
«Հայկական ժամանակ». մե պուճուր նվեր
Լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի՝ հիմա արդեն հայտնի «G» դասի «Մերսեդես» ջիփը նրան նվիրել է ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը Գասպարյանի՝ ոստիկանապետ դառնալուց օրեր անց:
Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը լուրի կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Մանուչարյանից, որը հարցը լսելուց անմիջապես հետո հերքել է լուրը: Երբ «ՀԺ»-ի թղթակիցը տարակուսել է հանպատրաստից հերքման կապակցությամբ, դրանից հետո է միայն խոստացել ճշտել ու զանգահարել:
Ըստ ամենայնի, ՊԵԿ նախագահի մամուլի քարտուղարը իր հիմնական պարտականությունը համարում է շեֆին ոչ այնքան ձեռնտու տեղեկությունները հերքելը. այլապես ինչպե՞ս կարող էր իմանալ, թե Խաչատրյանը ում, երբ, ինչ է նվիրել:
Այնուամենայնիվ, Մանուչարյանն ավելի ուշ զանգահարել է և Գ.Խաչատրյանի անունից փոխանցել, թե «լուրը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը»: Հետաքրքիր կլիներ, եթե ասեր, որ համապատասխանում է իրականությանը. «Մերսեդեսը», որի մասին խոսվում է, կարող է արժենալ 120-150 հազար դոլար:
Մեկնաբանել