
Բողոքի մասնակիցները, «դավաճան» և «հուդա» վանկարկելով, շրջապատել են գյուղապետի տունը (տեսանյութ)
Երեկ Լոռու մարզի Աքորի համայնքի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունը վերածվեց բողոքի ցույցի: Տնօրենի ընտրության դպրոցական խորհրդի քվեարկության արդյունքներին ժամը 14:00-ից դպրոցի բակում սպասող աշակերտները, ուսուցիչներն ու ծնողները պնդում էին, որ գյուղի դպրոցի տնօրեն պետք է ընտրվի միայն ու միայն աքորեցի: Դպրոցական խորհրդի քվեարկությունը հրապարակելուց հետո, նրանք բողոքի երթ կազմակերպեցին դեպի գյուղապետարան:
Աքորիի միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Ասյա Թոմոյանը 2010թ.-ի դեկտեմբերի 30-ին կենսաթոշակի անցնելու պատճառով ազատվել է տնօրենի պարտականություններից: Այդ ժամանակվանից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել դպրոցի զինղեկ Կիմիկ Պետրոսյանը:
Դպրոցի տնօրենի ընտրությունը նշանակված էր այսօր` ժամը 14:00-ին: Ընտրությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել համայնքի բնակիչ Արմեն Նիազյանը, ով աշխատում է Ալավերդու արհեստագործական ուսումնարանում` որպես ֆիզղեկ, և Ալավերդի քաղաքի բնակիչ, թիվ 2 միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Անահիտ Մուսայելյանը: Երկու թեկնածուներն էլ ունեին հավաստագիր:
Տնօրենի ընտրությունը անցկացնող դպրոցական խորհրդի նախագահը Աքորիի համայնքապետ Կամո Սիմոնյանն էր: Խորհրդի կազմում դեռ երկու տարի առաջ ընտրվել էին 8 անդամներ, այդ թվում` դպրոցի երկու ուսուցիչ, երկու ծնող, Աքորիի գյուղապետ Կամո Սիմոնյանը, գյուղապետի տեղակալը, գյուղապետի կին, մանկապարտեզի տնտեսվարը:
Ընտրության հարցում դպրոցական խորհրդի անդամների վրա նշանակալից էր գյուղապետ Կամո Սիմոնյանի ազդեցությունը, ով էլ, ի հակառակ իր ղեկավարած համայնքի դպրոցի 36 մանկավարժների ու համագյուղացիների, խորհրդի անդամների իր թիմով քվեարկեց տնօրենի թեկնածու Անահիտ Մուսայելյանի օգտին:
Քվեարկության արդյունքներով, Արմեն Նիազյանը ստացել էր խորհրդի անդամների 3, իսկ Անահիտ Մուսայելյանը 5 քվեները: Սա առաջացրեց Աքորիի դպրոցի ուսուցիչների, աշակերտների և ծնողների վրդովմունքը:
Երեխաները վանկարկում էի, որ Անահիտ Մուսայելյանը հեռանա դպրոցից և գյուղից:
Տնօրենի թեկնածու Արմեն Նիազյանը «Հետքին» ասաց, որ արդարացի չի համարում դպրոցական խորհրդի կազմում համայնքի ղեկավարի, նրա կնոջ, նրա տեղակալի և մանկապարտեզի տնտեսվարի ներկայությունը. «Այս բոլոր մարդկանց վրա Կամո Սիմոնյանը ազդելու լծակներ ուներ»,- ասաց թեկնածուն: Արմեն Նիազյանը մասնագիտությամբ ֆիզկուլտուրայի ուսուցիչ է: Ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը:
Տնօրենի թեկնածու Անահիտ Մուսայելյանն էլ ասաց, որ ունի 20 տարվա մանկավարժական աշխատանքի փորձ: Նա ասաց, որ դպրոցը ղեկավարելու իր առաջին քայլերը պետք է լինի դպրոցի հիմնախնդիրներին ծանոթանալը: Անահիտ Մուսայելյանը գտնում է, որ դպրոցական խորհրդի որոշումը անբեկանելի է, և ոչ ոք չի կարող ազդել այդ որոշման վրա:
Դպրոցական խորհրդի և Աքորի համայնքի ավագանու անդամ Վեներա Նիազյանը նույնպես հայտնեց իր դժգոհությունը դպրոցական խորհդի կազմի վերաբերյալ. «Ընտրվել է մակավարժական կոլեկտիվից 2 ներկայացուցիչ, սա արդար եմ համարում: Արդար եմ համարում նաև ծնողական կոմիտեի կողմից ընտրված 2 ծնողների ընտրությունը, մնացածները, այդ թվում` համայնքապետը, համայնքապետի տեղակալը, համայնքապետի կինը և մանկապարտեզի տնտեսվարի ընտրությունը ես տեսնում եմ սոսկ լծակների օգտագործում: Եթե պետությունը Արմեն Նիազյանին հավաստագիր է տվել, նշանակում է` նրան պատրաստ է տեսնել տնօրենի պաշտոնում: Արմեն Նիազյանը մեր դպրոցի շրջանավարտն է և մենք նրան ենք ուզում տեսնել մեր դպրոցի տնօրեն»,- ասաց Վեներա Նիազյանը:
Աքորիի համայնքապետ Կամո Սիմոնյանը լրագրողներին ասաց, որ խորհրդի որևէ անդամի չի համոզել Անահիտ Մուսայելյանին ընտրելու հարցում: Աքորրի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Սեդա Թոմոյանն էլ ասում է, որ իրենց հայրենի գյուղի դպրոցը չեն տա օտարին. «Այդպիսի բան չի կարող լինել: Դպրոցի ամբողջ կոլեկտիվը ստորագրել է, որ պահանջում են Արմեն Նիազյանին, պահանջում են մեր գյուղացուն: Այլ դեպքում մենք կպատրաստվենք անժամկետ գործադուլի»:
Կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Վանիկ Միսակյանի կարծիքով, դպրոցական խորհուրդն է տնօրենի ընտրության որոշումը կայացրել, և այդ որոշումը պարտավոր են բոլորը ընդունել. «Այս աղմուկը ես չեմ հասկանում արդեն»,- ասաց նա:
Խորհրդի որոշումից հետո նորընտիր տնօրենին Վանիկ Միսակյանը փորձեց ներկայացնել մանկավարժական կոլեկտիվին: Վերջինս չընդունեց դպրոցական խորհրդի որոշումը և Անահիտ Մուսայելյանի լիազորությունները: Այնուհետև դպրոցի ուսուցիչները, աշակերտները և ծնողները երթով շարժվեցին դեպի գյուղապետարանին հարող հրապարակ: Երթի մասնակիցները, «դավաճան» և «հուդա» վանկարկելով, շրջապատեցին գյուղի հրապարակի հարևանությամբ գտնվող գյուղապետ Կամո Սիմոնյանի տունը:
Աքորիի միջնակարգ դպրոցի ուսմասվար Սեդա Խլոպուզյանը հավաքվածներին հայտարարեց, որ դեկտեմբերի 21-ից դպրոցի մանկավարժական կոլեկտիվը հայտարարում է անժամկետ գործադուլ:
Ժամը 18:00-ի սահմաններում աքորեցիների բողոքի երթը ցրելու համար գյուղի հրապարակում հայտնվեցին Թումանյանի բաժնի ոստիկանները: Նրանք երթի մասնակիցներին հորդորեցին ցրվել, իսկ լրագրողներին արգելեցին լուսանկարել իրենց: Ըստ շրջանառվող լուրերի` այսօր Աքորի գյուղի դպրոցի ուսուցիչների հետ կհանդիպի Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Մեկնաբանություններ (15)
Մեկնաբանել