HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հակոբ Հակոբյանի որդին պետական միջոցներով գնված գյուղտեխնիկան պահում է իր ընկերության պահեստում

Վերահսկիչ պալատը հերթական բացահայտումն է արել, որը վերաբերում է գյուղտեխնիկայի կայանի ստեղծման ծրագրին:  Ձեռք են բերվել տրակտորների հզորության գութաններ, որոնք պահվում են  պատգամավորի որդու ղեկավարած մեկ այլ ընկերության պահեստում:

Գյուղտեխնիկայի կայանի ստեղծման պիլոտային ծրագրի նպատակը ներդրված ֆինանսական միջոցների վերադարձման արդյունքում գյուղտեխնիկայի նոր կայանների ստեղծումն է: Կառավարությունը ծրագրի մեկնարկն ազդարարեց 2017թ. մարտի 30-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման մասին» թիվ 342-Ն որոշումով: Ըստ այդմ, գյուղատնտեսական աշխատանքների մեքենայացման մակարդակի բարձրացման նպատակով նախատեսվել է պետության կողմից տրամադրել մինչև 700 մլն դրամ: Ծրագրի ֆինանսական աղբյուրը պահուստային ֆոնդն է, իսկ կատարման ժամկետ է սահմանվել 2017-2021թթ.:

Ներկայացվել են գյուղատնտեսական տեխնիկայի կայանի կազմակերպման 4 առաջարկներ՝ քաղաքացի Ս. Այվազյանի, «Նաիրիի բերրիություն», «Չինվան» և «ԻԴԱՍ» ՍՊԸ-ների կողմից:

Գնահատող հանձնաժողովն ուսումնասիրության արդյունքում 2017թ. մայիսի 5-ին հավանության է արժանացրել «ԻԴԱՍ» ՍՊԸ-ի ծրագիրը, որին տրվել է դրական եզրակացություն: Ծրագիրը հավանության է արժանացել նաև կառավարության մայիսի 18-ի նիստում:

«Հետք»-ն արդեն գրել է, որ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդուն՝ Պարույր Հակոբյանին է պատկանում «Ինովեյթիվ ընդ դիվելոփդ ագրո սիսթեմս» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 40%-ը: Իսկ 60%-ի սեփականատերը երևանաբնակ Սերգեյ Խաչատրյանն է: Ընկերության կրճատ անվանումը, ըստ կանոնադրության, «ԻԴԱՍ» ՍՊԸ է: Ընկերությունն ունի ընդամենը 50 հազար դրամ կանոնադրական կապիտալ և ստեղծվել է ծրագիր ներկայացնելուց օրեր առաջ՝ 2017թ. ապրիլի 28-ին:

Վերահսկիչ պալատն ուսումնասիրել է «ԻԴԱՍ» ՍՊԸ-ի գործունեությունը: Պարզել է, որ ընկերությունը չի ունեցել գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման բավարար փորձառություն:

«ԻԴԱՍ» ընկերությունը պարտավորվել է ծրագիրն իրականացնել 6 հաջորդական փուլերով, որի արդյունքում մինչև 450 հազար հա մշակվող տարածքներում մեքենայացված ծառայությունների կիրառման մակարդակը պետք է հասցնել 90%-ի: Ըստ Վերահսկիչ պալատի ուսումնասիրության` ընկերությունը նախատեսել է ունենալ մինչև 1 մլն շահառու՝ ծրագրի սկզբնական փուլերում ծառայություններ մատուցելով Գեղարքունիքի, Արմավիրի և Շիրակի մարզերում, իսկ հետագայում՝ երկրի ամբողջ տարածքում:

Ծրագրի մեկնարկի համար նախատեսվել է ներգրավել մոտ 433 հազար դրամ միջին աշխատավարձով շուրջ 88 աշխատակից, երկրորդ տարում թիվը հասցնել 142-ի, իսկ 5-րդ տարում՝ 726-ի:

Ծրագրով նախատեսվել է ձեռք բերել 7 տրակտոր, 7 գութան, 4 գյուղատնտեսական մեքենա ցանքսի համար:

Վերահսկիչ պալատը պարզել է, որ 2017թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ փաստացի ծախսվել է 659 մլն 400 հազար դրամ, որից 23 մլն 800 հազար դրամը` «Սպեցմաշ» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի հիման վրա ձեռք բերված 7 գութանի համար: Իսկ 635 մլն 600 հազար դրամով «Նաս Ջեներալ Թրեյդինգ» ՍՊԸ-ից գնել է 7 տրակտոր: Ցանքսի համար նախատեսված 4 գյուղմեքենաներն այս տարվա հունվարի 12-ի դրությամբ ձեռք բերված չեն եղել:

Ստացվում է, որ մեկ տրակտորը գնել են  90 մլն 800 հազար դրամով: Ինչպես արձանագրել է Վերահսկիչ պալատը, բացակայում են Գյուղատնտեսության նախարարության համապատասխան ստորաբաժանման իրականացրած մոնիտորինգի արդյունքները՝ կապված նմանատիպ հզոր տրակտորների ձեռքբերման անհրաժեշտության հետ: Բացակայում են նաև նախարարության կողմից տեխնիկայի նպատակային շահագործման վերաբերյալ հսկողական մեխանիզմները:

«Հարկ է նշել, որ նմանատիպ տրակտորներն օգտագործվում են նաև շինարարության և ծանր արդյունաբերության մեջ»,- արձանագրել է Վերահսկիչ պալատը:

Ավելին, ստուգման արդյունքում պարզվել է, որ տրակտորների հզորությանը համապատասխան 7 գութանների ձեռքբերման համար չի իրականացվել շուկայի գների ուսումնասիրություն: Գութանները, այս տարվա հունվարի 12-ի դրությամբ, գտնվել են «Արփա-Սևան» ընկերության պահեստում:

Նշենք, որ Պարույր Հակոբյանը «Արփա-Սևան» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենն է, իսկ ընկերության սեփականատերերից է պատգամավորի հայրը՝ Հակոբ Հակոբյանը:

Պարույր Հակոբյանը շինարարական և այլ ոլորտներով զբաղվող 5 ընկերություններում բաժնետեր է:

Ըստ գյուղտեխնիկայի կայանի ստեղծման ծրագրի` տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցվելու է կազմակերպությանը 700 մլն դրամ արժեքի և մինչև 226 մլն դրամ հավելավճարի ամբողջական մարումից հետո: Իսկ մինչ ամբողջական գումարի մարումը, տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքը պատկանում է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին:

Վերահսկիչ պալատն արձանագրել է, որ կառավարության 2017թ. մայիսի 18-ի թիվ 516-Ն որոշումով «ԻԴԱՍ» ՍՊԸ-ն տեխնիկայի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերելու` հիմնադրամին վճարելով միայն պայմանագրի գումարը, որը կարող է տնօրինվել կանոնադրական նպատակներին համապատասխան: Ստուգող մարմինը փաստում է, որ սա հակասում է պիլոտային ծրագրի՝ վերադարձվող գումարով Հայաստանում գյուղտեխնիկայի այլ կայանների կազմակերպման նպատակին: Բացի այդ, կառավարության որոշման մեջ նշված չէ ծրագրի շահառուի կողմից ծրագրով նախատեսված ժամկետում մինչև 226 մլն դրամի չափով վճարվելիք հավելավճարի մասին:

Լուսանկարը՝ Պարույր Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (8)

Մոսես
Պողոսի հողը վարում էր հարեւան, Արշոն իր մաշված տրակտորով, բերքից հետո մի մեշոկ կարտոլ ստանալու պայմանով: Հիմա էս կարմրաթուշ ջահելը հաստատ մի չորս մեշոկի գին կուզի, փողն էլ գլխանց: Պողոսը չի տա ու էլի Արշոյին կխնդրի: Հակոբն էլ կտեսնի որ գործին խփող կա, օրենսդրական նախաձեռնություն կմտցնի ու Արշոներին ոնց որ պետք է, կհարկեն: Սրանք էլ ձեռ կքաշեն կիսաքանդ տրակտորներից ու - յալլա՜ ռուսաստան, թազա տրակտորներ քշելու իրենց համար! Պողոսն էլ կթքի ու վար ու ցանքը կթարգի! Հակոբենք էլ նվեր ստացած տրակտորները կամ կես գնով վրացիների վրա կծախեն, կամ էլ հանք քանդողներին: (Չգիտեմ, գուցե հենց դրա համար էլ բերել են, «գյուղացուն օգնելու» անունով?) Ասելիքս պարզ է - տրակտորը պիտի Պողոսին ու Արշոյին նվեր տրվեր, ոչ թե օրենսդիր Հակոբին: Այն այսպես միայն չարիք է բերելու գյուղացու ու գյուղատնտեսության գլխին - վստահ եղեք!
Վարդան
Այդ տրակտորների պատմությունը շարունակություն է ունեցել: Գյուղատնտեսության նախարարությունը միտումնավոր չի ընդունել դրանք, քանի որ իրենց նախընտրած ընկերությունը չհաղթեց մրցույթը:
Լավրենտ
ուտենք մենք, փողերն ուտեն իրենք...
Սերոժ
գյուղ նախարարությունը նոր մրցույթ է սկսել տրակտորների ձեռքբերման համար, Իդաս ՍՊԸ-ին հարմարեցրած պարամետրերով
4 - in
Չէ, նա ճոյիտ Հակոբն էր, որ Դուբայում կուրտկա էր թռցրել, իսկ սա ինչքան գիտեմ թունելի Հակոբն է, սա ավելի լուրջ բաներ է թռցնում, բայց ըստեղից:
Վարդան
Առանց նախարարության թողտվության էսպիսի բաներ չի լինում
Մարտիկ
Սա էն նույն Հակոբ Հակոբյանն է՞, որ ցեղասպանության մասին խայտառակ ֆիլմ էր նկարել
Վիթխար
Մոսես ջան, բա սրանք չարիքի օֆիսից են...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter