HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Հինգ անուն՝ հայտնի մարդկանց ձայնադարանից

Մարդու մասին շատ բան կարելի է իմանալ՝ դատելով նրա երաժշտական նախասիրություներից: Նույնն է նաև հայտնիների դեպքում: Նրանց մեծ մասը ունի իր սիրելի խումբը, կամ պարզապես որևէ երգ, երաժշտություն, որն իր հետ է միշտ, կյանքի սպասված ու անսպասելի աստիճաններով վեր ու վար անելիս: Սա ևս այն տարածքներից է, որտեղ համաշխարհային ճանաչում կամ փառք վայելող մարդիկ կարող են երևալ այն նույն պարզ մարդու տեսքով, ում հետ իրենց աստղային բարձունքիցր այսօր շփվում են փայլուն և տարբեր պատերի ետևից:

«Հինգ անուն՝… ձայնադարանից» երաժշտական շարքը, որի ներքո տարբեր ոլորտի մասնագետները ներկայացնում են ոչ միայն իրենց երաժշտական նախասիրությունները, այլև երաժշտության ունեցած դերն իրենց կյանքում, այսօր անդրադառնում է աշխարհի ամենահայտնի մարդկանցից մի քանիսին: Նրանց մեջ են նաև հեղինակավոր երաժիշտներ, ովքեր ևս ունեն իրենց համար հեղինակավոր երգեր և արտիստներ: Դրանք, իդեպ, հաճախ շատ տարբեր են իրենց իսկ երաժշտական սահմաններից:

Այսօրվա անուններն ու նրանց կողմից նշված երաժշտությունը ևս ընդգրկում է տարբեր ժանրեր և ոճեր՝ միևնույն ժամանակ բացահայտելով մարդ-մասնագետ-ճանաչում եռանկյունու հեռու և մոտ կողմերը:

Լենի Կրավից՝ Ջոն Լենոն՝ «Mother»

Ամերիկացի երգիչ, երգահան, պրոդյուսեր և դերասան, «Գրեմմի»-ի քառակի մրցանակակիր Լենի Կրավիցը երաժշտության մեջ է հայտնվել ծնված օրվանից: Նրա հայրը հեռուստատեսային մեկնաբան էր, ջազի մեծ սիրահար և հաճախ էր անդրադառնում  երաժշտության հսկաներին: Հետո նա իր համար բացահայտեց սոուլ երաժշտությունը` լսելով Քըրթիս Մեյֆիլդին, Ջեյմս Բրաունին, Էլ Գրինին, Արեթա Ֆրանկլինին և այլ երաժիշտների: Դասական, ջազ, սոուլ, R&B, ռոք… հետագայում, ձևավորելով իր սեփական ոճն ու ուղղությունը, նա համատեղում է այս բոլոր ոճերը «ռետրո սթայլ» անվան տակ:

1974 թվականից սկսած՝ նրա կյանք ներխուժեց ռոքն ու մշտական բնակություն հաստատեց այնտեղ: Նրա ուղեկիցն էին ժամանակի դեմքերը՝ «Led Zepellin», «The Rolling Stones», «The Greateful Dead», «Black Sabbat», «Pink Floyd» և ուրիշներ: Ժամանակի ընթացքում այն համալրվեց նոր բացահայտումներով՝ «The Beatles», Դեյվիդ Բոուի, Մարվին Գեյ, Փրինս… Սակայն ավելի ուշ, երաժշտական իր այս անհավանական նախասիրությունների ցանցը մաղելով՝ նա որպես իր կյանքում ամենաազդեցիկ անունների՝ առանձնացնում է հատկապես Ջոն Լենոնին և Բոբ Մարլիին: «Լենոնն ավելին էր, քան երաժիշտը,- ասել է Կրավիցը հարցազրույցներից մեկում,- ավելի շատ մարգարեի էր նման: Նա բարձրաձայն արտահայտում էր իր քաղաքական հայացքների մասին և խոսում պատերազմի դեմ նույնիսկ այն ժամանակ, երբ դա նշանակում էր հետապնդման ենթարկվել կամ նշանառության տակ հայտնվել Միացյալ Նահանգների կառավարության կողմից: «Imagine»-ը աշխարհի լավագույն երգերից մեկն է: Այն նման է եկեղեցական օրհներգի և միևնույն ժամանակ հստակորեն արտահայտում է Լենոնի համոզմունքները: Իսկ ամենից առավել՝ Լենոնը խաղաղության սիմվոլ էր, մեկը, ում մեր օրերում շատ դժվար է գտնել»:

Իր բազմաթիվ սիրված երգերի մեջ, որոնցից շատերի քավըր տարբերակներն ինքը ձայնագրել է, Կրավիցը, այնուամենայնիվ, առանձնացնում է Լենոնի «Mother»-ը:

Բարաք Օբամա՝ Էլ Գրին. «Let's Stay Together»

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման աշխարհի թերևս ամենահայտնի երաժշտասեր քաղաքական գործիչն էր: Նա երբեք չի զլացել խոսել իր երաժշտական նախասիրությունների մասին, անձամբ ներկա լինել սիրված և լեգենդար երաժիշտների համերգներին, կազմակերպել նրանց մեծարման համերգային նախագծեր, իսկ հարմար առիթների դեպքում՝ նաև երգել: Մեծ է Օբամայի ձայնադարանը և շատ ընդգրկուն՝ Բիլի Հոլիդեյ, Էլ Գրին, Նինա Սիմոն, Արեթա Ֆրանկլին, Բոբ Դիլըն, «Led Zepellin», Բրյուս Սփրինգսթին, Սթինգ և այլն:

Արձակուրդի գնալիս, երբեմն նաև աշխատանքային օրերին, նա ավանդաբար հրապարակում էր գրքերի և երգերի անուններ, որոնք պատրաստվում էր կարդալ կամ լսել հանգստի ժամանակ: Ջազ, սոուլ, ռոք, փոփ, ռեփ, R&B… այս բազմաթիվ ու բազմազան ոճերի, ժանրերի մեջ նա նաև ուշադիր հետևում և արձագանքում է  նոր, առավել երիտասարդ անունների:

«Let's Stay Together».  սա ամերիկացի լեգենդար սոուլ երգիչ Էլ Գրինի 1972թ. թողարկված ալբոմի և նրանում ընդգրկված համանուն երգի վերնագիրն է: Այն նաև Բ. Օբամայի ամենասիրելի երգերից մեկն է, որը նա կատարեց 2012թ. Էլ Գրինի համերգի ժամանակ, այսպիսով նաև ևս մեկ գեղեցիկ ու ապահով քայլ ամրագրելով իր նախագահական քարոզարշավում: Այդ երեկոյից հետո «Let's Stay Together»-ի վաճառքն աճել էր մի քանի անգամ: Տվյալներից մեկի համաձայն՝ 490 տոկոսով: Ընդամենը  մի քանի օրվա ընթացքում (հունվարի 19-ից 22-ը) երգի թվային տարբերակը ներբեռնվել է օրական 16 հազար անգամ: «Let's Stay Together»-ի և Օբամայի կատարման մասին ավելի մանրամասն մենք արդեն անդրադարձել ենք:

Նորա Ջոնս՝ Նիլ Յանգ. «Everybody Knows This Is Nowhere»

Ջազային դաշնակահարուհի, երգչուհի և երգահան Նորա Ջոնսը՝ իր փխրուն մեղեդիներից զատ, մշտապես հիացրել է  աշխատասիրությամբ, անընդհատ նոր տարածքներ որոնելու ու նոր ժանրեր, ոճեր իր ստեղծագործությունների մեջ ներառելու համարձակությամբ: Նա այսօր անթիվ-անհամար երաժշտասերների համար մեր այս շարքում ամենասիրելի երաժիշտը կարող է նշվել, ամենասիրված երգերի թվում, վստահաբար, կթվարկվեն նաև նրա կատարումները:

Նրա անունը երբեք չեք կարող լսել որևէ սկանդալային պատմության մեջ, նա չի սիրում հայտնվել շոու -ներկայացումներում, փայլփլուն ամսագրերի շապիկներին, հետևել և կրել նորաձևության ամենավերջին նմուշները, և, ամենակարևորը՝ հաճոյանալ ունկնդիրներին այս մեթոդներով:

«Ես մելանխոլիկ չեմ,- ասում է երգչուհին,- ես կենսուրախ, աշխատասեր մարդ եմ, պարզապես սիրում եմ մելանխոլիկ երաժշտություն, քանի որ այն հանգստացնում է և նոր ուժեր հաղորդում»:

Իսկ ո՞րն է ջազի այս նուրբ ու մելանխոլիկ երգերով գեղեցկուհու ամենասիրելի երգը:

Աշխարհում ամենահայտնի հնդիկ երաժիշտ Ռավի Շանկարի դուստրը նշում է Նիլ Յանգի «Everybody Knows This Is Nowhere»-ը:

Ջորջ Քլունի՝ Դինա Ուաշինգթըն. «Destination Moon»

Իհարկե, անհամեմատ հեշտ է ներկայացնել աշխարհահռչակ կինոաստղ, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջորջ Քլունիի նախասիրությունները կինոյում, սիրված ֆիլմը կամ դերասանին, ներկայացնել նրա բազմաթիվ մարդասիրական ծրագրերից ամենախոսունը, իր ակտիվ գործունեության արդյունքում «Աշխարհի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը» ճանաչված լինելը, քան բացահայտել նրա երաժշտական նախասիրությունները:

Եվ, այնուամենայնիվ, ճանաչված ու ամենաշատ քննարկված այս հայտնին ևս այնքան էլ հեռու չէ երաժշտությունից: Աղբյուրներից մեկի համաձայն՝ նա որպես սիրելի գործեր, խմբեր կամ արտիստներ նշել է «Pink Floyd»-ը (Another Brick In the Wall, Part 2), Բոբ Դիլընին, Հենք Ուիլիամսին, Դինա Ու(Վ)աշինգթընին, Բիլ Ուիդերսին, Ֆրենկ Սինատրային, Մարվին Գեյին, Վան Մորիսոնին: Բայց Քլունին ավելի շատ դասական փոփ բալադների մեծ սիրահար է: Իսկ որպես ամենասիրելի երգ, նա տարբեր առիթներով նշել է «Destination Moon»-ը՝ ջազ, բլյուզ և R&B երգչուհի, դաշնակահարուհի Դինա Ուաշինգթոնի կատարմամբ: Ենթադրվում է, որ այս երգի հանդեպ նրա հետաքրքրությունն առաջացել է վաղ տարիքից՝ շնորհիվ հորաքրոջ՝ երգչուհի, դերասանուհի Ռոզմարի Քլունիի, ով շատ էր սիրում ջազ լսել և լսեցնել նաև ապագա կինոաստղին:

Բրյուս Սփրինգսթին՝ Բոբ Դիլըն. «Like A Rolling Stone»

Նրա մականունը Բոս է (The Boss), նա աշխարհի ամենաշատ վաճառված ձայնագություններ ունեցող արտիստներից մեկն է, նա երաժշտասերներին հայտնի է առաջին հերթին իր տարբերվող ձայնով, երգերի պոետիկ խոսքով և արդեն բրենդային դարձած սովորականից կրկնակի անգամ երկարատև ու չափազանց էներգետիկ համերգներով: Այս երաժիշտը, ինչպես արդեն նշեցի, Բարաք Օբամայի ամենասիրելի արտիստների թվում առաջատար շարքերում է:

Բրյուս Սփրինգսթին. և, այնուամենայնիվ, նրա հանդեպ երաժշտասերների վերաբերմունքը բևեռային տատանում ունի. նրան կամ համակրում են, կամ չեն համակրում: Բայց կարևորն այն է, որ նույնիսկ երկրորդ դեպքում՝ հակառակ բևեռից նայող կողմը նրան դիտարկում է՝ առանց վերոնշյալ առանձնահատկություններն անտեսելու, այսինքն՝ գնահատանքով: Ամերիկյան ամենասովորական, սոցիալական, առօրյա խնդիրներից մինչև քաղաքական տրամադրություններին անդրադարձող իր երգերով՝  Սփրնգսթինին հաջողվել է մեծ մասսայականություն, բազմաթիվ հեղինակավոր մրցանակներ ու կոմերցիոն հսկայական նվաճումներ վաստակել: Նա ստեղծագործում է ռոքի, փոփ-ռոքի, հարթլենդ ռոքի և ռոքնռոլի տարածքներում:

Բազմաթիվ երկրպագուների այս հերոսը ևս ունի երաժշտական իր աշխարհները, որտեղ նա սիրում է հաճախ լինել՝ անկախ ծրագրված ու նպատակային աշխատանքներից, որից խուսափել չի հաջողվում նույնիսկ երաժշտությանն ամենահավատարիմ նվիրյալներին: Եթե, իհարկե, կարևորել են բարձունքի դերը: Կա երաժշտություն, կան խմբեր կամ երգիչ-ստեղծագործողներ, որոնք ուղղակիորեն ազդել են իր՝ Բրյուս Սփրինգսթինի ստեղծագործական զարգացման ու տեսակի ձևավորման վրա: Նրանք են դարի ամենահայտնի ռոք «գլորողները»՝ Էլվիս Փրեսլի, Ջեյմս Բրաուն, «The Beatles», «The Rolling Stones», Մարվին Գեյը, և, իհարկե, անխոս ու առանց որևէ տարակուսանքի՝ Բոբ Դիլընը:

Այս շարքում, թերևս, անսպասելին Մարվին Գեյն է: Սփրինգսթինը ոճով ու ժանրային տարբերությամբ այս արտիստին առանձնացնում է իր «What’s Going On» երգով: Նրա մեկնաբանությամբ՝ բռնության դեմ ուղղված, հակապատերազմական այս երգը, որը չնայած թեմայի բիրտ էությանը՝ Մ. Գեյի կատարմամբ չափից դուրս խաղաղ է, իրեն հաղորդել է այն գիտակցությունը, որ երաժշտությունը կարող է շատ հզոր ուղերձ լինել: Բայց բոլոր դեպքերում, նա որպես իր կյանքում կարևորագույն կամ ամենաազդեցիկ երգ՝ առանձնացնում է Բոբ Դիլընի «Like A Rolling Stone»-ը: Սա ամենաբարձրն է, գագաթն ու Բոսի հավիտենական ընկերը: «Ես նրան առաջին անգամ լսել եմ այս երգով,- ասում է Սփրինգսթինը,-այն սկսեց ուղղակի փոխեց իմ կյանքը… երգը բացող փոքր թմբուկի (snare drum) ձայնը այն զգացողությունն է տալիս, ասես ինչ-որ մեկը ոտքով հարվածում է մտքիդ դռանը՝ այն բացելու համար»:

Լուսանկարները վերցված են «The Guardian», « Wmagazine», «Billboard» ամսագրերի և Նորա Ջոնսի պաշտոնական կայքերից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter