HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրա Հայրապետյան

Աղջիկն Իպանեմայից

Իպանեմա.  կար ժամանակ, որ անբացատրելի ուժով դեպի ինքը ձգող, հինավուրց լեռան ստորոտին փռված այս ծովեզերքը բոլորովին այլ նշանակություն ուներ: Այս աշխարհի տերերն ուրիշ էին, և ուրիշ էր նրանց հարաբերությունը բնության, տիեզերքի ու մարդկային պատկերացումների հանդեպ: «Գարշահոտ լիճ», «Վատ ջուր». այս էր նշանակում Իպանեման բնիկների՝ հարավամերիկյան հնդկացիներ համարվող տուպի-գուարանի ցեղի լեզվով: Նրանք ապրում էին հիմնականում օվկիանոսի եզերքներին, զբաղվում ձկնորսությամբ: Այդպես էին անվանել ջրաշատ այս ափը այն պատճառով, որովհետև այդտեղ ձկներ չկային: Հնարավոր է, որ կյանքն էլ այդ կողմերում ոչ այնքան կենդանի է թվացել նրանց, անուղղելիորեն անիմաստ, բայց նրանք պատկերացում անգամ չունեին, որ գալու է մի օր, երբ վատ ջրերով հայտնի այդ տարածքը դառնալու է Ռիո դե Ժանեյրոյի ամենաճանաչված շրջանը, աշխարհի ամենահայտնի, ամենաթանկարժեք և պահանջված ափերից մեկը, բայց արդեն՝ բրազիլական ոգով: Իսկ ամենահետաքրքիրն ու անսպասելին այն է, որ Իպանեման ողջ աշխարհում այսօր ամենաճանաչված ծովեզերքն է շնորհիվ ոչ թե բնիկների լեգենդի կամ իր ոսկեգույն ավազահատիկների, ոչ թե զմրուխտե թափանցիկ ջրերում լողացող կիսամերկ բրազիլուհիների ու տրոպիկական համեղ կոկոնատը վայելող, աշխարհի հին ու նոր ազգերն իր կենսաբանական հիշողության մեջ ամփոփած ամրակազմ ֆուտբոլիստների, այլ՝ երգի միջոցով:

«Աղջիկն Իպանեմայից». պորտուգալերեն՝ Garota de Ipanema

 Սա աշխարհում բրազիլական ամենահայտնի երգն է, որով ճանաչված ու ավելի հասանելի են դարձել և՛ Իպանեման, և՛ բոսա նովան (վերջինիս համար նույնիսկ երբեմն որպես սահմանում դառնալով): Չնայած բրազիլական երաժշտության բազմաոճությանն ու բազմաժանրությանը՝ ողջ աշխարհում այսօր շատերը այն ճանաչում են հիմնականում այս երգով, երբեմն՝ առանց անունն իմանալու, միայն մեղեդին հիշելով:

Այդ հանրահայտ «Garota de Ipanema»-ն ստեղծվեց հեռավոր 60-ականներին: Հեղինակներն էին բրազիլացի երաժիշտ, կոմպոզիտոր և երգիչ Անտոնիո Կառլոս (Թոմ) Ժոբինը և գրող, բանաստեղծ Վինիսիուս ջի Մորայիսը: Պատմությունն այսպես է սկսվել.

1962 թվականն էր. երկուսն էլ այդ ժամանակ աշխատում էին կատակերգական մի մյուզիքլի ՝ «Դիրիժաբլ»-ի համար: Գործը ոչ մի կերպ առաջ չէր գնում: Ինչպես ասում են՝ չկար ներշնչանքի աղբյուրը կամ գրելու մուսան: Գրեթե ամեն օր նրանք նստում էին «Վելոսու» բար-սրճարանում, որը Ռիոյի այդ հայտնի Իպանեմայի շրջանում էր և նրանց ամենասիրելի վայրն էր: Նրանք նստում էին երկար, զրուցում ու հիացմունքով անվերջ հետևում սեթևեթանքով դեպի ծովափ քայլող ու այնտեղից վերադարձող գեղեցկուհիներին:

Եվ հայտնվեց նա՝ հայտնի երգի հերոսուհին: Նա բարձրահասակ էր՝ աներևակայելի գեղեցիկ կազմվածքով, օվկիանոսի զմրուխտն ու ողջ խորությունն ասես իր մեջ հավաքած կանաչ աչքերով, արևի ոսկին մազերի ալիքներում անդրադարձնող անսահման հմայքով: Տասնյոթամյա այդ հրաշքն ամեն օր անցնում էր բարի մոտով` մերթ ծովափ տանող ճանապարհից թեքվելով ու բարից ինչ-որ բան գնելով, մերթ մոտակա թերթի կրպակի մոտ կանգնած, մերթ էլ՝ դպրոց կամ քոլեջ տանող ճանապարհը հատելիս: Ու ամեն անգամ, երբ նկատվում էր նրա մոտենալը ճանապարհի այդ հատվածին, սրճարանում նստածների աղմուկն ասես շնչասպառ լինելով թուլանում էր՝ հետևելու նրա հետզհետե հեռացող քայլերին: Երկու ընկերներն արդեն ամեն օր այստեղ էին՝ նրան կրկին տեսնելու ակնկալիքով: Ու չնայած իրեն սևեռված նրանց հիացական հայացքներին՝ աղջիկն անցնում էր բացարձակ անտարբերությամբ, առանց ուշադրության որևէ նշույլի:

Բրազիլացի երաժշտասերներից ոմանց վկայությամբ՝ իբր երգը գրվել է մի քանի րոպեի ընթացքում, հենց նույն բարում նրանց զբաղեցրած սեղանին՝ թղթե անձեռոցիկի վրա: Համենայն դեպս նման պատմության հստակ աղբյուր ես այդպես էլ չգտա, գուցե՝ առայժմ:

«Վելոսու» բար-սրճարանը, որ վաղուց կրում է «Garota de Ipanema» անունը

 Երգը սկզբում որոշեցին ընդգրկել մյուզիքլի կազմում: Նախնական տարբերակում այն անվանել էին «Menina que passa» ( պորտուգալերենից՝  աղջիկը, որն անցնում էր), երգի առաջին քառատողի համաձայն՝

Olha que coisa mais linda

Mais cheia de graça

É ela, menina

Que vem e que passa

Num doce balanço

A caminho do mar…

Հետո, երբ որոշվեց այն առանձին ներկայացնել, հեղինակները նորից աշխատեցին և՛ պորտուգալերեն տեքստի, և՛ երաժշտության վրա՝ վերածելով մինչ օրս սիրելի ու չհնացող «Աղջիկը Իպանեմայից» մեղեդի-պատմության:

Նույն տարում՝ 1962թ.-ին, երգը ձայնագրվեց և ներկայացվեց Պերի Հիբեյրուի կատարմամբ. սա «Garota de Ipanema»-ի նաև առաջին կոմերցիոն ձայնագրությունն էր:

Երկու տարի անց թողարկվեց երգի նոր տարբերակը. այս անգամ՝ երկլեզու կատարմամբ: Բրազիլացի մեկ այլ հայտնի, սիրված երգիչ՝ Ժուան Ժիլբերտուն, սաքսոֆոնահար Սթան Գեցի հետ Նյու Յորքում որոշեցին ձայնագրել այս նոր տարբերակը՝ ներառելով նաև անգլերեն խոսքեր: Նոր տեքստի հեղինակն էր ամերիկացի գրող և մի շարք հայտնի երգերի հեղինակ Նորման Գիմբելը: Անգլերեն հատվածը որոշեցին «հանձնել» Ժիլբերտուի կնոջը՝ Աստրիդին, քանի որ նա իրենցից միակն էր և այդ տարիներին բացառիկներից մեկը` իբրև բրազիլացի, ով տիրապետում էր անգլերեն լեզվի: Երգի մատուցմանը ամենևին չխանգարեց նրա անփորձ, անմշակ ձայնն ու ինչ-որ տեղ մի տեսակ անհաղորդ թվացող կատարումը: Հակառակը՝ հենց դրանով ապահովվեց երգի հաջողությունն ու նաև՝ Աստրիդ Ժիլբերտուի հետագա երաժշտական կարիերան: 

Այս սինգլն արդեն համաշխարհային հիթ դարձավ, մեկընդմիշտ հաստատեց երգի հարատևությունը ժամանակի ու դրա հետ խորացող տարածության մեջ:

«Garota de Ipanema»-ն իր կատարման, ձայնագրությունների քանակով աշխարհի ամենահայտնի երգերից մեկն է համարվում, այդ առումով թերևս զիջում է միայն «The Beatles»-ի «Yesterday»-ին: Տասնյակ տարիներ անց՝ 2009թ.-ին, այն «Rolling Stone»-ի հարցումներով ճանաչվեց բրազիլական երաժշտության մեծագույն ստեղծագործություններից մեկը:

Երգի հեղինակները՝  Անտոնիո Կառլոս (Թոմ) Ժոբինը և Վինիսիուս ջի Մորայիսը

Էլոիզա

Իսկ ո՞վ էր նա՝  Իպանեմայի ոսկե մազերով գեղեցկուհին, ով անցնում էր երկրից երկիր, քաղաքից քաղաք՝ հատելով աշխարհի տարբեր երաժշտական սահմանների բարձրագույն կետերը, և ում քայլքը նրան ակնդետ հետևող ստեղծագործ մտքերի համար ավելին էր, քան բանաստեղծական ռիթմը: Նա հինավուրց լեռան լեգենդն իր բնիկների պատմության հետ շղարշեց ու ստեղծեց իրենը՝ Իպանեման այսուհետ կապելով իր ու երգի հետ:

Տասնյոթամյա հրաշքն Էլոիզա Պինտու-Պինյեիրոն էր՝ բրազիլացի մոդել և, հետագայում՝ գործարար, հեռուստահաղորդավար: Ինչպես մեր պատմության սկզբում հայտնվեց ու երգի փայլի հետ անէացավ՝ մղվելով դեպի «ետնաբեմ», այնպես էլ  «Garota de Ipanema»-ի կյանքում: Ճիշտ է, սկզբում, երբ լույս տեսավ երգի երկլեզու հայտնի սինգլը, հեղինակները գտան և ծանոթացան աղջկա հետ, ապա նրան ներկայացրին լրատվամիջոցներին՝ որպես երգի հերոսուհու: Ռիոյում բոլորն արդեն ճանաչում էին, թե ով էր իպանեմացի գեղեցկուհին: Թերևս այսքանով սահմանափակվեց նրա դերը: Տարիներ շարունակ, արդեն ճանաչված ու կոմերցիոն հսկա հաջողություններ ունեցող երգը մեծ գումարներ ու նոր համագործակցություններ էր նվիրել հեղինակներին, որոնցից աղջիկն այդպես էլ անմասն մնաց:

Էլոիզա Պինտու-Պինյեիրոն 60-ականներին և 2000-ի վերջերին

Միայն 2001 թվականին, երբ ընտանիքի հոգսերն հոգացող փոքրիկ խանութը մեծ պարտքեր ու անհաջող առևտուր էր ունեցել, նա որոշեց 39 տարի անց օգտվել երգի մուսան լինելու առիթից: Էլոիզան, խանութի հանդեպ ուշադրությունը մեծացնելու նպատակով, որոշեց այն երգի անունով անվանել՝ «Աղջիկն Իպանեմայից» ու որոշ ժամանակ անց հայտնվեց դատարանում: Երգի հեղինակների ժառանգներին դուր չէր եկել նրա նախաձեռնությունը, և նա մեղադրվեց հեղինակային իրավունքները խախտելու մեջ: Դատարանը, սակայն, հարցը լուծեց ի օգուտ Իպանեմայի գեղեցկուհու: Դրանից բացի, նա երկու անգամ երևացել է «Brazilian Playboy» ամսագրում, որտեղ ներկայացվել է որպես նախկին մոդել և աշխարհի ամենահայտնի երգերից մեկի գեղեցկուհի, ով անմեղ անտարբերությամբ անցնում էր տնից ծովափ ընկած ճանապարհն՝ առանց իմանալու, որ բանաստեղծությունից էլ գեղեցիկ իր հայտնության մեջ հարատև ապրող մի երգ էր ծնվելու:

Էլոիզա Պինտուն և երգի հեղինակ Վինիսիուս ջի Մորայիս

Գլխավոր լուսանկարում՝ Էլոիզա Պինտուն Իպանեմայի լողափում

Մեկնաբանություններ (2)

Նաիրա Հայրապետյան
Շնորհակալ եմ արձագանքի համար, պարոն Մանուկյան: «ուի»-ն վրիպակ է և copy/past-ային, որը շուտով կուղղվի՝ «իու»-ով (եթե դա եք իբրև սխալ դիտարկել): Միայն ավելացնեմ, որ սխալվելու կամ վրիպակներ ունենալու հավանականությունը միշտ էլ մեծ է, երբ գործ ունես մեծ պատմություն պարունակող նյութերի հետ: Վստահ եմ, որ դա Դուք էլ կվկայեիք, եթե իմանայիք, թե ինչ ահռելի քանակությամբ օտարալեզու աղբյուրների ուսումնասիրությունից ու մարդկանց հետ զրույցների արդյունքում են գրվում իմ պատմությունները: Ինչ վերաբերում է հայտնի մարդկանց անունների ճիշտ կամ սխալ լինելուն, միգուցե նրանից է, որ ես երբեք չեմ թարգմանում ռուսերենից և սկզբունքորեն աշխատում եմ դրանք գրել այնպես, ինչպես իրականում են արտասանվում : Նյութում նշված անունները ես ճշտել եմ պորտուգալերեն հնչողությամբ, որտեղ «մ»-ն քմային «ն» է անպայման արտասանվում , «դ»-ն՝ «ջ», երբ կոնկրետ դեպքերում է և օգտագործվում է ձայնավորի հետ: Ողջ Բրազիլիայում այդպես են հնչում իրենց համար պաշտելի այս անձանց անունները: Եթե այլ օրինակներ նկատի ունեք, որևէ խնդիր չկա, պատրաստակամ եմ շտկելու: Ուրախ կլինեմ, եթե գրեք նաև Ձեր իմացածն այս պատմության ավելի հետաքրքիր շարունակության մասին: Այս հոդվածաշարը հենց այդ նպատակով ենք ստեղծել՝ լսել, զրուցել, քննարկել ու իմանալ ավելին: Տվեք նաև Ձեր սահմանումը երաժշտության հետ կապ ունեցող մարդու մասին, որովհետև ինձ համար չկա ավելի ամուր կապ, քան նրա հետևից գնալու կարողությունը՝ մտքով և քո ունեցած ճիշտ զգացողությամբ:
Армен Манукян
Хорошая статья. жаль, что есть несколько ошибок в именах и фамилиях известных нав есь мир музыкантов..Это показывает, что автор имеет мало отношения к музыке, а просто перевел этот материал..А самое иннтересное, что у этой истории есть и прелюбопытнейшее продолжение!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter