HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մանկապարտեզի շինաշխատանքները չեն կարող շարունակվել, քանի որ ՀԷՑ-ը հապաղում է տեղափոխել էլեկտրակայանը

Արմավիրի մարզի Աղավնատուն համայնքն ունի մոտ 3700 բնակիչ, սակայն գյուղում մանկապարտեզի շենք չկա: Երեխաների նախադպրոցական կրթությունն իրականացվում է գյուղի միջնակարգ դպրոցում գործող նախակրթարանի միջոցով: Այժմ բարերար Վահագն Ավագյանի օգնությամբ մանկապարտեզի շենք կառուցելու հնարավորություն է ընձեռվել, սակայն ի հայտ են եկել խոչընդոտներ:

Հաղորդակցման հարմարությունները, երեխաների անվտանգությունը, ծնողներին պատճառվող անհարմարությունները նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը հաշվի առնելով` Աղավնատուն համայնքի ավագանին որոշել է շենքի կառուցման վայրը՝ դպրոցի մերձակա տարածքը:

Նշված տարածքում է գտնվում նաև գյուղի էլեկտրական ենթակայաններից մեկը: Այն բոլոր առումներով՝ թե´ ֆիզիկական, թե´ անվտանգության տեսանկյունից խոչընդոտում է մանկապարտեզի շենքի կառուցմանը: Ենթակայանից դուրս եկող էլեկտրալարերը, հենասյուներն ամբողջությամբ մաշված են, ինչը լրացուցիչ սպառնալիք է ոչ միայն մանկապարտեզի շենքի, հետագայում նաև` մանկահասակ երեխաների անվտանգության, նաև` այժմ դպրոց հաճախող երեխաների համար: Համայնքապետարանում կարծում են, որ նպատակահարմար է ենթակայանը տեղափոխել դպրոցի հակառակ անկյունում գտնվող ազատ տարածք: Առաջարկվող տարածքը գործող ենթակայանից հեռու է մոտ 100 մետր:

Աղավնատուն համայնքի ղեկավար Գնել Մաթևոսյանը գրավոր դիմել է «Հայաստանի Էլեկտրացանցեր» ՓԲԸ-ին՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել ենթակայանը տեղափոխելու ուղղությամբ: Համաձայն ստացած պատասխանի` տեղափոխման աշխատանքները կիրականացվեն ֆինանսական միջոցների առկայության դեպքում: Իսկ թե երբ ընկերությունը կունենա ազատ ֆինանսական միջոցներ և երբ կիրականացնի այդ աշխատանքները՝ հայտնի չէ: Տեսականորեն չի բացառվում, որ գյուղի երեխաները մոտ 2 տարի սպասեն, մինչև ընկերությունն ունենա ազատ միջոցներ:

Նշենք, որ մանկապարտեզի շինարարությունը սկսված է, սակայն հետագա շինաշխատանքների կազմակերպումը կասկածի տակ է և հնարավոր չէ շարունակել: Մանկապարտեզի հարևանությամբ կառուցվում է նաև սպորտային հանդերձասրահ՝ լողախցիկներով և այլ հարմարություններով: Էլեկտրական մալուխներն անցնում են հենց այդ կիսակառույցի վրայով և հնարավոր չէ նույնիսկ տանիք կառուցել:

Բացի այդ, վերը նշված ենթակայանի հարևանությամբ անցնում են բարձր լարման էլեկտրական մալուխներ, որոնք ՀԷՑ-ի ներդրումային ծրագրով են անցկացվել, տեղադրվել են բետոնե էլեկտրասյուներ, սակայն դրանք կայանին միացված չեն: Այս ծրագիրն անավարտ է գրեթե երկու տարի եւ կարող է մասամբ համարվել աննպատակահարմար ծախս, քանի որ դրանց հետագա շահգործումը ևս կասկածի տակ է: Բարձր լարման էլեկտրական մալուխներն անցնում են բնակիչներից մեկի տնամերձ հողամասի վրայով, ինչը ոչ միայն գործող նորմերով անթույլատրելի է, այլև՝ խիստ վտանգավոր: Քամիների, պատահարների դեպքում էլեկտրական լարերն ընկնելու են ուղիղ տան տարածքում:

Աղավնատուն գյուղի բնակիչները մտավախություն ունեն, որ մանկապարտեզ ունենալու վաղեմի երազանքն այդպես էլ կյանքի չի կոչվի ՀԷՑ-ի պատճառով: Համայնքապետը դիմել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին՝ խնդրելով նախարարի միջնորդությունը հարցը կարգավորելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter