HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Ռոքի «Կյանքի ծարավը»

Հիշու՞մ եք հանրահայտ Ջիմ Ջարմուշի «Coffe and Cigaretts» («Սուրճ և ծխախոտներ») ֆիլմը՝ 11 սև-սպիտակ կարճամետրաժ նովելներից բաղկացած: Այն համարվում է հեղինակային կինոյի լավագույն նմուշներից մեկը, որը էկրան բարձրացավ 2004թ.: Բացի լավագույն ֆիլմերից մեկը լինելուց՝ այն առանձնահատուկ էր իր հետաքրքիր աստղային կազմով: Ռեժիսորն այս կարճ պատմությունները նկարահանել է տարիների ընթացքում՝ ընդգրկելով իր սիրելի երաժիշտներին, դերասաններին, հայտնի շոումեններին՝ բացահայտելով նրանց նաև ֆիլմի կամ դերասանության ասպարեզում: Ֆիլմի հետաքրքիր և հիշարժան «հանդիպումներից» մեկն էլ «Ինչ-որ տեղ Կալիֆոռնիայում» նովելն է՝ նկարահանված 1993թ.: Զրույց-քննարկում սուրճի և ծխախոտի, թվում է, թե ծխի անվերջանալի քուլաների արանքում՝ հանրահայտ Իգի Փոփի և Թոմ Ուեյթսի միջև՝ մի սրճարան-խանութում: Այս կարճամետրաժ ֆիլմը, որը հետո է ներառվել « Coffe and Cigaretts»-ում, Կաննի միջազգային կինոփառատոնում 1993թ. շահել էր  «Ոսկե արմավենի» մրցանակ:

Նա ոչ միայն մեծ երաժիշտ է, այլև՝ դերասան և շատ հետաքրքիր զրուցակից

Այդ հայտնի ու անակնկալներով լի Իգի Փոփը՝ փանք ռոքի կնքահայրը, սթեյջդայվինգի հիմնադիրն ու փորձառու վարպետը, երաժշտության ամենաառանձնահատուկ կերպարներից մեկը. Ջիմ Ջարմուշը ևս հանդիսատեսին ցույց տվեց, որ Իգին ոչ միայն լավ երաժիշտ էր, այլև՝ դերասան: Իսկ այս ֆիլմը ռոքի ամենաէքստրեմալ «ուղևորի» ոչ առաջին, ոչ էլ վերջին փորձն էր կինոասպարեզում:

Եվ ուրեմն՝ երբ հարցնելու լինեն, թե ինչո՞վ է այս վրդովվեցնող բեմական վարքով պապիկը մինչ օրս արժանանում հսկայական հարգանքի ու տարբեր մեծարանքների, ապա հիշեցրեք դրանց հիմքերի մասին՝ մի կողմ դնելով սիրել-չսիրելու խնդիրը:

Նա ոչ միայն լավ երաժիշտ է, կուլտային կերպար ռոքնռոլի պատմության մեջ, այլև՝ դերասան, երգերի հեղինակ և շատ հետաքրքիր զրուցակից:

Ի դեպ, ասում են, որ և՛ Իգի Փոփը, և՛ Թոմ Ուեյթսը ֆիլմից առաջ թողել էին ծխելը, սակայն նկարահանումներից հետո կրկին վերադառնում են իրենց հին, ու ոչ այնքան անմեղ (համեմատելով աստղային այլ հակումների հետ) սովորությանը:

Նա նաև բազմաթիվ սաունդթրեքերի հեղինակ է

Իգի Փոփին ֆիլմի ասպարեզում կարելի է անմիջապես հիշել նաև մեկ այլ հայտնի ֆիլմի՝ Էմիր Կուստուրիցայի «Արիզոնյան երազանք»-ի սաունդթրեքից: Այստեղ հնչող «In the Deathcar»-ը նրա կատարումն է: Երաժիշտը ֆիլմի կոմպոզիտոր Գորան Բրեգովիչի և Կուստուրիցայի հետ համագործակցաբար հեղինակել և կատարել է մի քանի սաունդթրեք ևս, ընդ որում՝ դրանցից երեքի(1,4 և 6) ոչ միայն կատարման, այլև բառերի հեղինակն է, սակայն ամենահայտնին, թերևս, «In the Deathcar»-ն է:

Նրա մասնակցությամբ ֆիլմերը բազմաթիվ են՝ «Սիդ և Նենսի», «Փողի գույնը», «Ագռավը», «Cry-Baby», «Մեռյալը», «Տանկիստ աղջիկը», «Atolladero» և այլն: Դրանք տարբեր են նաև իրենց «բնավորությամբ»՝ խաղարկայինից մինչև անիմացիոն, գիտաֆանտաստիկ, սյուրռեալիստական և փսիխոդելիկ: Նրանց միավորում է այս բոլոր խառնվածքներն իր մեջ ներառող Իգի Փոփը: Նա նաև բազմաթիվ սաունդթրեքերի հեղինակ է:

Եվ սա դեռ ամենը չէ: Նրա անվան անմիջական ուղեկիցներն են փանք ռոքը, ալտերնատիվ ու գարաժային ռոքը, սթեյջդայվինգը՝ իր բազմաթիվ հաջող ու անհաջող փորձերով, որոնք, այնուամենայնիվ, մնում են որպես Իգի Փոփի բրենդային այցեքարտը:

Իգի-իգուանան մերժեց փոխարինել «Մողես արքային»

Իգի Փոփի բեմական կերպարի վրա լուրջ ազդեցություն է ունեցել Ջիմ Մորիսոնը («The Doors»): Նա սկսեց այդ մասին մտածել, երբ առաջին անգամ՝ 1967թ. Միչիգանի համալսարանում տեսավ խմբի ելույթը: Իգի Փոփը ուղղակի զմայլված էր հետևում Մորիսոնի ոչ սովորական  «խաղին», որը միշտ հակասական գնահատականներ էր վաստակում: Քչերը գիտեն, երբ Մորիսոնը մահացավ, բենդի անդամները Փոփին առաջարկեցին նրան փոխարինել և միանալ «The Doors»-ին, բայց նա մերժեց:

Փոփն իր երաժշտական կարիերան սկսել է հարվածային գործիքներով՝ ներառյալ իր առաջին խումբը, որի անունն էր՝ «Iguanas»՝ իգուանաներ (իգուանան հսկա մողեսի տեսակ է): Հետագայում նա սկսում է հետաքրքրվել բլյուզով և հատուկ այս ուղղության մեջ խորանալու նպատակով նա թողնում է Միչիգանի համալսարանն ու ուղևորվում Չիկագո: 1967 թվականին է նա հիմնել « The Stooges»-ը: Խումբը սկզբում կոչվում էր  «Psychedelic Stooges», ավելի ուշ, երբ արդեն բավական հայտնի էր դարձել, մի քանի անգամ բաժանվել ու կրկին միավորվել՝ «Iggy and The Stooges»:

Իգին կարծում է՝ խումբը սկզբնական շրջանում այնքան էլ մեծ բան իրենից չի ներկայացրել իր աշխատանքներով: «Չեմ կարծում, թե որևէ ցնցող կամ առանձնահատուկ բան կար մեր մեջ, երբ նոր էինք սկսել: Պարզապես չափից դուրս կրեատիվ էինք»,- ասում է նա: Շատ հետաքրքիր պատմություններ կան այս արտիստի կյանքից: Օրինակ՝ խմբի հարվածորդ Սքոթ Էշսթոնին նա է նվագել սովորեցրել: «Stooges»-ը խմբի առաջնորդի կարծիքով իր բարձրակետին է հասել վերամիավորումից հետո՝ 2005 կամ 2006 թթ: Խմբի հետ, հետագայում նաև սոլո ծրագրերով, նա դարձավ փանք ռոքի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկը:

«Ես կծեծեմ այն պրոդյուսերներին և ինժեներներին, ովքեր կփորձեն միջամտել ու լցնել ձայնս արհեստական էֆեկտներով: Այդ ձայնի մեջ մարդ է ապրում, և մարդիկ լսելու են նրան: Եթե նրանց հասնի իրենց հետ խոսող այդ մեկ ուրիշ մարդու ձայնը, ցանկանալու են լսել իրեն… որովհետև դրսում միայնություն է». Իգի Փոփ

Ուսումնասիրելով այս արտիստի գործունեությունը՝ ես համոզվել եմ, որ նա շատ հետաքրքիր զրուցակից է: Ու ամենևին էլ պետք չէ Իգի Փոփի ամենաճիշտ բնորոշումը փնտրել ոճային արտաքինի կամ բեմական համարձակ պահվածքի մեջ: Այս արտիստն իրականում բավականին զգայուն է, ու տեղ-տեղ՝ շատ փխրուն:

«Իմ ամենասիրելի զբաղմունքներից է՝ նստել ջրի կողքին ու ուղղակի երկար նայել նրան,- ասում է Ի. Փոփը:-  Միայն նստել ու սևեռվել այնտեղ` ինչ-որ աներևույթ կետի, մանավանդ, երբ ջուրը շատ է: Ո՛չ ձուկ բռնել, ո՛չ որսորդություն անել, ո՛չ սուզվել, ո´չ ցատկել, ո՛չ նավարկել, ո՛չ էլ բասկետբոլ կամ ֆուտբոլ խաղալ: Ես գերազանցապես տիրապետում եմ տարածության մեջ խորացած նայելու գործին»:

Իգին նաև բանաստեղծ է

Նա բանաստեղծություններ է գրում ոչ միայն երգերի համար: Ընկերներն ու նրան շատ լավ ճանաչողները կփաստեն անպայման, որ իր բոլոր խենթ ու սանձարձակ կերպարներով հանդերձ՝ այս երաժիշտը հոգու խորգում զգայուն ու, երբեմն, սենտիմենտալ մարդ է: Ի. Փոփն իր բանաստեղծություններից երկուսը անձամբ կարդաց ընկերոջ՝ Դեյվիդ Բոուիին նվիրված հիշատակի մի երեկոյի ընթացքում: Դրանցից մեկը նա գրել էր ծնողների կորստից հետո ապրած զգացմունքների ազդեցությամբ:

Եվ վերջում, այս բոլոր առանձնահատկություններով հանդերձ, չմոռանամ հիշեցնել, որ Իգին մի շարք հրաշալի երգերի հեղինակ է, իսկ երբ կատարում է ուրիշների գրածները, ապա այնպիսի դրայվով ու իրական խենթության միջով, որ ուղղակի անհնար է այդ ուրիշի՝ հեռավոր ներկայության մասին անգամ մտածել:

2016թ. նա կրկին զարմացրեց իր երաժշտասերներին նոր՝ «Post Pop Depression» ալբոմով:

71 տարեկան Իգին իր ոգով, ատլետիկ կազմվածքով, արտաքին ոճի անսպասելի հայտնություններով դեռ շարունակում է ապացուցել, որ իր վաստակած բնորոշումներն ու կոչումները իրականում լուրջ ուղեցույց են իրենից տասնյակ տարիներով երիտասարդ, բայց հոգով արդեն սպառված շոուաստղիկների համար: Որովհետև տարբեր են երաժշտության և այդ աշխարհից բխող կյանքի հանդեպ իրենց մոտեցումները:

Լուսանկարները՝ Իգի Փոփի պաշտոնական կայքից և ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter