HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուլսարում Կարմիր գրքում գրանցված նոր բուսատեսակներ և կենդանատեսակներ են հայտնաբերվել

Ամուլսարի հանքավայրի տարածքում հայտնաբերվել են Կարմիր գրքում գրանցված այնպիսի հազվագյուտ տեսակներ, որպիսիք արձանագրված չեն Ամուլսարի հանքարդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նախագծում: Ամուլսարի հանքվայրի արդյունահանման իրավունք ունեցող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն թաքցրել է դրանք: Փոխարենը ՇՄԱԳ-ում միայն Կարմիր գրքում գրանցված մեկ բուսատեսակ է ներկայացրել, այն է՝ Մատնունի ծիրանավորը:

«Հետք»-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին գրավոր հարցմամբ խնդրել էր տրամադրել Ամուլսարի հանքավայրում Տեսչական մարմնի ստուգման արդյունքները և ստուգող տեսչական մարմնում  ներգրավված մասնագետների կարծիքները: Տեսչական մարմինը, հիշեցնենք, ստուգումն իրականացրել է հուլիսի 6-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում: Տեսչական նեղ մասնագիտական հարցերի պարզաբանման նպատակով ստուգման գործընթացին ներգրավվել են նաև այլ մասնագետներ՝ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ինժեներ-երկրաբան Դմիտրի Առաքելյանը, «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից, երկրաքիմիկոս Գեղամ Մուրադյանը, կենսաբազմազանության հարցերով մասնագետներ Վասիլ Անանյանը, Անուշ Ներսեսյանը և Ալեքսանդր Մալխասյանը:  

Այն, ինչ դուրս է մնացել Ամուլսարի հանքարդյունահանման նախագծից

Վասիլ Անանյանը, Անուշ Ներսեսյանը և Ալեքսանդր Մալխասյանը համատեղ 3,5 ժամ տևած իրենց այցելությամբ արձանագրել են ՀՀ Կարմիր գրքում ներառված 5 տեսակի կենդանիներ, որոնցից մեկը՝ Ապոլոնը (Parnassius apollo) Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է առաջին անգամ: Եվս 2 տեսակ բաձրակարգ բույսեր են հայտնաբերվել, որոնցից մեկը՝ ամենայն հավանականությամբ Ոզնաթուփ մեխակին (Acantholimon caryophyllaceum Boiss.) նույնպես Ամուլսարի տարածքում հայտնաբերվել է առաջին անգամ:

Եվ այսպես, Տիգրանես և Արշակ գագաթների միջև ընկած տարածքում կենսաբազմազանության մասնագետները գրանցել են Առագաստաթիթեռների ընտանիքին պատկանող Ապոլոնը: Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով այն գնահատվում է որպես «Խոցելի»: Այս տեսակն ընդգրկված է Բեռնի կոնվենցիայի երկրորդ հավելավածում:

Մասնագետները նաև հայտնաբերել են մեկ այլ բուսատեսակ, որը, ամենայն հավանականությամբ, Ոզնափուփ մեխակին է: Սա նույնպես գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և խոցելի տեսակ է համարվում: Այս տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում՝ կապված աճելավայրերի պայմանների փոփոխության հետ:  

Մասնագետների այցի ընթացքում նկատվել է հրդեհ Սարավան գյուղի մերձակայքում, իսկ ավելի ուշ այն սկսել է տարածվել: Այցելությունն ընդհատվել է հրդեհի հանկարծակի և սրընթաց ընդարձակման պատճառով, որը հասել էր «Լիդիան Արմենիա» ընկերության տարածքի ստորին տեղամասեր: Ընկերությունը ներկայացնող ուղեկցող անձիք խնդրել են ընդհատել այցը, որպեսզի կարողանան մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին: Խումբը ստիպված է եղել վերադառնալ:  

Մասնագետներ Վասիլ Անանյանը, Անուշ Ներսեսյանը և Ալեքսանդր Մալխասյանը եզրակացրել են, որ ՀՀ Կարմիր գրքում գրանցված երկու տեսակների հայտնաբերումը ընդամենը 3,5 ժամյա այցելության ընթացքում վկայում է, որ Ամուլսարի տարածքի կենսաբազմազանության գնահատումը պահանջում է լրացուցիչ ուսումնասիրություններ:

«Ակնադիտորեն (մեքենայից) մենք դիտարկում էինք զգալի տարածքներ, որոնք նախատեսված են կույտային տարրալվացման հարթակների և լցակույտի համար: Սա նախկին բնական լանդշաֆտներ են, ինչպես նաև տեղի բնակիչներից գնված նախկին ծիրանի այգիներ: Այդ բոլոր ընդարձակ տարածքներն այս պահին ամբողջությամբ զուրկ են հողային և բուսական ծածկույթից,- արձանագրել են կենսաբազմազանության մասնագետները: -Այն տարածքներում, որոնք զրկվել են հողային և բուսական ծածկույթից, լրիվ խախտված է կենսացենոզը (կենսացենոզը բույսերիկենդանիներիմիկրոօրգանիզմների պատմականորեն ձևավորված ամբողջությունն է-հեղ.), որը կարող է շղթայաբար բացասական ազդեցություն ունենալ Ամուլսարի բույսերի և կենդանիների տեսակների բազմազանության, նրանց քանակի և կենսունակության վրա»:

Երկրաբանական գիտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող, ինժեներ-երկրաբան Դմիտրի Առաքելյանն էլ, կատարելով դիտարկումներ, իր եզրակացության մեձ նշել է, որ պլանավորվող դատարկ ապարների լցակույտի տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրությունները իրականացված են ոչ լիարժեք և չեն ապահովում անհրաժեշտ տեղեկատվություն ներկայիս իրավիճակի գնահատման համար։

« «Լիդիան» ընկերությանն անհրաժեշտ է կատարել գնահատում իրենց պլանավորված դատարկ ապարների լցակույտի տարածքի փոխհարաբերությունը 1955թ.-ին կատարված հետախուզական աշխատանքների արդյունքների հետ՝ հաշվի առնելով կանխատեսվող հիդրոերկրաբանական ռեժիմների փոփոխությունները լցակույտի աշխատանքները իրականացնելուց հետո։ Քանի որ պետք է հաշվի առնել ուրան-թորիումի հանքայնացման և լցակույտի փոխհարաբերությունը։ Վերոնշյալ դրույթներից կարելի է եզրակացնել, որ «Լիդիան» ընկերությունը պետք է իրականացնի Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների նոր ՇՄԱԳ»,- եզրակացրել է Դմիտրի Առաքելյանը։

«Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից, երկրաքիմիկոս Գեղամ Մուրադյանի եզրակացությունը ստանալու համար Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը դիմել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին, քանի որ երկու օր տևած ստուգայցի արդյունքում կազմված փաստաթուղթը դեռևս ստորագրված չէ, հետևապես, այդ փաստաթղթում տեղ գտած տվյալները չեն ներառվել ստուգման ակտում

Իսկ ստուգման ակտում ներառված է 10 խախտում: Մասնավորապես՝ առանց ընդերքօգտագործման իրավունքի՝ բնական ռեսուրսների ապօրինի օգտագործում, չի պահպանվել օգտագործման համար տրամադրված հողերի բնապահպանական նորմերի պահանջները և սահմանափակումները, այսինքն՝ հողամասերն օգտագործվել են ոչ նպատակային նշանակությամբ, որով վնաս է պատճառվել հողին և շրջակա միջավայրին, չեն պահպանվել օգտակար հանածոների արդյունահանման նախագծի շրջակա միջավայրի ազդեցության պահանջները և պայմանները, և ընկերությունը գործունեությունն իրականացրել է փորձաքննոթյան ենթարկված նախագծային փաստաթղթերի պահանջների շեղումներով:

«Լիդիան Արմենիա» –ն շինարարական փուլում առաջացող փոշու արտանետումների մակարդակները չի հաշվարկել, սահմանված կարգով չի կազմել, չի հաստատել և պետական լիազոր մարմնի համաձայնեցմանը չի ներկայացրել ընկերության գործունեության ընթացքում առաջացող վտնագավոր թափոնների անձնագրերը, չի իրականացրել գործունեոթւան արդյունքում առաջացող, տեղադրվող թափոնների սկզբնական հաշվառում և գույքագրում, չեն վարվում թափոնների սկզբանական և ընդհանուր հաշվառման գրքերը, որոնցով պայմանավորված չի կատարվել ընդեքօգտագործման թափոնների կառավարման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններով նախատեսված պարտավորությունները: Ստուգման ակտում ևս նշվել է ՀՀ Կարմիր գրքում գրանցված երկու բարձրակարգ բուսատեսակների և 5 տեսակի կենդանիների հայտնաբերումը:

 «Նշվածով պայմանավորված՝ ընկերության գործունեությունը կարող է հանգեցնել ՀՀ բույսերի և կենդանիների Կարմիր գրքում գրանցված այդ տեսակների թվի կրճատմանը, ինչպես նաև այդ բույսերի ապելավայրի և կենդանիների ապրելավայրերի վատթարացմանը»,- արձանագրված է ստուգման վերջնական ակտում:

Բացի դրանից, հայտնաբերվել է, որ «Լիդիան»-ն իր գործունեության ընթացքում առաջացած վտանգավոր թափոնների պահումն իրականացնում է առանց համապատասխան լիցենզիայի:

Արձանագրվել է նաև հարկային պարտավորության խախտում, այն է՝ ընկերության շինարարական գործունեության արդյունքում մթնոլորտային օդ է արտանետվել 187,9 տ փոշի, որը չի արտացոլվել բնապահպանական հարկերի և բնօգտագործման վճարների հարկային հաշվարկներում, որով պայմանավորված արտանետման անշարժ աղբյուրներից մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման համար բնապահպանական հարկերի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և վճարների եռամսյակային հարկային հաշվարկները հավաստի չեն:

Հիշեցնենք, որ ստուգման ակտն ուղարկվել էր գլխավոր դատախազություն: Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակել են հանցագործության հատկանիշներ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 291-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործման և դրա հետևանքով շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշներով:

Մետաղական հանքավայրերի, այդ թվում նաև Ամուլսարի հանքավայրի գործունեությունն ուսումնասիրող աշխատանքային խումբը ևս արդեն կարծիք-հաշվետվություններ է տրամադրել: Սակայն «Լիդիան Արմենիա» ընկերությունից ստացվել են որոշակի առարկություններ հաշվետվությունների ներկայացման ձևաչափի, անձանց շրջանակի և այլ հարցերի վերաբերյալ: Սպասվում է ամփոփիչ հանդիպում աշխատանքային խմբի մասնակիցների մասնակցությամբ: Սակայն Տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը տեղեկացրել է, որ դեռևս պարզ չէ, թե երբ հնարավոր կլինի ամփոփիչ հանդիպում կազմակերպել կամ նյութերն ուղարկել ՀՀ վարչապետի աշխատակազմին:  Եթե միչև աշխատանքային շաբաթվա ավարտը ընկերության հետ հնարավոր չլինի համաձայնություն ձեռք բերել, կհրավիրվի աշխատանքային խմբի հանդիպում և այդ շրջանակներում կորոշվի, թե ինչպես վարվել:

Աշխատանքային խմբի եզրակացություններին և դրանց ամփոփմանը կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Որպիսի հանքերից, թուրքերից, ՓՀԵԿ-ներից ու ՀՀԿ-ներից պրծնենք, հարկավոր է կարմիր գրքին խնդրել որ մեզ էլ այնտեղ գրանցեն՝ որպես վերացվող տեսակ: Հլա մտածենք՝ եթե թիթեռնիկի թշնամին միայն Լիդյանն է, ապա հայերիս վրա քանի կողմերից են վրա ընկած որ վերացնեն՝ թե դրսից թե ներսից:
Սիսակ
Եթե լիդան չի գալի խոսալու, իր գործն ա, թող նստի տանն ու սպասի ... մարդի գնալու

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter