեցիների խոսակցությունը: Ավելի ճիշտ՝ միջին տարիքի տղամարդը դժգոհ տոնով տեղեկացնում էր մյուսին, որ մեկ բաժակ սուրճը 700 դրամ արժի սրճարանում ու խորհուրդ չէր տալիս օգտվել: «Կարողա գիտեն աշխարհի վերջնա»,- նորաբաց սրճարանից ստացած տպավորությունը գորիսեցի շինարարին բավական հուզել էր: Կարելի էր չկասկածել, որ այդ երեկո նրանց ընտանիքներում քննարկվելիք թիվ մեկ թեման հենց դա էր լինելու:

Թանկ թե էժան, ամեն դեպքում, սրճարան-սպասասրահի կառուցումով ճոպանուղու 40 աշխատակիցների թիվն ավելացել է 15-ով, իսկ դա նշանակում է, որ այդքան մարդ Գորիսից եւ հարակից գյուղերից ունեն կայուն աշխատանք եւ աշխատավարձ են ստանում: «Մենք նաեւ սոցիալական խնդիր ենք լուծում այս տարածաշրջանում»,-զրույցն ամփոփեց «ՏաԹեւրի» կառավարիչը:

Մեկնաբանություններ (1)

nare
Շնորհակալություն Հետքին, որ այս նյութն այլ կերպ է ներկայացրել: Մի քանի այլ կայքերում հանդիպածս տեղեկատվությունը պարզապես կրկնվում էր ու մի տեսակ գովազդ հիշեցնում: Փաստորեն ստացվում է, որ սպասասրահ կոչելը մի փոքր ձեւական է, քանզի հենց մուտք գործեցիր տարածք, դու դառնում ես ռեստորանի պոտենցիալ այցելու, դե հո չես ասելու մատուցողին հեռու գնա, ես պարզապես սպասող եմ: Մի տեսակ տրամաբանություն չեմ տեսնում. ճոպանուղու տնօրինությունը փորձում է վստահեցնել, թե սրճարանի անվան տակ գործող ռեստորանը նաեւ սպասասրահ է: Չեմ կարծում, որ մուտք գործելով այնտեղ ու ստիպված լինելով ասենք մի կես ժամ սպասել, գոնե սուրճ չուզենաս պատվիրել, էն էլ...700 դրամով: Ենթադրում եմ մատուցվող ուտեստների գներն ավելի թանկ են լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter