HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

ՊԵԿ-ի «աղջկա» այցի հետևանքները. նորաբաց փոքր բիզնեսը կարող է փակվել, և 6 հոգի գործազուրկ դառնալ

Դեկտեմբերի 22-ին «Ժասմին» գեղեցկության սրահի աշխատակից Գայանե Հարությունյանը մերսել է հաճախորդ աղջկա աչքերի հատվածը, հարդարել հոնքերը և ամանորի զեղչ արել՝ ամբողջի համար պահանջելով 1000 դրամ: Աղջիկը հերթագրվել է նաև դեկտեմբերի 29-ին գալու համար: Երբ Գայանեն հաճախորդին առաջարկել է տալ ՀԴՄ կտրոն, վերջինն ասել է՝ «պետք չի, ես 29-ին գալու եմ», նայել է հայելու մեջ ու հեռացել: Քանի որ Գայանեի ձեռքերին կրեմ է եղել, նա որոշել է լվացվել, նոր տպել ՀԴՄ կտրոնը: Հենց Գայանեն լվացվել հետ է եկել, ներս է մտել հարկային 2 տեսուչ և արձանագրել ՀԴՄ կտրոնը չտրամադրելը, ինչը պատժվում է 150 հազար դրամ տուգանքով:

Գայանեն ասում է, որ եթե հենց սկզբում գլխի ընկեին, որ ներս մտնողները հարկային տեսուչներ են, արագ կտպեին ՀԴՄ կտրոնը: Իսկ գեղեցկության սրահի տնօրեն, անհատ ձեռներեց Հասմիկ Ավագյանը հավելում է, որ այդ աղջիկը մի քանի անգամ էլ էր եկել որպես սովորական հաճախորդ և վստահություն ձեռք բերել: Դեկտեմբերի 29-ին այդ «հաճախորդն» այլևս գեղեցկության սրահ չեկավ:

Համաձայն Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Քանաքեռ-Զեյթուն հարկային տեսչության (ՀՏ) դեկտեմբերի 29-ի N 2109869 ակտի՝ «Ժասմին» գեղեցկության սրահում ստուգումն իրականացրել են Քանաքեռ-Զեյթուն ՀՏ սոցիալական վճարների և եկամտահարկի հավաքագրումների և ստուգումների բաժնի գլխավոր հարկային տեսուչ Էդիկ Պապյանը, հարկային տեսուչներ Անդրանիկ Մկոյանը, Զավեն Ավանյանը, Սուրեն Ջեյրանյանը, իսկ «հաճախորդ աղջիկը» Արմինե Պետրոսյանն է:

Ակտում հարկային տեսուչները, մասնավորապես, գրել են. «…ժամը 13:51-ին ՀԴՄ-ից դուրս բերվեց «Z» հաշվետվություն՝ 10 դրամ ընդհանուր գումարով, որում ներառված չէր կատարված վճարման արժեքը: «Z» հաշվետվությունը դուրս բերելուց հետո ժամը 13:52-ին կատարված վճարման արժեքը՝ 1000 դրամը մուտքագրվեց ՀԴՄ, դուրս բերվեց կտրոն և ժամը 13:53-ին նորից դուրս բերվեց «Z» հաշվետվությունը՝ 1000 դրամ ընդհանուր գումարով: Ստուգմամբ պարզվեց, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 26.08.2004թ-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված ՀԴՄ շահագործման կանոնների 19-րդ կետի «բ» ենթակետի պահանջները: Արդյունքում տնտեսվարող սուբյեկտին «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով առաջադրվում է տուգանք 150000 դրամի չափով»:

Հարկային տեսուչները հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումը կատարել են՝ համաձայն ՊԵԿ-ի Քանաքեռ-Զեյթուն ՀՏ պետ Ռ.Մաշադյանի «8» դեկտեմբերի 2011թ. թիվ 2109869 հանձնարարագրի: Իսկ այդ հանձնարարգրում գրված է. «Ստուգման ժամկետը՝ մինչև 10 աշխատանքային օր»: Դեկտեմբերի 8-ից հաշված՝ «մինչև 10 աշխատանքային օրը» սպառվում է դեկտեմբերի 21-ին: Մինչդեռ հարկային տեսուչները ստուգումն իրականացրել են ժամկետի սպառվելուց հետո՝ դեկտեմբերի 22-ին՝ խախտելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը: Այդ կետը սահմանում է. «Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը:...»

Ավելին, Հասմիկ Ավագյանն ու սրահի աշխատակիցները պնդում են, որ Արմինե Պետրոսյանը, բացի դեկտեմբերի 22-ից, իրենց սրահի ծառայություններից օգտվել է նաև նոյեմբերին ու հոկտեմբերին, մինչդեռ հանձնարարագիրը տրվել է դեկտեմբերի 8-ին:

Ըստ դեկտեմբերի 8-ի այդ հանձնարարագրի և դեկտեմբերի 29-ի ակտի՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է 2011թ. մարտի 22-ը: Սակայն Հասմիկ Ավագյանը մարտի 22-ին ՀԴՄ չի ունեցել. նա ՀԴՄ սկսել է կիրառել շատ ավելի ուշ՝ հունիսի 12-ից, երբ գեղեցկության սրահը սկսել է գործել: Մարտի 22-ին նա նույնիսկ չի ունեցել հարկ վճարողի հաշվառման վկայական, որը ստացել է մարտի 28-ին: Իսկ անհատ ձեռներեցի ՀԴՄ գործարկման ակտը թվագրված է հունիսի 2-ով:

Հասմիկ Ավագյան

«Չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ, ինչքանով է սխալ, բայց շատերն են ասում, որ բյուջեն լցնելու համար հարկայինը միշտ տարվա վերջում էդպիսի բաներ է անում: Այսինքն՝ կարող է չեկը ես տպեի, ուրիշ պատճառ գտնեին, ասեին, որ պետք է տուգանենք»,- ասում է Հասմիկ Ավագյանը:

Հարկային տեսուչների այցի ժամանակ նա գեղեցկության սրահում չի եղել: Հենց տեսուչներն արձանագրել են ՀԴՄ կտրոն չտրամադրելը, աշխատողները զանգել են Հասմիկին, որ խոսի հարկային տեսուչներից Զավեն Ավանյանի հետ: Հասմիկի խոսքերով՝ ինքը Զավենին ասել է, որ նույնիսկ 20 հազար դրամի եկամուտ չունի, որ 150 հազար դրամ տուգանք վճարի, ինչին Զավեն Ավանյանը պատասխանել է, որ դրա համար եկեք Զեյթունի հարկայինի շենք, խոսենք:

«Իմ ամուսինը գնաց: Ինձ շատերը ասել էին՝ հարկայինին որ ճանաչես, կարող է էդ թեման փակեն: Բայց մենք էդ քայլին չենք դիմել, որովհետև՝ դուք արդար եք ձեր կարծիքով, մենք էլ ենք արդար»,- ասում է Հասմիկ Ավագյանը:

Խնդրի վերաբերյալ Զավեն Ավանյանի կարծիքն իմանալու և այն հրապարակելու նպատակով «Հետքը» զանգահարեց նրա բջջայինին: Զավեն Ավանյանը խոստացավ հարցերին պատասխանել 20 րոպեից, սակայն մեր հետագա 3 հեռախոսազանգին չպատասխանեց: Փորձեցինք նրա հետ կապվել քաղաքային հեռախոսահամարով, սակայն Քանաքեռ-Զեյթուն ՀՏ-ի տված քաղաքային հեռախոսահամարին ևս 2 անգամ ոչ ոք չպատասխանեց:

«Ժասմին» գեղեցկության սրահը սկսել է աշխատել 7 ամիս առաջ՝ 2011թ. հունիսի 12-ին: Հասմիկ Ավագյանը համոզված է, որ հարկայինի ստուգումների թիրախում հենց փոքր բիզնեսն է, որը նոր-նոր փորձում է ինչ-որ քայլեր անել: «Ես իմ գրպանը էս սալոնից դեռ 1000 դրամ չեմ վերցնում: Ես ափսոսում եմ գումար վերցնեմ օրական եղած 2000 դրամից: Երեկ 1000 դրամի գործ է եղել, դուք կհավատա՞ք, թե՞ չէ: Կարող է և հարկայինը չհավատա»,- ասում է Հասմիկը:

Նա նշում է, որ պետբյուջե է մուծվում ՀԴՄ մուտքագրվող գումարի 3 %-ը, այսինքն՝ տվյալ դեպքում եթե աշխատակիցը տպեր այդ 1000 դրամի ՀԴՄ կտրոնը, ապա պետբյուջե կվճարվեր 30 դրամ: Հասմիկ Ավագյանի խոսքերով՝ իրեն ավելի ձեռնտու է տպել ՀԴՄ կտրոնը, քան չտպել ու տուգանվել: «30 դրամի համար է ընդամենը կռիվը, որը դարձավ 150 հազար դրամ»,- ասում է անհատ ձեռներեցը:

«Ժասմին» գեղեցկության սրահը տարեկան պետբյուջե է մուծում մոտ 1.4 մլն դրամի հարկեր ու պարտադիր սոցվճարներ, և հենց այդքան գումար կկորցնի պետբյուջեն, եթե գեղեցկության սրահը փակվի: Այժմ Հասմիկ Ավագյանը շատ հավանական է համարում, որ կփակի իր նորաբաց փոքր բիզնեսը, և 6 հոգի գործազուրկ կդառնա: Երբ նա նոր էր բացում իր սրահը, իրեն ասացին, որ «ձգի» 6 ամսից ավելի, քանի որ առաջին ամիսներին միշտ ծախսերը եկամուտից շատ են լինում: Գեղեցկության սրահը գործում է արդեն 7 ամիս, բայց ծախսերն ու եկամուտներն այդպես էլ չեն հավասարվում: Այն 2 ժամվա ընթացքում, որ գտնվում էինք «Ժասմինում», գեղեցկության սրահը որևէ այցելու չունեցավ: Իսկ 150 հազար դրամ տուգանքը մեծ հարված էր նորաբաց փոքր բիզնեսին:

«Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ եթե Հասմիկ Ավագյանը խախտման փաստն արձանագրելուց հետո երկամսյա ժամկետում չմուծի 150 հազար դրամ տուգանքը, ապա այն կկրկնապատկվի:

Բացի 150 հազարից՝ անհատ ձեռներեցը պետք է վճարի նաև 25 հազար դրամ վարչական տուգանք: Հասմիկի խոսքերով՝ հարկային տեսուչ Զավեն Ավանյանն ասել է, որ «ինչ պրոբլեմ կա. օրական 2.500 դրամ հետ գցեք, 25 հազարը կլրանա»:

Նա 25 հազար դրամի մասին Հասմիկ Ավագյանի ամուսնուն հայտնել է հեռախոսազանգով, երբ վերջինս նոր էր դուրս եկել Քանաքեռ-Զեյթուն ՀՏ-ից: Հասմիկ Ավագյանի խոսքերով՝ Զավեն Ավանյանն ասել է. «Ապեր, ստեղ մի հատ էլ գործ կա, մի հատ բան էլ կա ստորագրելու»:

Հարկային տեսուչներն ասել են, որ գեղեցկության սրահը, ըստ համակարգչի, հայտնվել է ռիսկային գոտում, քանի որ շրջանառությունն ավելի փոքր է, քան ծախսերը: Հասմիկ Ավագյանի ամուսինը բացատրել է, որ ցանկացած նոր հիմնված բիզնեսի ծախսերը գերազանցում են եկամուտը, սակայն բացատրությունն արդյունք չի տվել:

Այս 7 ամսվա ընթացքում գեղեցկության սրահը ամենից մեծ եկամուտ՝ 41.500 դրամ, ունեցել է դեկտեմբերի 31-ին: Այդ օրը սրահի աշխատակիցները տպել են բոլոր ՀԴՄ կտրոնները, բայց հաճախորդներից ոչ ոք չի վերցրել դրանք:

Գեղեցկության սրահ բացելու աշխատանքները նախաձեռնել են Հասմիկն ու քույրը: Նրանք գրավ են դրել իրենց ոսկեղենը, 1 մլն դրամի վարկ վերցրել, որը պետք է մարեն 1 տարվա ընթացքում: Թեև երկու փոքր երեխա ունի, բայց Հասմիկի քույրը սկսել է աշխատել, որ վարկը մարի, քանի որ գեղեցկության սրահը շահույթ չի ապահովում, որ Հասմիկը այդ գումարից վարկը մարի:

Հասմիկ Ավագյանը պատրաստվում է տուգանքի որոշումը բողոքարկել Հարկային մարմնի գանգատարկման հանձնաժողով: Այստեղ հաջողության չհասնելու դեպքում նորաբաց գեղեցկության սրահի տնօրենը դիմելու է դատարան: «Արդյունքում եթե դատարանն ասի՝ «պետք է տուգանքը վճարվի», վճարելու ենք: Հարցը էն է, որ արդեն զզվացնում են, չեն թողնում՝ մարդ ապրի»,- ասում է Հասմիկ Ավագյանը:

«Ժասմին» գեղեցկության սրահը (աջից)
և դրա կողքին գործող փոքր խանութը

Հ.Գ. Հարկայինի «նույն աղջիկը»՝ Արմինե Պետրոսյանը, «այցելել է» նաև գեղեցկության սրահի կողքին գործող փոքր խանութ, ինչի հետևանքով խանութն արդեն վճարել է 175 հազար դրամ տուգանքը: Վաճառողուհի Նարինեն պատմում է, որ «նույն աղջիկը» խանութում «ոնց որ շփոթեցներ». գնաց անձեռոցիկ վերցրեց, տեղը դրեց, մեկ այլ ապրանք վերցրեց, տեղը դրեց, մոտեցավ հեղուկ օճառներին, Նարինեն հեղուկ օճառ առաջարկեց, աղջիկը վերցրեց, հետո վերադարձավ անձեռոցիկների մոտ: Նարինեն սպասեց, որ տեսնի, թե էլ ինչ է հաճախորդը վերցնելու, որ ՀԴՄ կտրոն տա, այդ ժամանակ հաճախորդը «2 հատ մազի սև ռեզին» ուզեց, գունավորը վերցրեց, նորից դրեց տեղը, հետո 690 դրամի գնում արեց: «Ես դրեցի տոպրակի մեջ, ուզում էի ՀԴՄ խփել, ինքը դուրս եկավ: Ու ես վախեցած նայեցի, ասի՝ դե, լավ, դե ջահել աղջիկ էր, գնաց: Իրա հետևից հարկայինը մտավ՝ 3 հոգի, ակտավորեցին: Ընդհանրապես գործ չկա, առևտուր չկա, եկեք հիմի նստեք իմ խանութ ու տեսեք՝ ես ինչքան առևտուր եմ անում: Պատկերացրու՝ ես ամիսներով աշխատավարձ չեմ ստացել: Ոչինչ, վերևը Աստված կա»,- ասում է փոքր խանութի վաճառողուհի Նարինեն:

Մեկնաբանություններ (6)

Armen
APREN mer harkayini ashxatoxnerin,mec iravaxaxt en brne,bravo herosneren,ba en mec oligarxnerin vor tenum en u iranc biznesner,vor milioner chen mucum dranc het voncen verabervum,asem.dranc vor tenum en mkan caka poxov en arnum.ba.Ay ete iranq maqur linein,ardar dzevov ashxatein,gorcarara hangist xax4ov kmucen bolor harkera,orenqa henc harkayinernen stipum vor xaxten gorcararnera.
ALLA
CHI BASHARE ASI VOR HERMINE NAXDALYANI BAREKAMN E KAM GALUSTI ?
karin
Մեկնաբանությունը..es haskanum em harkaini ev gexeckutyan ashxatoxin,mec hancanq chi gorcel,ete xorananq nuyn harkaini canot barekamneri xanutneri ev salonneri mej nuyn vichakum en,chem haskanum armine petrosyanin, aprelu amenavat tarberakna @ntrel ir hamar,aranc qezel harkain@ giti ira gorc@ LORIS PETROSYAN es anun@ hatuk qez hamara,txanerit achqeri mech karoxanum es nayel?es es bolor@ asum em zut martkain arumov ,te ch haskanum em ev harkainin ev salonin
Martin
ՀԴՄ կտրոններ խփելը պարտադիր Է! Իսկ եթե հարկային տեսուչների կողմից խախտումներ եք նկատել կամ էլ իրենց պաշտոնական դիրքի չարաշահումներ, գործը տվեք դատարան և պահանջեք Ձեր իրավունքները:
INA
Հարկային տեսուչները հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումը կատարել են՝ համաձայն ՊԵԿ-ի Քանաքեռ-Զեյթուն ՀՏ պետ Ռ.Մաշադյանի «8» դեկտեմբերի 2011թ. թիվ 2109869 հանձնարարագրի: Իսկ այդ հանձնարարգրում գրված է. «Ստուգման ժամկետը՝ մինչև 10 աշխատանքային օր»: Դեկտեմբերի 8-ից հաշված՝ «մինչև 10 աշխատանքային օրը» սպառվում է դեկտեմբերի 21-ին: Մինչդեռ հարկային տեսուչները ստուգումն իրականացրել են ժամկետի սպառվելուց հետո՝ դեկտեմբերի 22-ին՝ խախտելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետը: Այդ կետը սահմանում է. «Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին համապատասխան պետական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում կամ հանձնարարագրում նշված ժամկետը:...»
karen
Mez mot harkayinn el, GAIn el tsptvats en gortsum! Iranc npatak@ wo4 te anorinakanutyan dem payqarelna, ayl pogh pokel@! Mi tegh daranakalum en u Astvats kan4um, wor mek@ mi xaxtum ani!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter