HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Գոլային պահերն ընդամենը վիճակագրություն են, գոլերը՝ հաղթանակ

Ազգերի լիգայի խաղարկության առաջին խաղում Հայաստանի հավաքականի 2-1 հաշվով հաղթանակը գաճաճ Լիխտենշտայնի նկատմամբ լիարժեք ուրախանալու առիթ չի տալիս առաջին հերթին հաշվի պատճառով. մեր խաղացողները ոչ միայն չիրացրին դարպասը գրավելու բազմաթիվ հիանալի հնարավորությունները, ինչի դեպքում առնվազն եւս 4-5 գոլ կտեսնեինք, այլեւ չեղած տեղից իրենք գոլ ընդունեցին, ինչը կրկին պաշտպանության խնդիրների մասին է խոսում:

Խաղից առաջ ամենաշատը թերեւս պաշտպանության հարցն էր քննարկվում, քանի որ վնասվածք էր ստացել հրավեր ստացած կենտրոնական Հրայր Մկոյանը, նույն պատճառով Կոլումբիայից չէր ժամանել Ժորդի Արարատը, միայն վերջին պահին Կիպրոսում սկսեց հանդես գալ ու ազգային թիմ կանչվեց աջ պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որի բացակայությունը մեծ կորուստ կլիներ, քանի որ այդ թեւում, հանձին վիրահատության ենթարկված ու ապաքինվող Կամո Հովհաննիսյանի, եւս կորուստ կար: Կրկին ազգային թիմի ղեկը ստանձնած Վարդան Մինասյանը, որի համար վերադարձից հետո սա առաջին պաշտոնական խաղն էր, թիմ չէր հրավիրել ձախ պաշտպան Գագիկ Դաղբաշյանին: Համբարձումյանի պես մյուսներից ավելի ուշ էր հրավեր ստացել նաեւ կենտրոնական Հայկ Իշխանյանը:

Այդուհանդերձ, թվում էր, որ չնայած մրցակիցը կարգով ավելի ցածր է, Մինասյանը նախապատվությունը տալու է հնաբնակներին՝ հաշվի առնելով նրանց փորձն ու խաղի կարեւորությունը: Այս առումով Համբարձումյանի ու Հարոյանի ներկայությունը իրենց դիրքերում օրինաչափ էր, բայց նրանց հետ մեկնարկային կազմում էին իր առաջին պաշտոնական խաղն անցկացնող Անդրե Չալըշըրը, ինչպես նաեւ փյունիկցի Արմեն Մանուչարյանը, ում փոխարեն ձախ եզրում ավելի շատ սպասելի էր տեսնել Արտակ Եդիգարյանին: Ըստ Մինասյանի՝ ընտրվել էր Մանուչարյանը, քանի որ կախված մրցակցից՝ այս դեպքում անհրաժեշտ էր արագ ու մոբիլ պաշտպան: Ամեն դեպքում, հասկանալի չէ, թե ինչու է հայտացուցակից դուրս մնացել Դաղբաշյանը, ով չասենք, թե գերարագ է, բայց դանդաղ էլ չէ:

Հետաքրքիր է, որ չնայած Մինասյանը գոհ է մնացել Մանուչարյանի խաղից, հենց նրա եզրից մրցակիցը գոլային պահ ստեղծեց մեր դարպասի մոտ ու հաջողության հասավ: 33-րդ րոպեին Հասլերի անցումը չկարողացավ կանգնեցնել պաշտպանության ձախ եզրում նրան հետապնդող հենակետային Գոռ Մալաքյանը, Մանուչարյանը մնացել էր թիկունքում ու փոխօգնության չհասավ, կենտրոնում մնացել էր միայն Հարոյանը, Չալըշըրը նույնպես կորցրել էր դիրքը, արդյունքում գնդակը լայնակի կտրեց-անցավ տուգանային հրապարակի կենտրոնը, ու Համբարձումյանը չկարողացավ փակել Վոլֆինգերի հարվածից հետո դեպի ցանցն ընթացող գնդակի ճանապարհը:

Ամեն մի խփած ու բաց թողած գնդակ մեծ կարեւորություն ունի այն պատճառով, որ Ազգերի լիգայի 4 դիվիզիոններից (լիգաներից) յուրաքանչյուրում կա 4 խումբ, որոնցում ընդգրկված է 3-4 թիմ, եւ միայն խմբերի հաղթողներն են իրավունք ստանալու շարունակել ճանապարհը դեպի «Եվրո-2020»-ի 4 ուղեգրերը: Քանի որ Հայաստանն ընդգրկված է «D» դիվիզիոնի նույն խմբում ՆՀՀ Մակեդոնիայի, Լիխտենշտայնի ու Ջիբրալթարի հետ, հասկանալի է, որ փաստացի հաղթողի կոչման համար պայքարում մեր մրցակիցը մակեդոնացիներն են, մյուս կողմից՝ եթե վաստակած միավորների քանակը չորոշի լավագույնին, հաշվի են առնվելու լրացուցիչ ցուցանիշները, այդ թվում՝ բոլոր խաղերում խփած եւ բաց թողած գնդակների տարբերությունը: Կարճ ասած՝ որքան շատ խփենք ու քիչ բաց թողնենք նույն Լիխտենշտայնի ու Ջիբրալթարի հետ մրցավեճերում, մեր օգտին կլինի: Բայց, անշուշտ, ամենակարեւորը մակեդոնացիների դեմ հաջողության հասնելն է:

Երեկվա խաղում մեր ֆուտբոլիստները բազմաթիվ գոլային պահեր ստեղծեցին: Վիճակագրությունը խոսուն է. Հայաստանի հավաքականը մրցակցի դարպասին 13 հարված է կատարել, որոնցից միայն 2-ն են նպատակին հասել, Լիխտենշտայնի միակ հարվածը գոլի է վերածվել: Բացի դրանից՝ մերոնք 8 անգամ հարվածել են դարպասի ուղղությամբ, հյուրերը՝ 3: Մինասյանի սաների 7 հարված էլ լիխտենշտայնցիների պաշտպանները արգելափակել են, մերոնք նույնը արել են 1 անգամ:

Առաջին կեսում աչքի ընկնելու լավ հնարավորություններ ուներ Մարկոսը, որը միայն երրորդ փորձից՝ 30-րդ րոպեին, իր ֆիրմային հարվածով կարողացավ գրավել Բենջամին Բյուխելի դարպասը: Սա «հայ» բրազիլացու 10-րդ գոլն էր հավաքականում:

Իսկ ահա Բյուխելն առնվազն 4-5 դրվագում իր թիմին փրկեց գրեթե 100-տոկոսանոց գոլերից: Առաջին կեսում լավ առիթներ ունեին նաեւ Մխիթարյանն ու Կառլեն Մկրտչյանը. առաջինը մոտ տարածությունից մի փոքր բարձր հարվածեց, երկրորդի գլխով հարվածը շեղեց Բյուխելը:        

Երկրորդ խաղակեսում էլ Բյուխելը բարձունքին էր. 69-րդ րոպեին նա հետ մղեց 11-մետրանոցից Հենրիխի ուժեղ հարվածը, չնայած եթե մեր ավագը գնդակն ուղղեր դարպասի անկյուններից մեկը, Բյուխելը դժվար հասներ դրան: Հենոյի հերթական փորձն էլ չստացվեց. գլխով հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին: Վարպետությամբ, փորձով ու կարգով մերոնք մի քանի անգամ գերազանցում էին հյուրերին, բայց մարզական բախտը նրանց կողմն էր, դրան գումարած՝ Բյուխելի բենեֆիսը:

Չիրացված 11-մ հարվածից հետո ճնշումը զգալի էր: 76-րդ րոպեին Արասը կատարեց իր երկրորդ գոլային փոխանցումն այս խաղում՝ մինչ այդ աչքի ընկնելով տեխնիկական հարուստ զինանոցով, որի շնորհիվ ձեռնունայն թողեց մրցակցի պաշտպանին ու գնդակն ուղարկեց Տիգրան Բարսեղյանին: Վերջինս էլ հաշիվը դարձրեց 2-1՝ խփելով իր երկրորդ գոլն ազգային հավաքականում:   

Այն, որ թիմը, բացառությամբ առաջին կեսի վերջնամասի ու երկրորդ կեսի առաջին 25 րոպեների, Լիխտենշտայնի դարպասի ուղղությամբ նպատակային գրոհներ էր ձեռնարկում ու հարվածներ կատարում, գովելի է, բայց դրվագների իրացումը չի բավարարում: Շարունակ պայքարի մեջ գտնվող ու այս անգամ իսկապես ավագի պես հանդես եկած Մխիթարյանի, ղազախական «Ակտոբեում» շարունակաբար գոլեր խփող ու ընդհանրապես նոր շնչառություն բացած 34-ամյա Մարկոսի, աստիճանաբար հունի մեջ մտնող Արասի մասնակցությամբ Հայաստանի հավաքականի գրոհները հուշում են, որ մեր թիմը չի կորցրել իր հարվածային ներուժը, որը նախկինում տեսել ենք:

Մյուս կողմից, սակայն, խնդիր կա թիմում ստեղծել այնպիսի մեքենա, մեխանիզմ, ինչպիսին կար 2010-2013 թթ. նույն Վարդան Մինասյանի օրոք: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ լավ մարզավիճակում գտնվող կատարողներ: Պատահական չէ, որ Մինասյանը նախախաղային ասուլիսում խոսել է ազգային հավաքականում որոշակի դիսբալանսի մասին, ինչը պայմանավորված է ակումբներում ֆուտբոլիստների ստացած խաղաժամանակով, հետեւաբար եւ՝ նրանց մարզավիճակով:

Ամսի 9-ին Սկոպիեում կայանալիք հանդիպմանը շատ բան կախված կլինի թե՛ պաշտպանությունում, թե՛ միջին գծում, թե՛ գրոհի թեւում մեր թիմի հավասարակշռված խաղից: Ի տարբերություն երեկվա մրցավեճի՝ մակեդոնացիները դժվար թե գոլ խփելու շատ հնարավորություններ տան Մինասյանի սաներին, այնպես որ խիստ կարեւոր է գոլային պահերի իրացումը: Հաղթանակը մեծ քայլ է լինելու դեպի խմբի առաջին հորիզոնական:     

Հ.Գ. Երեկ մակեդոնացիները Ջիբրալթարում 2-0 հաշվով հաղթել են դաշտի տերերին՝ Հայաստանի հավաքականի նման ձեռք բերելով 3 միավոր: Սեպտեմբերի 9-ին, բացի ՆՀՀ Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից, կկայանա նաեւ Լիխտենշտայն-Ջիբրալթար մրցավեճը:

Լուսանկարները՝ Գագիկ Աղբալյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter