HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Լճաշենի «Մի կաթիլ մեղրը»

Նոյեմբերի 6-ի երեկոյան Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղի մոտակայքում գտնվող «Կաշառներ» հանդամասում ծեծի ենթարկված եզդի Քյարամ Ավդալյանը նույն օրը մահացավ: Գեղարքունիքի մարզի դատախազությունը քրեական գործ հարուցեց, գտավ մեղավորին եւ կալանքի տակ վերցրեց: Այս դեպքն այդպես էլ անաղմուկ կանցներ, եթե Ավդալյանի հարազատները բավականին բուռն չբողոքեին «սխալ» հանցագործին կալանավորելու համար:

Քյարամ Ավդալյանի զոհվելուց մեկ ամիս անց` դեկտեմբերի 7-ին, նրա ընտանիքի անդամներն ու ազգականները ցույց կազմակերպեցին ՀՀ նախագահի նստավայրի առջեւ՝ պահանջելով ազատ արձակել «անմեղ մարդուն, ում նստեցրել են դիտավորյալ», եւ ձերբակալել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի գյուղապետին, ով, ըստ նրանց, հենց մեղավոր էր Քյարամի սպանության մեջ:

Ըստ ցուցարար եզդիների՝ Քյարամին դաժանաբար ծեծողը եղել է Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը իր վեց կողմնակիցների հետ: Սա եզդիները հիմնավորում են դիահերձմանը ներկա գտնված իրենց երկու ազգակիցների պատմածով: Ըստ այդմ՝ դիակի վրա ակնհայտ երեւացել են հարվածի հետքեր, մի քանի կողոսկր ջարդված, իսկ ուղեղն ու ներքին օրգանները լերդացած արյան մեջ են եղել: «Մի հոգու ծեծը ըսենց հետեւանք չէր ունենա»,- ասում է մահացածի եղբայրը: Մյուս կողմից, ըստ նրա, առանց գյուղապետի մասնակցության ոչ ոք չէր հանդգնի գնալ նման «դաժան մարդասպանության», առավել եւս՝ նախրապանը:

Քյարամի 67-ամյա մայր Գյուլիզարը, հոգնելով ցույցի անարդյունավետությունից, հանկարծակի բենզին լցրեց իր եւ իր երեք թոռների (զոհվածի որդիների` 16-ամյա երկվորյակներ Սուրենի եւ Ռոմիկի, եւ եղբորորդի 12-ամյա Արմենի) վրա ու հրկիզեց: Տուժածները երկրորդ եւ երրորդ կարգի այրվածքներով տեղափոխվեցին հիվանդանոց, իսկ Ավդալյանների պատմությունը հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում:

«Մինչեւ արյուն չթափվի, էս հարցը չի լուծվի»,- համոզված է դաժան ծեծի պատճառով մահացած Քյարամ Ավդալյանի եղբայրը՝ Ագիթը: Ըստ նրա՝ հստակ իմանալով, թե ովքեր են իրական հանցագործները, Գեղարքունիքի դատախազությունը կալանավորել է «Լճաշենի գյուղապետի կողմից կաշառված եւ հանցանքն իր վրա վերցրած 70-ամյա ծերունի նախրապանին»՝ Ավետիք Մարգարյանին:

«Ես որ զանգեցի ախպորս, դու մի ասա՝ էդ վախտ իրան արդեն խփել էին. հազիվ էր խոսում: Ասեց՝ Լճաշենի գյուղապետը իրա մարդկանցով էկավ, ինձ ջարդեց: Շուտ հասի, ինձի փրկի»,- պատմում է Ագիթը եւ նշում, որ հեռախոսազրույցից 5-6 րոպե անց եղբայրը մահացել է:

«Էդ մեռած մարդու անունից արդեն ինչ ասես` հորինել են»,- զայրացած ասում է բանտարկված Ավետիք Մարգարյանի որդին՝ Սոսը, եւ շեշտում, որ իր հայրը ոչ թե 70, այլ 50 տարեկան է: «Հերս Քյարամին հենց ընենց չի խփել: Եզդու սուրուն (հոտը) ոչնչացրել ա գյուղի մոտ 30 հա մշակովի ցանքատարածություն՝ մոտ 100 տնտեսության ունեցվածք: Մեր երկու արտերն էլ ավերվել են, ու էդքանից հետո Քյարամը հորս, ոչխարը դաշտից քշելու համար, ծեծել ա»,- ասում է Սոսը:

Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, ազգությամբ եզդի 42-ամյա Քյարամ Ավդալյանը բազմանդամ ընտանիքով ժամանակավորապես ապրել է Վարսեր գյուղի (Գեղարքունիքի մարզ) «Կաշառներ» հանդամասում խփած վրաններում: Ագիթի պատմելով՝ նոյեմբերի 6-ին նրա ոչխարի հոտը մտել է լճաշենցի հովիվ Ավետիք Մարգարյանի դաշտը: Վերջինս էլ, որպես վնասի փոխհատուցում, քշել-տարել է ամբողջ հոտը՝ մոտ 850 ոչխար: Երեխաները զանգել են Հրազդան մեկնած հորը՝ Քյարամին, ու պատմել եղելությունը: Բայց մինչ նրա գալը ընտանիքի կանանց հաջողվել է «խնդրանք-աղաչանքով» հետ բերել ոչխարները:

«Ախպերս գալիս ա, Վարսեր գյուղից հայ ընկերոջ՝ Օնիկի ու նրա թոռան հետ գնում ա՝ պարզի, թե խի՞ ա նախրապանը անասունը տարել, ու որ ըտենց բան էլ չանի, էլի»,- պատմում է Ագիթը եւ ընդգծում, որ երբ Ավետիքին հանդիպել են, Քյարամի համար անսպասելի Օնիկի 17-ամյա թոռը՝ Էմինը, բռունցքով հարվածել է նրան ու հոնքը պատռել: «Ախպերս չի ուզել՝ կռիվ լինի. ինքը նախրապանից ներողություն ա խնդրել, ավտոյում ունեցած ջրով էրեսն ա լվացել»,- ասում է Ագիթը ` միաժամանակ նշելով, որ այս ամենի մասին Քյարամն անձամբ է սրտնեղած պատմել հարազատներին, երբ պապ ու թոռանը տուն տանելուց հետո վերադարձել է վրան:

«Սուտ ա. ամուսինս` դեմքը այլանդակված, ատամները՝ ջարդված, արնաշաղախ էկավ տուն, պատմեց, որ եզդին ա իրան ծեծել,- ասում է Ավետիքի կինը՝ Արեգնազ Խաչատրյանը,- եթե եզդին առաջինը չխփեր, նա կյանքում ըտենց բան չէր անի: Հիմա կռվել են, խփել ա, դժբախտություն ա պատահել՝ եզդին մահացել ա, բայց ամուսինս պատիժը կրում ա. բան չունեմ ասելու: Ախր նույն ձեւով կարող ա իմ ամուսինն էր մահանում, չէ՞,- հարց է տալիս նախրապան Ավետիք Մարգարյանի կինը` Ա. Խաչատրյանը, եւ հավելում,- ես էլ հանեի իմ էրեխեքին վառեի՞...»:

Ավետիք Մարգարյանի հետ տեղի ունեցած միջադեպից որոշ ժամանակ անց, երբ Քյարամն արդեն վերադարձել էր վրան, նրան զանգել է Օնիկը եւ ասել, թե «Լճաշենի գյուղապետն էր զանգել, տեղդ էր հարցնում: Հիմա երկու ավտոյով քեզ ա փնտրում, որ սպանի: Շուտ փախի կամ հորդ տուն, կամ արի իմ տուն»:

Քյարամը չի հասցրել փախչել. վրանից մոտ 700 մ հեռավորության վրա նրա «Նիվայի» առաջը կտրել են լճաշենցիները: Գյուղապետը, Քյարամի շորից քաշելով, նրան իջեցրել է մեքենայից, հարվածել-գցել գետնին ու համագյուղացիների հետ ոտքերով դաժանաբար ծեծել: Քյարամին ինչ-որ կերպ հաջողվել է փախչել ու քարերի արանքում թաքնվել: Լճաշենցիներն էլ մոտեցել են վրաններին, կանանց ու երեխաներին հայհոյել, սպառնացել, իսկ հեռանալուց առաջ գյուղապետն ասել է. «Մենք մեր արածը արեցինք»:

Լճաշենի գյուղապետ Կորյուն Մարգարյանը վերը նկարագրվածը «բացարձակ հերյուրանք» է համարում: Նրա պատմելով՝ ինքը ոչ մի Օնիկ չի ճանաչում ու, բնականաբար, չէր կարող զանգել նրան:

«Այդ չարաբաստիկ օրը ծեծված Ավետիքը երկու անասնապահների հետ եկավ գյուղապետարան ու մանրամասն պատմեց կատարվածի մասին: Անմիջապես կանչեցի հողաշինարարին, որ քարտեզով հստակ պարզեինք, թե եզդիների հոտը մինչեւ ուր էր ցանքատարածությունները փչացրել: Յոթ հոգով (ես, հողաշինարարը, երեք հովիվները, մեկ արտատեր ու վարորդը) երկու մեքենայով գնացինք եզդիների մոտ: Վրաններ չհասած՝ հանդիպեցինք սպիտակ «Նիվայի»: Ավետիքը ճանաչեց Քյարամին ու նրան կանգնեցրինք: Ավետիքը վազեց Քյարամի կողմը ու մի երկու հատ խփեց: Ես արագ քաշեցի նրան մի կողմ, իսկ եզդին փախավ: Էս քաշքշուկը տեւել է 15-20 վայրկյան: Թե խի՞ եզդին փախավ, չգիտեմ: Երեւի մտածեց՝ եկել ենք Ավետիքի վրեժը լուծելու: Իսկ նրա ստացած ծանր վնասվածքների մասին ոչինչ ասել չեմ կարող: Խոսակցություններ կան, որ նույն վիճաբանությունը նա ունեցել է նաեւ եզդիների հետ, թե խի՞ ես հոտդ լցնում մարդկանց արտի մեջ: Եթե մենք իրականում նրան ծեծած լինեինք, ինչպես ասում են, էլ ու՞ր էինք գնում վրաններ՝ մեզ ցույց տալո՞ւ,- զարմանում է գյուղապետն ու ավելացնում,- վրաններում միայն կանայք ու երեխաներ էին: Շատ քաղաքավարի բացատրեցինք, որ իրենց ոչխարները բավականին վնաս են հասցրել մեր գյուղացիներին: Ասացին՝ տղամարդիկ գնացել են Վարսեր, հենց գան, կգան Լճաշեն՝ տույժ-տուգանքների հարցը քննարկելու»:

«Ես էստեղ եմ ներկայացել որպես Լճաշենի գյուղապետ Մարգարյան Կորյուն : Ինձ չէին էլ ճանաչում: Բայց հիմա անունս բերաններից չի իջնում, ու ինձ դարձրել են հանցագործ,- ասում է Կ. Մարգարյանը ու շեշտում,- իրենք դիտավորյալ նպատակ ունեն, ու սրա մասին բոլորն էլ գիտեն: Ուղղակի մի հատ լավ թամադա ու քավոր ունեն, որ լավ դիրիժոր էլ է ու ըսենց լավ սցենար է կազմել... Արդար դատավարության համար կպահանջեին, թե ինչ ցուցմունքներ են տրվել, գործն ինչ ընթացքում է, ոչ թե հենց երկրորդ օրը (նոյեմբերի 7-ին) կբողոքեին, թե գյուղապետը ինչու նստած չէ: Եթե Մարգարյան Կորյունը նստած լիներ, դա արդար կլիներ, չէ՞: Այ, դա հենց էն սցենարն է, որ իրենց լավ պապան է սարքել: Էդ է սարքել, որ ասեն՝ Կորյունն ա, որ Կորյունից պահանջեն, թե չէ՝ խեղճ նախրապանից ի՞նչ ուզեն, նա ի՞նչ ունի... »:

(Ակնարկը վերաբերում է Հայաստանի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանին- հեղ.):

«Եզդիների համար գյուղապետը չաղ թիքա ա, լավ կտոր ա»,- այսպես է բացատրում գյուղապետի դեմ ուղղված բողոքի ալիքը ձերբակալված Ավետիք Մարգարյանի ազգականներից մեկը:

Գյուղապետ Կ. Մարգարյանն ասում է, որ իրենք դրամական օգնություն են առաջարկել Ավդալյաններին. «Բանակցություններ են սկսվել: Մեր կողմից գնացել, ասել են, որ պատրաստ ենք փոխհատուցում տալ: Նրանք շատ մեծ թիվ են պահանջել, հետո կանգնել են 50 000 դոլարի վրա: Իրենք մեզ ասել են, որ 20 000 մենակ թաղման օրն են ծախսել: Ամեն օր նրանց խնդրանքով ենք մոտենում, ասում ենք, որ էդ հնարավորությունը չունենք, կարող ենք 15000 տալ, բայց իրենց «պապայի» հետ խորհրդակցելուց հետո մեր առաջարկը նորից մերժում են: Ասում են՝ մինչեւ 50.000-ը չստանանք, անընդհատ քայլեր ենք անելու: Էդ իրենց պայմաններին ոչ թե չես ուզում գնաս, իրենց դժբախտությունն էնքան մեծ է, որ փողով չի չափվի, այլ չես կարում տաս, ի՞նչ անես... »:

Ագիթ Ավդալյանն ասում է, որ լճաշենցիներն իրենց ոչ մի փոխհատուցում, օգնություն չեն առաջարկել, այնինչ միայն թաղման համար իր ընտանիքը ծախսել է 20.000 դոլար:

«Դժբախտություն է պատահել, այո, բայց ո՞նց կարելի է բենզինը լցնել քո էրեխու վրա, վառել... Ասում է` եթե 50.000 տաս՝ տաս, չէ՝ ինչ ուզեմ, կանեմ... Հա, բայց որտեղի՞ց տամ, չունեմ»,- հարցնում է Կորյուն Մարգարյանը:

Ամենից շատ այրվել է սպանվածի մոր` Գյուլիզարի մարմինը: Հերթապահ բժշկի խոսքով` վաղ է խոսել նրանց ոչ միայն վերականգնման (երկվորյակների դեմքն ամբողջովին այրված է), այլեւ ողջ մնալու մասին: Պարզվում է` երկվորյակներն ունեն նաեւ բրուցելյոզ, եւ դա ծանրացնում է նրանց վիճակը:

Գյուլիզարի դեմքին չկա զղջման ոչ մի նշան: Նա նույնիսկ սպառնում է նորից կրկնել հրկիզման փորձը, եթե այն անարդյունավետ լինի: Նրա արարքը, թերեւս, տվել է այն արդյունքը, որին ձգտում էին Ավդալյանները. ինքնահրկիզման օրը` դեկտեմբերի 7-ին, գործը տեղափոխվել է ՀՀ գլխավոր դատախազություն:

Արարատ ԴավթյանՎահե Սարուխանյան, Հասմիկ Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter