HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չեռնոբիլյան կոկտեյլ» Քաջարանում

Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում շաբաթը 3-4 անգամ 3-4 բալ ուժգնությամբ «երկրաշարժ» է լինում: «Երկրաշարժի» ժամն արդեն ֆիքսված է' 16:45-17:00: Այդ ժամին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները պայթեցումներ են կատարում բաց հանքում' հանքաքարը հանելու եւ հետագա վերամշակման ենթարկելու համար:

Կոմբինատի բաց հանքը քաղաքից մոտ 10 կմ հեռավորության վրա է գտնվում: Բայց երկրաշարժը զգալի է քաղաքում ու հարակից տարածքներում: Հանքի պայթեցումից ոչ միայն ցնցվում են տները, այլեւ հսկայածավալ փոշի է բարձրանում երկինք:

«Արդեն սովորել ենք էդ պայթեցումներին: Առաջ էր, որ ամեն անգամ վեր էինք թռնում, վախենում: Հիմա շատ հանգիստ էդ ժամերին պահարանների գլխին դրած մեր իրերը հարմարեցնում ենք ավելի ապահով մասերում, որ շարժի ժամանակ չընկնեն ցած: Այլ հարց է, որ էդ ամբողջ փոշին հետո գալիս, նստում է քաղաքի վրա, մենք էլ շնչում ենք այդ օդը: Հազար տեսակ թունավոր նյութերով հագեցած թափոնների վրա մշակումներ ենք անում, կեղտոտ ջուր ենք խմում: Մի տարի առաջ եւս մի գերեզմանատեղ հատկացրին քաղաքին, տարվա վերջում արդեն լցվել էր»,-պատմում է 62-ամյա քաջարանաբնակ Օֆիկը: Նրա որդին նույնպես աշխատում է կոմբինատում եւ ստամոքսի լուրջ հիվանդություն ունի:

Անհամեմատ ծանր վիճակում են հենց կոմբինատի աշխատակիցները, ովքեր չեն ցանկանում իրենց առողջության մասին խոսել մի պարզ պատճառով' գանգատվելուց հետո հնարավոր է' կորցնեն աշխատանքը: Իսկ աշխատանք կորցնելը նշանակում է ընտանիքը մատնել աղքատության: Այսօր Քաջարանում չկա մի ընտանիք, որ կոմբինատում աշխատող չունենա:

«Կոմբինատում աշխատողների կյանքը մեծապես վտանգի տակ է, բայց բոլորը վախենում են բողոքել, քանի որ կազատվեն աշխատանքից: Մենք աշխատում ենք ֆաբրիկայում, որտեղ նախ թթվածինն է քիչ, հետո սարսափելի փոշոտ է ու ուժեղ ճառագայթում կա: Բոլորի շնչառական օրգաններն ահավոր վիճակում են: Կոմբինատը մասամբ է ֆիլտրացիա կատարում, դրա համար էլ ոչ միայն աշխատողներն են վնասվում, այլեւ մյուս բնակիչները»,-պատմում է կոմբինատում որպես փականագործ աշխատող 24-ամյա Հայկը (կոմբինատի աշխատակիցների անունները փոխված են, նշված չեն նաեւ քաղաքի բնակիչների ազգանունները' նրանց իսկ շահերից ելնելով):

Կոմբինատի Արտադրատեխնիկական բաժնի պետ Գրենիկ Համբարձումյանը վստահեցնում է, որ ո ' չ կոմբինատի աշխատակիցները, ո ' չ բնակիչներն առողջության հետ կապված խնդիրներ չունեն:

«Բոլոր աշխատակիցների առողջությունն էլ գերազանց է, չե՞ք տեսնում' բոլորը թարմ տեսք ունեն: Հատուկ սնունդով ենք ապահովում, պարտադիր կաթ ենք տալիս: Ես արդեն քանի տարի է աշխատում եմ, ինձ վրա տարօրինակություններ տեսնու՞մ եք»,-հարցնում է նա:

Աշխատակիցները պատմում են, որ հատուկ պայմաններ եղել են նախկինում, իսկ այսօր նման բան չկա:

«Նախկինում կարծեմ թե հատուկ հսկողության տակ էին կոմբինատի աշխատակիցները, բայց հիմա ոչինչ չի արվում: Ի՞նչ կաթի մասին է խոսքը, երբ անգամ փոշուց պաշտպանող բերանակալներ չունենք: Բերաններս լրիվ փոշի ու կեղտ է լցվում. ըր թքում ես, սեւ մուր է թափվում»,-նկարագրում է 50-ամյա Վալերին:

Հայտնի է, որ մոլիբդենի փոշին առաջին հերթին ազդում է մարդկանց' հատկապես տղամարդկանց սեռական օրգանների վրա:

«Ամոթ չլինի ասելը, բայց էստեղ 30 տարեկանից հետո տղամարդիկ իմպոտենտ են դառնում, անպտղությամբ են տառապում, հատկապես կոմբինատում աշխատող տղամարդիկ, որ շնչում են մոլիբդենի փոշին: Կանանց մեծ մասն էլ արգանդի ուռուցք ունի: Ջահել-ջահել այլեւս ի վիճակի չեն լինում երեխա ունենալու, քանի որ հեռացնում են արգանդները: Շատ են նաեւ քաղցկեղով հիվանդները»,-ասում է 50-ամյա Նինան, որի որդին նույնպես աշխատում է կոմբինատում:

Մոլիբդենի այդօրինակ ազդեցությունը չէր հերքում անգամ Գրենիկ Համբարձումյանը: «Ես էլ հո գիտեմ, թե տղամարդկանց սեռական օրգանները ոնց են շարքից դուրս գալիս մոլիբդենի թողած ազդեցության արդյունքում: Բացի այդ, մեծ է ճառագայթումը հատկապես հանքում ու ֆաբրիկայում: Դրա համար էլ ես ամեն ինչ արեցի, որ ավելի շատ գրասենյակային գործերով զբաղվեմ: Բանվորից հասա արտադրատեխնիկական պետի»,-բացատրում է նա:

Տեղանքի ուժեղ ճառագայթման մասին է վկայում նաեւ շինարար-ինժեներ Լեռնիկ Դավթյանը: Նա 1980-ականներին ՀՀՇ-ի էկոլոգիական հանձնաժողովի անդամ է եղել եւ ուսումնասիրել է Քաջարանի էկոմիջավայրը: «Քանի որ մամուռներն ամենից շատ են կուտակում իրենց մեջ ճառագայթումը, մենք ուսումնասիրեցինք դրանք: Տեղեր կային, որ ճառագայթման աստիճանը ցուցադրող սարքի սլաքն այլեւս տեղ չուներ անցնելու: Իմ հավաքած նմուշներն ուղարկեցինք Ֆրանսիա, որտեղ ուսումնասիրելուց հետո պատասխան ուղարկեցին, թե մամուռներում կա «չեռնոբիլյան կոկտեյլ»' ռադիոակտիվ խառնուրդ»,-պատմում է Լ. Հակոբյանը:

Քաջարանի քաղաքային ու արտադրական կյանքը

Քաջարանը Սյունիքի մարզի 7 քաղաքներից մեկն է: Այն զբաղեցնում է 270 հեկտար տարածք: Մայրաքաղաք Երեւանից Քաջարանը գտնվում է 346 կմ հեռավորության վրա: Քաղաքը շրջապատված է Զանգեզուրի եւ Մեղրու լեռնաշղթաներով: Լեռնաշղթայի ամենաբարձր կետը Կապուտճուղ լեռն է (3904մ), որն իր բարձրությամբ ՀՀ ներկայիս տարածքի 2-րդ լեռն է' Արագածից հետո:

Քաջարանը որպես բնակավայր գոյություն է ունեցել դեռեւս Բրոնզի-երկաթի դարաշրջաններում: Այդ մասին վկայում են հայտնաբերված հեթանոսական մատուռը, պղնձի ու երկաթի ձուլարանների հետքերը:

Մինչեւ 1947թ. Քաջարանը եղել է Սյունիքի գյուղերից: Հետո դարձել է քաղաքատիպ ավան: Իսկ 1958թ. Ողջի, Քաջարան եւ Վերին Հանդ գյուղերի միացման արդյունքում ստեղծվել է Քաջարան քաղաքը' մոտ 11.400 բնակչով:

Քաջարանը նախեւառաջ հայտնի է մոլիբդենի իր հանքավայրով, հետեւաբար նաեւ պղնձամոլիբդենային կոմբինատով («Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ' ԶՊՄԿ): ՀՀ ընդերքում է գտնվում մոլիբդենի համաշխարհային պաշարների 7.6%-ը, որից 90 %-ը բաժին է ընկնում ԶՊՄԿ-ին: Քաջարանի հանքավայրը յուրահատուկ է ոչ միայն իր մեծությամբ, այլեւ հանքաքարում մոլիբդենի պարունակության չափերով:

«Քաղաքի բնակչության 60-65 %-ը նորմալ աշխատավարձով աշխատանք ունի կոմբինատի շնորհիվ: ԽՍՀՄ-ի տարիներին այն ուներ 1600 աշխատակից: Իսկ այսօր կա 2800 աշխատակից: Կոմբինատի շնորհիվ Քաջարանում սոցիալական խնդիրների լուծումը համարում ենք ավարտված: Քաղաքի ներքին խոհանոցում այսօր ամսական 450-500 մլն դրամ է շրջանառվում: Երբ բաժանում են շնչերի վրա, ստացվում է մոտ 50.000 դրամ»,-ասում է Քաջարանի քաղաքապետ Վարդան Գեւորգյանը:

Կոմբինատը հիմնվել է 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո' 1951-ին: Այն անցել է զարգացման 3 փուլ' հիմնում, արտադրում, առժամանակ կանգառ: 1952թ.կոմբինատն արդեն արտադրանք է տվել: Մինչեւ 1957թ. հանվել է մոտ 1 մլն տոննա հանքաքար: 1989-ին հանքանյութի արդյունահանումը ծավալներով հասել է իր գագաթնակետին' 9 մլն տոննայից ավելի: Իսկ 1992-93 թթ. գրեթե կանգառային վիճակում է եղել: 1994թ.-ից սկսվել է կոմբինատի արտադրության ծավալների կանոնավոր աճը:

Ստորեւ ներկայացված են'
1. հանքաքարի հանման ծավալների ընդլայնման եւ
2. թողարկված արտադրանքի արժեքների աղյուսակները' 1994-2004թթ.

2004թ. դեկտեմբերին կնքվեց ԶՊՄԿ-ի վաճառքի պայմանագիրը: Կոմբինատը վաճառվեց 132 մլն դոլարով:

Բաժնետոմսերի 60%-ը վաճառվեց «Քրոնիմետ» գերմանական ընկերությանը, 15%-ը' Երեւանի «Մաքուր երկաթ» գործարանին, 12,5 %-ը' «Զանգեզուր մայնինգ» կազմակերպությանը (վերջինիս նախագահը ԶՊՄԿ-ի ներկայիս տնօրեն Մաքսիմ Հակոբյանն է), 12,5%-ն էլ' «Հայկական մոլիբդենի արտադրություն» ձեռնարկությանը: Ի դեպ, «Քրոնիմետ» ընկերությունը մեծ մասնաբաժին ունի նաեւ «Մաքուր երկաթում»:

Մաքսիմ Հակոբյանի ասելով' 2005թ.-ից սկսվել է կոմբինատի զարգացման 4-րդ փուլը:

«4-րդ փուլը հիմա է սկսվում. դա արտադրության ծավալների ընդլայնումն է: 2005թ. արտադրանքի ծավալներն ավելանալու են 15 %-ով, բարձրացվելու է հանքաքարից մոլիբդենի ու պղնձի կորզման աստիճանը: Առաջիկա տարիներին արտադրության ծավալները մեծացվելու են մինչեւ 2 անգամ»,-նշում է Մ. Հակոբյանը:

Այն, որ կոմբինատի արտադրության ծավալների մեծացումը կհանգեցնի բնապահպանական զգալի խնդիրների առաջացման, միանգամայն ենթադրելի է: Դա չի հերքում նաեւ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության բնօգտագործման էկոնոմիկայի եւ հանքային արդյունաբերության վարչության պետ Արթուր Աշուղյանը:

«Իհարկե, արտադրության ծավալների ընդլայնման ժամանակ կառաջանան բնապահպանական խնդիրներ: Քաջարանում բնության տեսարանը կփոխվի, սարերը կհավասարվեն քաղաքին, քաղաքը տեղափոխելու անհրաժեշտություն գուցե կլինի: Բայց արդյունքում մոլիբդենի արտադրությամբ աշխարհում առաջատար կլինենք: Կարող ենք ասել, որ դա անմարդկային է, բայց այլ կերպ չի կարող արդյունավետ բիզնես լինել»,-նշում է նա:

Արտադրության ծավալների մեծացման շուրջ իր դատողություններն է անում նաեւ Կապանի լեռնամետալուրգիայի եւ հանքահարստացման լաբորատորիայի վարիչ Կլիմենտ Հակոբյանը: Նա համոզված է, որ հետեւանքները կարող են ճակատագրական լինել քաղաքի համար:
«Եթե հանքը շահագործվի ավելի մեծ ծավալներով, քան հիմա, էկոլոգիական աղետներն անխուսափելի կլինեն: Դա նշանակում է, որ կավելանան արտանետումները, թափոնները, ավելի շատ կաղտոտվի օդը, ջուրը: Նախկինում գոնե օգտագործում էին այնպիսի պայթուցիկ նյութեր, որոնք նվազեցնում էին վտանգավոր գազերի ներթափանցումը մթնոլորտ: Բայց հիմա դրանց փոխարեն օգտագործվում են առավել էժան նյութեր, ու այդ գազերը լցվում են քաղաք: Բացի այդ, ձուլարանի գործարկման արդյունքում մթնոլորտ է լցվում նաեւ ծծմբային գազ, որը քայքայում է մարդկանց շնչառական համակարգը»,-բացատրում է նա:

շարունակելի

Լուսանկարները' Արթուր Թորոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter