HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գողությո՞ւն ենք արել, թե՞ մարդ ենք սպանել, որ 7-12 տարի են դրել»

Մուրացկաններին մեղադրում են թրաֆիկինգի մեջ

«Եթե ինձ գաղութ տանեն, իմ էրեխուն էլ ինձնից խլեն, մանկատուն տան, ավելի լավ ա, ես չլինեմ»,- Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից դուրս գալով՝ ասաց Լուսինե Առաքելյանը, ով մեղադրվում է սեփական երեխայի շահագործման մեջ: Նա դեռ ազատության մեջ է (խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին)՝ իր 3 տարեկան Էրիկի կողքին: Սակայն եթե մեղադրանքը հաստատվի դատարանում, Լուսինեին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում:

Ի տարբերություն 37-ամյա Լուսինե Առաքելյանի՝ նրա վաղեմի ծանոթ, 52 տարեկան Լուսիկ Գրիգորյանն արդեն 7 ամիս է՝ գտնվում է կալանքի տակ՝ նույն մեղադրանքով: Նա ունի 17 տարեկան դուստր, ով հատուկ դպրոցում է հայտնվել մոր կալանքից հետո:

«Թող գնամ տուն, Նոր տարին էրեխուս հետ անեմ»,- արցունքն աչքերին դատավոր Արտուշ Գաբրիելյանին էր դիմում Լուսիկ Գրիգորյանը, ով Լուսինեի հետ մեղադրվում է վերջինի երեխային՝ Էրիկին 5 ամսականից շահագործելու մեջ:   

37-ամյա Լուսինե Առաքելյանն ու 52-ամյա Լուսիկ Գրիգորյանը հին ծանոթներ են: Ըստ մեղադրանքի (ՔՕ 132.2 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ), նրանք 5 ամսականից Էրիկին «պահել են ստրկությանը հավասարազոր վիճակում»՝ տանելով մուրացկանության:

Լուսիկ Գրիգորյանը 1990-ականներից զբաղվել է մուրացկանությամբ՝ շրջելով Երևանի փողոցներով ու կանգնելով «Փեթակ» տոնավաճառի մոտ: Վարձով ապրելով՝ Լուսինեի հետ որոշել են միասին գումար հավաքել ու հոգալ երեխայի, Լուսիկի հիվանդ եղբոր ու իրենց գոյության հարցը: Մի օր էլ՝ անցյալ տարվա հունիսին, երբ հերթական անգամ դուրս են եկել մուրացկանության՝ երեխայի հետ, Էրեբունու ոստիկանությունից մոտեցել են կնոջն ու տարել բաժին երեխայի հետ:

«Ես տեսա, որ Լուսիկին ու էրեխուս տարան, վազեցի իրանց հետևից: Տեսա մտան բաժին, էկա, ասեցի՝ տվեք իմ էրեխուն: Բայց մեզ արդեն բռնեցին, մատնահետքեր վերցրեցին, իբր մենք վտանգավոր հանցագործներ էինք: Ինձ ասում են՝ ստրկության ես տարել էրեխուդ, ինչի իմ էրեխեն ստրո՞ւկ ա: Ես շարբաթաջուր եմ խմել, որ կծքիս մեջ կաթ լինի ու կերակրել եմ իմ էրեխուն: Ինչ էլ աշխատել ենք փող հավաքելով, բերել ենք էրեխու, ապրելու, տան վարձի վրա ենք ծախսել: Հենց մեզ բռնեցին, ինձ ասեցին, թերթի դիմի: Ես էլ ասեցի՝ ամոթ չի՞ օրենքի դեմ բողոքեմ»,- պատմեց Լուսինեն:

Երկու կանայք էլ հոգեկան առողջության խնդիրներ ունեն

Նախաքննության ժամանակ կատարվել է դատահոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն, երկու կանայք էլ ճանաչվել են սահմանափակ մեղսունակ: Սակայն դեռ 2006 թ.-ից Լուսիկը  հաշվառված է եղել Երևան քաղաքի Ավանի հոգեբուժական կլինիկայում, տառապել է «Թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշմամբ։ Իսկ Լուսինեն հաշվառված է եղել Վանաձորի հոգեբուժարանում՝ նույն ախտորոշմամբ: Հանրային պաշտպան Կարեն Մանուչարյանը միջնորդել է կրկնակի ստացիոնար դատահոգեբանական-հոգեբուժական փորձաքննություն անցկացնել: Այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրապարակեց արդյունքները, որոնց համաձայն, Լուսիկը ճանաչվել է անմեղսունակ: Նա պետք է հարկադիր բուժում անցնի Նուբարաշենի հոգեբուժարանում: Այլ խոսքով ասած՝ նա ազատվեց պատասխանատվությունից, իսկ Լուսինե Առաքելյանին դեռ սպառնում է 7-12 տարվա ազատազրկում:

«Դատախազը, որ տեսներ մեր պայմանները, երևի հրաժարվեր մեղադրանքից»

Դատավարությունից հետո մենք եղանք Լուսինեի վարձած սենյակում. նեղ փոքր միջանցք, 10 քմ տարածք, երեք մահճակալ:

-Մենակ ուզում եմ դուրս գամ աշխատեմ, Էրիկիս լավ պահեմ: Էրեխուն պահելու համար զուգարան մաքրելն էլ ամոթ չի, չէ՞:  Ուզում եմ, որ ձեր գրածը Նելլի Դուրյանը կարդա, Էրիկիս մանկապարտեզ տեղավորեն, որ ես կարանամ աշխատեմ: Ուր տանում եմ, ասում են՝ հերթ ա: Մի տեղ անհերթ էր, բայց վճարովի, տարա, որ աշխատեմ, էն էլ վարձը չկարացա տամ, էրեխեն դուրս մնաց,- պատմեց Լուսինեն, ով ծնվել ու մեծացել է Վանաձորում, հետո եկել է մայրաքաղաք՝ աշխատելու:

Լուսինեն միայնակ մայր է, Էրիկի հայրը նրանց հետ չի ապրում, չի հոգում նրա խնամքը: Էրիկ Առաքելյանը ծննդական էլ չունի, Լուսինեն նոր է ստացել նույնականացման քարտը, պատրաստվում է նպաստի հարցեր լուծել: Ասաց, որ կարդալու խնդիր ունի, տառերը լավ չգիտի: Հարցին, թե քննիչը կարդացել է մեղադրանքը բարձրաձայն, պատասխանեց.

-Քննիչ Մանասյանը գիտի, որ ես հետամնաց եմ, բայց ասեց՝ ստորագրի թղթերի տակ, չկարդաց իմ համար, թե ինչ եմ ստորագրում: Չեմ էլ հասկանում՝ ինչի են ինձ մեղադրում, նրա՞ համար, որ հացի փող եմ աշխատել էրեխուս պահելու համար: Բայց դատավոր Գաբրիելյանը լավ մարդ ա երևում, չի դատի ինձ: Դատախազը, որ տեսներ մեր պայմանները, երևի հրաժարվեր մեղադրանքից: Բայց եթե էդ լավ դատախազը ինձ տվել ա դատի, թող էրեխուս հարցերն էլ կարգավորի: Իրանք, իրանց էրեխեքը մի օր սոված կմնա՞ն: Իսկ ես հիմա ոչ մի բան չունեմ, որ ճաշ սարքեմ: Գողությո՞ւն ենք արել, թե՞ մարդ ենք սպանել, որ 7-12 տարի են դրել: Էրեխուն հաց առնելու համար մա՞րդ են դատում: 7 ամիս դատում են-դատում, հլը դատում են»:   

Մեկնաբանություններ (4)

zohrab
This is shocking these women need help from begining the state should have a safty net to help women and children in tjis situation now they even face worse conditions jail plus sepwrating children a liftime scar for child and mother plus cost to the state would have been cheaper if the state took care of them in the first place
es
դատարան , հարգելի մեծապատիվ մուրացկաններ, դուք շատ լավ գիտակցում եք Ձեր կոլեգաների՝ շարքային մուրացկանների վիճակը , պարզապես Ձեր գործն եք անում , որ գումար կորզեք, եթե մարդը աշխատի ,նման բան երբեք չի անի , որովհետև նա իր երեխային պակաս չի սիրում ինչքան դուք;
Աննա
Կանանց անհրաժեշտ է ապահովել աշխատանքով ու պարտադրել աշխատել, ու գտնվել իրենց երեխաների կողքին, իսկ երեխաներին տեղավորել մանկապարտեզում ու դպրոցում...
Արուսյակ
Պետական բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող այրեր կոչվածներին պետք է խիստ դատական պատասխանատվության ենթարկել, որ միայն իրենց անասելի սարսափելի որկրամոլությանն են հագուրդ տալիս, որ մարդկանց զրկում են աշխատելու իրավունքից` չեն ապահովում աշխատանքով, չեն օգնում մարդուն պատվով վաստակելու իր հանապազօրյա հացը: Եվ այդ այրերի ապազգային, կարելի է ասել դավաճանական գործելակերպի արդյունքում բարոյալքվում է ազգը, արտագաղթի ճանապարհն է բռնում, դատարկվում է հայրենիքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter