HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սփյուռքահայ բարերարները հիասթափված են Հայաստանից

Քերոլայն եւ Ջորջ Նաջարյաններին Հայաստանում շատերը գիտեն: 1988թ. երկրաշարժից հետո բոստոնաբնակ ամուսինները սկսեցին բարեգործական ծրագրեր իրականացնել Հայաստանում: Այս տարվա սեպտեմբերին Քերոլայն Նաջարյանը Հայաստանում էր: Մեկ շաբաթ առաջ խմբագրությունը ստացավ բարերաների այս նամակը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

Հարգելի խմբագիր. 

Վերջին շաբաթվա ընթացքում նախագահ Ռոբերտ Քոչարյանի` կոռուպցիայի հարցերով խորհրդական Բագրատ Եսայանն այցելել էր ԱՄՆ եւ հանդիպումներ էր ունեցել տեղի ամերիկահայ համայնքի ներկայացուցիչների հետ: Ցավոք, մեզ չհաջողվեց հանդիպել իր հետ: Եթե հանդիպումը կայանար, ապա մենք նրան կպատմեինք այն տխուր, բայց իրական փորձի մասին, որը մենք ունեցանք Հայաստանի օրենսդրական համակարգում վերջին տարիների ընթացքում: 

Նախ եւ առաջ, մի քանի բառ մեր մասին. մեր մարդասիրական աշխաանքը Հայաստանում եւ Արցախում շարունակվում է արդեն 16 տարի: Մեր ծրագրերը սկսվեցին երկրաշարժից եւ Արցախյան ազատագրական շարժման առաջին օրերից եւ շարունակվում են մինչ օրս: Այդ ընթացքում 50-ից ավելի այցելություն ենք կատարել Հայաստան, միլիոնավոր դոլարների բուժօգնություն ենք տրամադրել թե՛ Հայաստանին, թե՛ Արցախին, հիմնադրել ենք Առաջին օգնության կենտրոն Գյումրիում (1994) եւ հղի կանանց «Արփեն» կենտրոնը Արցախում, կատարել ենք հիվանդանոցների վերանորոգում, ինչպես նաեւ` շատ այլ աշխատանքներ, որոնց մեջ է 4-դ դարի Ծիծեռնակավան բազիլիկի (Լաչինում) վերականգնումը, օգնությունը գյուղացիներին, հաշմանդամներին, վետերաններին, ծնողազուրկ երեխաներին եւ դպրոցներին: Սա այն դեպքն է, երբ պատմությունը ինքն է իր մասին խոսում: Մեր աշխատանքը իրականացվել է «Հայկական Առողջապահական Դաշինք» կազմակերպության եւ իր աջակիցների միջոցով, ինչպես նաեւ` մեր անձնական գումարների հաշվին: 

Սփյուռքին արված Հայաստանի կառավարության` ներդնումներ կատարելու կոչերին ի պատասխան, Ջորջը ծրագիր ձեռնարկեց մի երիտասարդ մարդու հետ, ում նա հանդիպել էր երկրաշարժից հետո եւ ում հետ հետագայում ընկերացավ: (Մենք նույնիսկ բերեցինք այդ «ընկերոջը» Բոստոն եւ բուժեցինք նրան չբերությունից մեր հաշվին. այժմ նա ունի երկու երեխա մեր շնորհիվ): 1996 թ.-ին, երկար ժամանակ Ջորջին գործ սկսելու համոզելուց հետո, նրանք բացեցին ֆոտո խանութ` որպես գործընկերներ: Նա աշխատում էր, իսկ Ջորջը վճարում էր ամեն ինչի համար: Նա Ջորջին ներկայացրեց նաեւ այլ մարդկանց, որոնք ունեին գործնական առաջարկներ: Այդ առաջարկներից մեկի արդյունքում մենք գնեցինք երկու հողատարածք Ձորագյուղում, որոնցից հրաշալի տեսարան էր բացվում Արարատի վրա: Այդ ամբողջ ժամանակի ընթացքում այդ «ընկերը» իրեն դրսեւորում էր որպես ազնիվ մարդ, որը շնորհակալ է Ջորջին օգնության համար եւ փորձում է ամեն կերպ վերջինիս օգտակար լինել: Մեզ մոտ երբեք ոչ մի պատճառ չի եղել որեւէ կասկած ունենալու նրա վերաբերյալ: 

Նշված երկու հողատարածքները գնելու գործարքում այդ «ընկերը» Ջորջի ներկայացուցիչն էր, ո՛ չ գործընկերը: Այսպիսով, նա ուներ իրավաբանական լիազորություն գործելու Ջորջի անունից վերջինիս բացակայության ժամանակ: Այսուամենայնիվ, նա օգտագործեց այդ լիազորությունը` խարդախությամբ տիրանալու այդ հողատարածքներին եւ երկու շենքերին, որոնք մենք այնտեղ կառուցել էինք` զրկելով մեզ մեր ներդրած ունեցվածքից: Երբ մենք հասկացանք, թե ինչ է կատարվել, փորձեցինք բանակցել իր հետ մեր ունեցվածքը վերադարձնելու եւ դատական գործից խուսափելու նպատակով: Մեր փորձերը հաջողություն չունեցան` չնայած փոխարենը առաջարկում էինք բավական մեծ գումարներ: Չունենալով այլ ելք եւ հենվելով տեղական իրավաբան փորձագետների խորհրդի վրա` մենք հարուցեցինք դատական գործ նրա դեմ նախ Երեւանի քաղաքային դատախազությունում (2003-ի սեպտեմբեր), իսկ ավելի ուշ` Հայաստանի գլխավոր դատախազությունում (2004-ի մարտ): 

Մենք կարծում էինք, որ դատական փաստերը ակնհայտ են, եւ ընդամենը պետք էր գործը սկսել, ընդունել որոշում ու գործը փակել` հաշվի առնելով առկա վկայությունները, բանկային փաստաթղթերը, ստացականները եւ այլն: Մենք չէինք սպասում, որ մեր «ընկերը» կդիմի կառավարությունում մեծ կապեր ունեցող մարդկանց, որոնք գործի կդնեն կաշառքներ եւ այլ հնարավոր միջոցներ, ինչպիսիք են վկաներին վախեցնելը եւ կյանքին սպառնալը: 2003-ի դեկտեմբերին երկար, բայց մակերեսային հետաքննությունից հետո, Երեւանի քաղաքային դատախազությունը հրաժարվեց գործից եւ մեզ ուղարկեց քաղաքացիական դատարան: (Մենք կասկածներ ունեինք, որ դատախազին կաշառել են, բայց չէինք կարող դա ապացուցել): Բողոքարկման արդյունքում գործը վերաբացվեց Գլխավոր դատախազության մակարդակով: Այս անգամ դատախազները ընդունեցին, որ մենք խարդախության զոհեր ենք: Նրանք նաեւ գտան, որ «ընկերը» մեղավոր էր հարկերից խուսափելու հարցում: Փորձեր կատարվեցին ձախողել դատաքննությունը այս փուլում, սակայն դրանք տապալվեցին: Երեւանի քաղաքային դատախազը, որը նախկինում փակել էր գործը, Գլխավոր դատախազի գրասենյակում Ջորջի ներկայությամբ խոստովանեց, որ սխալվել է այն փակելով, իսկ Գլխավոր դատախազը նշեց, որ ապացույցները չափազանց ակնհայտ են գործը փակելու համար եւ այն ուղարկեց հաջորդ` քրեական ատյան, որտեղ ապացույցները պետք է հավաքվեին դատավարության համար: 

Նշանակվեցին երկու քննիչ ապացույցները դատավարության համար պատրաստելու համար: Նրանք վկաներին կանչեցին եւ ժամերով հարցաքննեցին, Ջորջը վերադարձավ Հայաստան վկայություն տալու նպատակով` այս անգամ մոտ 40 ժամով, եւ մեր կողմից երրորդ անգամ տրամադրվեցին փաստաթղթեր: Կրկին հետաքննությունը տեւեց ամիսներ եւ, չնայած մեր իրավացիությունը ապացուցող սարի չափ ապացույցների եւ հակառակ կողմի թույլ փաստարկների, երկու քննիչները փակեցին գործը: Իրենց որոշումը հիմնված էր անհիմն, աղավաղված կամ կարեւոր ապացույցները բաց թողած եւ ակնհայտորեն կեղծված փաստերի վրա: Մեզ կրկին ուղարկեցին քաղաքացիական դատարան: Համաձայն մեր տեղեկությունների` այդ քննիչները հետեւում էին կառավարության որոշ անդամների ցուցումներին, որոնք «ստանձնել էին» այդ հողատարածքները մեզանից օտարողի պաշտպանությունը: 

Հայաստանի նշանավոր իրավաբանները, ներառյալ կառավարական փորձագետները, մեզ վստահեցրել են, որ սա խարդախության քրեական  գործ է, որը պատժվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Նման գործեր լիովին լուծվել են գյխավոր դատախազության կողմից նույնիսկ ավելի քիչ ապացույցներ ունենալու պարագայում: Մեզ քաղաքացիական դատարան ուղարկելու փորձը պարզապես գործը լիովին ոչնչացնելու փորձ է: Համաձայն Հայաստանի օրենսդրության` մենք հիմա ունենք քրեական գործ, քանի որ կողմերի միջեւ չկա համագործակցության համաձայնագիր. մենք գործընկերներ չէինք այդ «ընկերոջ» հետ: 

Մենք ցավով փաստում ենք, որ չհանդիպեցինք օբյեկտիվ, արդարացի արդարադատության Հայաստանում: Փոխարենը` մենք հանդիպեցինք կեղծիքներով եւ կոռուպցիայով լի մի համակարգի, որը կուլ է տալիս նույիսկ յուրայիններին, երբ նրանք փորձում են հակադրվել: Վերջին մեկ տարվա ընթացքում բացի մեր բողոքարկումներից, շատ ուրիշներ, որոնց մեջ են բարձրաստիճան հայ պաշտոնյաներ, արդար եւ անաչառ դատավարության կոչերով բազմիցս դիմել են դատական համակարգի ներկայացուցիչներին, այդ թվում նաեւ անձամբ Ռոբերտ Քոչարյանին: Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանությունը լիովին տեղյակ է այս գործին, ինչպես նաեւ` մի շարք ամերիկյան կոնգրեսականներ, որոնք նամակներ են գրել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանին` մտահոգություն արտահայտելով գործի վարման կապակցությամբ, նշելով, որ դատական գործընթացները պետք է լինեն բաց եւ արդար, այլապես ներդնողները կմտահոգվեն Հայաստանում ներդրումներ կատարելու կապակցությամբ: 

Անհնար է արտահայտել այն ամենը, ինչի միջով մենք անցանք վերջին տարվա ընթացքում: Պարզվում է, որ օրինական գործընթացները եւ իրավունքների ու ներդնումների պաշտպանությունը դեռ չյուրացված գաղափարներ են Հայաստանի կառավարության համար: Որքանով մենք հասկացանք, շատ այլ սփյուռքահայեր են ունեցել նման խնդիրներ եւ արժանացել են նման վերաբերմունքի: Մենք հուսով ենք, որ հանրայնացնելով մեր գործը` մենք կառաջացնենք պատրաստակամություն` քննարկելու այս կարեւորագույն հարցերը, եւ Հայաստանի կառավարությունը քայլեր կձեռնարկի կոռուպցիայից մաքրվելու ուղղությամբ. դատական համակարգը չպետք է ծառայի որպես իշխանավորների հարստությունը պահպանող երաշխիք: Սա երկիր կառուցելու ճանապարհ չէ: 

Հարգելի խմբագիր, ահա թե ինչ մենք կասեինք պարոն Եսայանին, եթե նրան հանդիպեինք: Այս նամակը գրելը շատ ծանր քայլ է մեզ համար, որը մենք անում ենք մեծ դժվարությամբ` մեկ տարի արդար դատավարության համար պայքարից հետո: Չնայած մենք դեռ բողոքարկման գործընթացի մեջ ենք` մենք հասկանում ենք, որ մեր սեփականությունը, ներառյալ այն տարածքը, որտեղ մենք պատրաստվում էինք անցկացնել ծերությունը թոշակի անցնելուց հետո, մեզանից խլվել է: Ցավոք, դուք չեք տեսնում այն արտասուքները, որոնք մենք թափել ենք` գիտակցելով, որ հնարավոր է, որ մենք երբեք էլ չենք կարողանա վերադառնալ Հայաստան` ապրելու եւ շարունակելու մեր աշխատանքը, եւ հասկանալով, որ ոչ միայն մեր սեփականությունն են օտարել մեզանից, բայց նաեւ օտարացրել են մեզ` մարդկանց, որոնք սիրում էին Հայաստանը եւ աշխատում էին ի շահ Հայաստանի եւ իր ժողովրդի` հրամցնելով այդքան անարդար վերաբերմունք: Մեր ցավը չափազանց խորն է: 

Ջորջ եւ Քերոլայն Նաջարյաններ

 Email: [email protected] 

Սեպտեմբերի 16-ին Երեւանում մեր հանդիպման ժամանակ Քերոլայն Նաջարյանը մանրամասն ներկայացրեց, թե ինչպես են Հայաստանում յուրացրել իրենց կատարած ներդրումները: Ք. Նաջարյանն այստեղ գտնվելու օրերին հանդիպել է գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն որեւէ մեկը չի փորձել օգնել նրան: «Ես այլեւս Հայաստան չեմ գա»,-արտասվելով ասաց Քերոլայնը: 

Նոյեմբերի 25-ին այս գործով Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքերի առաջին ատյանի դատարանում սկսվել է դատավարություն: Քերոլայն եւ Ջորջ Նաջարյանները դիմել էին դատախազություն` խարդախության փաստով քրեական գործ հարուցելու համար: Ամիսներ կատարած քննությունից հետո դատախազությունը կայացրել է քրեական գործ չհարուցելու մասին որոշում: Դատական նիստում ամերիկահայ բարերարների ներկայացուցիչները բողոքարկում են ՀՀ դատախազության քննիչի որոշումը: «Հետքը» առաջիկա համարներում կներկայացնի այս պատմությունը: 

Էդիկ Բաղդասարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter