HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու տարի ազատազրկում մայր կավատին

2003 թ. օգոստոսի 13-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը Մարիետա Ղազախեթյանի դիմումի հիման վրա հարուցեց քրեական գործ: Մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, որ 2001թ. Արմենուհի Սիմոնյանը Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) խաբեությամբ սեռական շահագործման է ենթարկել Մարիետա Ղազախեթյանին: 

2002թ. գալով Հայաստան` Արմենուհին կեղծ ամուսնություն է ձեւակերպել իր բարեկամերից մեկի հետ եւ ազգանունը դարձրել Սիմոնյան-Սահրատյան: 

Քրեական գործի մեղադրականի համաձայն` «1999-2003 թթ. ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակչուհի Արմենուհի Սիմոնյան-Սահրատյանը Հայաստանի տարբեր բնակավայրերում հավաքագրել է մի խումբ կանանց եւ կավատ Ամալյա Մնացականյանի (մականունը` Նանո) հովանու ներքո մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով նրանց տեղափոխել է Արաբական Միացյալ Էմիրություններ»: Ամալյա Մնացականյանը 2002թ. սեպտեմբերից հետախուզման մեջ է` իր նկատմամբ հարուցված քերական գործով: 2003թ. այս երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում. հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ հավաքագրված կանայք սեռական շահագործման են ենթարկվել նույն անձի` Ամալյա Մնացականյանի կողմից: 

2004թ. հունիսի 2-ից օգոստոսի 25-ը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում տեղի ունեցավ վերոհիշյալ գործի դատաքննությունը: 

Գործին առնչվող 40 վկաներից դատական նիստերին մասնակցել են 11-ը: Դատախազ Ա. Ամիրզադյանի ասելով. «Հարցաքննվել են կեսից շատ վկաներ եւ հետազոտվել են գործում եղած ապացույցները»: 

Գրեթե 2 տարի տեւած նախաքննությամբ պարզվել է, որ Ամալյա Մնացականյանին այս գործում օժանդակել են Արտակ Սիմոնյանը (Արմենուհի Սիմոնյանի եղբայրը), եղբայրներ Աշոտ ու Հրանտ Նաջարյանները եւ Արուսյակ Գեւորգյանը: Գործով հիմնական մեղադրյալը նախկինում դատված Ամալյա Մնացականյանն է` Նանոն: Նրան իրավապահները համարում են «մայր կավատ»: 40-ամյա Ամալյա Մնացականյանը բնակվել է Երեւանի Բանգլադեշ թաղամասում: 

2000թ. օգոստոսի 16-ին կավատությամբ զբաղվելու համար դատապարտվել է պայմանական ազատազրկման: Նշանակված 2 տարի տեւողությամբ փորձաշրջանի ընթացքում եւ դրանից հետո էլ շարունակել է զբաղվել կավատությամբ: Իրավապահները պարզել են նաեւ, որ այդ ընթացքում Նանոն «կեղծել եւ իրացրել է պաշտոնական փաստաթղթեր, անձանց դրդել եւ օժանդակել է ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելուն»: 

2004թ. մարտի 10-ին Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահների հետ համատեղ իրականացրած գործողությամբ ձերբակալված Ամալյա Մնացականյանը տեղափոխվեց Հայաստան: 

Նանոյի զոհերից մեկը` գործով վկա Մարինե Վարդանյանը, պատմել է. «Ինձ ու իմ նմաններին անասելի ձեւով տանջում էին: Ինչ այլասերություն ասես, որ չէին ստիպում անել: Ու էդ ամենը գլխավորում էր Նանոն, նա էր մեր բոսը: Ոչ մեկին չէր խղճում, նույնիսկ հիվանդ ժամանակ ստիպում էր հաճախորդներ ընդունել, որ փողերը վերցնի: Նրա նմաններին ուղղակի պետք է ոչնչացնել»: 

Գործով վկա Մարիետա Ղազախեթյանը վստահ է, որ հանցագործներն անպատիժ կմնան. «Այս կանայք մարդ կոչվելու իրավունք չունեն: Նրանք ոչ մի սրբություն չունեն: Մեզ որպես ապրանք օգտագործեցին, վաճառեցին մուսուլմաններին ու հազարավոր դոլարներ աշխատեցին: Հիմա էլ, իբր թե, պատասխանատվությա՞ն են ենթարկվում: Նրանք, ոնց որ միշտ, փող կտան ու կազատվեն»: 

2000-2003թթ. մի քանի ամսվա ընթացքում Ա. Մնացականյանը հավաքագրել է 40-ից ավելի կանանց եւ ուղարկել Էմիրություններ: Ըստ մեղադրական եզրակացության տվյալների` այդ ընթացքում նա աշխատել է 221.000 ԱՄՆ դոլար: 

Ըստ մեղադրականի` ամբաստանյալ Արուսյակ Գեւորգյանը «1998-1999թթ. շահադիտական նպատակով ՀՀ տարածքում օժանդակել է ԱՄԷ-ում կավատությամբ զբաղվող իր ընկերուհի Աննա Ալեքսանյանին, սեռական շահագործման ենթարկելու համար մարմնավաճառ կանանց հավաքագրելուն եւ Էմիրություններ ճանապարհելուն: Դրանից հետո` 1999թ. վերջերից մինչեւ 2000թ. օգոստոսը, ԱՄԷ-ում անձամբ է զբաղվել կավատությամբ: Իսկ 2001-2002թթ. օժանդակել է ԱՄԷ-ում կավատությամբ զբաղվող իր մյուս ընկերուհուն` Ամալյա Մնացականյանին, նրա հովանու ներքո մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով կանանց հավաքագրելուն եւ Էմիրություններ ճանապարհելուն»: 

26-ամյա ամբաստանյալ Արտակ Սիմոնյանը 2000-2002թթ. օժանդակել է սեռական շահագործման ենթարկելու համար հավաքագրված կանանց Էմիրություններ տեղափոխելուն: Կանանց նա ուղարկել է Ամալյա Մնացականյանի եւ իր քրոջ` Արմենուհի Սիմոնյան-Սարհատյանի մոտ: Արտակ Սիմոնյանն անցյալ տարի ստորագրել էր մի փաստաթուղթ, որով հաստատում էր իր մասնակցությունը կանանց սեռական շահագործման ենթարկելու գործին: «Ես` Արտակ Սիմոնյանս, պարտքի հաստատման փաստաթուղթ եմ տալիս Մարիետա Ղազախեթյանին...մեր կողմից 2001թ.-ին Արաբական միացյալ էմիրություններում իրեն սեռական շահագործման ենթարկելու համար, իմ կողմից իր նյութական վնասի փոխհատուցման որոշ` չնչին մասը, տալիս եմ` 200 (երկու հարյուր) ԱՄՆ դոլար, որի համար ստորագրում եմ...»,-գրված է այդ փաստաթղթում: 

Ամբաստանյալներ Աշոտ եւ Հրանտ Նաջարյանները նույնպես մեղադրվում են կավատությանն օժանդակելու մեջ: Նրանք նույնպես աջակցել են գլխավոր մեղադրյալ Նանոյին` հայ կանանց Էմիրություններ տեղափոխելու համար: 

Դատարանում վկայություն տալով` Արմինե Աբրահամյանը նշեց. «2000-ի դեկտեմբերին անձնագիրս կորցրի Էջմիածնի շուկայում: Հետո ոստիկանությունից տեղեկացրին, որ իմ անձնագրով ինչ-որ մեկը մեկնել է էմիրություններ»: Պարզվում է` ամբաստանյալները, ձեռք բերելով կորցրած անձնագրեր, դրանցով Էմիրություններ են ուղարկել իրենց հերթական «զոհերին»: Վկա Լուսինե Պետրոսյանն ասաց, որ ինքնակամ է մեկնել Էմիրություններ. «Ես ինքս եմ փնտրել ու գտել Նանոյին (Ամալյա Մնացականյանին): Ես գիտեի, որ գնում եմ մարմնավաճառությամբ զբաղվելու: Երկու տարի էնտեղ աշխատել եմ: Իմ աշխատած գումարից էլ մոտ 9000 դոլար տվել եմ Նանոյին: Բայց ես դժգոհ չեմ»: 

Մեկ այլ վկա` Մարինե Վարդանյանը, դատարանում չկարողացավ զսպել վրդովմունքը. «Տարան Էմիրություններ, անձնագիրս վերցրին ձեռքիցս ու ստիպեցին ինչ ասես անել: 21 օր եմ մնացել Դուբայում ու ոչ մի կոպեկ չեմ աշխատել: Իսկ ինչ էլ աշխատեի, պիտի տայի Նանոյին: Բայց ես չկարողացա հարմարվել: Ընկա ոստիկանություն, հետո էլ արտաքսվեցի: Եկա Հայաստան սարսափելի վիճակում: Հիմա 3-րդ կարգի հաշմանդամ եմ»: 

Դատարանում վկայություն տվեց նաեւ Վանաձորի ոստիկանության աշխատակից, ջոկի հրամանատար Արայիկ Ոսկանյանը: Նա փաստեց, որ ավագ լեյտենանտ Գագիկ Գեւորգյանի ու Արտակ Սիմոնյանի խնդրանքով 3 կանանց տեղափոխել է Գյումրիի օդանավակայան: «Բայց ես ոչնչի մասին տեղյակ չեմ եղել: Միայն հարցաքննության ժամանակ եմ իմացել, որ այդ աղջիկներին ուղարկում էին Դուբայ մարմնավաճառության»,-նշեց նա: 

Դատարանում Ամալյա Մնացականյանը, Արուսյակ Գեւորգյանը, Արտակ Սիմոնյանը եւ Աշոտ Նաջարյանը հրաժարվեցին ցուցմունք տալ: Բայց նշեցին, որ իրենց մեղավոր ճանաչում են: Արուսյակը միայն զղջում էր, որ անուն է հանել, բայց չնչին գումար է աշխատել: 

Իսկ Արտակ Սիմոնյանն ասում էր. «Ես չէի պատկերացնում, որ իմ կողմից դա օժանդակություն է: Էդ աղջիկներն իրենց ցանկությամբ են գնացել»: Աշոտ Նաջարյանն էլ մասնակիորեն էր ընդունում իր մեղավորությունը. «Ես ցուցմունք չունեմ տալու: Գուցե պահեր կան, որ ես մեղավոր եմ եղել: Թող դատարանը որոշի իմ մեղավորության չափը: Ես ինձ մասնակիորեն եմ մեղավոր ճանաչում»,-ասում էր նա: Հրանտ Նաջարյանը չընդունեց իր մեղավորությունը. «Ճիշտ է, ես Աշոտ Նաջարյանի եղբայրն եմ, բայց նրա գործունեության մասին տեղյակ չեմ եղել: Ոչ էլ աջակցել եմ ինչ-որ բանով»: 

Քանի որ հանցագործությունները կատարվել են 1998-2003թթ, ապա մեղավորների պատժաչափը որոշելիս դատարանը պետք է առաջնորդվեր նախկին Քրեական օրենսգրքով: Իսկ նախկին Քրեական օրենսգրքում մարդկանց առեւտրին՝ թրաֆիկինգին (այս դեպքում՝ սեռական շահագործմանը) վերաբերող հոդված չկա: 

«Ամբաստանյալները հիմնականում պատժվում են ՀՀ Քրեական օրենսգրքի 262 հոդվածով, որը վերաբերում է կավատությանը: «Անգամ եթե նախկին օրենսգրքում թրաֆիկինգի վերաբերյալ հոդված լիներ, մենք այն չէինք կարողանա կիրառել: Այս դեպքում մարդկանց առեւտուր չի եղել: Բոլոր կանայք մարմնավաճառներ են եղել ու իմացել են, թե ուր եւ ինչի համար են գնում»,-ասում է դատախազ Արա Ամիրզադյանը: 

Իսկ Եվրախորհրդի Թրաֆիկինգի հանձնաժողովի փոխնախագահ Գյուլնարա Շահինյանի հավաստմամբ՝ այս գործով տուժածները հենց թրաֆիկինգի զոհեր են: «Սեռական շահագործումը թրաֆիկինգի՝ մարդկանց առեւտրի դրսեւորումներից մեկն է։ Այլ հարց է, որ մեր իրավապահները լավ չեն պատկերացնում այս երեւույթն ու ամեն ինչին անլուրջ են մոտենում»,-ասում է Գ. Շահինյանը։ 

2004թ. օգոստոսի 25-ին դատաքննությունն ավարտվեց եւ կայացվեց դատավճիռը. Ամալյա Մնացականյանը դատապարտվեց երկու տարի, Աշոտ Նաջարյանը՝ մեկ տարի, Արտակ Սիմոնյանը՝ 10 ամիս ժամկետով ազատազրկման: Ամբաստանյալներ Արուսյակ Գեւորգյանի ու Հրանտ Նաջարյանի նկատմամբ կիրառվեց պայմանական ազատազրկումը: Ա. Գեւորգյանը կանցնի 2 տարվա փորձաշրջան, իսկ Հ. Նաջարյանը՝ 1 տարվա փորձաշրջան: 

Այս դատավճռով «մայր» կավատը դատապարտվեց ազատազրկման ընդամենը երկու տարի ժամկետով: Իսկ դա նշանակում է, որ մի քանի ամիս անց նա նորից կհայտնվի ազատության մեջ եւ կշարունակի նախկին գործը, ինչպես մեկ անգամ արդեն եղել է:

 

Մեկնաբանություններ (1)

Andranik
Dubai kyanken lrev sute. Serele khapvac hay aghjekner, chvakhenak yrbek. yes orenken shat lav getem havatacek ents yev harcrek voryve eravabanec. Ovker vor erok khapvacen sut khostumnerov yev sut ashkhatankov karoghen eranc pashpanel yev voj me orenk che datapartelu erenc, ays orenken bolor yrkernerumel nuynne. Ayd mamarozanere surje mej kam hyute mej knelu degh acek, yrb nrank knecen duk tser passporten yev gumaren vercrek yev pakhchek depe Hayastan, sa amenec lav tarberakne azatvelu hamar ayd anasunere tserkec, mek vakhena kaj yghek yev heshek Astcun, yes vstaem vor duk kazatvek ayd tagardec. Uresh tarberak chunek yte uzumek Hayrenek veradarnak tser yrekhanere yev untaneke mot. Khndrumem kaj yghek chvakhenak, Astvac tsez pahapan.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter