HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ծնողների պնդմամբ՝ անեսթեզիոլոգի պատճառով երեխան երկու ամիս վերակենդանացման բաժանմունքում է

Լիդա Թադևոսյանի մեկ տարեկան ութ ամսական որդու` Հարությունի կես ժամ տևողությամբ վիրահատությունը երեխայի համար ճակատագրական է դարձել։ Ասում է՝ Գավառից երեխային ողջ-առողջ բերեցին Երևան վիրահատության, չէին կարծում, որ լուրջ խնդրի առաջ կկանգնեն։

Հարություն Թադևոսյանն արդեն երկու ամիս «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։

Երեխայի մայրը՝ Լիդա Թադևոսյանը պատմում է, որ երեխան թևին խալ է ունեցել, հարվածից դրա տակ արյուն է հավաքվել, մսակալել, և բժիշկները որոշել են վիրահատության միջոցով հեռացնել այն. «Անալիզները վերցրեցին, ասեցին՝ ամեն ինչ նորմալ է։ Սիրտը նկարեցին, թոքերը ստուգեցին, հուլիսի 27-ին ժամը 10-ին երեխային տարան վիրահատության»։

Վիրահատարան տեղափոխելուց երկու ժամ անց բժիշկները ծնողներին կանչել են հիվանդասենյակ և հայտնել, որ վիրահատությունը չի կատարվել. «Մենք իմացանք երեխին վիրահատել են, ուրախ-ուրախ գնացինք։ Մտանք բժիշկների սենյակ։ Գլխավորը ասեց՝ երեխուն վիրահատություն չենք արել, երեխային նարկոզ ենք տվել, հինգ րոպե երեխայի սրտի ռիթմի խանգարում է տեղի ունեցել։ Մենք վիրահատություն չենք արել։ Հիմա ձեր երեխան ռեանիմացիայում է, մի օր կմնա էնտեղ, հաջորդ օրը կբերենք, վիրահատություն կանենք»։

Երեկոյան, երբ ծնողները մտնում են վերակենդանացման բաժանմունք` երեխային տեսակցության, տեսնում են, որ երեխան ապարատային շնչառության տակ է, մարմինը կապտած է, ներերակային կաթիլային ներարկում է միացված։

Լիդայի պատմելով՝ չարված վիրահատությունից երկու օր անց երեխային բուժող բժիշկն իրեն և ամուսնուն կանչում է՝ հայտնելով. «Երեխան սրտի կանգ է ունեցել, թթվածինը չի հասել ուղեղին, երեխայի մոտ թթվածնաքաղց է առաջացել, որի պատճառով էլ ուղեղն այտուցվել է։ Հիմա պետք է ամբողջական հետազոտություն անենք, տեսնենք՝ երեխային ինչ է եղել»։

Մոր խոսքով` ամբողջական հետազոտությունից հետո բժիշկները հայտնել են, որ այտուցի հետևանքով երեխայի գլխուղեղի երկու կողմերում հեղուկ է հավաքվել, որը չի թողնում, որ երեխայի ուղեղը զարգանա։

Ծնողները հավաստում են, որ երեխան երբևէ սրտի խնդիր չի ունեցել, վիրահատությունից առաջ սիրտը նկարել են։ Ծնողները վիրաբույժ Արմեն Առուստամյանին ասել են՝ եթե նկատում էիք, որ երեխան սրտի հետ կապված որևէ խնդիր ունի, ինչու՞ վիրահատությունից առաջ իրենցից ստորագրություն չեք վերցրել: «Արմեն Առուստամյանը մեզ պատասխանում է՝ ձեր երեխան լիովին՝ 100 տոկոսով, առողջ է եղել, դրա կարիքը չենք ունեցել։ Մենք ձեզանից առողջ երեխա ենք վերցրել, դրա համար էլ ձեր ստորագրությունը պետք չի եկել»,-ասում է Լիդան։

Ծնողները հավաստիացած են, որ երեխան մինչ օրս անգիտակից վիճակում է անեսթեզիոլոգի՝ Ալիկ Հովհաննիսյանի պատճառով, որը, նրանց փոխանցմամբ, երեխային բարձր չափաբաժնով նարկոզ է ներարկել, երեխայի սրտի ռիթմը խանգարվել է, որի հետևանքով, ծնողների փոխանցմամբ, երեխան կլինիկական մահ է տարել. «Երեխին տվել է գիրկս, նոր կշռել, հետո երեխային իջեցրել եմ, ինձ առանձին է կշռել, երեխայի քաշն է որոշել։ Էդպես էլ տարել է վիրահատարան, նարկոզ է տվել։ Ինքը հլը ասում է՝ դուք պետք է շնորհակալ լինեք, որ կարողացել եմ ձեր երեխային հետ բերել։ Ոնց որ մեր երեխային տենց հիվանդ էինք բերել, մի հատ էլ իրանց շնորհակալ լինենք»։

Ծնողներին ամենից շատ անհանգստացնում է երեխայի լեզվի միջնամասի բացակայությունը։ Հարությունի հայրը՝ Արշակ Թադևոսյանը, պատմում է, որ չկայացած վիրահատությունից չորս-հինգ օր անց նկատել են՝ երեխայի լեզվի միջնամասը բացակայում է։ Բժիշկները պարզաբանել են, որ երեխան ցնցումների ժամանակ ատամներով սեղմել է, լեզուն կծել. «Բայց երեխան, որ ապարատի տակ է, ապարատն է էս երեխուն ապրեցնում, ո՞նց կարող էր։ Իրա սիրտը նույնիսկ չէր էլ աշխատում, ո՞նց կարար լեզու կտրեր։ Ինքը անշարժ վիճակով պառկած է եղել։ Արմեն Առուստամյանը՝ վիրահատությունը անող բժիշկը, ասում է՝ լեզուն մկրատաձև կտրվել է, կգա կմիավորվի։ Իսկ գլխավորին եմ մոտենում, ասում է՝ լեզվի կտորը վրան չի»։

Ծնողները չեն հավատում այն հավաստիացումներին, թե երեխան է լեզուն կտրել։ Երեխայի լեզվի լուսանկարը ցույց են տվել այլ բժշկական կենտրոնների բժիշկների, ովքեր ծնողներին հավաստել են, որ երեխան ցնցումներ է ունեցել, լեզուն մկրատով պահել են, այդ ժամանակ լեզվի միջնամասը կտրվել է։

Երեխան այժմ ինքնուրույն է շնչում է, սակայն գիտակցություն չունի, որևէ մեկին չի ճանաչում։

Ծնողները օգոստոսի 21-ին դիմել են նաև ոստիկանություն՝ իրավապահներից պահանջելով պարզել երեխայի վիրահատության ամբողջ եղելությունը, պահանջել են նաև դատական բժիշկ, որը, սակայն, մինչ օրս չի եկել։

Ծնողների փոխանցմամբ՝ բժիշկներն ասել են, որ եթե անգամ իրենց հաջողվի երեխային գիտակցության բերել, նա 100 տոկոսով առողջ չի լինի: «Բուժող բժիշկը՝ Բեգուրովիչը, ասում է, որ դուք սպասում եք, որ ձեր երեխան պիտի քայլի, դուք էդ չեք տենա, երեխան չի քայլի, չի խոսա, նույնիսկ իրա ձեռով հաց չի կարա ուտի»,-ասում է երեխայի մայրը։

Լիդան հուլիսի 26-ից «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում է՝ հույսով, որ երեխան գիտակցության կգա։  

«Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը «Հետք»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել ծնողների այն մեղադրանքը, թե երեխան նարկոզի բժշկի պատճառով է մինչ օրս վերակենդանացման բաժանմունքում։

Ասաց՝ մեկնաբանություն չի տա, քանի որ ծնողները բողոք են ներկայացրել ոստիկանություն, որի առնչությամբ քրեական գործ է հարուցվել և նախաքննություն է ընթանում։  

Գլխավոր բժշկի փոխանցմամբ՝ անզգայացման ժամանակ երեխայի մոտ դիտվել է սրտի ռիթմի սուր խանգարում, իրականացվել են վերակենդանացման միջոցառումներ, որից հետո սրտի աշխատանքը և շնչառությունը վերականգնվել են, երեխան այժմ ինքնուրույն շնչում է. «Կյանքին սպառնացող վտանգ չկա։ Պարզապես այս պահին ունենք հետռեանիմացիոն ուղեղի ախտահարման պատկեր, որը ժամանակի ընթացքում դեռ պետք է տեսնենք` ինչ տեմպերով է լավանալու և ինչ մնացորդային խնդիրներ ենք ունենալու»։

Հարցին` մինչ վիրահատությունը բժիշկները չէին կանխատեսե՞լ, որ վիրահատության ժամանակ երեխայի մոտ նման զարգացումներ կարող են լինել, Բավեյանը պատասխանեց, թե մինչ վիրահատությունը երեխան որևէ խնդիր չի ունեցել, առողջ է եղել, բոլոր համապատասխան հետազոտություններն արվել են։ 

Բավեյանը ևս չի բացառում հավանականությունը,  որ երեխան լիովին առողջ չի վերականգնվի. «Դրա հավանականությունը կա։ Հիմա մենք գտնվում ենք վերականգնողական շրջանում և բավական երկար վերականգնողական շրջան է սպասվում, որից հետո կտեսնենք` ինչ մնացորդային խնդիրներ կունենանք։ Իհարկե, հուսով ենք՝ հնարավորինս, մաքսիմալ կվերականգնվի, բայց չի բացառվում, որ ունենք մնացորդային ինչ-որ խնդիրներ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter