HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Սոսնձված» սպանության գործ

2005 թ. օգոստոսի 11-ին, ժամը 3-ի սահմաններում Երեւանի Չեխովի 29 շենքի մոտ հայտնաբերվել է 19-ամյա Մեսրոպ Մաքոյանի դիակը` դանակի 7 հարվածի հետքերով:

Իրավապահները սպանությունը «բացահայտել» են եւ գործն ուղարկել Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան: «Հարուցված քրեական գործի որոշումից երեւում է, որ սպանության կատարողները հայտնի չեն»,- արձանագրել է դատավորը եւ գործը վերադարձրել լրացուցիչ նախաքննության: Իրադարձությունները, սակայն, զարգացել են այլ հունով, իսկ չբացահայտված սպանության համար մեղադրվողներ Զավեն եւ Վլադիմիր Մկրտչյանները, Հրաչ Սահակյանը եւ Սերոբ Տեր-Մելիքսեթյանը մի քանի տարի է` բանտարկված են:

Սպանության առաջին վարկածը

Ջրվեժ գյուղի բնակիչ Մ. Մաքոյանի դիակի վրայից իրավապահները վերցրել են վերջինիս բջջային հեռախոսը եւ պարզել, որ դրանով ժամը 1-ից 1:14-ի սահմաններում 3 անգամ զանգահարել են Լիանա Գասպարյանին պատկանող հեռախոսահամարին: Ըստ քրեական գործի` անմիջապես դեպքի վայր են հրավիրվել Լ. Գասպարյանը եւ նրա երկու անչափահաս դուստրերը` Աննա եւ Հասմիկ Մուրադյանները, որոնք հայտնել են, թե սպանվածին տեսնում են առաջին անգամ: Սակայն 3 օր անց լրացուցիչ հարցաքննության ժամանակ Աննա Մուրադյանը «խոստովանել» է, որ տուժողին ճանաչել է շուրջ 1 ամիս, իրենք մի քանի անգամ հանդիպել են Գարեգին Նժդեհի հրապարակում, եւ որ օգոստոսի 11-ին, ժամը 1:30-ի սահմաններում նրան ծեծել ու սպանել են Հրաչ Սահակյանը, Զավեն ու Վլադիմիր Մկրտչյանները եւ նրանց ընկերներ Միկան ու Արտյոմը:

Հրաչ Սահակյանի քրոջ` Լիլիթի վստահեցմամբ` դեպքի օրը Հրաչը ժամը 23-ից եղել է տանը, մինչեւ ուշ գիշեր հեռախոսով զրուցել է ընկերուհու հետ եւ պառկել քնելու:

«Առավոտյան ոստիկանները եկան մեր տուն, եղբորս արթնացրին եւ, առաց որեւէ բացատրության, տարան քաղմաս,- պատմում է Լիլիթը եւ շեշտում, որ այդ ժամանակ Ա. Մուրադյանը դեռեւս իր մեղադրական ցուցմունքը չէր տվել:- Աննայի ցուցմունքով` ինքն ու Զավենը գիշերը զբոսնելիս պատահաբար հանդիպել են Հրաչին: Հետո Աննայի բջջայինին զանգել է տուժողը եւ, չգիտես ոնց, հայտնվել նրանց մոտ: Զավենը Մեսրոպին հարցրել է` «Աննային ճանաչո՞ւմ ես», սա էլ, թե` այո: Զավենն էլ ասել է` ուրեմն, դու մեռար: Եղբայրս ինչ-որ տղաների հետ բռնել է Մեսրոպի ձեռքերը, իսկ Զավենը դանակով սպանել է նրան»:

Այս վարկածը հիմնավորվել է նաեւ Չեխովի 34 շենքի մոտ մրգի շուրջօրյա վաճառքով զբաղվող Դեզդեմոնա Սեդրակյանի ցուցմունքով: Վերջինս հայտնել է, որ դեպքի օրը «ժամը 1:45-ի սահմաններում 27 շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակների մոտից լսել է կռվի եւ հայհոյանքների ձայներ: Այնուհետեւ տեսել է, թե ինչպես 18-20 տարեկան մի երիտասարդ, ձեռքով կրծքավանդակը բռնած, շենքի կողքից շարժվել է դեպի փողոց ու վայր ընկել: Նրան մոտեցել են 5 տղա եւ մեկ աղջիկ ու անմիջապես հեռացել` տարբեր ուղղություններով»:

Փախչողներից Դ. Սեդրակյանը ճանաչել է իրենց թաղամասի բնակիչներ Աննային, Հրաչին, Զավենին եւ նրա եղբայր Վլադիմիրին: Ավելին` վկան ճանաչել է նաեւ տուժողին` նշելով, թե վերջինիս նախկինում տեսել է Աննայի հետ:

Շենգավիթի ոստիկանությունում մեղադրյալների նկատմամբ կիրառվել է ֆիզիկական բռնություններ, ինչը հետագայում ապացուցվել է եւ նույնիսկ տեղ գտել դատարանի որոշման մեջ:

Մեղադրյալների հարազատների բողոքի հիման վրա գործի քննությունը տեղափոխվել է գլխավոր դատախազության հատուկ կարեւորագույն գործերով քննիչ Վարդան Մուրադյանի վարույթ: Սակայն քննչական կազմում ընդգրկվել է նաեւ Շենգավիթ համայնքի դատախազության քննիչ Ռուբեն Կիրակոսյանը: Սա նույն մարդն է, ով Շենգավիթի դատախազությունում քննել է գործը եւ որի սպանության «բացահայտման» մեթոդների դեմ մաղադրյալների հարազատները բողոքել են:

Քրեական գործի հարուցումից մոտ մեկ ամիս անց մամուլում տպագրվում է սպանության գլխավոր վկա Ա. Մուրադյանի բաց նամակը. «Օգոստոսի 11-ի առավոտյան ժամը 6-ին ինձ, մայրիկիս, քույրիկիս տանում են քաղմաս... Ես 3 օր ազնվորեն ասում էի, որ տեղյակ չեմ ոչնչից: Բայց նրանք ինձ չէին հավատում եւ ստիպում էին ասել այն, ինչ իրենք էին ուզում... Ես արդեն զզվել էի, որ ինձ վիրավորում էին եւ ամեն անգամ փորձում էին այնպես անել, որ լաց լինեմ: Ասացի` ինչ ուզում եք, գրեք, ես կստորագրեմ: Դրանից հետո ինձ տարան դատախազություն, գիշեր-ցերեկ ինձ պահում էին այնտեղ` մոտ 10 օր, եւ թույլ չէին տալիս, որ դուրս գամ այնտեղից... Ես այնտեղ շատ անգամներ շեշտել եմ, որ սուտ եմ ասել, որ ինձ վախեցրել են: Մայրս, երբ գալիս էր ինձ տեսակցության, էլի շատ անգամներ փորձել է քննիչներին բացատրել, որ ես այնտեղ չեմ եղել: Բայց մայրիկիս ասել են, որ եթե ձեր աղջիկը փոխի իր ցուցմունքը, մենք նրան կդատենք... Եթե ես իմանայի ինչ-որ բան կամ մեղավոր լինեի, ապա ցուցմունքս տալուց հետո կհեռանայի քաղաքից, մանավանդ որ, փաստորեն, ինձ գլխի գցեցին` հարցնելով, թե կարո՞ղ է ես հեռանամ քաղաքից (քանի որ ես բարեկամներ ունեմ Ռուսաստանում)... Քաղմասում ինձ ասել էին էլի տղաների անուններ եւ ստիպել, որ նրանց էլ նշեմ իմ ցուցմունքի մեջ... Եթե մեղադրյալները միայն իմ սուտ ցուցմունքով են դատվում, ապա իսկական մարդասպանն ազատության մեջ կմնա, ոստիկանությունը նրան չի հետեւի, եւ նա ուրիշների կյանքն էլ կխլի: Այսինքն` ուրիշի արյունը ես ինձ վրա կվերցնեմ»:

Այս նամակից հետո Դ. Սեդրակյանը լրացուցիչ հարցաքննության ժամանակ նշում է, թե «հատկապես չի կարող ասել` դեպքի վայրում տեսած աղջիկը եղել է Ա. Մուրադյանը, թե ոչ»: Արդյունքում նախաքննական մարմինը փոփոխում է գործող անձանց շրջանակը, եւ առանցքային վկա Ա. Մուրադյանի փոխարեն ի հայտ է գալիս բոլորովին նոր մարդ` Մարինե Հակոբյանը:

Իրավապահների կազմած երկրորդ սցենարը

Ըստ Մ. Հակոբյանի ցուցմունքի` օգոստոսի 10-ի գիշերն Ազատության պողոտայում գտնվող կանգառում ինքը ծանոթացել է Մ. Մաքոյանի հետ: Մի քանի րոպե զրուցելուց հետո նրանք միասին գնացել են «Կարապներ» սրճարան, այնուհետեւ` «Նիկա» բար, որտեղից էլ տաքսով ճանապարհվել են դեպի Չեխով-Ծերեթելի փողոցների խաչմերուկ: Այստեղից վերջիններս ոտքով շարժվել են Մ. Հակոբյանի տան ուղղությամբ:

Չեխովի 36 շենքի մոտ գտնվող նստարանների մոտ ժամը 1-ի սահմաններում նրանք հանդիպել են այդ թաղամասի բնակիչներ Հրաչին, Զավենին, Վլադիմիրին եւ Մելքոն Վարդանյանին: «Արա» դիմելաձեւի պատճառով վերջիններիս եւ Մ. Մաքոյանի միջեւ ծագել է վիճաբանություն, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Աղմուկի ձայնից նրանց են մոտեցել մի քանի տղաներ, այդ թվում` Սերոբ Տեր-Մելիքսեթյանը եւ Վահե Խաչատրյանը: Վերջին երկուսը «կանգնել են Մաքոյանի թիկունքում` զրկելով նրան փախչելու հնարավորությունից, Հրաչն ու Վլադիմիրը բռնել են ձեռքերը, իսկ Զավենը դանակով 7 անգամ հարվածել է»:

Քրեական գործի համաձայն` սպանության մանրամասների վերաբերյալ Մարինեից բացի նույնաբովանդակ ցուցմունք է տվել ականատես վկա Մելքոն Վարդանյանը:

Մ. Հակոբյանը հարցաքննվել է 22 անգամ` ամեն անգամ ընդգծելով, որ ասում է ճշմարտությունը եւ ոչինչ չունի ավելացնելու: Բայց մեծամասամբ հայտնել է նախորդ ցուցմունքից տարբերվող տեղեկություններ: Մեկ նշել է, թե սպանությանն ականատես է եղել, մեկ այլ դեպքում` ամեն ինչ տեսել է պատուհանից, մի ուրիշ անգամ էլ ցուցմունք տալիս հղում է արել տատիկի պատմածներին: Ի վերջո, Մարինեն նույնպես մամուլում հանդես է եկել բաց նամակով եւ պատմել, որ իրեն ահաբեկելով պարտադրել են կեղծ ցուցմունքներ տալ:

«Օգոստոսի 10-ին ես եղել եմ հիվանդանոցում եւ խնամել մեր ընտանիքի մտերմուհի Տատյանա Մացեգորային: Ամսի 11-ին, առավոտյան ժամը 8-ին ես դուրս եմ եկել հիվանդանոցից եւ ունեմ վկաներ, որ ես եղել եմ այնտեղ: Ինձ տեսել են քույրեր Հասմիկները, սանիտարկա Մարիամը, եւ մինչեւ ժամը 6-7-ը տեսել է վիրահատող բժիշկ Բաբկենիչը: Ասեմ, որ ինձ դեպքից մի քանի օր հետո Շենգավիթի քրեականի օպեր Հրայրը եւ Կարենը տարել են Չարբախի միլիցիայի հենակետ: Ներս մտնելով` տեսա Շենգավիթի միլպետի տեղակալ Հովիկ Սողոմոնյանին, քրեականի պետ Էդիկ Վարդերեսյանին եւ հենակետի պետ Սմբատին (ազգանունը չեմ հիշում)... Վախի ազդեցության տակ տվել եմ սուտ ցուցմունք այն պատճառով, որ ես, լինելով աղջիկ, եւ իրենք` տղա, ինձ ասում էին` մենք իրավունք ունենք ծեծենք եւ ամեն ինչ անենք քեզ հետ: Ես այնտեղ մնացել եմ 7 օր... Գիտակցելով, որ անմեղ մարդկանց կյանք եմ խորտակում իմ վախի պատճառով, որոշեցի գրել ճիշտը»:

Մ. Հակոբյանի խոստովանությունը, սակայն, որեւէ բան չի փոխել: Այս անգամ իրավապահները հանցագործության «բացահայտման» նոր սցենար չեն կազմել: Նրանք հարուցված քրեական գործից անջատել են Ս. Տեր-Մելիքսեթյանի եւ Վ. Խաչատրյանի մասը` վերջիններիս նկատմամբ հայտարարելով հետախուզում, իսկ Զավենին, Հրաչին եւ Վլադիմիրին դատի տալու միջնորդությամբ 2006-ի փետրվարին դիմել են Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան:

Տարիներով ձգվող դատաքննություն

Դատավարությունը սկսվել է 2006 թ. մարտի 29-ին: Ինչպես Մարինեն, այնպես էլ Մելքոն Վարդանյանը դատարանում որպես վկա հարցաքննվելիս կտրականապես ժխտել են հանցագործությանն ականատես լինելու հանգամանքը: Հրաժարվելով իր նախաքննական ցուցմունքներից` Մելքոնը շեշտել է, որ դրանք տվել է «վախի, բռնության եւ ապօրինի կերպով օրեր շարունակ ոստիկանությունում պահվելու ազդեցության տակ»:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցները Մելքոնի այս ցուցմունքը լսելիս հենց դատարանի դահլիճից փորձել են նրան առեւանգել, ինչը, սակայն, դատարանի կողմից կանխվել է: Դատավոր Գագիկ Խանդանյանն իր որոշման մեջ այս իրողությանն անդրադարձել է:

Դատարանը հարցաքննել է նաեւ գործը վարած քննիչներ Վարդան Մուրադյանին եւ Ռուբեն Կիրակոսյանին: Մեղադրյալ Վլադիմիր Մկրտչյանի փաստաբան Աղասի Աթաբեկյանի դիտարկմանը, թե «Սպիտակ թելով գործ եք սարքել ու կարել անմեղ մարդկանց վրա», Ռ. Կիրակոսյանը պատասխանել է` «Սպիտակ թելով չէ գործը, սոսնձված է»: Այս մասին դատական նիստին ներկա լրագրողները ժամանակին գրել են («Առավոտ» օրաթերթ, 16.12.2006 թ.):

Մեկ տարուց ավելի տեւած դատաքննության արդյունքում դատավոր Գ. Խանդանյանը եզրակացրել է, որ մեղադրական եզրակացությունը կազմելիս նախաքննական մարմինը հաճախ խեղաթյուրել է փաստերը, երկակի վերաբերմունք է դրսեւորել վկաների ցուցմունքների նկատմամբ, թույլ է տվել քրեադատավարական օրենսգրքի էական խախտումներ:

«Նախաքննական մարմինն արձանագրել է, որ դեպքը տեղի է ունեցել 2005 թ. օգոստոսի 11-ին, ժամը 1-ից 2-ի սահմաններում, սակայն արժանվույնս չի գնահատել «ԱրմենՏել»-ից ստացված` Մ. Մաքոյանի բջջային հեռախոսի մուտքային զանգերի վերծանումը եւ այդ կապակցությամբ Խաչիկ Մինասյանի տված ցուցմունքները: Ըստ դրանց` Մաքոյանը եւ Մինասյանը ժամը 1:09-ից սկսած 6 անգամ զրուցել են եւ վերջին անգամ խոսել են մինչեւ 1:58 րոպեն, որի ընթացքում Մինասյանի այն հարցին, թե որտե՞ղ է, այդ ի՞նչ երաժշտության ձայներ են, տուժողը հայտնել է, որ գտնվում է ավտոմեքենայի մեջ եւ խնդրել է զանգահարել ծնողներին ու զգուշացնել, որ ուշ է գնալու տուն: Փաստորեն, դեպքը տեղի է ունեցել ժամը 2-ից հետո:

Մյուս կողմից` նախաքննական մարմինը հաստատված է համարել, որ Զավեն Մկրտչյանը օգոստոսի 11-ին ժամը 2-ից մինչեւ 2:40 Աննա Մուրադյանի հետ կանգնած զրուցել է Մուրադյանենց տան աստիճանահարթակում: Այսինքն` ակնհայտ է, որ Զ. Մկրտչյանը դեպքի վայրում չէր կարող լինել, ուստի եւ` սպանություն չէր կարող կատարել: Նախաքննական մարմինն անտեսել է այս հանգամանքները` առանց որեւէ հիմնավորման»,- արձանագրել է դատավորը եւ գործն ուղարկել լրացուցիչ նախաքննության: Դատարանը միաժամանակ հանձնարարել է լրացուցիչ նախաքննության ժամանակ քննության առարկա դարձնել նաեւ այլ անձանց կողմից սպանության իրականացման վարկածը:

Գլխավոր դատախազության բողոքի հիման վրա Վերաքննիչ դատարանը, Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, բեկանել է դատավոր Գ. Խանդանյանի այս որոշումը եւ գործը կրկին վերադարձրել Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան` այլ կազմով քննելու: Վերաքննիչն իր որոշման մեջ, անդրադառնալով առաջին ատյանի թույլ տված սխալներին, նշել է. «Եթե գործի քննության եւ լուծման արդյունքում առաջին ատյանի դատարանը հանգել է այն հետեւության, որ Զ. Մկրտչյանի կողմից բացառված է սպանության կատարումը, ապա պետք է կայացներ արդարացման դատավճիռ»:

Նորից վերադառնալով առաջին ատյանի դատարան` այս անգամ Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, գործի քննությունը դարձյալ սկսվել է զրոյից: Չորս առանցքային վկաները` Դեզդեմոնան, Աննան, Մարինեն եւ Մելքոնը, որոնց ցուցունքների հիման վրա կազմվել է մեղադրական եզրակացությունը, իրենց նախաքննական ցուցմունքներից հրաժարվել են: Ավելին` վերջին երեքն այլեւս Հայաստանում չեն:

Դատարանը, եղած ապացույցները գնահատելու փոխարեն, հրավիրել է միջանկյալ վկաներին եւ որերորդ անգամ նույն ցուցմունքը կրկնել տվել:

2007 թ. հոկտեմբերի 30-ին դատարան է մուտքագրվել քրեական գործի անջատված մասը` Ս. Տեր-Մելիքսեթյանի վերաբերյալ: Վերջինս հայտնաբերվել է Ռուսաստանում, 10 ամիս մնացել կալանքի տակ եւ հարազատների բազմաթիվ բողոքների շնորհիվ, ի վերջո, տեղափոխվել Հայաստան:

2008 թ. հունվարի 1-ից դատարանների վերակազմավորման հետեւանքով միացված քրեական գործերի առանց այն էլ պարբերաբար հետաձգվող դատաքննությունն ընդհատվել է: Նոր կազմավորված Երեւանի քրեական դատարանը մարտի 24-ին, վերջապես, վերսկսել է գործի քննությունը:

«Ոչ կարողանում են մեղադրանքն ապացուցել, ոչ էլ համարձակվում են արդարացման դատավճիռ կարդալ»,- ասում են մեղադրյալների հարազատները: Իսկ Հրաչ Սահակյանի քույրը` Լիլիթը, վստահ է, որ Մ. Մաքոյանին սպանել են այլ վայրում եւ դիակը տեղափոխել իրենց թաղամաս. «Այլապես այդ կռիվ-դավը, աղմուկ-աղաղակը շենքի բնակիչներից գոնե մեկը կլսեր: Իրավապահները ծեծի ու սպառնալիքի միջոցով կորզված ցուցմունքներից բացի ուրիշ ապացույց չունեն: Նույնիսկ սպանության գործիքը` դանակը չկա: Գործը ծայրից ծայր հեքիաթ է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter