HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրաչիկ Պապինյան

Անտառային ռեքվիեմ

«Իմ կարծիքով գործը հասել է նրան, որ մարդիկ, ովքեր մտածում եւ անհանգստանում են բնության եւ մեր սերունդների ճակատագրով, պետք է աղմուկ բարձրացնեն, դիմեն միջազգային ատյաններին, շրջափակեն ճանապարհները։ Գուցե, ի վերջո, այդ աղմուկի ձայնը հասնի էդ խուլ մարդկանց, ում թույլտվությամբ ոչնչանում է մեր սերունդների կեցության միջավայրը։ Մենք մեր սերունդներին թողնում ենք մի գլոբալ խնդիր, որի լուծումը նրանք չեն կարողանալու գտնել»,- ասում է Հովիկ Բեկչյանը: Հ. Բեկչյանը 1961թ. ավարտելով Աստրախանի անտառային ինստիտուտը` վերադարձավ հայրենի Լոռի եւ սկսեց զբաղվել անտառազուրկ Հայաստանում անտառների տնկման, խնամքի ու գիտական ուսումնասիրության աշխատանքներում։

Գուգարքի անտառտնտեսության տնօրենի պաշտոնին հրաժեշտ տվեց 1993թ.` չկարողանալով հանդուժել Վանաձորի հարավային լանջերին իր ձեռքով հիմնած ու խնամած տասնյակ հա-ի հասնող նորատունկ ու երիտասարդ անտառների մասսայական ոչնչացումը։

Հայաստանում անտառային ծածկույթը խիստ անհամաչափ է բաշխված: Անտառների ընդհանուր ծածկույթի 64 տոկոսը գտնվում է հանրապետության հյուսիս-արեւելյան, 2 տոկոսը` կենտրոնական, 28 տոկոսը` հարավային, իսկ 6 տոկոսը` հյուսիսային գոտում։ Պատմական Հայաստանում անտառապատ են եղել ներկայիս Գեղարքունիքի, Շիրակի, Արարատյան հարթավայրի որոշ հատվածներ։ Հետագայում զանգվածային հատումների պատճառով պատմական Հայաստանի անտառները խիստ նվազել են։ Վերջին 200 տարվա ընթացքում անտառների ընդհանուր տարածքը նվազել է ավելի քան 2 անգամ։ Գիտնականների կարծիքով հայաստանյան անտառների վերացման հիմնական պատճառը մարդու գործունեությունն է։

Ներկայումս Հայաստանը համարվում է երկրագնդի ամենաանտառազուրկ տարածաշրջաններից մեկը եւ բնակչության մեկ շնչին ընկնող անտառային տարածությամբ (0.12 հա) գրավում է ամենավերջին տեղերից մեկը։ Հանրապետության անտառային ֆոնդը կազմում է շուրջ 460 000 հա, որից անտառածածկ տարածքը կազմում է մոտ 334,000 հա։ Հայաստանում անտառապատումը կազմում է նրա տարածքի 11.2 տոկոսը, Թուրքիայում 14 տոկոս է, Վրաստանում` 37.4, Աֆրիկայում` 25։ Ըստ մասնագիտական գնահատումների` Հայաստանի անտառների բնափայտի ընդհանուր պաշարը կազմում է մոտ 40 մլն խմ, տարեկան միջին աճը` 354 հազ խմ: Միջազգային չափանիշներով նման անտառներում արգելվում է արդյունագործական հատումը։

Հայաստանյան անտառները ըստ իրենց նպատակային նշանակության, դասվում են երեք խմբերի.

1.պաշտպանական նշանակության անտառներ ջրապահպան (գետերի, լճերի, ջրամբարների առափնյա անտառները) հակաէռոզիոն (հողապաշտպան անտառազանգվածները)

2.սոցիալական նշանակության անտառներ սանիտարահիգիենիկ (ջրամատակարարման աղբյուրների, սանիտարական պահպանության գոտիների անտառները) առողջարարական նշանակության անտառներ

3. հատուկ նշանակության անտառներ բնության հատուկ պահպանվող տարածքների համակարգում ընդգրկված անտառներ։

Հանրապետության անտառների 80 տոկոսն ունի զուտ պաշտպանական նշանակություն։ Այդպիսի անտառներում թույլատրվում են միայն սանիտարական, խնամքի ու անտառավերականգնման նպատակով հատումները։ Հայաստանի անտառային ֆոնդի շուրջ 64 տոկոսը գտնվում է Լոռու եւ Տավուշի մարզերում, իսկ 13 տոկոսը` Սյունիքի մարզում։ Ըստ փորձագիտական հաշվումների` վերջին տասնամյակում հիմնականում, որպես վառելիք օգտագործելու նպատակով սանիտարական հատման անվան տակ տարեկան հատվել է շուրջ 800 000 խմ բնափայտ։ Լոռու մարզում մինչեւ էներգետիկ ճգնաժամը անատառային ծածկույթը գրավում էր նրա մակերեւույթի 30-31 տոկոսը: Ըստ Հովիկ Բեկչյանի` այն նվազել եւ դարձել է 10-15 տոկոս։

Դեռ ավելին, ըստ Լոռու մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության համապատասխան ուսումնասիրությունների`( որտեղ աշխատում է Հ. Բեկչյանը) մարզի 98,700 հա անտառներից ամբողջությամբ հատվել է 30,000 հեկտարը։ Մնացած անտառներում կատարվել են ինտենսիվ հատումներ, որոնք շարունակվում են մինչ օրս։ Լոռու մարզպետարանի բնապահպանության եւ գյուղատնտեսության վարչության ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Գուգարքի անտառտնտեսությունում գոյություն ունեցող 800 հա բնական սոճիների անտառը ամբողջությամբ հատվել է, եւ հանցագործության հետքերը թաքցնելու համար տարածքը հրդեհվել է։

Տարիներ շարունակ ինտենսիվ անտառահատումներին զուգընթաց անտառտնկման աշխատանքներ գրեթե չեն իրականացվել։ Վերջին երկու տարվա ընթացքում մարզի ամբողջ տարածքում իրականացված 60 հեկտար անտառատնկման աշխատանքներն այնքան չնչին են ամեն տարի հատվող ծավալների հետ համեմատած, որ դրանք չեն կարող իրավիճակի բարելավում արձանագրել։ Խորհրդային տարիներին մարզի յուրաքանչյուր անտառտնտեսությունում իրականացվում էր 250-300 հեկտար անտառների տնկում։

Այսօր անտառատնկման աշխատանքները հաճախ վերածվում են թատերական ֆարսերի։ Հավաքում են մեծ ու փոքր պաշտոնյաների, զուռնա դհոլով լրագրողների, տեսախցիկների առջեւ մի քանի ծառ են տնկում ու գնում կերուխումի: Տարիներ առաջ անտառատնկված վայրերում տունկերի կպչողունակությունը կազմել է հազիվ 5 տոկոս, իսկ ավելի հաճախ` 0 տոկոս։ Մինչդեռ անտառային օրենքով նոր հիմնված անտառը պետք է խնամվի առնվազն հինգ տարի:

Այսօր արդեն հատվում են չգիտես ինչպես բնական անտառների շարքին դասված եւ մարդու տքնաջան աշխատանքով տասնամյակներ առաջ ստեղծված տնկարկները։ Ընդհանրապես գոյություն ունեցող անտառշինարարական չափանիշներով անտառահատումը պլանավորվում է յուրաքանչյուր անտառի տվյալ հատվածի բնափայտի տարեկան աճի չափով, այսինքն` որքան աճում է բնափայտի զանգվածը, նույն քանակով էլ պլանավորվում են հատումները։ Սակայն Լոռու անտառներում վաղուց են խախտվել անտառշինարարական էլեմենտները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter