HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Հովակիմյան

Ինչպես Թվիթերում գովազդ տեղադրել

Թվիթեր սոցիալական ցանցը ևս մեկ հրաշալի հնարավորություն է գովազդելու որևէ ապրանք կամ ծառայություն, քանի որ համաձայն վիճակագրության՝ օգտատերերի մոտ կեսը որևէ բրենդի կամ ընկերության հետևորդ  է և կարող է նպաստել տվյալ ընկերության զարգացմանը։

Ինչպես Ֆեյսբուքում, այնպես էլ Թվիթերում առաջխաղացումը կարող է լինել երկու տեսակ՝ օրգանական և վճարովի, և վերջինի դեպքում բնական է, որ ավելի շատ  հնարավորություններ կան առաջխաղացման համար։  Նույնիսկ փոքր ֆինանսական կարողությունների դեպքում կարելի է հասնել հաջողության թվիթերյան էջում, եթե ամեն ինչ ճիշտ կազմակերպվի։

Այժմ կներկայացնենք մի քանի քայլեր, որոնք կօգնեն ճիշտ տեղադրել թվիթերյան գովազդը և որոշակի դրական արդյունքներ գրանցել։

Առաջին

Անհրաժեշտ է ընտրել, թե հատկապես ինչն է հարկավոր գովազդել՝ գրառո՞ւմը, թե՞ էջը։ Առաջին դեպքում գրառումները կհայտնվեն օգտատերերի էջերում, իսկ եթե գովազդվի թվիթերյան էջը, ապա օգտատերերի էջում առաջարկների մեջ՝ «Ում հետևել», կհայտնվի տվյալ էջի հղումը՝ հնարավորություն տալով ավելի շատ լսարան ունենալ։

Այսինքն՝  այն ընկերությունների համա, ովքեր որ նոր են գրանցվել Թվիթեր սոցցանցում, երկրորդ տարբերակն ավելի հարմար է, քան առաջինը։ Որոշակի քանակությամբ լսարան ունենալուց հետո հարկավոր կլինի արդեն առաջին տեսակի գովազդը տեղադրել։

Երկրորդ

Հաջորդ կարևոր քայլը բյուջեի ընտրությունն է։ Տվյալ էջի ադմինիստրատորը պետք է որոշի, արդյոք որքան գումար պետք է հատկացնել, որպեսզի հնարավորինս նպատակային լինի գովազդը։ Պետք է որոշել՝ ինչպես տեղադրել առաջնորդող տեքստը, որպեսզի գրավիչ լինի, և շատ օգտատերեր սեղմեն տվյալ գրառման վրա, եթե նախապես ընտրվում է, որ գումար գանձվի յուրաքանչյուր հղումի հետևելու համար (post click)։  Հարկավոր է նախապես ընտրել, թե ինչ լսարանի համար է նախատեսված տվյալ գովազդը՝ օրական բյուջեով հատկացված գումարն առավել ճիշտ գործածելու համար։

Որպես հավելյալ հնարավորություն՝ կա նաև «Հարմարեցված լսարանի առանձնահատկությունը» (Tailored Audiences feature), որի նպատակն է ավելի թիրախային դարձնել վճարովի գովազդը։ Այս դեպքում հնարավոր է ստեղծել օգտատերերի խմբեր՝ դասակարգված հատուկ անվանակարգերում, ինչը հնարավորություն կտա այդ խմբի հետաքրքրություններին մոտ հետաքրքրություններ ունեցող նոր օգտատերերի համար ցուցադրել այս կամ այն գովազդային նյութը։

Մեկ այլ դեպքում հնարավոր է, որ գովազդը թիրախավորվի այն լսարանի համար, որը փնտրում է կոնկրետ բառ կամ արտահայտություն։ Սա առավել օգտակար է այն դեպքերում, երբ պետք է գովազդել ոչ թե թվիթերյան պրոֆիլը, այլ կոնկրետ գրառում։ Այս տարբերակը հնարավորություն կտա առավել շատ լսարան հավաքել տվյալ գրառման, այլ ոչ թե էջի համար։

Երրորդ

Հարկավոր է լրացուցիչ թիրախային ընտրություն էլ կատարել։ Սա պետք է որ ծանոթ լինի նաև ֆեյսբուքյան էջերի ադմինիստրատորներին, քանի որ նույնն է երկու հարթակներում՝ ընտրել լսարանը առավել մանրամասն կերպով։ Օրինակ՝ բնակավայր, սարքավորում, սեռ և այլն։

Այս քայլը նույնպես կարևոր է, քանի որ սխալ ընտրված լսարանի համար միայն գումար կծախսվի, այլ ոչ թե էական արդյունք կգրանցվի։

Եթե օրինակ, տվյալ ապրանքը կամ ծառայությունը կանանց համար է, ապա ավելի շատ հարկավոր է ընտրել կանանց թիրախային լսարանը, որպեսզի ավելի արդյունավետ լինի տվյալ գովազդը։

Չորրորդ

Ամենակարևորի մասին՝ վերջում։ Առաջին երեք կետերը կատարելուց հետո հարկավոր է արդեն ստեղծել գովազդային արշավի տեսակը։ Դա որպես ձևանմուշ երևում է համապատասխան բաժնում և թույլ է տալիս այս կամ այն գրառումը գովազդել տվյալ տեսակին հատուկ և արդեն որոշված սկզբունքներով։  Հատուկ ուշադրություն է պետք դարձնել նաև տվյալ գովազդային արշավի աշխատունակությանը, տվյալները թարմ պահել։

Ընդհանուր առմամբ, Թվիթերում գովազդային արշավի հիմնական նպատակներն են՝

Ա․ ապահովել նոր հետևորդների հոսքը,

Բ․ կայքի այցելության առաջխաղացում ունենալ,

Գ․ ծրագրերի կամ հավելվածների տեղադրում առաջարկել,

Դ․ թվիրթերյան գրառումների առաջխաղացում ունենալ (retweets, favorites, replies)։

Լավագույն արդյունք ստանալու համար խորհուրդ է տրվում՝ գրառումներ կատարել ամեն օր, հաճախակի նկարներ օգտագործել, հետևել առաջընթացին հատուկ կայքերի միջոցով (օրինակ՝ HootSuite, Social Mention և Addictomatic), ինչպես նաև համագործակցել նմանատիպ այլ պրոֆիլների հետ՝ տարածելով կամ մեկնաբանելով միմյանց գրառումները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter