HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանկական սնունդ. հայերեն մակնշումները լռում են գլխավորի մասին

Սոնա Ավագյան
Վահե Սարուխանյան

«Վստահություն» առողջապահական ՀԿ-ի նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանի համոզմամբ` Հայաստանում չի վաճառվում որեւէ կաթնախառնուրդ, որի տուփի վրա գրված լինի, թե ինչու է վտանգավոր արհեստական սնուցումը:

Համաձայն Կրծքի կաթի փոխարինողների վաճառահանման միջազգային օրենսգրքի` մանկական արհեստական սննդի պիտակները պետք է բացատրեն կրծքով սնուցման առավելությունները եւ արհեստական սնուցման ծախսերն ու վտանգները: Այս օրենսգիրքը 1981 թ. ընդունել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) եւ ՅՈւՆԻՍԵՖ-ը: Թեեւ փաստաթուղթը խորհրդատվական եւ ոչ պարտավորեցնող բնույթ ունի, բայց կառավարությունները եւ կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները ստորագրել են այն: Օրենսգիրքը պարտադրում է, որ մայրերը ճշգրիտ տեղեկատվություն ստանան կրծքով սնուցման առավելությունների եւ արհեստական սնուցումից բխող հնարավոր հիվանդությունների մասին:

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով` «Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների մակնշումը հայերենով պետք է ներառի» մի շարք տեղեկություններ, այդ թվում` «սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի եւ սննդային հավելումների օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց սննդամթերքը չի կարող պատշաճորեն օգտագործվել, առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն` դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան)»:

Այնինչ այսօր հայաստանյան շուկայում վաճառվող կաթնախառնուրդների հայերեն մակնշումներից բացակայում են երեխայի առողջության համար օգտակար տեղեկություններ: Օրինակ` երեխայի կյանքի առաջին օրերից արհեստական սնուցման համար նախատեսված, 300 գրամանոց «Հիպպ» չոր կաթնային խառնուրդ ապրանքատեսակի հայերեն մակնշման մեջ որեւէ բան նշված չէ կրծքի կաթի առավելությունների մասին: Այս ապրանքատեսակի վրա միայն օտար լեզվով` ռուսերենով է գրված, որ երեխայի համար լավագույնը մայրական կաթն է:

«Nestle»-ի «ՆԱՆ 1 400 գ» Сухая молочная смесь с рождения ապրանքատեսակի հայերեն մակնշման մեջ եւս գրված չէ, որ երեխայի համար լավագույն սնունդը մոր կաթն է: Այս մասին «ՆԱՆ»-ի տուփին եւս գրված է ռուսերենով: «Nutricia» ընկերության «Nutrilon» ապրանքատեսակների հայերեն մակնշումներից եւս բացակայում է մայրական կաթի առավելությունների եւ արհեստական սնուցումից բխող հնարավոր հիվանդությունների մասին տեղեկատվությունը:

Փոխարենը մեզ հանդիպած «Նուտրիլոն 1» մանկական չոր կաթնային խառնուրդ (0-6 ամսական առողջ երեխաների սնունդի համար), «Նուտրիլոն 2» մանկական կաթնային խառնուրդ (6-12 ամսական առողջ երեխաների սնունդի համար) եւ «Նուտրիլոն 3» լիարժեք կաթնային խառնուրդ առողջ երեխաների համար (սկսած 12 ամսականից) ապրանքատեսակների հայերեն մակնշումները պարունակում են տեղեկություններ, որոնք իդեալականացնում են արհեստական սնուցումը: Մինչդեռ սա արգելված է Կրծքի կաթի փոխարինողների վաճառահանման միջազգային օրենսգրքով:

Այսպես, «Նուտրիլոն 1»-ի եւ «Նուտրիլոն 2»-ի հայերեն մակնշման մեջ կարդում ենք. «Խառնուրդը պարունակում է Ձեր երեխայի իմունահամակարգը ամրացնող սննդային թելիկներ: Դրա բաղադրության մեջ մտնում է նաեւ հակաօքսիդանտ համալիր, որն ավելի արդյունավետ է դարձնում երեխայի օրգանիզմի պաշտպանությունը»: Այս ապրանքատեսակների, ինչպես նաեւ «Նուտրիլոն 3»-ի մակնշման մեջ նաեւ գրված է. «Խառնուրդի բաղադրությունը լիովին բավարարում է երեխայի կյանքի» տվյալ ժամանակահատվածի «հիմնական սննդարար նյութերի եւ կյանքին անհրաժեշտ վիտամինների ու միկրոէլեմենտների պահանջը»:

Սուսաննա Հարությունյանն ասում է, որ իրականում ոչ թե մանկական արհեստական սնունդը, այլ մայրական կաթն է, որ պարունակում է երեխայի առողջության համար անհրաժեշտ բոլոր սնուցող բաղադրամասերը, որոնք երեխային պաշտպանում են տարբեր հիվանդություններից:

«Հետքն» արդեն գրել է, որ կրծքի կաթով կերակրվող երեխաներն ավելի քիչ են հիվանդանում շնչառական եւ մի շարք այլ հիվանդություններով (օրինակ` փորլուծությամբ, լեյկեմիայով), ավելի լավ են արձագանքում պատվաստումներին, մտավոր ավելի զարգացած են, ավելի հազվադեպ են ատամի կարիես ունենում, ավելի լավ տեսողություն ունեն: Մայրական կաթով սնվող երեխաներն ավելի քիչ են մահանում հիվանդություններից, հետագայում ավելի քիչ են հիվանդանում բոլոր օրգանների քաղցկեղներով, սրտանոթային հիվանդություններով, շաքարային դիաբետով:

Կրծքով կերակրելը օգտակար է նաեւ կնոջ առողջության համար: Այդպիսի կանայք ավելի քիչ են հիվանդանում սակավարյունությամբ, կրծքագեղձերի քաղցկեղով, օստեոպորոզով (ոսկրերի դյուրաբեկություն): Կրծքով կերակրելու ընթացքում նվազում է որոշ հիվանդությունների, օրինակ` շաքարային դիաբետի արտահայտվածությունը:

Մեզ հանդիպեցին նաեւ ապրանքատեսակներ, որոնք հայերեն մակնշում ընդհանրապես չունեին, ինչպես, օրինակ` «Nestle Гречневая каша молочная» ապրանքատեսակը, «HIPP Infant Milk Plus Probiotic» ապրանքատեսակը:

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի մեկ այլ խախտում է այն, որ կաթնախառնուրդների հայերեն մակնշումները չափազանց փոքր տառաչափով են եւ դժվարությամբ են ընթերցվում: Մինչդեռ օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ կետը սահմանում է. «Սննդամթերքի եւ սննդային հավելումների փաթեթավորման, սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդրակի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի, ամբողջական ու հավաստի»:

«Hipp»-ը ներկրում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, իսկ «Nestle»-ն` «Նյու Ֆորս» ՍՊԸ-ն

Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ)` «Հետքին» տրամադրած տեղեկությունների` Հայաստանում կաթնախառնուրդների իրացման ծավալում, 2010-ի առաջին եռամսյակի տվյալներով, գերիշխող դիրք ունեցող ընկերություններ կան (տես Աղյուսակ 1):

ՏՄՊՊՀ-ն միաժամանակ հայտնում է, որ մանկական սննդի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու դեպքեր չեն արձանագրվել, եւ հանձնաժողովը վարույթ չի հարուցել:

Համաձայն Պետեկամուտների կոմիտեի տվյալների` 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն ներկրել է «Hipp» արտադրատեսակը, «Սլավեքս» ՍՊԸ-ն` «Վիննի», «Նուտրիլակ» ապրանքատեսակները, «Նյու Ֆորս» ՍՊԸ-ն` «Nestle», «Nestle Junior», «Nestogen», «ՆԱՆ» ապրանքատեսակները: 2010 թվականի ընթացքում «Բեյբի-Սիմ» ՍՊԸ-ն ներկրել է «Սիմիլակ» ապրանքատեսակը, «Վիվաֆարմ» ՍՊԸ-ն` «Ագուշա» ապրանքատեսակը, «Բրենդ Լիդեր» ՀՁ ՍՊԸ-ն` «Heinz» ապրանքատեսակը, «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ն` «Nutrilon» ապրանքատեսակը:

Համաձայն տեղեկատվություն ներկայացրած 14 տնտեսվարող սուբյեկտի տվյալների` 2010 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մանկական սնունդ է ներկրել թվով 6 տնտեսվարող սուբյեկտ` 111 547,63 կգ` 257 954,2 հազար դրամ ընդհանուր արժեքով (տես Աղյուսակ 2):

2010 թվականի առաջին եռամսյակում մանկական սնունդ ներկրվել է 4 երկրից: Առավել մեծ քանակութանբ մանկական սնունդ ներկրվել է Ավստրիայից` 44,4% եւ Շվեյցարիայից` 41,1%, իսկ Ռուսաստանից եւ Նիդեռլանդներից` համապատասխանաբար 8,3% եւ 6%:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter