HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի Օրհուս կենտրոնների արձագանքը

«Հետք»-ի  «Պարզաբանումներ՝ Վերահսկիչ պալատի ստուգումների վերաբերյալ» հոդվածի Օրհուս կենտրոններին վերաբերող հատվածի մասով 

Այսօր Հայաստանում գործում է 15 Օրհուս կենտրոն և ըստ եռակողմ հուշագրերի. «կենտրոնների գործունեության հիմնական նպատակն է աջակցել հասարակության համար բնապահպանական տեղեկատվության հասանելի դարձնելուն, խթանել հասարակայնության մասնակցությունը այդ ոլորտում որոշումների կայացման գործընթացին, նպաստել բնապահպանական հարցերում հասարակայնության համար թափանցիկ միջավայրի ստեղծմանը, այդ ոլորտում արդարադատության մատչելիությանը, ուստի նաև երկրի ընդհանուր ժողովրդավարացմանն ու կառավարման բարելավմանը»:

Ճիշտ է, Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրականացման պատասխանատուն Հայաստանում, որպես լիազոր մարմին, ՀՀ բնապահպանության նախարարությունն է, բայց իրականացում ասելով, առաջին հերթին պետք է հասկանալ ազգային օրենսդրության համապատասխանեցումը կոնվենցիայի պահանջներին, իսկ կենտրոնները պետք է զբաղվեն այդ գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկմամբ և որոշումների կայացման գործընթացներին հասարակությանը մասնակցության խթանմամբ:

Ըստ Օրհուս կոնվենցիայի համապատասխանության կոմիտեի որոշումների կոնվենցիայի իրականացումը  Հայաստանում  գնահատվում է որպես ձախողված և Հայաստանը ճանաչվել է կոնվենցիայի մի շարք պահանջները խախտող երկիր:

Այսինքն ՀՀ օրենսդրությունը կոնվենցիայի վավերացումից հետո 10 տարիների ընթացքում չի համապատասխանեցվել կոնվենցիայի պահանջներին և չկան քաղաքացիների պատշաճ իրազեկումը և մասնակցությունը ապահովող ընթացակարգեր:

Ավելին, Էսպո Կոնվենցիայի որոշմամբ Հայաստանը չունի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և հասցված վնասի հաշվարկի գիտականորեն հիմնավորված մեթոդաբանություն:

Տեղեկացնենք նաև, որ Օրհուս կենտրոնները մարզերում ստեղծվել եմ հիմնականում մարզպետարանների և քաղաքապետարանների գրավոր խնդրանքների հիման վրա և համաֆինանսավորվում են այդ կառույցների կողմից:

ՀՀ Բնապահպանության նախարարության գործառույթը ըստ հուշագրի տեղեկատվություն տրամադրելն է, բայց օրինակ «Բնական ռեսուրսների կառավարման և չքավորության նվազեցման» ծրագրի մոնիտորինգի և գնահատման հաշվետվությունը ստանալու հարցմանը տրվել է մերժողական պատասխան, այն հիմնավորմամբ, որ այդ ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ն  լուծարված է 2009թ. և բոլոր նյութերը  արխիվացված են, իսկ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ-ն, ոչ մի իրավաբանական կապ չունի «ԲՊԿՉՆ» ԾԻԳ ՊՀ-ի հետ:

Բայց ինչպես կարող է արխիվացված լինել ընդամենը երկու տարի առաջ իրականացված ծրագրի մասին տեղեկատվությունը: Կամ եթե նույնիսկ արխիվացված են ֆինանսական փաստաթղթերը, հո արխիվացված չէ ծրագրի մոնիտորինգի և գնահատման հաշվետվությունը, որը պատրաստվում է հիմնականում հասարակությանը ներկայացնելու համար և բնականաբար պետք է լինի հանրության համար հասանելի տեղեկատվություն:

Օրհուս կենտրոնների գործունեությունը բաց է և թափանցիկ, իսկ հանրությունը լավատեղյակ` այդ գործունեության ընթացքին և արդյունքներին: Միջազգային ասպարեզում Հայաստանի Օրհուս կենտրոնների փորձը ճանաչվել է լավագույնը և յուրաքանչյուր տարի տարբեր երկրներից պարվիրակություններ են գալիս Հայաստան այդ փորձն ուսումնասիրելու և ընդօրինակելու նպատակով:

Այդ մասին են վկայում նաև ՀՀ Բնապահպանության նախարարության զեկույցները և ազգային զեկույցները: Ինչ մնում է Վրաստանի և Ադրբեջանի մեկական Օրհուս կենտրոն ունենալու հանգամանքին և դա ի ցույց դնելուն, կարծում ենք, որ Հայաստանում բնապահապանական կառավարման ոլորտում բարձր պաշտոն զբաղեցրած պաշտոնյան պետք է որ ունենա ազգային մտածելակերպ ու համեմատությունները կատարի հօգուտ Հայաստանի առաջընթաց զարգացման և ոչ թե հետընթացի:

Իսկ Եվրամիության անդամ երկրների մեծ մասի Օրհուս կենտրոններ չունենալու հանգամանքը շատ պարզ բացատրություն ունի, այդ երկրները ունեն այնքան լավ մշակված բնապահպանական օրենսդրական համակարգ և այնպիսի իրականացման մեխանիզմներ ու ընթացակարգեր, որ Օրհուս կենտրոններ ունենալու անհրաժեշտություն չկա, քանի որ տեղական ինքնակառավարման մարմիններին կից գործում են բնապահպանական տեղեկատվական կենտրոններ, որոնք լիարժեք կատարում են Օրհուս  կենտրոնների դերը:

Իսկ այժմ անդրադառնանք «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Օրհուս կենտրոնների կառավարման հարցերին /տնօրեն Վ. Մարտիրոսյան/:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը սկսած 2002թ. Օրհուս կենտրոնները ֆինանսավորելու նպատակով պայմանագրեր է կնքել ՀՀ Բնապահպանության նախարարության «Տեղեկատվական վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի, մի շարք ՏԻՄ-երի հետ և մինչ 2010թ. ոչ մի խնդրի չի ունեցել:

2010թ. ԵԱՀԿ-ն պլանավորում էր Օրհուս կենտրոնների կառավարման համար պայմանագիր կնքել «Տեղեկատվական վերլուծականի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, քանի, որ վերջինս ԵԱՀԿ-ի բազմամյա վստահելի գործընկերն էր, բայց Վ. Մարտիրոսյանի ակտիվ միջնորդության արդյունքում և պետական բյուջեից համաֆինանսավորում ապահովելու խոստման պատճառով, պայմանագիրը կնքվել է «Բնապահպանական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որի տնօրենը Վ. Մարտիրոսյանն էր: Ծրագրի շրջանակներում վճարովի հիմունքներով աշխատանքի է ընդունվել նաև տվյալ ՊՈԱԿ-ի աշխատակիցը, որը ապահովում էր կապը կենտրոնների հետ: 

Երկու ամիս վճարելուց հետո, ՊՈԱԿ-ը դադարեցրեց Օրհուս կենտրոնների ֆինանսավորումը, պատճառաբանելով, որ ԵԱՀԿ-ն դեռ գումար չի տվել: Դիմեցինք ԵԱՀԿ երևանյան գրասենյակին և պարզվեց, որ գումարը վաղուց փոխանցվել է: Դիմեցինք ՀՀ Բնապահպանության նախարարին և ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ պրն. Վ. Տերտերյանին:

ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունն իր մոտ քննարկում կազմակերպեց, որին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան պրն. Ս.Կապինոսը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, իսկ Վ.Մարտիրոսյանը, հրավիրված լինելով հանդերձ խուսափեց մասնակցելուց: Այդ հանդիպման ընթացքում մարզային իշխանությունների ներկայացուցիչները նույնպես իրենց դժգոհությունը արտահայտեցին կենտրոնների կառավարման հետ կապված առկա իրավիճակից:

Այնուհետ Ս.Կապինոսը հանդիպում ունեցավ նախարար Արամ Հարությունյանի հետ, տեղեկացրեց խնդրի մասին, նամակ գրեց, որից հետո նախարարի կարգադրությամբ աշխատավարձերը և կենտրոնների գործառնական ծախսերը վճարվեցին, իսկ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ վաղաժամ դադարեցվեց:

Իսկ ինչ մնում է կենտրոնների հետ փաստաթղթային դժվարություններին և հաշվապահական ձևակերպումներին, պետք է ասել, որ Օրհուս կենտրոնները ԵԱՀԿ-ի կողմից ֆինանսավորվում են սկսած 2005թ. և ֆինանսական հաշվետվություններ են ներկայացնում ծախսված յուրաքանչյուր դրամի համար ու եթե լինեին նմանատիպ խնդիրներ, ապա այդ խստապահանջ կառույցը վաղուց դադարեցրած կլիներ Օրհուս կենտրոնների ֆինանսավորումը:

Այսօր մեր իրականության ամենացավալի հատվածն այն է, որ Հայաստանում բնապահապանական կառավարման ոլորտում բարձր պաշտոններ են զբաղեցնում մարդիկ, որոնց մասնագիտական գիտելիքները խիստ կասկածելի են, որոնք չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում կոնվենցիայով պարտավորություն ստանձնել, որն է ՀԿ-ների դերն ու առաքելությունը, ինչո՞վ են զբաղվում Օրհուս կենտրոնները և ո՞րն է օրհուսների դերը: Հուսանք, որ նոր կառավարությունը հնարավորինս զերծ կլինի այսօրինակ պաշտոնյաներից:

Հայաստանի Oրհուս կենտրոնների ցանց

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter