
Աստղիկի գրած երաժշտությունը չի հնչում հայկական էստրադայում, քանի որ պարզունակ չէ
Կիթառահարուհի Աստղիկ Վարդանյանի գրած բոլոր մեղեդիների մեջ լավատեսություն կա: Նա էստրադային-գործիքային ժանրում մոտ 20 ստեղծագործություն է գրել՝ ջութակի, դաշնամուրի, ֆլեյտայի եւ այլ գործիքների համար: Աստղիկը կյանքում էլ է լավատես ու կարողանում է լուսավոր մեղեդիներ գրել, նույնիսկ երբ տխուր է:
Երաժշտությամբ նա զբաղվում է 9 տարեկանից՝ արդեն 20 տարի: Նա ավարտել է Կոնսերվատորիայի դասական կիթառի բաժինը: Նաեւ դաշնամուր է նվագում, բայց իր խոսքերով՝ ոչ պրոֆեսիոնալ: Իսկ մեղեդիներ գրում է միայն այն ժամանակ, երբ դրա պահանջը զգում է, ասելու բան ունի ու չի կարող չգրել:
«Մռայլ գործեր հիմնականում չեմ գրում: Ընդհանրապես իմ բոլոր գործերը կարծես տխուր են, բայց լուսավոր տխրություն է, միշտ էլ ինչ-որ լավատեսություն կա դրանց մեջ: Դե, որ հույսը վերջում է մեռնում, բոլորը գիտեն: Ինձ թվում է՝ եթե շատ վատատես մարդ չես, քո մեջ միշտ էլ այդ լավատեսությունը կա: Տխրությունը ընդամենը տրամադրություն է այդ պահին»,- ասում է Աստղիկը:
Դասական կոմպոզիտորներից Աստղիկը Վիվալդիին է սիրում, քանի որ նրա ստեղծագործությունները, լինելով դասական, չունեն դասականի ծանրություն, այլ թեթեւ ու լավատեսական ինչ-որ բան են պարունակում:
«Ինչքան գիտեմ, գիտնականները վերջերս հատուկ հետազոտել են, թե որ երաժշտությունն է երեխաների վրա լավ ազդում, ու պարզել, որ Վիվալդիի «Տարվա եղանակները» եւ Մոցարտի երաժշտությունը շատ լավ են ազդում»,- ասում է կիթառահարուհին:
Այլ երաժիշտներ եւս կատարել են նրա գործերը համերգների կամ փառատոների ժամանակ: Աստղիկի՝ կիթառի համար գրած միակ գործը «Երազն» է, որը նա ջութակահարուհու՝ Լուսինեի հետ կատարեց դեկտեմբերի 13-ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցած «Ֆորտե» գիտամշակութային հաշմանդամների ՀԿ-ի առաջին համերգին: Աստղիկը այդ ՀԿ-ի անդամ է:
2,5 տարի է՝ նա կիթառ է դասավանդում տեսողության խանգարումներ ունեցող երեխաների Նիկողայոս Տիգրանյանի անվան հատուկ դպրոցում: Աստղիկը 12 աշակերտ ունի՝ 8-18 տարեկան: Երեկոյան՝ դասերից հետո, գիշերօթիկ դպրոցի երեխաները հաճույքով են գնում կիթառի դասերին. եթե անգամ լավ չեն նվագում, կիթառը ձեռքում պահելը մեծ ուրախություն է պատճառում նրանց:
Աստղիկը երգել է Կույրերի միավորման երգչախմբում, հիմա երգում է սայլակ օգտագործող հաշմանդամների «Փարոս» կամերային երգչախմբում, որը հայկական ու համաշխարհային դասական ստեղծագործություններ է կատարում: Աստղիկը վոկալի կրթություն չունի, իրեն երգչուհի չի համարում եւ մենակ չի երգի, բայց երգչախմբում երգելու համար նրա տվյալները լավն են:
Պլասիդո Դոմինգոյի՝ Երեւանում կայացած համերգի վերջում Աստղիկն ու «Փարոսի» մյուս երգիչներն աշխարհահռչակ տենորի հետ երգել են 2 երգ՝ «Էրեբունի-Երեւան» եւ մեկ երգ՝ իտալերենով:
Համերգի նախորդ օրը «Փարոսի» երգիչները Ազգային ժողովում հանդիպել էին Պլասիդո Դոմինգոյին, բայց որեւէ մեկը չէր մտածել, որ ներկա կլինի համերգին, քանի որ տոմսերը չափազանց թանկ էին: Նրանք առավել եւս չէին մտածել տենորի հետ երգելու մասին: Պլասիդո Դոմինգոն անակնկալ էր մատուցել. երգչախմբին առաջարկել էր ոչ միայն ներկա լինել համերգին, այլեւ երգել իր հետ:
«Համերգի ժամանակ էնպիսի տպավորություն էր, կարծես երազի մեջ լինեինք, որովհետեւ շատ լավ էր երգում, անթերի: Բացի դրանից՝ որպես մարդ՝ գոռոզություն չկա իր մեջ, որն ինձ համար ավելի կարեւոր է. ինքը, լինելով արդեն համաշխարհային աստղ, մեզ հրավիրեց իր հետ երգելու: Մեր երգչախումբը վատ երգչախումբ չէ, բայց ամեն դեպքում դեռ չի ստացել պետական ստատուս, շատ ավելի պրոֆեսիոնալ երգչախմբեր էլ կան Հայաստանում»,- նշում է Աստղիկը:
Նրա երազանքն այն է, որ իր ստեղծագործությունները գործիքավորվեն, ձայնագրվեն եւ, ի վերջո, հեռուստատեսության, ռադիոյի եւ այլ միջոցներով հասնեն մարդկանց, ոչ թե ինքը մեղեդիներ գրի ու դնի մի կողմ: Սակայն սրա համար եւ ֆինանսական միջոցներ են պետք, եւ պրոդյուսեր, ով կզբաղվի այս բոլոր գործերով:
Տարիներ առաջ Աստղիկը դիմել է Հայաստանի պրոդյուսերներից մեկին, ում անունը չցանկացավ նշել: Աստղիկին ասել են, որ Հայաստանի շուկան փոքր է, ու պահանջարկ ունեն ոչ թե իր ստեղծագործությունների ոճի երգեր, այլ «պարզունակ», «թեթեւ» երաժշտություն, որը մարդկանց չի տրամադրի որեւէ բանի մասին մտածել: Իսկ առայժմ այդպիսի գործիքային երաժշտությունը պահանջարկ ունի դրսում:
«Մեզ շատ են դուր գալիս քո ստեղծագործությունները, բայց դրանցով հիմա փող չենք աշխատի, իսկ մենք պետք է ընտանիք պահենք: Գուցե ժամանակը կգա, մի օր այստեղ էլ մարդիկ կլսեն, կամ թեկուզ հնարավոր կլինի քո ստեղծագործությունները հանել դուրս»,- ասել են Աստղիկին:
Փոխարենը պրոդյուսերն Աստղիկին առաջարկել է գրել պրիմիտիվ երաժշտություն ու պրիմիտիվ բառեր: «Երբ նստած խոսում էինք, հեռուստացույցով երգ էր հնչում: Ասում է. «Մաքսիմում մի տարի կտեւի այդ երգի կյանքը, մյուս տարի այդ երգը ոչ մեկ չի էլ հիշի, բայց այս պահին այդ երգը փող է աշխատում: Եթե ուզում ես փող աշխատել, այս տիպի մի երգ գրիր՝ ինչքան հնարավոր է պրիմիտիվ, ու մենք կառնենք»: Ու մենք էդպես հրաժեշտ տվեցինք իրար»,- պատմում է Աստղիկը:
Նա չգիտի, թե էլ ում կարող է դիմել՝ իր երազանքն իրականացնելու համար: Երբ առիթ է լինում, Աստղիկը ելույթ է ունենում համերգներին եւ աշխատում նվագել իր գործերը:
Մեկնաբանել