HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

«Իրավագետ իրավախախտը». ԵՊՀ-ն ընդդեմ Հանրայինի «Բանաձև» հաղորդաշարի

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է գտնվում Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի  և նույն ամբիոնի դասախոս Արա Գաբուզյանի՝  պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասի հատուցման հրապարակայնորեն ներողություն խնդրելուն և հերքման պարտավորեցնելու մասին հայցն ընդդեմ «Բանաձև» ՍՊԸ-ի և Սիրեկան /Սիրակ/  Եղիազարյանի:

Պետհամալսարանը վիճարկում է «Ականատես» հաղորդման «Իրավախախտ իրավագետը» վերնագրով պատմության մեջ արծարծված տեղեկությունները: 

Հաղորդումը պատմում է Սիրակ Եղիազարյանի մասին, ով դիմել է Մայր բուհի մագիստրատուրա, սակայն նրա գրավոր աշխատանքը անբավարար է գնահատվել առանց բովանդակությունը ստուգելու`միայն ծավալին նայելով: Ըստ հաղրոդման` դասախոսը  փորձել է դիմորդին ոստիկանությանը հանձնել միայն այն պատճառով, որ երիտասարդը համարձակվել է բողոքարկել:

Ըստ ԵՊՀ-ի՝ վերնագրի «իրավախախտ» բառը զրպարտիչ կամ վիրավորական է քաղաքացիական իրավունքի ցանկացած սուբյեկտի համար: Այն առավել ևս վիրավորական և զրպարտիչ բնույթ ունի, երբ վերաբերում է դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր իրավաբանին /իրավագետին. «Ուսանողներին իրավաբանական գիտելիքներ տվող մասնագետին իրավախախտ անվանելով արատավորվում է վերջինիս պատիվն ու գործարար համբավը»: Հայցվոր կողմը հարցնում է, թե ինչպե՞ս կարող է իրավախախտը իրավագիտություն սովորեցնել և իրավունքի նորմերի պահպանության օրինակ ծառայել ուսանողներին:

Հաղորդաշարում Սիրակ Եղիազարյանը պատմում է, որ հանձնել է ընդունելության քննություն Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա ընդունվելու համար: Քննությունը հանձնելուց հետո պարզվել է, որ կտրվել է` ստանալով 5 միավոր, թեև մասնագետներն ասել են, որ իր գրավորը արժանի էր առավելին, քան համալսարան ընդունվելու համար նվազագույն 8 միավորի շեմն է: Սիրակը բողոքարկել է քննության արդյունքը: Ըստ նրա՝ Ա. Գաբուզյանը իրեն կանչել է իր մոտ ու ասել, որ իրականում իրենք գրավորի բովանդակությանը չեն նայում, իրենց համար կարևոր է ծավալը: Հետո իրեն անվանել է դեմագոգ ու հեռախոսն է փնտրել, որ ոստիկանություն կանչի:

Հայցվորները գտնում են, որ վերոնշյալը իրականությանը չհամապատասխանող արտահայտություն է, քանի որ Քրեական իրավունքի ամբիոնի դասախոսները, այդ թվում նաև Արա Գաբուզյանը, նման բան Սիրակին չեն ասել: Իսկ Պատասխանողի պնդումը ինքնին զրպարտություն է Քրեական իրավունքի ամբիոնի վերաբերյալ, քանի որ կասկածի տակ է դնում ամբիոնի դասախոսների կողմից գրավոր աշխատանքների արդար և օբյեկտիվ գնահատումը, ազդակ է ստեղծում այլ դիմորդների համար` կասկածելու ամբիոնի անաչառության վրա:

Հաղորդման մեջ ասվում է, որ ՀՀ ԿԳ նախարարությունը, որն անընդհատ բարձրաձայնում է, որ պայքարում է կոռուպցիայի դեմ, Սիրակի գործին ուշադրություն չի դարձրել, այն դեպքում,  երբ թաքնված կոռուպցիայի կասկած  հայտնել է ոչ թե սովորական մի երիտասարդ, այլ իրավաբանական մի ամբողջ խումբ:

Հայցվորներն այս ամենի վերաբերյալ հայտնում են, որ հաղորդման մեջ հնչած արտահայտություններն ավելի շատ արված են հաղորդաշարի բովանդակության ենթատեքստում կոռուպցիոն խնդիրներին անդրադառնալու և դրանք քննարկելու ուղղվածությունը ապացուցելու համար: Հայցվորներըը, անրադառնալով պատասխանողի այն արտահայտությանը, որ թաքնված կոռուպցիայի կասկած  հայտնել է ոչ թե սովորական մի երիտասարդ, այլ իրավաբանական մի ամբողջ խումբ, միջնորդում են դատաարանին դատական նիստին հրավիրել այդ իրավաբանական խմբին, որը կհիմնավորի, թե ինչ փաստական հանգամանքների հիման վրա են իրենք հանգել այդ եզրակացությանը, այլապես կապացուցվի հայտարարության անհիմն և զրպարտիչ լինելը:

Հաղորդաշարի իրավաբան-փորձագետը հաղորդաշարի ընթացքում նշել է, որ անկախ նրանից` մայրաքաղաքից ես, թե այլ քաղաքից, բոլորն ունեն հավասար իրավունքներ: Ի պատասխան փորձագետի հայտարարությանը՝ հայցվորները նշում են, որ նման հաղորդման ընթացքում, ելնելով լրագրողական մասնագիտական և էթիկայի կանոններից, ցանկացած արտահայտված կասկած պետք է լինի հիմնավոր և պատճառաբանված: Հայցվորները տվյալ դեպքում գտնում են, որ հայտարարությունը զրպարտիչ է, քանի որ անհիմն է և մեղադրում է Քրեական իրավունքի ամբիոնին ՀՀ սահմանադրության խախտման մեջ:

Փորձագետը շարունակում է՝ ասելով, որ համալսարանի իրավագետները այլահալածության մի նոր ալիք են սկսել և նշում է հետևյալ արտահայտությունը. «Եթե մենք ասում ենք բոլորը հավասար են օրենքի առջև, տվյալ դեպքում ԵՊՀ Քրեական իրավունքի ամբիոնը պատասխանում է, որ մենք մեր ուսանողներին այլ կերպ ենք վերաբերվում, քան, կներեք արտահայտությանս համար, դրսից եկած ուսանողներին»:

Այս ամենի վերաբերյալ հայցվորները հայտնել են իրենց դիրքորոշումն առ այն, որ անընդունելի և զրպարտիչ է այն պնդումը, որ համալսարանի իրավագետները այլահալածության մի նոր ալիք են սկսել, քանի որ սույն արտահայտությունը մեղադրում է ԵՊՀ իրավաբաններին այլահալածության մեջ: Հայցվորները նշում են, որ փորձագետը, ըստ էության, խեղաթյուրված մեկնաբանելով համալսարանի իրավաբանների խոսքը, փորձում է ներկայացնել հաղորդման ընթացքում իր արտահայտած միտքը ԵՊՀ-ին և Իրավագիտության ֆակուլտետին վարկաբեկող լույսի ներքո:

Ինչպես նաև հայցվորները մեջբերում են ՀՀ ԿԳ նախարարին ուղղված ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնագետների կարծիքից մի հատված, որը վերաբերում է հենց քննարկվող արտահայտությանը, և որը կատարվել է Սիրեկան Եղիազարյանի բողոքի հիման վրա նրա գրավոր աշխատանքի կրկնակի ստուգման արդյունքոմ. «...Առանձին հարցերի համար դրված գնահատականները մեղմ մոտեցման արդյունք են. մեր ուսանողների նկատմամբ պահանջներն ավելի խիստ են, ընթացիկ քննությունների ժամանակ նրանց նմանօրինակ պատասխանները ավելի ցածր են գնահատվում»: Ըստ հայվոր կողմի` ավելի քան ակնհայտ է, որ հաղորդման փորձագետը, խեղաթյուրելով արտահայտված միտքը, կատարել է սխալ եզրակացություններ, անհիմն հայտարարություններ արել և զրպարտել ԵՊՀ-ին ի դեմս իրավագիտության ֆակուլտետի:

Ըստ հայցվորների՝ ողջ հաղորդումը, ըստ էության, ուղղված է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի զրպարտմանը, և դա ապացուցվում է հաղորդման վերջում հաղորդավարի հետևյալ արտահայտությամբ. «Պատմությունը մեկ դասախոսի կամ մեկ ամբիոնի սխալն է, սա դեռ չի նշանակում, որ ապականված է ամբողջ կրթականհամակարգը, բայց որպեսզի մեկ մեղավորը պատժվի ու նրա վատ օրինակը մոլախոտի պես չտարածվի…»:

Հայցվորները գտնում են, որ տպավորություն է ստեղծվում, որ հաղորդման ընթացքում խոսվում է ՀՀ-ում կոռուպցիայի օջախի մասին, որը շտապ պետք է մարել, և դրա առաջամարտիկն է դարձել «Ականատես» հաղորդաշարը: Հայցվորները ավելացնում են, որ հաղորդումը, դիտավորյալ նսեմացնելով հայցվորներին, փորձում է լսարան շահել և հիմնավորել դոնոր կազմակերպության կողմից կոռուպցիան քննադատելու համար ստացած գումարները:

Հայցվորները նաև կարծում են, որ հաղորդումը, ի դեմս հաղորդավարի հետևյալ արտհայտության, թե «գուցե այս պահին, հերթական խաբեբային…», վիրավորում է նաև հայցվորներին`նրանց խաբեբա անվանելով:

Ելնելով վերոգրյալից՝ հայցվորները կարծում են, որ «Բանաձև» ՍՊԸ կողմից պատրաստվող և հեռարձակվող «Ականատես» հաղորդման ընթացքում վիրավորանքի և զրպարտության միջոցով արատավորվել են ԵՊՀ-ի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի, և Քրեական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր Արա Գաբուզյանի պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը: Հայցվորները դատարանից պահանջում են`

ա /պարտավորեցնել Սիրեկան Եղիազարյանին և «Բանաձև» ՍՊԸ-ին, «Բանաձև» ՍՊԸ-ի կողմից հեռարձակվող «Ականատես» հաղորդաշարին դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` հաջորդող հաղորդման ընթացքում հրապարակային, բանավոր ներողություն խնդրել ԵՊՀ-ից և քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից`տեղադրելով այդ տեսանյութը նաև հաղորդաշարի ինտերնետային կայքում և YouTube-ում,

բ /պարտավորեցնել «Բանաձև»ի ինտերնետային կայքի գլխավոր էջում` երևացող վայրում, ինչպես նաև http://akanates.banadzev.com ինտերնետային կայքի գլխավոր էջում և 28.05.2011թ.-ին տեղադրված էջերում, երևացող վայրում հրապարակել դատարանի վճիռը` նշումով «Ք.Երևան, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով պարտավորեցվել է «Բանաձև» ՍՊԸ-ին և Սիրեկան Եղիազարյանին ներողություն խնդրել Երևանի պետական համալսարանից և ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի վարիչ Արա Գաբուզյանից «Իրավախախտ իրավագետը» հաղորդման ընթացքում հասցված վիրավորանքի և զրպարտության համար: Ներկայացվում է դատարանի վճռի ամբողջական տեքստը»:

Այս գործով նախնական դատական նիստի օր է նշանակվել նոյեմբերի 16-ը:

Լուսանկարում` Սիրակ Եղիազարյանը (ձախից) և Արա Գաբուզյանը (աջից)

Մեկնաբանություններ (2)

Սովորական պատմություն
Հայաստանի բուհերից մեկի բակալավրիատը գերազանցությամբ ավարտած մի Ուսանողի իր բարի ու սրտացավ դասախոսը խորհուրդ է տալիս չդիմել մագիստրատուրա, որովհետև տեղերը սահմանափակ են, իսկ ապագա ուսանողներն էլ՝ վաղուց հայտնի, կամ էլ 5 000 ԱՄՆ դոլար վճարել և նոր տեղ իջեցնել հատուկ իր համար: Արդյունքում Ուսանողը 25 000 դրամ վարձի դիմաց քննություն է հանձնում իր անգրագետ կուրսեցու փոխարեն, որի համար էր պահված այդ տեղը, և վերջինս ընդունվում է մագիստրատուրա: Իսկ Ուսանողի մտքով անգամ չի անցնում որևէ կերպ բողոքել տիրող անօրինության դեմ... Ինչ օգուտ...
W. Wallace
Կարծում եմ, որ համընդհանուր կարծիք կհայտնեմ, եթե ասեմ, որ Գաբուզյան Արայիկը իրավաբանական ֆակուլտետի ամենահամեստ եւ ամենահարգված դասախոսն է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter