HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Պետության կարիքների եւս 9 զոհ

Դատական ակտերի հարկադիր կատարողներն (ԴԱՀԿ) այցելել են «Աստաֆյան» հյուրանոցային համալիրի ետնամասում գտնվող Սամվել Ղարիբյանի տուն ու խորհուրդ տվել տնեցիներին ինքնակամ լքել այն:

«Սա «Աստաֆյան» համալիրի եւ քաղաքապետարանի հանցավոր դաշինքի արդյունքն է: Իրար հետ համագործակցելով, դատարաններին կաշառելով` էսօր 9 շնչից բաղկացած ընտանիքը շպրտում են դուրս»,- ասում է ընտանիքի մայրը` Մարիետա Հախվերդյանը:

Նախապես նշենք, որ «Աստաֆյան» հյուրանոցային համալիրի տնօրինությունից որեւէ մեկնաբանություն ստանալու մեր փորձերը հանդիպեցին «տեղում չեն, դեռ չեն եկել, չգիտենք` երբ կգան» ու նմանօրինակ պատասխանների:

2-րդ կարգի հաշմանդամ Ս. Ղարիբյանը եւ Մ. Հախվերդյանը 1995թ. գնել են Երեւանի Աբովյան փողոցի 5/1 շենքի թիվ 8 բնակելի տունը` մոտ 30 քմ մակերեսով: Առքուվաճառքի պայմանագիրը կնքվել է Մ. Հախվերդյանի անունով, եւ գույքագրման մարմնից նրան տրվել է սեփականության վկայական:

Բնակելի տունը կից ունեցել է նաեւ անօրինական` չսեփականացված սենյակ: Շուտով Ս. Ղարիբյանը վերակառուցել է տունը, եւ այն դարձել է երկհարկանի` բաղկացած 9 սենյակներից: Գրեթե միաժամանակ սկսել է կառուցվել նաեւ «Աստաֆյան» համալիրը, եւ Ս. Ղարիբյանն առաջարկություն է ստացել փոխանակել տունը:

«Ամիսներով ձգձգեցին, ու էդ հարցը չլուծեցին: Իրենց պատն էլ իմ տան պատին կպած բարձրացրին ու տանս արեւելյան պատուհանն ու դուռը, որ սկզբում մյուս կողմից էր, փակեցին»,- հիշում է Ս. Ղարիբյանը:

Տանտերերը ինքնակամ կառուցված հատվածը սեփականացնելու խնդրանքով 1998թ. դիմել են քաղաքապետարան եւ ստացել բացասական պատասխան, ընդ որում` բանավոր: Նույն խնդրանքով դիմել են նաեւ 2005թ.: Այս անգամ քաղաքապետարանից ստացված գրավոր մերժումը հիմնավորվել է նրանով, որ համաձայն քաղաքապետի որոշման` «շինությունը գտնվում է քաղաքաշինական ծրագրերի իրականացման գոտում»:

«Պատասխանը ստացել ենք 3 ամիս հետո: Իսկ կառավարության որոշման համաձայն` եթե պատասխանը մեկ ամսում չի տրվում, ինքնակամ կառույցը մեխանիկորեն սեփականաշնորհվում է»,- պարզաբանում է Ս. Ղարիբյանը:

Քաղաքապետի որոշումն անվավեր ճանաչելու հայցով Մ. Հախվերդյանը դիմել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան: Նրա խոսքերով` դատավոր Ժորա Վարդանյանի հարցմանն ի պատասխան` քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունից հայտնել են, որ տարածքն օտարման գոտում չի գտնվում: Չնայած սրան` դատարանը հայցը մերժել է:

Արդեն 2005թ. մայիսին Կառավարությունը որոշում է կայացնում «Աբովյան 5/1 շենքին հարակից տարածքը կառուցապատման ծրագրերի իրականացման նպատակով պետության կարիքների համար վերցնելու մասին»: Իսկ 3 ամսից քաղաքապետի որոշմամբ հաստատվում է աճուրդային հանձնաժողովի նիստի արձանագրությունը, ըստ որի` նույն հասցեի 160 քմ տարածքի կառուցապատման իրավունք է ձեռք բերում մրցույթի հաղթող «Աստաֆյան» ՓԲԸ-ն:

«Աճուրդը կայացել է առանց մեր ներկայության, մեզ տեղյակ չեն պահել: Ու էդ 160 քմ տարածքի մեջ մեր տան սեփականաշնորհված մասն էլ են մտցրել: Թե ո՞նց, իրանք գիտեն»,- նշում է Ս. Ղարիբյանը:

Մարիետա Հախվերդյանն էլ պատմում է, որ այդ շրջանում իրենց հետ բանակցելու է եկել «Աստաֆյան» համալիրի գործադիր տնօրեն Աշոտ Նալբանդյանը: Նա առաջարկել է գումար, որով «Կենտրոնում հնարավոր կլիներ գնել հազիվ մեկ սենյականոց բնակարան»:

«Ասեցինք` մենք մեր տունը չենք վաճառում, հետո էլ` գործերը գտնվում են դատարանում: Ասաց` մեկ ա, ուր էլ գնաք, ձեր սեփականաշնորհումը չի ստացվելու: Իսկ որ մենք վերցնենք, 2-րդ օրը ամբողջը կսեփականացնենք,- հիշում է տիկին Մարիետան:- Ասեց` եթե չհամաձայնվեք, տարածքը կգցենք պետական կարիքների տակ: Հետո չասեք, թե տուն ենք քանդում»:

Տանտերերը մի օր էլ իմացել են, որ դատարան է դիմել Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակը (ԾԻԳ)` պահանջելով համապատասխան փոխհատուցմամբ իրենց անշարժ գույքը` տունը, պետական կարիքների համար վերցնել: Հայցվոր ԾԻԳ-ի պահանջով անշարժ գույքը գնահատել է «Արթին էնթրփրայս» ՍՊԸ-ն: Առաջարկվող փոխհատուցման չափը կազմել է մոտ 25 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ընդ որում` փոխհատուցում առաջարկվում է միայն Մ. Հախվերդյանին: Իսկ նրա ամուսնուն` համասեփականատեր Ս. Ղարիբյանին, ոչ: Մ. Հախվերդյանը հրաժարվել է ԾԻԳ-ի հետ պայմանագիր կնքել:

«Եթե նույնիսկ ընդունենք, որ ամեն ինչ օրինական է արվել, ինչու Կենտրոնում 30 քմ տարածքի գինն այսօր 25000 դոլա՞ր է,- հարցնում է Մ. Հախվերդյանն ու հավելում,- մենք գումար չենք ուզում: Գոնե 3 սենյականոց բնակարանով ապահովեն, որ 9 հոգով տեղավորվենք: Հաշվի չեն առնում, որ տանը նորածին, անչափահաս երեխաներ կան: Ինչ ուզում, անում են»:

Պահանջելով արագացված դատաքննություն` ԾԻԳ-ը, ի վերջո, հաղթել է: Վերաքննիչ դատարանը, գործը քննելով տանտերերի բացակայությամբ, բավարարել է հայցը:

«Ես չեմ հասկանում, եթե տարածքն աճուրդով տրվել է «Աստաֆյանին», էլ ԾԻԳ-ը ի՞նչ գործ ունի, որ «պետության կարիք» անվան տակ մեզ դատի է տալիս ու տունը ձեռքներիցս վերցնում: «Պետության կարիքն» էլ «Աստաֆյա՞նն» է»,- հարցնում է Ս. Ղարիբյանը: Մարիետա Հախվերդյանն էլ ավելացնում է. «Որովհետեւ հանցավոր աշխարհի «Դնոն» ու «Տուկոն» (խոսքը «Աստաֆյան» հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ` Դնեպր եւ նրա որդու` Արսեն Ավագյանների մասին է- Ա. Դ.) գողականով «զակոն» են դրել, որ էս տունը պիտի ձրի վերցնեն: Ու իրենց թիկունքն էսօր քաղաքապետ Զախարյանն ա,- ասում է նա ու շարունակում,-բլոկադայի մեջ ենք: Ամբողջ ձմեռ ջուր չենք ունեցել. խողովակները կտրել են: Էստեղ 10 հատ շուն են պահում: Վախենում ենք ներսուդուրս անենք, էրեխեքին բակ թողենք...»:

Տանտերերը տարբեր վարույթներով դատական ատյաններում` Առաջին ատյանի եւ Վերաքննիչ դատարաններում, փորձել են պաշտպանել իրենց իրավունքները: Սակայն հաջողության չեն հասել: Վճռաբեկ դատարանն էլ մի քանի անգամ մերժել է բողոքն ընդունել վարույթ: Մինչդեռ Վերաքննիչ դատարանի կողմից, առանց տանտերերի ներկայության, կայացրած վճիռը եւ արդյունքում առաջացած հետեւանքն արդեն իսկ բավարար հիմք է վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու: Բայց 9 հոգուց կազմված ընտանիքի փողոցում հայտնվելը Վճռաբեկ դատարանը «ծանր հետեւանք» չի համարել:

Ս. Ղարիբյանն ու Մ. Հախվերդյանը դիմել են Հանրապետության եւ ԱԺ նախագահներին, վարչապետին ու Մարդու իրավունքների պաշտպանին: Նրանք դիմել են նաեւ Սահմանադրական դատարան: Այստեղ դիմումը քննության պետք է դրվի մարտի 27-ին: Չնայած սրան` ԴԱՀԿ աշխատակիցներն անվերադարձ չեն հեռացել: Նրանք ասել են, որ գումարն արդեն իսկ փոխանցվել է տանտիրոջ հաշվի համարին ու խոստացել են, որ եթե հաջորդ անգամ էլ ընտանիքը տարածքը չազատի, իրենք դրան կհասնեն «կուլտուրական ձեւով»:

«Թող գան ծեծեն-ջարդեն, հետո էլ հայտարարեն, որ զոհվել ենք: Մենք մեր տնից դուրս չենք գալու»,- ասում են տանտերերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter