HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Երեխաների լավագույն սնուցումը կամրագրվի օրենքով

Շրջանառության մեջ է դրվել «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը մշակել են Ազգային ժողովի առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը և առողջապահության նախարարությունը:

Օրինագծի հիմնական նպատակն է խրախուսել առնվազն մինչև 6 ամսական երեխաների բացառապես կրծքով սնուցումը, քանի որ դա միակ և այլընտրանք չունեցող սնուցումն է երեխայի առողջության և աճի համար:

«Եթե մենք մեր առջև դնենք մի հարց, թե որտեղ է բնակչության առողջության հիմքը, ապա հիմքը նորածնի կրծքով սնուցումն է: Կրծքով սնված երեխան միանգամից ստանում է այն բոլոր բաղադրամասերը, որոնք թույլ են տալիս նրան դիմակայել իրեն նոր հանդիպած շրջակա միջավայրի խնդիրներին»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը վաղ հասակի երեխաների սնուցման 3 կանոն ունեն. բացառապես կրծքի կաթով կերակրել երեխային մինչև 6 ամիս, շարունակել կրծքով սնուցումը մինչև 2 տարի (եթե երեխան ուզում է), և հավելյալ սնունդ (ճաշեր, շիլաներ և այլն) տալ երեխային` 6 ամսականից սկսած:

Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Սուրեն Քրմոյանը հույս հայտնեց, որ օրինագիծը մոտ ժամանակներս կընդունվի և լուրջ ազդեցություն կունենա երեխայի և մոր առողջության ցուցանիշների բարելավման առումով:

«Սա մայր օրենք է, որը առաջին անգամ է մշակված Հայաստանում և նոր պետք է ընդունվի Ազգային ժողովի կողմից: Նախորդ շաբաթ մենք Ազգային ժողովում ունեցանք լսումներ»,- ասաց Արա Բաբլոյանը:

Մի շարք պարտականություններ օրենքով սահմանվելու են առաջին անգամ

Օրենքը կանոնակարգելու է ոլորտում պետական կառավարման սկզբունքները, բուժաշխատողերի իրավունքները և պարտականությունները: Մասնավորապես, բուժհաստատություններում արգելվելու է գովազդել կամ այլ կերպ խրախուսել որևէ արտադրողի արհեստական սնունդը: Օրինագիծը մշակողները լուրջ վտանգ են տեսնում այդ խրախուսման մեջ:

Ըստ օրենքի` արտադրողը կամ ներմուծողը պետք է մասնագիտական և ոչ գովազդային տեղեկատվություն տրամադրի բուժաշխատողներին` իր արտադրանքի մասին: Բուժաշխատողն էլ, իր հերթին, պարտավոր է տեղեկատվություն տալ մորը, նրա ընտանիքի անդամներին կրծքով սնուցման առավելությունների և, եթե 6 ամսականից կամ 1 տարեկանից հետո լրացուցիչ սննդի կարիք կառաջանա, արհեստական կաթնախառնուրդների մասին, ինչպես նաև երեխային կերակրելու համապատասխան հմտություններ սովորեցնի երիտասարդ մորը:

Արա Բաբլոյանը նշեց, որ օրինագիծը ոչ թե ուղղակի արգելում է տեղեկատվություն տալ կրծքի կաթի փոխարինիչների վերաբերյալ, այլ կանոնակարգում է, թե ում և ինչպես կարելի է տալ այդ տեղեկատվությունը: Երբ այդ տեղեկատվությունը տրվում է բուժաշխատողին, նա ավելի ճիշտ է կարողանում կազմակերպել երեխայի սնուցումը:

«Իհարկե, մենք չէինք կարող անտարբեր մնալ այն խնդրին, որ այս կամ այն հնարավորությունները օգտագործելով` խրախուսեն ոչ թե կրծքով սնուցումը, այլ փոխարինող նյութեր և սննդամթերք: Դա, իհարկե, անթույլատրելի է»,- ասաց Արա Բաբլոյանը:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքն արդեն իսկ արգելում է գովազդել մինչև 6 ամսական երեխաների համար նախատեսված արհեստական սնունդը, կերակրման շշերը, ծծակները:

«Մենք մի քայլ առաջ ենք գնացել: Ոչ միայն բժշկական հաստատություններում, ընդհանրապես օրենքի գաղափարախոսությունն է, որ արգելվում է մանկական սննդի և հարակից ապրանքների գովազդը: Գովազդի, խրախուսման, կամ ոչ ճիշտ տեղեկատվություն վտանգն այն է, որ դա անմիջապես կարող է ազդել երեխայի, մոր առողջության վրա»,- ասաց Սուրեն Քրմոյանը:

Առաջին անգամ օրենքով կանոնակարգվել է գործատուների պարտականությունը` ստեղծել համապատասխան վայրեր, որտեղ աշխատող կինը կկարողանա կրծքով կերակրել իր երեխային: Արա Բաբլոյանի խոսքերով` օրենքով մայրը և կարող է երեխային կերակրել աշխատավայրում, և կարող է գնալ տուն, կերակրել երեխային ու վերադառնալ աշխատանքի, եթե ուզում է:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպե՞ս պետք է աշխատավայրերում նման պայմաններ ստեղծվեն կերակրող մայրերի համար, եթե շատ աշխատավայրերում անգամ սնվելու նորմալ պայմաններ չկան: Արա Բաբլոյանի խոսքերով` եթե հնարավոր չէ աշխատավայրում նման պայմաններ ստեղծել, ապա գործատուն պետք է կնոջը ժամանակ տա տուն գնալու, երեխային կերակրելու և վերադառնալու համար:

«Մեր օրենսդրական դաշտը շատ բարենպաստ է, և մենք, այսպես կոչված, ֆիզարձակուրդի բավականին երկար հնարավորություն ենք տալիս, որ մայրերը կարողանան մնալ և իրենց երեխայի խնամքը և սնուցումը իրականացնել: Նա իրավունք ունի մինչև 3 տարի պահպանել իր աշխատատեղը. իր ստաժը շարունակվում է: Բայց եթե մայրը ուզում է ավելի շուտ վերադառնալ աշխատանքի, այս օրենքը պաշտպանում է իր մայրական իրավունքը և երեխայի` կրծով սնվելու իրավունքը»,- ասաց Արա Բաբլոյանը:

Կանանց միայն 5 % է, որ չի կարող կերակրել կրծքի կաթով

Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանի խոսքերով` 95 % դեպքերում ոչինչ չի խանգարում, որ մայրը իր երեխային կերակրի կրծքի կաթով. բնությունը բոլոր մեխանիզմները ստեղծել է:

«Այսօր Հայաստանում երեխաների մոտ 80 %-ը կուրծք է ուտում: Մենք 95 %-ին չենք հասել: Դրանք ավելի շատ հոգեբանական, անվստահության, կաթնախառնուրդները վաղ տալու խնդիրներ են: Գիտելիքների, հմտությունների պակաս է»,- ասաց Կարինե Սարիբեկյանը և հավելեց, որ Երևանում կա մի քանի պոլիկլինիկա, որտեղ, տրված խորհրդատվության շնորհիվ, մայրերի 90-95 %-ը երեխային կերակրում է կրծքի կաթով:

Խնդիրներ կարող են լինել կանանց առավելագույնը 5 %-ի դեպքում, երբ հակացուցված է կրծքով կերակրումը: Իրենց երեխաներին կրծքի կաթով չեն կարող կերակրել միայն ժառանգական, բնածին հազվագյուտ հիվանդություններ, քաղցկեղային հիվանդություններ ունեցող կամ ՄԻԱՎ վարակակիր մայրերը: Կան նաև դեպքեր, երբ երեխան մոր հետ չէ, օրինակ` մանկատան երեխա է:

«Պետությունը հստակ այս երեխաներին ապահովում է հատուկ իրենց համար նախատեսված կաթնախառնուրդներով: Մենք կենտրոնացված գնում ենք և բաշխում»,- ասաց Կարինե Սարիբեկյանը` հավաստիացնելով, որ այդ երեխաների համար Հայաստան է բերվում ոչ թե ամենաէժան, այլ թանկ, հատուկ և ստանդարտ կաթնախառնուրդ: Նա հավելեց, որ այդպիսի երեխաների համար բուժհաստատությունը պետք է կաթնախառնուրդ գնի իր միջոցներով և ոչ թե այդ կաթնախառնուրդը ձեռք բերի` որպես հումանիտար օգնություն:

Բացի վերոնշյալից` կրծքի կաթով կերակրելու այլ բացարձակ հակացուցումներ չկան: Իսկ հարաբերական հակացուցումները ժամանակավոր են: Այդ դեպքում բուժաշխատողը պետք է օգնի կնոջը պահպանել կաթնարտադրությունը և երեխային կրծքի կաթով կերակրել հետո:

«Երեխաների կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրինագիծը կանոնակարգում է նաև այն դեպքերը, երբ կինը չի կարող իր երեխային կերակրել կրծքով:

Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք պատասխանատվություն նախատեսվա՞ծ է այն մայրերի նկատմամբ, ովքեր կարող են իրենց երեխաներին կերակրել կրծքի կաթով, բայց հրաժարվում են: Սուրեն Քրմոյանն ասաց, որ մի կողմից կա երեխայի, բայց մյուս կողմից` մոր իրավունքը, և մոր նկատմամբ պատասխանատվություն չեն կարող կիրառել: Սակայն եթե մայրը երեխայի խնամքի մի քանի այլ խախտում էլ անի, ապա արդեն հաշվի կառնվի նաև այն, որ նա հրաժարվել է երեխային կրծքով կերակրելուց: Իսկ այս փուլում կարևորը մորը կրծքի կաթի առավելությունների մասին ճիշտ տեղեկատվություն տալն է:

Արա Բաբլոյանն էլ հավելեց, որ Հայաստանում արդեն դատական 2 դեպք է եղել, երբ մի դեպքում «Արաբկիր» բժշկական համալիրը, մյուս դեպքում` ընտանեկան մանկաբույժն ու մարզպետարանի երեխայի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը դատի են տվել ծնողներին, քանի որ վերջինները հրաժարվել են անհրաժեշտ դեղը տալ իրենց երեխաներին: «Վերջիվերջո, երեխայի իրավունքը կվերցնի իր տեղը: Մինչև հիմա ծնողն էր միանձնա որոշում, թե ինքը կուզենա` այդ երեխան բուժվի, թե՞ ոչ»,- ասաց Արա Բաբլոյանը:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքն էլ ունի նորմ, ըստ որի` եթե ծնողը որոշում է չտալ, ասենք, վիրահատության համաձայնություն, բայց բուժանձնակազմը գիտի, որ երեխայի կյանքին վտանգ է սպառնում, ապա բուժանձնակազմը կարող է հրավիրել կոնսիլիում և վիրահատել երեխային` առաց ծնողի համաձայնության, և նույնիսկ դատի տալ ծնողին:

Կրծքի կաթը պարունակում է 100 անփոխարինելի բաղադրիչ

Կարինե Սարիբեկյանի խոսքերով` մայրական կաթը պարունակում է առնվազն 100 բաղադրիչ, որոնք հնարավոր չէ սինթեզել, վերականգնել ոչ մի արհեստական կաթնախառնուրդի մեջ: Այդ բաղադրիչների մի մասն ուղղակիորեն նպաստում է երեխայի աճին, զարգացմանը:

Կրծքի կաթով սնվող երեխաները մոտ 7 անգամ քիչ են հիվանդանում թոքաբորբով, մոտ 20 անգամ քիչ` փորլուծային հիվանդություններով: Կրծքի կաթը երեխային պաշտպանում է վարակներից, հանգստացնում է երեխայի նյարդային համակարգը: Մայրական կաթով սնվող երեխաներն ավելի քիչ են ենթարկվում հոգեբանական տրավմաների, ստրեսների:

Կարինե Սարիբեկյանի խոսքերով` պատահական չէ, որ հայերը դրական մարդկանց ասում են «հալալ կաթնակեր», որը չի թարգմանվում այլ լեզուներով: «Երեխաների առողջության հարցում ցանկացած ներդրում վերադառնում է հասարակությանը»,- ասաց Կարինե Սարիբեկյանը:

Կրծքով կերակրելը օգտակար է նաև մոր համար: Այդ մայրերի մոտ քաղցկեղի հավանականությունը մի քանի անգամ ավելի ցածր է: Կրծքով կերակրումը նվազեցնում է նաև շաքարային դիաբետի, աթերոսկլերոզի, օստեոպորոզի ռիսկը: Կրծքի կաթով կերակրող կանայք հոգեպես ավելի հավասարակշռված են:

Անդրադառնալով լրագրողներից մեկը այն հարցին, թե պետք չէ՞ արդյոք ընդհանրապես պայքարել կաթնախառնուրդների դեմ` Կարինե Սարիբեկյանն ասաց, որ կաթնախառնուրդները վնասակար չեն, եթե համապատասխանում են ստանդարտներին ու որակի չափանիշներին: Ամբողջ խնդիրն այն է, որ դրանք պակաս օգտակար են, քան մայրական կաթը: 6 ամիս բացառապես կրծքով սնվելուց հետո երեխան ոչ թե պետք է կաթանախառնուրդով սնվի, այլ իր համար պատրաստված ճաշերով, շիլաներով, մրգերով, բանջարեղենով:

Սուրեն Քրմոյանն էլ իր հերթին նշեց, որ կաթնախառնուրդներն արգելել չի կարելի, քանի որ դրանք նորմալ արտադրանք են և շատ դեպքերում` անփոխարինելի: Մանկական սնունդը երկիր ներմուծվելիս անցնում է համապատասխանության հավաստում, ինչից հետո է միայն վաճառվում: Սակայն անհամեմատ ավելի լավ է մայրական կաթով սնուցումը:

Կրծքի կաթով սնվող երեխաների մահացության ռիսկը 10 անգամ ավելի ցածր է

Կարինե Սարիբեկյանի խոսքերով` Հայաստանում կրծքով կերակրման խրախուսման ազգային (և ոչ թե օրենսդրական) ծրագիրը սկսել է գործել դեռևս 90-ականների կեսերից: Այդ ճգնաժամային տարիներին կրծքով սնուցման ցուցանիշները շատ վատացել էին: Մինչև 1 տարեկան 100 երեխայից միայն 20-ն էր, որ գոնե 4 ամիս կրծքի կաթով էր սնվում:

Այդ ժամանակ նորածիններին մայրերին էին հանձնում ծնվելուց 24 ժամ հետո միայն, ծննդատանը մայրերն ու երեխաները հանդիպում էին գրաֆիկով, ինչը ևս խանգարում էր մայրական կաթով սնուցմանը: 1994 թ. առողջապահության նախարարությունը ողջ Հայաստանում սկսեց կիրառել մոր և մանկան համատեղ կեցության դրվածքը: Ծննդատներից հեռացվեցին շշերն ու ծծակները:

1994 թ.-ից հետո Հայաստանում կրծքով սնուցման ցուցանիշն աճեց, և 2000 թ. 1 տարին լրացած երեխաների 72 %-ը կրծքի կաթով էր սնվում մինչև 4 ամիս: Սրա շնորհիվ Հայաստանը ԱՊՀ երկրներից միակն էր, որը ճգնաժամային տարիներին արձանագրեց մանկական մահացության ոչ թե աճ, այլ, բարեբախտաբար, նվազում:

Կրծքի կաթով սնվող երեխաների մահացության ռիսկը 10 անգամ ավելի ցածր է, քան արհեստական սնվող երեխաներինը: «Եթե անգամ հանրությունը ոչ մի ծրագիր չանի, բայց ապահովի երեխայի ճիշտ կրծքով կերակրումը ծնվելու պահից, ամենաքիչը 10 %-ով մանկական մահացությունը կարելի է իջեցնել»,- ասաց Կարինե Սարիբեկյանը:

Ըստ Հայաստանում 2005 թ. անցկացված հետազոտության` 0-1 տարեկան առողջ երեխաների խմբում կրծքի կաթով կերակրման հաճախականությունը 4 անգամ ավելի շատ է, քան նույն տարիքի մահացած երեխաների խմբում: Մահացած երեխաների խմբում բացառապես կրծքով կերակրման տևողությունը մոտ 5 անգամ ավելի կարճ (ընդամենը 1 ամիս) է, քան առողջ երեխաների խմբում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter