HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Արմենուհի Դանիելյան. «Կանայք էլ չաշխատեն, գյուղերում կյանքը լրիվ կմեռնի»

Ոսկեհասկից 22 տարի առաջ Հայկավան հարս եկած Արմենուհուն գյուղում շատերն են ճանաչում: «Գյումրիում էլ,- ծիծաղելով` հավելում է Արմենուհին,- ավելի ճիշտ` իմ ձեռքով արարած բերքն ու բարիքը: Մշտական պատվիրատուներ ունեմ, որ մենակ ասենք իմ սարքած պանիրն ու թխած լավաշն են ուտում»:

Քայլում ենք հացատան ուղղությամբ: Հարցնում եմ, որ տարիքդ նշեմ, կարո՞ղ է նեղվես, ժպտում է, հետո ձեռքն է թափ տալիս. «40 տարեկանում եվրոպաներում կյանքը նոր են սկսում, ընտանիք կազմում, երեխաներ ունենում… չէ, չեմ նեղվի, գրի՝ 41 տարեկան եմ, ինձնից բոյով ու թափով երկու տղա ունեմ, թիկունքիս սարի պես կանգնած ամուսին ունեմ, սովորական ընտանիքի մայր եմ՝ գյուղական հոգսերով ծանրաբեռնված»:

Փոքրամարմին կնոջ դեմքն ակոսած աշնան արեւի շողքերը թույլ ջերմացնում են՝ բնական կարմրաներկի երանգներ հաղորդելով այտոսկրերին: Լուսանկարվելու համար արձակած մազերը նույն արագությամբ էլ հավաքում է, երբ ասում եմ, թե ավարտեցինք: «Կինը պիտի հավաքած մազերով գործ էնե»,- մի տեսակ արդարանալով` նկատում է զրուցակիցս ու ձեռքը մեկնում հայտնի «չեչիլ» պանրին: Սպիտակ, թել-թել պանրից շիճուկի հոտ է գալիս: Արմենուհին առաջարկում է փորձել դեռ «աղը չկերած» պանիրը: «Մարդ կա` ըսպես կսիրե, մարդ կա՝ քիչմ կանըչած տեսակի սիրահար է, մարդ էլ կա՝ հոտած»,- ասում ու զրնգուն ծիծաղում է:

Արմենուհին ինձ հիշեցնում է Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը» վիպակի հերոսուհուն՝ Աղունին: «Նմա՞ն ենք որ,- հարցական հայացքով դեմքիս է նայում, հետո գլուխը թափ տալով` ծորուն ձայնով պատասխանում,- հա՜, բայց մենակ աշխատելու իմաստով, մեկ էլ ամեն ամիս ուսանող տղայիս Երեւան ուտելիք ճամփելով, թե չէ մնացած հարցերում ես Աղունից երջանիկ եմ՝ սիրելով եմ ամուսնացել, լավ սկեսրանք եմ ունեցել, մինչեւ հիմա էլ ամուսնուս քույրը մեզ օգնում է: Չէ, դժգոհ չեմ անձնականից, ուղղակի գյուղ ապրողի տանջանքն է շատ»:

Ապա շարունակում է գյուղի կյանքից պատմել. «Մենակ ես չեմ, հլը ման եկեք սաղ գյուղերը, կտեսնիք, օր ամբողջ բեռն ընկած է կանանց ուսերին՝ տուն-տեղ, դաշտ, վար, ցանքս: Տղամարդիկ տարվա մեծ մասը դուրսն են, սաղ հոգսը մենք կտանինք»:

Արմենուհին անընդհատ խոսում է: Նկատելով զննող հայացքս՝ ծիծաղում է. «Էս նիհարությանս մի նայի՝ ահագին ուժով եմ, շատ ժամանակ մենակովս կարտոֆիլի պարկերը կտեղափոխեմ առանց օգնող ձեռքի»: Հայացքումս երեւի կասկածանքի նշույլ է նկատում. ձեռքով ցույց է տալիս սենյակի անկյունում դրված մարզաքարերը: «Մի ժամանակ դուռը ձող ունեինք, տղեքս ձգումներ կենեին վրան, ես էլ իրանցից սովորել էի՝ կձգվեի ձողից կախված, հոգնած ժամանակ շատ կօգնե՝ հատկապես ողնաշարը ձգելուն: Ես անընդհատ շարժման մեջ եմ՝ ամառները առավոտը ժամը 5-ից մինչեւ մութն ընկնելը, դե կռացած շատ գործ կենենք՝ էդ էլ ողնաշարի վրա կազդե»:

Ասում է, որ չնայած հոգնածությանը, մշտական շարժման մեջ լինելն ավելի օգտակար է, քան նստակյաց ապրելակերպը: «Ես հղի ժամանակ էլ եմ աշխատել ու շատ հեշտ էլ ծննդաբերել եմ: Թե կողքիններս ժամերով ցավ կքաշեին, ես հիվանդանոց հասնելուց կես ժամ հետո կունենայի»,- Արմենուհու աչքերը կրկին նեղանում են ծիծաղից:

Արմենուհին ամուսնու` Ենոքի հետ

Արմենուհու 19 տարին լրացել է ամուսնու տանը: Ավանդական խնամախոսություն չի եղել, Ենոքը փախցրել է կնոջը: Դա, ինչպես պատմում են, միակ տարբերակն էր, քանի որ երկուսն էլ գիտեին՝ աներհայրը հայկավանցու օջախ աղջիկ չէր տա:

«Դե մենք մշեցի ենք, իրենք՝ ղզըլ,- բացատրում է Արմենուհին,- իրար մեջ աղջիկ տալ-առնել, այսինքն ամուսնացնել չի եղել ու ես գիտեի, որ հերս ինձ Ենոքին չի տա»: Ղզըլ Չախմախը գյուղ է Արեւմտյան Հայաստանի Կարսի մարզում, բնակիչները բռնի տեղահանվել են 1920թ-ին, ու նրանց մի մասի սերունդները ներկայում ապրում են Հայկավան գյուղում: Թե ինչու է Արեւմտյան Հայաստանի տարբեր գավառներից գաղթածների մոտ նման տրամադրվածություն եղել՝ պատմությունը չի բացահայտում:

Արմենուհու ու Ենոքի ամուսնությանը հետեւում է 20-ամյա լռությունը, որ չի խախտվում անգամ թոռների ծնունդով: Արմենուհու հայրն այդպես էլ չի հաշտվում մտքի հետ, որ աղջիկն ամուսնացել է առանց իր համաձայնության՝ «պատիվը գետնովն է տվել»: Արմենուհին պատմում է, որ հարս գալուց հետո հայրական դռները փակվել են իր առաջ ու բացվել միայն հոր մահից հետո: Ասում է, որ միակ սփոփանքը եղել է Ենոքի սերն ու տղաների ծնունդը:

Գյուղը քաղաք չէ՝ այստեղ արթնանում են ծեգը ծեգին ու բանում մինչեւ մթնշաղ: «Հեկտարներով հող են ունեցել սկեսրանքս, հիմա էլ ունենք ու էդ ամբողջը մենք ենք մշակել, որովհետեւ Ենոքը տան միակ տղեն էր, թեւ ու թիկունք, ախպեր չուներ, ես պիտի լինեի, տալս էլ շատ կօգնե՝ մինչեւ հիմի էլ շուկայի հետ կապված գործերն հիմնականում իրենն են,- պատմում է Արմենուհին՝ ընթացքում գազօջախում տեղավորելով սեփական ձեռքերով մշակած կարտոֆիլը՝ խորովելու նպատակով: -Ապրուստի հարց է, մեծ տղեք ունեմ, պիտի իրանց նպատակին հասցնենք»:

«Իսկ քեզ համար որեւէ երազանք, որեւէ ցանկություն չունե՞ս»,- հարցնում եմ: Նայում է զարմացած ու մի քիչ էլ շփոթված: «Երազանքներս դպրոցական տարիներին էին՝ ուզում էի դերասանուհի դառնալ,- մի պահ մտախոհ լռում է,- հետո հանդիպեցի Ենոքին, սիրահարվեցի ու… մնացածը պատմել եմ: Երազանքներն ընտանիք կազմելուց հետո՝ հատկապես գյուղերում, սահմանափակվում են ամուսին-երեխեք, հողի հետ կռիվ, տան գործ, եփել-թափել: Գյուղերում տարվա 11 ամիսը որ տունն ուզում ես մտի՝ տղամարդիկ բացակա են: Կանայք էլ չաշխատեն՝ գյուղերում կյանքը լրիվ կմեռնի: Երազելու ժամանակ չկա. հազիվ օրվա ապրուստ ստեղծելու մասին կմտածենք»:

Ենոքի բացակայությունը շատ է զգում, բայց ասում է՝ պիտի հարմարվեմ, մանավանդ, որ ինքը մշտական դուրս գնացողներից չէ, էս վերջին երկու տարին է գնում ու այն էլ կարճ ժամանակով՝ 6-7 ամսով: «Էն մեծս էրեւաններից չի ուզե տուն գա: Ուսանող է, արդեն երկրորդ կուրսում է ու մտադիր է մայրաքաղաքում հաստատվել: Փոքրս բանակում է, ռուսական սահմանապահ զորքերում, արդեն պայմանագիր է կապել ու էդ գծով էլ երեւի շարունակե: Էնպես է ստացվել, որ հիմի մենք կապրինք մեր երեխեքի երազանքների իրականացման համար,- Արմենուհին ուսերն է թոթվում:- Ենոքն ամեն զանգելուց կըսե՝ արի կեղնի, քարը փեշիցդ թափե, դու էլ արի Ռուսաստան, ստեղ գիտե՞ս էդքան չարչարվելու դիմաց ինչքան եկամուտ կա, բայց ես հրաժարվում եմ: Ես Հայկավանից էն կողմ տեղ չեմ պատկերացնե, ուրդեղ օր գուզենայի ապրել՝ իմ հողը, ջուրը, հարազատ մարդիկ… ոչինչ, թող երկու կոպեկ էլ պակաս աշխատենք»:

Քիչ անց մեր զրույցին միանում է Արմենուհու մտերիմ ընկերուհին՝ Լիլիթը: Նույն կենսուրախ ժպիտն ունի, ինչ Արմենուհին: Լիլիթը մանկավարժ է, աշխատում է հարեւան Մեղրաշատ գյուղում:

Օրվա առաջին կեսն ընկերուհիներն անցկացնում են ամեն մեկն իր աշխատանքային օրակարգով, հանդիպում են, երբ օրվա հոգսերից ազատ ժամանակ են ունենում, մնացած դեպքերում օգնության է հասնում հեռախոսը: «Եղել է ժամանակ, օր հեռախոսը հարմարացրել եմ գլխաշորի տակ, էնպես որ չխանգարի կով կթելուն, զրուցել ենք, մինչեւ գործերս արել վերջացրել եմ»,- պատմում է Արմենուհին:

Լիլիթ Մխիթարյանը նույնպես ծնունդով Ոսկեհասկ գյուղից է՝ Արմենուհու մանկության ընկերուհին է ու ճակատագրի բերումով կրկին հարս է եկել Հայկավան: «Ես գյուղատնտեսությունից շատ հեռու եմ եղել, չնայած գյուղի հետ կապը միշտ է եղել, բայց ասենք ոչ մի անգամ չեմ իմացել, որը երբ պետք է ցանել կամ ինչպես մշակել: Ստացվեց այնպես, որ վերջին տարիներին ես էլ պիտի արդեն գործ ունենայի գյուղատնտեսական աշխատանքների հետ՝ օգնել է Արմենուհին,- պատմում է Լիլիթը,- 12 տարի է` կողք կողքի ենք՝ իրար օգնելով, ու ինքն էն մարդն է, ում ուսին վստահաբար կարող ես հենվել»:

Լիլիթը Մխիթարյանը

Իմ ներկայությունը չի խանգարում, որ կանայք, առիթից օգտվելով, սկսեն քննարկել նախորդ եւ այդ օրվա նորությունները: Տրտնջում են, որ թաղամասում կառուցված մանկապարտեզի շենքը «ձեռքից գնում է», մի քանի տարի առաջ գոնե հարսանիքների, ուրախ տոների ժամանակ գյուղապետը բանալին տալիս էր, մարդիկ օգտվում էին, հիմա մատնված է պարարպուրդի: Մտածում են` եթե հնարավորություն ընձեռվեր, հարմար տեղ լիներ, մի քանի ակտիվ կանանցով հավաքվեին ինչ-որ բան ստեղծեին` առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար:

«Ես օրինակ հիմի շատ եմ հետաքրքրված օրգանիկ մթերքի աճեցմամբ, Լիլիթին էլ եմ «վարակել» էդ մտքերով: Տարբեր բաներ կփորձեմ աճեցնել, բայց որ կարողանայինք խումբ ստեղծել, մի տեղ ունենայինք, գուցե ավելի մեծ արդյունքների հասնեինք,- ասում է Արմենուհին,- ֆեյսբուքում մի շատ լավ խմբում եմ, ահագին խորհուրդներ էլ գյուղատնտեսության վերաբերյալ էնտեղից եմ ստանում, կարելի է դրանք Հայկավանում տարածել, որ մյուսներն էլ իմանան»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter