
«Միշա Վանյանն ա ծամծմում»
Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 14-ամյա Պետրոս Բադալյանը հաշմանդամի կարգավիճակ ունի: Առաջին անգամ նա հաշմանդամ է ճանաչվել 2005-ին, ապա՝ 2007-ին՝ յուրաքանչյուր դեպքում 2 տարի ժամկետով: Եվ ահա 2009-ի դեկտեմբերի 14-ին երեխան կրկին փորձաքննություն է անցել Գեղարքունիքի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական (ԲՍՓ) հանձնաժողովի կողմից: Սակայն այս անգամ նրան հաշմանդամի կարգավիճակ չի տրվել: Տղայի հայրը՝ Արայիկը, որոշումը բողոքարկել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալությունում (պետ՝ Միշա Վանյան), սակայն այստեղ ոչինչ չի փոխվել:
Ի վերջո Արայիկ Բադալյանը դիմել է դատարան: Նա պահանջել է ոչ միայն անվավեր ճանաչել հանձնաժողովի որոշումը, այլեւ Պետրոսին հաշմանդամության կարգավիճակ տալ: Վարչական դատարանի դատավոր Հովհաննես Թորոսյանը կարգավիճակ տալու մասին պահանջը չի ընդունել, քանի որ նման որոշումներ կայացնելու պարտավորութուն դատարանը չունի: Մնացած մասով հայցն ընդունվել է վարույթ:
Պարզվել է, որ 2005-ին եւ 2007-ին նույն ԲՍՓ հանձնաժողովը երեխային կարգավիճակ է տվել հետեւյալ ախտորոշմամբ. «աջ արմնկահոդի հետայրվածքային սպիներ, արմնկահոդի արտահայտված կոնտրակտուրա, վերջույթի ֆունկցիայի զգալի խանգարում»: Իսկ 2009-ի փորձաքննական որոշման մեջ, որով երեխան հաշմանդամ չի ճանաչվել, ախտորոշումը նշվել է այսպես. «աջ արմնկահոդի հետայրվածքային կելոիդ սպիներ, արմնկահոդի թեթեւ տարածիչ կոնտրակտուրա, հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարում»:
Պատասխանողի ներկայացուցիչ Լ. Ժամհարյանը դատարանում նշել է, թե կարգավիճակ չի տրվել, որովհետեւ քառամյա ստացիոնար եւ ամբուլատոր բուժումից հետո տղայի մոտ արձանագրվել է «աջ արմնկահոդի հետայրվածքային կելոիդ սպիներ, արմնկահոդի թեթեւ տարածիչ կոնտրակտուրա, հենաշարժական ֆունկցիայի աննշան խանգարում»:
Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ կապ չունի, թե խանգարումն ինչ աստիճանի է, էականն այն է, թե արդյոք այդ խանգարումը բերել է անձի կենսագործունեության սահմանափակման: Կառավարությունը 2003-ին ընդունել է «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչների եւ հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները»: Այդ փաստաթղթում նշվում է, որ «հաշմանդամ երեխա» կարգավիճակ տրվում է ցանկացած տեսակի եւ արտահայտվածության աստիճանի կենսագործունեության սահմանափակման առկայության դեպքում: Եվ այս դեպքում մի կողմից՝ հանձնաժողովը Պետրոսի մոտ արձանագրել է «ֆունկցիայի աննշան խանգարում», մյուս կողմից՝ գրել, որ դա չի հանգեցնում կենսագործունեության սահմանափակումների: Այնինչ վերոնշյալ փաստաթղթով սահմանվում են նաեւ ֆունկցիաների հիմնական խանգարումների տեսակները, որոնք սահմանափակում են երեխաների կենսագործունեությունը: Դրանց թվին են դասվում ձեւախեղումները՝ դեմքի, գլխի, մարմնի, վերջույթների կառուցվածքային դեֆորմացիաները, արտահայտված արտաքին ձեւախեղումները: Այս կետին հանձնաժողովն ընդհանրապես չի անդրադարձել: Հարց է ծագում. ինչու՞ չի անդրադարձել: Ապացուցվել է, որ Պետրոսի աջ ձեռքի վրա առկա են հետայրվածքային կոպիտ, կելոիդ, ձգող սպիներ: Արմնկահոդը 180-ի փոխարեն բացվում է միայն 160 աստիճան, այսինքն՝ երեխան չի կարողանում ձեռքն ուղղաձիգ պարզել: Այս վիճակը, դատարանի համոզմամբ, լիովին համապատասխանում է երեխաների կենսագործունեությունը սահմանափակող խանգարումներին. «Պետրոս Բադալյանի աջ ձեռքը ոչ լրիվ բացելու հնարավորության բացակայությունը վկայում է այն մասին, որ այդ ձեռքը, որպես վերին վերջույթ, ունի ձեւախեղում, իսկ դրա վրա առկա ձգող սպին վկայում է արմունկի արտաքին ձեւախեղման մասին»։ Դժվար է չհամաձայնել այս դիտարկմանը, սակայն պատասխանող կողմը հենց այդպես էլ արել է: Վերջինս մասնավորապես իր վերաքննիչ բողոքում հետագայում կգրի. «Պ. Բադալյանի աջ վերին վերջույթը արտահայտված արտաքին ձևախեղման ենթարկված չէ, այլ առկա է միայն արմնկահոդի առաջային մակերեսի հետայրվածքային ձգող սպի»։
Դատարանում Լ. Ժամհարյանը պնդել է, թե իբր կարգավիճակ կտրվեր, եթե Պետրոսի հենաշարժական ֆունկցիայի խանգարվածության աստիճանն առնվազն լիներ «չափավոր», այնինչ եղել է «աննշան»: Սակայն օրենսդրության մեջ նման բան չկա: Ավելին՝ դատաքննության ընթացքում՝ 2010-ի դեկտեմբերին, հայցվորի միջնորդությամբ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը անցկացրել է համալիր հետազոտություն, եւ պարզվել է, որ երեխայի մոտ առկա է «ֆունկցիայի չափավոր խանգարում»: Ժամհարյանն էլ ասել է, թե 2009-ին խանգարման աստիճանը «աննշան» է եղել, ու մեկ տարի անց միգուցե վիճակը վատացել է: Այս տրամաբանությամբ ստացվում է, որ 2005-ին եւ 2007-ին արձանագրված «զգալի» խանգարումը արդեն 2009-ին «դարձել է» «աննշան», իսկ 2010-ին՝ կրկին ավելի բարդ՝ «չափավոր»: Նման հիմնավորում-ենթադրությունն ուղղակի զարմանալի է, եւ դատավոր Հ. Թորոսյանը դիպուկ նկատել է, որ 2010-ի համալիր փորձաքննությունը պետք է գնահատել այնքանով, որ այդկերպ հաստատվել է Պետրոսի մոտ կենսագործունեության սահմանափակման դեռեւս առկա փաստը:
2011-ի մարտին վարչական դատարանը բավարարել է Արայիկ Բադալյանի հայցը եւ անվավեր ճանաչել Գեղարքունիքի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական (ԲՍՓ) հանձնաժողովը որոշումը: Վերջինս էլ վճիռը բողոքարկել է վերաքննիչ ատյանում:
Բողոքաբերը մասնավորապես նշել է, որ «Պ. Բադալյանի աջ արմնկահոդում կառուցվածքային դեֆորմացիա չկա՝ արմնկահոդը կազմող ոսկրերի կառուցվածքը, ջլամկանային համակարգը, ներվանոթային համակարգը զարգացած են նորմալ։ Պ. Բադալյանի աջ վերին վերջույթը արտահայտված արտաքին ձևախեղման ենթարկված չէ, այլ առկա է միայն արմնկահոդի առաջային մակերեսի հետայրվածքային ձգող սպի։ Պ. Բադալյանի մոտ կենսագործունեության որևէ աստիճանի սահմանափակում չկա, հիվանդության վերականգնման հնարավորությունը կամ ներուժը գնահատվում է բարձր՝ հիմք ընդունելով բուժման հնարավորությունը և արդյունավետությունը, որը նաև հիմնավորում է բուժական հաստատության էպիկրիզը՝ տրված 12.11.2009 թ. ՀՀ ԱՆ ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի այրվածքային բաժնի վարիչ Վ. Հ. Շամախյանի կողմից։ Հետևաբար, նրա մոտ չկան կենսագործունեության որևէ տեսակի սահմանափակումներ և հաշմանդամության սահմանման հիմքեր։ Դատարանը նշանակել է փորձաքննություն, որի նպատակն է եղել պարզել, թե տվյալ պահին ինչ առողջական խնդիրներ ունի Պ. Բադալյանը։ Այդ փորձաքննության արդյունքները դրվել են վճռի հիմքում։ Սակայն դատական կարգով վիճարկվել է 14.12.2009 թ. վարչական ակտ, մինչդեռ դատարանի որոշմամբ փորձաքննությունն իրականացվել է 24.12.2010 թ., այսինքն՝ մեկ տարի հետո Գեղարքունիքի թիվ 1 ԲՍՓՀ-ի կողմից անձին բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելուց հետո։ Մեկ տարվա ժամանակահատվածում անձի առողջական վիճակը կարող էր ենթարկվել տարբեր փոփոխությունների, որը դատարանը հաշվի չի առել»։
Այդուհանդերձ, վարչական վերաքննիչ դատարանը (նախագահող դատավոր՝ Հովսեփ Բեդեւյան) 2011-ի հունիսին անփոփոխ է թողել դատավոր Թորոսյանի կայացրած վճիռը՝ անհիմն համարելով հանձնաժողովի ներկայացրած փաստարկները:
Արայիկ Բադալյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ դատարանի վճռից հետո հանձնաժողովը նշել է, որ չնայած իր որոշումը անվավեր է ճանաչվել, սակայն դատարանը իրեն չի պարտավորեցրել հաշմանդամության կարգավիճակ տալ երեխային: Պետրոսի գործերը, ըստ հոր, այժմ գտնվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի մոտ: Հինգշաբթի օրը երեխան Երեւանում ուղարկվել է նոր փորձաքննության, որտեղ բժշկական եզրակացությամբ հաստատվել է, որ նա, իրոք, խնդիրներ ունի: Մոտ օրերին պետք է որոշվի՝ հաշմանդամության կարգ տրվու՞մ է 14-ամյա Պետրոսին, թե՞ ոչ: Հարցին, թե հնարավոր է, որ ինքն անձնական խնդիրներ ունի Գեղարքունիքի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի անդամների հետ, կամ իրենից գումար են պահանջում, տղայի հայրը բացասական պատասխան տվեց, ապա հավելեց, որ ամեն ինչ կախված է բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալությունից, որին էլ ենթարկվում է հանձնաժողովը. «Գործակալության պետը Միշա Վանյանն ա, էնի ա ծամծմում»:
Արայիկն ասում է, որ եթե երեխային կրկին կարգավիճակ չտրվի, ինքը նորից դատարան է դիմելու: «Պայքարելու եմ, մինչեւ արդարությունը վերականգնվի»,- վճռական է ծնողը:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել