HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպե՞ս գրավել ու պահել երիտասարդ գիտնականներին. ռադիոֆիզիկոսները դեռ լավատես են

Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը Հայաստանի այն գիտական ձեռնարկություններից է, որը տեսական գիտությամբ զբաղվելուն զուգահեռ կիրառական կարեւոր արտադրանք է տալիս: Այդ արտադրանքը օգտագործվում է նաեւ պաշտպանական համակարգում: Ինստիտուտը ռազմական եւ հատուկ ծրագրերում աշխատելու փորձ ունի դեռ խորհրդային տարիներից:

* Քարտեզի վրա նշված են ՀՀ ԳԱԱ գիտական ինստիտուտները: Սեղմելով նշանների վրա՝ կարող եք տեսնել տվյալ ինստիտուտի անունն ու դրան վերաբերող «Հետքի» հոդվածի կարճ հղումը: 

Աշտարակ քաղաքի ծայրամասում գտնվող ինստիտուտը կարելի է ճանաչել հեռվից՝ շնորհիվ 3 ռադիոաստղադիտակների. դրանք բավականին հին սարքավորումներ են, այսօր չեն աշխատում, տնօրեն Տիգրան Զաքարյանն ասում է, որի պատճառը մեծ ֆինանսական ծախսերն են:

ՌՖԷԻ-ն հիմնադրվել է 1960 թ.-ին մինչ այդ Բյուրականի աստղադիտարանում գործող ռադիոաստղագիտության բաժնի հիման վրա, որին մինիստրների խորհուրդը հողատարածք էր հատկացրել Աշտարակում: Ինստիտուտի հիմնադիր տնօրենը եղել է ակադեմիկոս Էմիլ Միրզաբեկյանը, ով մինչեւ իր մահը՝ 1980 թ., ղեկավարել է կառույցը:

Նրան փոխարինել է Ռադիկ Մարտիրոսյանը: Վերջինս 2006-ին ընտրվել է ԳԱԱ նախագահ, ինչից հետո տնօրեն է դարձել Արսեն Հախումյանը: 2017-ից ՌՖԷԻ-ն գլխավորում է ֆիզմաթ գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը:   

Ինստիտուտի բազմավեկտոր գործունեությունն ու համագործակցությունը

Սկզբնական փուլում ինստիտուտի հիմնական ուղղությունը եղել է ռադիոաստղագիտությունը: Սա, ինչպես բացատրում է Տ. Զաքարյանը, տիեզերական օբյեկտների հետազոտությունն է ոչ թե օպտիկական, այլ ռադիոտիրույթում, որտեղ օբյեկտներն ունեն իրենց հատուկ բնութագրեր, դիտվում են հետաքրքիր երեւույթներ: Գիտնականը ճշգրտում է, որ օպտիկական աստղագիտությունն ու ռադիոաստղագիտությունը լրացնում են իրար: Քանի որ 1960-ականներին ինստիտուտում դիտումների համար անհրաժեշտ որոշ կարեւոր սարքավորումներ բացակայել են, գործել է հատուկ բաժին, որը զբաղվել է սարքավորումների մշակումներով: Սա նպաստել է, որ աստիճանաբար զարգանա գերբարձր հաճախությունների ուղղությունը: Վերջինս ոչ միայն սպասարկում էր դիտումները, այլեւ ընթացքում դարձավ առանձին ճյուղ՝ գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկա: Վերադառնալով դիտումներին՝ տնօրենն ասում է, որ դրանք հիմա էլ կատարվում են (ոչ պարաբոլիկ անտենաներով), սակայն ոչ այն ծավալով, ինչ հիմնադրման շրջանում: 

Տիգրան Զաքարյանն առանձնացնում է նաեւ ռադիոտիրույթում լազերների անալոգ մազերների ուսումնասիրությունը՝ նշելով, որ մինչեւ 1980-ականների կեսերն այդ աշխատանքները շատ ակտուալ էին, սակայն հետագայում տրանզիստորների մուտքով մազերները որոշակիորեն մղվեցին հետին պլան: Այդուհանդերձ, ըստ Զաքարյանի, մազերների վերաբերյալ ձեռք բերված գիտելիքները կարեւոր զինարան են դարձել ֆունդամենտալ գիտության համար:

Ինստիտուտի հիմնադրումից մի քանի տարի անց այստեղ սկսել է զարգանալ կիսահաղորդչային էլեկտրոնիկան, որն աշխարհում ամենաարագ տեմպերով առաջ գնացող ուղղություններից մեկն է: ՌՖԷԻ-ում տեսությանը զուգահեռ մշակվել է կիրառական արտադրանք, ինչպիսիք են, օրինակ, անկյունային տվիչները: Սրանց շնորհիվ, ինչպես պատմում է Տ. Զաքարյանը, մեծ ճշտությամբ չափվում է անտենայի դիրքը: «Հետազոտությունների արդյունքում ծնվեցին մի քանի տիպի անկյունային ձեւափոխիչներ, որոնք առ այսօր օգտագործվում են ռուսական ավիացիայում եւ որոշ տիեզերական ծրագրերում»,- ասում է նա: 

Խորհրդային տարիներին ՌՖԷԻ-ն համագործակցել է միութենական մասշտաբի զանազան փակ ծրագրերի ու հիմնարկների հետ, որոնք առնչվել են պաշտպանության ոլորտին ու տիեզերքին: Տնօրենը հիշում է, որ նման աշխատանքները միշտ գրավել են երիտասարդ կադրերին, քանի որ այդ պայմանագրերը բերում էին արտաբյուջետային ֆինանսական հոսքեր: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 1990-ականների սկզբներին, ՌՖԷԻ-ն համագործակցել է Գերմանիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Ռուսաստանի հետ: Նույնիսկ գեներատոր էին դրել ինստիտուտում, որպեսզի պարբերական դարձած անջատումները չազդեն աշխատանքների եւ, մասնավորապես, արտասահմանյան հիմնարկների հետ կնքած պայմանագրերի կատարման վրա:

Ադմինիստրատիվ շենքը

Վերջին տարիներին մի քանի պայմանագրեր են ունեցել կորեական աշխարհահռչակ «Samsung»-ի դուստր ձեռնարկություններից մեկի հետ: ՌՖԷԻ-ի միջազգային համագործակցությունն այսօր մեծ ծավալի չէ, բայց կա: Ռուսաստանի վերաբերյալ Տ. Զաքարյանը նշում է, որ ներկայում այդ երկրից պատվերներ չունեն: Ըստ մեր զրուցակցի՝ եթե խորհրդային տարիներին միութենական հանրապետություններն իրենց մասնակցությունն ունեին տարբեր խոշոր ծրագրերում, ապա կայսրության փլուզումից հետո դրա հիմնական իրավահաջորդ Ռուսաստանը հայտնվել է այնպիսի վիճակում, որ պիտի կարողանա ինքնուրույն հոգալ սեփական կարիքները:

Այսօր Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտի գլխավոր գործընկերների մեկը ՀՀ պաշտպանության նախարարությունն է, բայց, ելնելով ռազմական գաղտնիքից, տնօրեն Զաքարյանը չի մանրամասնում, թե ինչպիսի արտադրանք են մատակարարում ՊՆ-ին, ընդամենը թվարկում է մի քանի անուն՝ ռադիոլոկացիոն համակարգեր, զանազան տվիչներ, սենսորներ:

Սերնդափոխություն. ցավոտ հարցերից մեկը

1980-ականների սկզբները Տիգրան Զաքարյանը համարում է ինստիտուտի ծաղկուն տարիները՝ նշելով, որ այն ժամանակ ունեին 400-ից ավելի աշխատող: Հիմա նրանց թիվը 125 է: 2017-ին ասպիրանտների հաշվին աշխատողների թիվը եղել է 131, իսկ 2016-ին՝ 128: 

«Սերնդափոխությունը երեւի ամենածանր լուծվող խնդիրն է, եւ այս պահին այն դարձել է ավելի սաստիկ»,- ասում է գիտական հիմնարկի ղեկավարը: Հավելում է, որ ՌՖԷԻ-ում աշխատողների երկու մեծ խումբ կա՝ մինչեւ 22-25 տարեկան եւ 50 ու դրանից բարձր, իսկ 25-50 տարեկանների թիվը շատ փոքր է:

Պատճառը, Զաքարյանի փոխանցմամբ, հետեւյալն է. համալսարաններից երիտասարդ կադրերը գալիս են, անցնում ՌՖԷԻ-ի դպրոցը, փորձ կուտակում, բայց ֆինանսական սուղ պայմանների պատճառով աշխատանքի անցնում այլ տեղական կազմակերպություններում, ինչպիսիք են, օրինակ, «Synopsys»-ի եւ «National Instruments»-ի հայկական մասնաճյուղերը: Այսպես չի լրացվում այն տարիքային բացը, որ կա երիտասարդների եւ խորհրդային դպրոցն անցած մասնագետների միջեւ: Կա նաեւ այլ խնդիր՝ զինծառայության տարկետման վերջին փոփոխությունները: Տնօրենն ասում է, որ հասկանալի է դրանց պատճառը՝ անհրաժեշտ է լուծել բանակի համալրման հարցը, սակայն մեդալի հակառակ կողմն այն է, որ գիտական ինստիտուտները կորցնում են իրենց պոտենցիալ կադրերին:

«Ոչ միայն բակալավրիատ, այլեւ մագիստրատուրա ու ասպիրանտուրա ընդունվել պատրաստվողներին տանում են: Մեզ մոտ ամեն տարի 2-3 ասպիրանտ էր դիմում, ու մեծ հույսեր ունեինք, որ մեր դպրոցն անցած մարդկանց գոնե մի մասը կմնա այստեղ: Սակայն արդեն երկրորդ տարին է, որ մեզ մոտ չեն դիմում ասպիրանտուրա»,- նշում է Տ. Զաքարյանն ու հավելում, որ ի տարբերություն տղաների՝ աղջիկներն ավանդաբար չեն էլ եկել:

Սերնդափոխության խնդիր կա ոչ միայն գիտնականների, այլեւ բանվորների մասով: Ընդ որում՝ երկրորդն ավելի սուր է: Ինչպես նկատում է մեր զրուցակիցը, եթե երիտասարդ գիտնական կարելի է գտնել, ապա երիտասարդ վարպետ՝ միայն բացառություններով. «Վարպետի որակավորումը հիմա մեզ մոտ այնքան էլ հարգի չէ: Խառատները, ֆրեզերագործները, փականագործները, բոլորը տարիքով են»:

Ինչպե՞ս գրավել երիտասարդներին

Հայաստանում գիտության ոլորտի մի քանի խնդիր է առանձնացնում Տիգրան Զաքարյանը, որոնց պատճառով երիտասարդությունը գիտնական դառնալու մեծ ցանկություն չի ունենում: Դրանք են աշխատավարձի սակավությունը (խոսքը ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ պետական հիմնարկ հանդիսացող գիտական ինստիտուտների մասին է), ֆինանսական հնարավորությունների աղոտ հեռանկարը, երիտասարդ գիտնականների համար սոցիալական ծրագրերի փոքր տոկոսն ու դրանց ոչ այնքան մատչելի լինելը:

Ահա, թե որքան գումար է տրամադրվել ՌՖԷԻ-ին՝ ըստ «Պետական բյուջեի մասին» օրենքի հավելվածների:  

ՌՖԷԻ
Infogram

«Հայաստանում ռադիոէլեկտրոնիկայի ոլորտում շատ մեծ շուկա կա. բջջային, ֆիքսված կապի օպերատորներ ունենք, ոլորտում հայտնի կազմակերպություններ ու փոքր ընկերություններ կան: Մենք չենք կարողանում ապահովել այն պայմանները, որ առաջարկում են նրանք,- ներկայացնում է ՌՖԷԻ-ի տնօրենը,- դպրոցի առումով մեզ մոտ շատ գրավիչ է, գալիս են, սովորում են, հետո գնում են այլ տեղ աշխատելու: Այո, նրանք էլի մեր սաներն են, բայց սեփական բիզնեսի զարգացման տեսակետից մենք տուժում ենք»:

Երիտասարդներին «չկորցնելու» համար ինստիտուտը փորձում է նրանց ներգրավել արտաբյուջետային ծրագրերում. օրինակ՝ ՊՆ-ի հետ գործարքները կատարել նրանց օգնությամբ: 

Ինստիտուտի արտաբյուջետային մուտքերը 2015-2017 թթ. եղել են այսպիսին:

ՌՖԷԻ պայմանագրեր
Infogram

«Գիտության վիճակը մտահոգիչ է, բայց վիճակը կառավարելի պահելու եւ սերնդափոխության տեսանկյունից դեռ շանսեր կան,- ասում է Տիգրան Զաքարյանը,- հարկավոր է շատ սերտ համագործակցել միջազգային զանազան ծրագրերի հետ»: Մեր զրուցակիցն առանձնացնում է «Հորիզոն 2020» ծրագիրը, որը ներառում է զանազան նախագծեր: Ընդ որում, Զաքարյանի համոզմամբ, անհրաժեշտ է նաեւ լինել ոչ միայն դրանց համակատարող, այլեւ որոշակի ծրագրերի լիդեր. բանն այն է, որ հայկական խմբերը շատ քիչ դեպքերում են հանդես գալիս որպես գլխավոր դերակատար: «Մենք փորձում ենք համագործակցել. ոչ բոլոր փորձերն են հաջող ավարտվում, բայց դա մշտական պրոցես է: Անհրաժեշտ են անձնական կապեր, ընդհանուր գաղափարի շուրջ համախմբում, ինչն իրագործելու համար լինում է հավանություն կամ ոչ (նկատի ունի ֆինանսավորումը- հեղ.): Մեր ինստիտուտի մի քանի խմբեր փորձում են մասնակցել այդպիսի թիմերում, կարծում եմ՝ վաղ թե ուշ ջանքերը հաջողությամբ կավարտվեն»,- նշում է գիտնականը:

Գերբարձր հաճախությունների ռադիոֆիզիկայի լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, 25-ամյա Գուրգեն Արաբաջյանը ՌՖԷԻ-ի ամենակրտսեր աշխատողներից է: Արդեն 2 տարի է, ինչ այստեղ է: Ասում է, որ գիտնական դառնալու համար կա՛մ տաղանդ, կա՛մ աշխատասիրություն պիտի ունենաս, իսկ եթե երկուսն էլ լինի, ավելի լավ, երրորդ գործոնն էլ մոտիվացիան է: Նշում է, որ ֆինանսները շատ բան են որոշում, այդ պատճառով էլ շատերը ձգտում են ոչ թե գիտնական, այլ, ասենք, ծրագրավորող դառնալ: Չնայած ինքը այս ինստիտուտից կամ Հայաստանից հեռանալու մասին չի մտածում, միաժամանակ չի հերքում, որ փորձելու է համատեղություն գտնել:  

Հին սարքեր, հին ենթակառուցվածք

Հին ու նոր ժամանակների մասին խոսելիս կիրառական ռադիոֆիզիկայի լաբորատորիայի առաջատար ճարտարագետ Սուրեն Սարգսյանը, ով 1980-ականներից աշխատում է այստեղ, պատմում է, որ հնարավոր չէ համեմատականներ անցկացնել նախկինի հետ. սարքավորումները, հաստոցները ֆիզիկապես ու բարոյապես մաշված են: Բայց նաեւ այնպես չէ, որ պետք է բոլորը դեն նետել. աշխատում են թե՛ հին (առայժմ գործածելի), թե՛ նոր (ձեռքի տակ ունեցած) սարքերով:

«Աշխարհում շատ բաներ են փոխվել,- իր աշխատասենյակի հին սարքերին նայելով ու ժպտալով՝ ասում է Ս. Սարգսյանը,- բայց, օրինակ, երբ արտասահմանցի հյուրեր են գալիս, իրենց հետ բերում են բյուրեղ, այստեղ մեզ մշակել են տալիս, որովհետեւ այստեղ էժան է: Կտրում, մշակում, տալիս ենք իրենց, բայց արի ու տես, որ իրենց ինստիտուտներում նրանք ժամանակակից սարքեր ունեն»:

Բացի սարքավորումներից՝ խնդիր է 1960-ականների շենքերի պահպանությունն ու թարմացումը: Տնօրենն ասում է, որ սենյակ առ սենյակ փորձում են վերանորոգել իրենց աշխատանքային տարածքները: ՀՀ վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի միջոցով նպատակ ունեն ամբողջությամբ փոխել շենքերից մեկի պատուհանները, առայժմ բանակցում են: Մի քանի տարի առաջ նոր կաթսայատուն են կառուցել: Ըստ Զաքարյանի՝ այն տարածքները, որտեղ մարդիկ են աշխատում, ջեռուցվում են:   

Լաբորատոր շենքերից մեկը

Այսօր ՌՖԷԻ-ն ունի 5 լաբորատորիա, գրադարան, արհեստանոց, որտեղ արտադրանք են տալիս: Ինստիտուտի տարածքը շատ մեծ է, Տ. Զաքարյանի փոխանցմամբ՝ շուրջ 30 հեկտար, որտեղ 3 լաբորատոր եւ 1 ադմինիստրատիվ շենք ունեն, բայց սա ամենը չէ: Ժամանակին տարածքն ավելի մեծ էր. հիմնարկին կից կար բնակելի ավան, որտեղ ապրում էին գիտնականները: Հետագայում պահպանման ծախսերի սղության պատճառով այդ թաղամասը հանձնվել է համայնքին՝ Աշտարակ քաղաքին, եւ այլեւս կապ չունի ՌՖԷԻ-ի հետ: Շենք-շինություններում մի քանի փոքր տարածքներ վարձակալության են տրվել, ինչից ինստիտուտն արտաբյուջետային թեկուզ փոքր, բայց որոշակի մուտքեր ունի:

Լուսանկարները՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter