Կապանի նախկին ղեկավարն ու տեղակալն իրենց մեքենաները կիրառել են որպես ծառայողական ու գումար ստացել համայնքի բյուջեից
Կապանի նախկին (2012-2018 թթ.) համայնքապետ Աշոտ Հայրապետյանը պաշտոնավարման 6 տարիներին՝ 2013-2018 թթ., իր ընկերության ավտոմեքենան վարձակալել է որպես ծառայողական մեքենա, ինչի համար համայնքային բյուջեից ընկերությանը փոխանցվել է 18 միլիոն 159 հազար դրամ:
Այս մասին վերջերս իր ֆեյսբուքյան էջում գրել էր Կապանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը:
Փոխքաղաքապետ Դավիթ Հայրապետյանն ասում է, որ 2013-2018 թթ. համայնքապետարանը 3 ավտոմեքենա է վարձակալել: Դրանցից մեկը եղել է Աշոտ Հայրապետյանի «Լեվարյուս» ՍՊԸ-ին պատկանող «Mercedes-Benz ML350» մակնիշի մեքենան: Նշված տարիներին Ա. Հայրապետյանի մեքենայի պահեստամասերի ձեռքբերման համար համայնքապետարանը հատկացրել է 6 միլիոն 687 հազար դրամ: Այսինքն՝ միայն մեքենայի վարձակալության և պահեստամասերի համար 2013-2018 թթ. համայնքի բյուջեից հատկացվել է 24,8 մլն դրամ:
Երկու տարի առաջ Աշոտ Հայրապետյանը մեզ հետ հարցազրույցում չէր հերքել, որ համայնքապետարանը պայմանագրեր է կնքել իր հիմնած ընկերության հետ: «Մենք օրենքի շրջանակներում կազմակերպում ենք մրցույթ և վարձակալում տրանսպորտային միջոցներ քաղաքապետարանի ենթակա կառույցների նպատակների համար: Եվ եթե այդ մեքենաներից մեկը պատկանում է իմ հիմնած ընկերությանը, դա դեռևս չի նշանակում, որ այդտեղ որևէ անօրինական բան կա»,- նշել էր Հայրապետյանը: Նրա համոզմամբ՝ դա շահերի բախում չէ, ոչ էլ պաշտոնեական դիրքի չարաշահում: «Եթե մրցույթի մասնակից ցանկացած ֆիզիկական անձ կամ ընկերություն կարող է ներկայացնել իր տրանսպորտային միջոցը ներկայացված տեխնիկական բնութագրերի համաձայն և վարձակալությամբ տրամադրել իր տրանսպորտային միջոցը քաղաքապետարանին կամ նրա ենթակա կառույցին, ինչի՞ մասին է խոսքը»,- ասել էր նախկին քաղաքապետը:
Աշոտ Հայրապետյանի փորձին հետևել է նրա տեղակալ Արգամ Գրիգորյանը, որը նույնպես այլևս չի պաշտոնավարում: Գրիգորյանը 2018-ին իր մեքենան շահագործել է որպես ծառայողական մեքենա: Այս տարվա ընթացքում համայնքապետարանը որպես «Lexus GX470»-ի վարձակալության գումար վճարել է 1 միլիոն 713 հազար դրամ: Իսկ դրա պահեստամասերն արժեցել են 1 միլիոն 431 հազար դրամ, այսինքն՝ Ա. Գրիգորյանն իր իսկ մեքենան ծառայողական նպատակներով մի քանի ամիս շահագործելու համար համայնքից ստացել է ավելի քան 3 մլն դրամ:
Գործող փոխհամայնքապետ Դավիթ Հայրապետյանն ասում է, որ նման կերպ մեքենա վարձակալելն օրենքով չի արգելվում, բայց, ըստ նրա, չի կարող ասել՝ շահերի բախում է, թե ոչ:
Այս տարիներին Կապանի համայնքապետարանը միայն մի մեքենա է ունեցել՝ «Mitsubishi Pajero», որը, Դ. Հայրապետյանի փոխանցմամբ, քիչ են շահագործում, քանի որ հին է և բավարար սարքին վիճակում չէ: Այդուհանդերձ, այս մեքենայի պահեստամասերի համար 2013-2018 թթ. համայնքապետարանը վճարել է շուրջ 3,5 մլն դրամ:
Համայնքապետի ժամանավոր պաշտոնակատար Նարեկ Ղահրամանյանը, նրա մամուլի քարտուղար Մարգարիտա Մանուկյանի տեղեկացմամբ, ծառայողական մեքենա չունի, աշխատանքի է գնում ոտքով: Ծառայողական մեքենա չունի նաև նրա տեղակալ Դ. Հայրապետյանը, ով աշխատանքի գնում է անձնական մեքենայով:
Առաջին լուսանկարում՝ Աշոտ Հայրապետյանն ու Արգամ Գրիգորյանը
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել