HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուշարձան-շենքի բնակիչները պահանջում են անհապաղ դադարեցնել նկուղում կատարվող շինարարությունը

Աբովյան 32 շենքի բնակիչները փետրվարի 3-ին նամակով դիմել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել շենքի կիսանկուղային հարկում կառուցապատող Աշոտ Սիմոնյանի կողմից կատարվող բոլոր շինարարական աշխատանքները և շինթույլտվությունը համարել ուժը կորցրած: Նամակի պատճենը բնակիչներն ուղարկել են մշակույթի նախարարություն և նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայություն: Ստորև ներկայացվում է նամակը:

Հարգարժան պարոն Մարգարյան,

Թույլ տվեք հայտնել մեր խորին երախտագիտությունը Երևանի քաղապետարանի կողմից Աբովյան փողոցի նախկին ճարտարապետական տեսքը վերականգնելու գործընթացի համար: Այդ կապակցությամբ ցանկանում ենք հրավիրել Ձեր ուշադրությունը մեր փողոցին վերաբերվող ևս մի խնդրի վրա՝ Աբովյան 32 շենքի նկուղում կատարվող շինարարական աշխատանքներին:

Ըստ տարածքի սեփականատեր Աշոտ Սիմոնյանի և քաղաքապետարանից ստացված փաստաթղթերի (19/Կ-2132 24.08.2011 և 19/3074 30.11.2011թ.)՝ իրականացվում են «վերակառուցողական և արդիականացման» աշխատանքներ հասարակական սպասարկման օբյեկտ (պարզվում է՝ ռեստորան) կառուցելու համար:

Նման կառույցը բնակելի շենքում անպայման ենթադրում է բնակիչների համաձայնություն, որն անտեսվել է: Մեզ՝ շենքի բնակիչներիս, խիստ անհանգստացնում են շենքի ամրության և սեյսմիկ անվտանգության հարցերը՝ կատարվող շինարարության հետևանքով: Բազմաթիվ խորացող ճաքերը պատերի վրա և դժվար բացվող դռների առկայությունը վկայում են մեր 80 տարեկան շենքի կայունությանը հասցված զգալի վնասի մասին:

Մտահոգիչ են նաև նախատեսված օբյեկտի տարածքի ընդարձակումը դեպի մայթ և շենքի ճակատային մասի ձևափոխությունները: Ցավալին այն է, որ նմանօրինակ «արդիականացումը և վերակառուցումը» կատարվում են քաղաքապետարանի կողմից տրված շինարարական թույլտվության և հաստատված նախագծի հիման վրա:

Ծանոթանալով նախագծին (հ.01/18-05/1-U-2571-539) և շին. թույլտվությանը (հ.01/18-U-2569-558)՝ մենք համոզվեցինք, որ մեր անհանգստությունները ավելի քան տեղին էին: Դրա մասին վկայում են մեր կողմից հայտնաբերված բազմաթիվ ճչացող խախտումները և անհամապատասխանությունները, որոնք և ներկայացնում ենք:

Համաձայն ՀՀ Երևանի քաղաքապետարանի կողմից «18» 05. 2011թ. տրված N01/18-07/1-Ս-589-273 Ճարտարապետահատակագծային առաջադրանքի (հետագայում՝ ՃՀԱ), որի հիման վրա է մշակվել Կենտրոն վարչական շրջանի Աբովյան փողոցի հ.32 շենքի հ.30 տարածքում Հասարակական սպասարկման նշանակության օբյեկտի գլխավոր մուտքի արդիականացման, ներքին տարածքի վերակառուցման աշխատանքային նախագծային փաթեթը, պահանջվում էր նախագծային փաստաթղթերը մշակելու համար հիմք ընդունել «Արտագերատեսչական փորձաքննություն» ՊՓԲԸ-ի կողմից 15.03.2011թ. տրված տեխնիկական եզրակացությունը:

Բացի դրանից՝ ՃՀԱ պահանջներում նշված են ներքին լայնական պատում բացվածքի վերակառուցման հնարավորությունը մինչև 2,0 մետր լայնությամբ և բակային ճակատի կողմից տնտեսական պատշգամբների արտաքին առանցքով տեղադրված պատում գոյություն ունեցող պատուհանները դռան բացվածք վերակառուցելու հնարավորությունը:

Սակայն ԱՇՆ-Փրոջեքթ ընկերության կողմից մշակված նախագծային փաթեթը կոպտորեն խախտում է վերը նշված պահանջները և չի համապատասխանում սեյսմիկ տեխնիկական եզրակացությանը:

1. Համաձայն նախագծի՝ ներքին լայնական պատում բացվածքը նախատեսված է 3,30 մետր լայնությամբ (տես նախագծի բացվածքի իրականացման հատակագիծը ու տեսքերը), սակայն ՃՀԱ-ն և տեխնիկական եզրակացությունը սահմանափակել են այդ բացվածքի թույլատրելի լայնությունը 2,0 մ:

Կասկածելի է և վերահաշվարկի անհրաժեշտություն ունի նաև նախագծով նախատեսված բացվածքի բարձրությունը, քանի որ համաձայն նախագծի՝ բարավորի և միջհարկային ծածկի միջև տարածությունը չափազանց փոքր է:

Կոնստրուկտորական մասում ներկայացված բացվածքի ուժեղացման գծագրերում բացակայում են բացվածքի ուժեղացման իրականացման տեխնոլոգիական նկարագրությունը և աշխատանքների հերթականությունը, ներառյալ ժամանակավոր հենարանների տեղադրումը, ինչը տեխնիկական եզրակացության պահանջներից էր: Ավելին, նախագծված ուժեղացման տարբերակը բացառում է փորձաքննության կողմից առաջարկված միջոցառումները:

2. Ըստ ՃՀԱ-ի՝ թույլատրվում է բակի կողմից պատուհանների բացվածքների վերածումը դռների, սակայն համաձայն նախագծի՝ վերակառուցվում են նաև Աբովյան փողոցի կողմից ճակատի պատուհանները, ինչը երևում է ճարտարապետական մասի «2-2», «9-9» և «10-10» կտրվածքների վրա: Հաշվի առնելով, որ ՀՀ Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարություն 7 հոկտեմբերի 2004 թվականի N 1616-Ն որոշման համաձայն՝ Աբովյան 32 շենքը համարվում է պետության կողմից պահպանվող պատմության և մշակույթի հուշարձան՝ այդպիսի միջամտությունը և (չարտոնագրված) լիազոր մարմնի կողմից չհամաձայնեցված վերակառուցումը անթույլատրելի են:

Միևնույն ժամանակ նախագծում բացակայում են նույնիսկ բակի կողմից պատուհանների բացվածքների վերակառուցման կոնստրուկտորական լուծումները (տես է ճարտարապետական մասի «11-11» կտրվածքը), ինչը պահանջվում էր տեխնիկական եզրակացությունով և ՃՀԱ-ով:

3. Նախագծով նախատեսված է հատակի նիշի իջեցում, ինչը նախատեսված չէ տեխնիկական եզրակացությունով և չունի պատերի և հիմքերի ուժեղացման միջոցառումների համապատասխան կոնստրուկտորական լուծումներ:

4. Նախագծով նախատեսված, Աբովյան փողոցի կողմից ճակատի վրա ամրացվող հովհարը թույլատրված չէ ՃՀԱ-ով, առանց հատուկ վերահսկման նման էլեմենտների տեղադրումը անընդունելի է, քանի որ, ինչպես նշեցինք վերը, շենքն ունի հուշարձանի կարգավիճակ: Բացի դրանից՝ շենքի պատերին տեղադրված են բազմաթիվ հուշատախտակներ, և հովհարի առկայությունը, մեղմ ասած, անհասկանալի է, եթե իհարկե հաշվի չառնենք այն սեղանները, որոնք, ըստ նախագծի, տեղադրված կլինեն Աբովյան փողոցի մայթի վրա:

5. Ընդհանուր առմամբ, նախագիծը ոչ միայն չի համապատասխանում 273 Ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին, այլև ընդհանուր առմամբ թերի է և լի է անճշտություններով և բացթողումներով:

6. ՃՀԱ-ով նշված է վերակառուցվող տարածքի նշանակությունը իբրև «Հասարակական սպասարկման նշանակության օբյեկտ», սակայն նշված չէ, որ այն կարող է ծառայել իբրև հասարակական սննդի օբյեկտ: Նախագծում բացակայում են սննդի օբյեկտի համար հատուկ լուծումները, օրինակ՝ տաք և սառը խոհանոցների օդափոխության կազմակերպումը:

Հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ինչպես նաև բազմաթիվ այլ խախտումներ և բացթողումներ՝ անհասկանալի է «ԼԱՎՈ» ՍՊԸ կողմից «13» 07.2011թ. տրված Հ.113-11 դրական եզրակացությունը:

Չնայած թերություններին՝ նախագիծը հաստատվել է Երևանի քաղաքապետարանում, ինչի մասին վկայում են թիվ 01/18-05/1/81-2571-539 20/07/11 գրանցումը, քաղաքապետ Կ.Կարապետյանի ստորագրությունը և կլոր կնիքը: Փաստորեն, քաղաքապետարանը համաձայնվել է իր իսկ կողմից տրված հիմնական փաստաթղթի կոպիտ խախտումներին:

Հետագայում ՀՀ Երևանի քաղաքապետարանի կողմից «20» 07.2011թ. տրվել է N01/18-Ս-2569-558 շինարարության թույլտվություն:

Պետք է նշել, որ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում խախտվել է նույնիսկ ի սկզբանե թերի նախագիծը, օրինակ՝ բացվածքի ուժեղացման ժամանակ երկաթբետոնե շրջանակ կառուցելու փոխարեն օգտագործվել են միայն պողպատե կտրվածքներ (շվելերներ):

Պետք է նշել, որ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքների արդյունքում, մի շարք բնակարանների պատերին առաջացել են բազմաթիվ ճեղքվածքներ:

Պահանջում ենք.

ա/ անհապաղ դադարեցնել բոլոր շինարարական աշխատանքները և շինթույլտվությունը համարել ուժը կորցրած,

բ/ անցկացնել նախագծի նոր անկախ փորձաքննություն,

գ/ անցկացնել կատարված աշխատանքների և շենքի սեյսմիկ վիճակի նոր փորձաքննություն, ինչի հիման վրա կազմել շենքի կոնստրուկտիվ կայունությունը ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումների նախագիծ,

դ/ պարտադրել տարածքի սեփականատիրոջը իրականացնել նոր նախագծով ուժեղացման աշխատանքները և վերականգնել շենքի ճակատային մասի նախկին տեսքը՝ բացառելով ներկա նախագծով նախատեսված Աբովյան փողոցի մայթի մասնակի զավթումը:

Հարգելի պարոն Մարգարյան, սպասում ենք Ձեր արձագանքին և համոզված ենք, որ Դուք թույլ չեք տա, որ պատմական հուշարձան հանդիսացող մեր շենքը դառնա վթարային, և Աբովյան փողոցի ևս մի հատված կորցնի իր տեսքը:

Աբովյան 32 շենքի բնակիչներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter