HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մարինե Մադաթյան

21-րդ դարի դպրոցը. հայ աշակերտներն առայժմ բացակա են

 Այսօրվա դասը մեղուների մասին է:  3D (եռաչափ) տեխնոլոգիայի միջոցով աշակերտները հիմա  կհայտնվեն մեղվի ներսում, ինքնուրույն կփնտրեն ու կգտնեն, օրինակ,  նրա ստամոքսը: Ոչ ոք դասի ժամանակ չի հասցնի ձանձրանալ:  Ոչ ոք այդ դասը չի մոռանա: 

«Օհանյան» կրթահամալիրի ուսուցչուհի Աննա Գալստյանը Լոնդոնում ծանոթացավ դասավանդման նորագույն այս եղանակին, և երբ դուրս եկավ մեղվի միջից, մտածեց.  «Մենք ի~նչ հետ ենք մնացել»: 

-Պատկերացնո՞ւմ եք` ինչքան հետաքրքիր կլիներ, եթե մեր դպրոցներում այդպես դասավանդվեր, օրինակ, Ավարայրի ճակատամարտի մասին պատմությունը: Աշակերտները հենց իրենք մասնակցեին պատերազմին, տեսնեին` ինչ են հերոսները խոսում, ինչպես են գործում: Որքան տպավորիչ կլիներ, և  հնարավոր չէ, որ այդ դասը հետո մոռանային: 

-Այս տարի Դուք եք արժանացել Հայաստանում Մայքրոսոֆթ ըկերության կողմից կազմակերպված  «Նորարար ուսուցիչ» ֆորումի գլխավոր մրցանակին:  Մրցանակաբաշխության ժամանակ ասացին, որ Ձեր ծրագիրը միանշանակ է հաղթող ընտրվել:  Ինչի՞ շնորհիվ: 

-Մինչև այս ֆորումը ես մասնակցել էի Վաշինգտոնում կայացած գլոբալ կրթական ֆորումին: Կրթական այդ մեծ հանդիսությւոնը դարձյալ կազմակերպել էր «Մայքրոսոֆթ» ընկերությունը: Ես ներկայացնում էի Հայաստանը: Արդեն մոտավորապես պատկերացնում էի, թե ինչ պետք է ներկայացվի, որ լինի մրցակցային և իսկապես նորարար: Մասնակցել էի նաև Լոնդոնում կայացած մի սեմինարի, որտեղ աշխարհի բոլոր տեխնոլոգիական ընկերությունները ներկայացնում էին իրենց նորագույն արտադրանքը` նախատեսված բարելավելու կրթական միջավայրը: 

-Ձեր ծրագրում նշել էիք, որ անընդմեջ կրթության կողմնակից եք: Ինչպե՞ս եք Ձեր աշակերտներին այդ գիտակցմանը հասցնում:

Ցույց եմ տալիս իմ օրինակով: Ես դասավանդում եմ  «Օհանյան» կրթահամալիրում և նաև կրթությունս շարունակում եմ Ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայում: Երեխաները տեսնում են, որ ես իրենց պես ամեն օր սովորում եմ: Եվ քանի որ դա անում եմ խանդավառությմաբ, իրենք էլ են սովորում: Համալսարանում դասախոսներ կան, որոնց հետ ես ամենօրյա բանավեճի մեջ եմ: Եվ պատճառն այն է, որ նրանք պաշտպանել են, ենթադրենք, 1960թ.-ին ու դրանից հետո  ոչինչ չեն ավելացրել իրենց գիտելիքներին: Դասախոսությունների ընթացքում օրինակիներ են բերում, ուզում են մեզ ինչ-որ բան բացատրել, ասում են. «Մեր  ժամանակ այս գործարանում…»: Բայց ինչո՞ւ են իրենց ժամանակներից օրինակ բերում, հիմա առկա են այնպիսի տեխնոլոգիաներ, այնպիսի գործիքներ կարող ես օգտագործել, փորձեր անել, որ  «այն ժամանակվա» օրինակները դառնում են ժամանակավրեպ:

Աշակերտին ոգևորում է միայն ուսուցչի ամենօրյա ներդրումը սեփական կրթության վրա: Մարդ միայն իր օրինակով պետք է ինչ-որ բան փոխի: Համենայն դեպս ես հասա նրան, որ գոնե մեր կրթահամալիրում` փոքրիկ կոլեկտիվում, երբ որևէ մեկը նոր բան է սովորում, մյուսին սովորեցնում է: Միայն քո զարգացումը ոչ մի բան է. քեզ հետ պետք է առաջ տանես նաև շրջապատդ:

-Ձեր ասածից կարելի է ենթադրել, որ Հայաստանում մեծ ձեռքբերումների հանգեցնում է  միայն ինքնակրթությունը. ուղղորդողներ չունե՞ք կրթության ոլորտում:

- Հիմա Հայաստանում ինձ համար չկա այնպիսի մեկը, որով ոգևորվում եմ: Վերջերս ինձ համար ոգևորող, մոտիվացնող էր ավելի շատ Վրաստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի փորձը: Վերա Կոբալիան ընդամենը 31 տարեկան աղջիկ  է, բայց նրան հնարավորություն են տվել դրսևորվելու, և տուրիզմի ոլորտում ինչե~ր է կարողանում անել` իսկապես նորարարություն:  Վերան առավելություն է համարում աշխատող մարդու երիտասարդ լինելը, ասում է, որ այդ դեպքում կարող ես 12  և ավելի ժամ աշխատել առանց հոգնելու: Բայց Հայաստանում ի՞նչ վիճակ է: Երբ  երիտասարդ ես և փորձում ես ինչ-որ բան փոխել,  ասում են` երեկվա երեխան եկել է, մեզ բան է սովորեցնում: Բայց գուցե երեկվա երեխան էլ կարող է սովորեցնել: Եթե մասնագետը էնտուզիազմ ունի, նրա տարիքը էական չէ:

Արտասահմանում սեմինարների մասնակցելու համար  ինձ օգնում են ոչ միայն գիտելիքներս տեխնոլոգիայի ոլորտում, այլև անգլերենի իմացությունը: Անգլերեն հիմնականում ինքնուրույն եմ սովորել: Արդեն ավարտել էի, երբ որոշեցի, որ պիտի սովորեմ: Ակումբներ կան, որ օգնում են արագ սովորելու լեզուն, օտար լեզվով քննարկումներ ենք կազմակերպում: Լեզու սովորելը մի գործընթաց է, որը երբեք կանգ չի առնում:  Հիմա թեև մագիստրատուրայում եմ սովորում, բայց գոնե դրսում պետք է շարունակեմ մագիստրական կրթությունս կամ էլ գոնե էստեղի Ամերիկյան համալսարանում, որովհետև  միջազգային փորձը ու հմտությունները շատ անհրաժեշտ են:

-Մրցույթին մասնակցող  միակ ուսուցիչն էիք, որ գրանցված էիք բոլոր սոցցանցերում: Սոցիալական կայքերը անձնակա՞ն նպատակներով եք օգտագործում, թե՞ դրանք  օգնում են դասավանդման պրոցեսին:

-Ոչ, դա բացարձակ չի ծառայում իմ անձնական նպատակներին: Գրանցված եմ ոչ միայն սոցիալական կայքերում, այլև  տարբեր ֆորումներում, որպեսզի նորություններ ստանամ, քննարկումների մասնակցեմ ու կարողանամ ինֆորմացիա տարածել:  Գլխավոր նպատակներից մեկը հենց նաև դրանց միջոցով երեխաներին ընդգրկելն էր կրթական պրոցես: Մեր կրթահամալիրում պատմություն դասավանդող մի մանկավարժ ունենք, որ Ֆեյսբուքում ստեղծել է  «Պատմություն» էջը ու  նաև դրա միջոցով է երեխաների հետ կապ հաստատում, ինֆորմացիա տարածում: Երեխաներն այդ էջում առարկայի վերաբերյալ  քննարկումներ են ծավալում:

Բայց քանի որ ինտերնետը որքան դրական, նույնքան էլ բացասական կողմեր ունի, և երբեմն էջում կարող է հայտնվել անցանկալի նկար կամ ինֆորմացիա, այդ առումով գնահատում եմ  «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից դպրոցներին տրամադրված «Microsoft Live@edu» ծրագիրը, որը փակ վիրտուալ տարածք է: Հիմա այնտեղ գրանցված է մեր ամբողջ կրթահամալիրը. ցանկանում ենք նաև ծնողներին ներգրավել: Եթե ծրագրում գրանցված մեկը ցանկանում է ինֆորմացիա տարածել, տեղադրում է այդտեղ և մնացած բոլորին դա հասանելի է դառնում:  Քանի որ դա փակ վիրտուալ տարածք է, օտար մեկը չի կարող մտնել, հաղորդագրություն տարածել կամ անցանկալի նկարներ տեղադրել:  Հայաստանի բոլոր կրթական հաստատություններին «Մայքրոսոֆթն» անվճար է տրամադրում այդ ծրագիրը:

Դա բացառիկ հնարավորություն է: Երբ  Վաշինգտոնում այլ երկրներից եկած մասնագետներին, նաև Ռուսաստանի ներկայացուցիչներին ասացի այդ մասին, զարմացան, որովհետև «Live@edu» իսկապես թանկ հաճույք է: Սակայն, միևնույն է, Հայաստանում շատ քիչ դպրոցներ են օգտվում իրենց տրված հնարավորությունից:

 -Ձեր կանխատեսմամաբ, ե՞րբ  է ձեռքի համակարգիչը փոխարինելու դպրոցական պայուսակին:

- Առաջիկա քսան տարիների ընթացքում հաստատ դա չի լինի: Որոշ մասնավոր հաստատություններ գուցե սկսեն այդ գործընթացը:

- Ինչո՞ւ մասնավոր: Հեղաշրջումը պետական օղակներից չի՞ կարող սկսվել:

- Չեմ պատկերացնում: Մի քանի օր առաջ կարդացի, որ որոշ պետական դպրոցներ հիմա փակ են, չեն ջեռուցվում, այսինքն` եթե այդ տարրական պայմանները չկան, եթե ցուրտ է, ի՞նչ համակարգչի մասին է խոսքը:

Երբ անցյալ տարի մեր կրթահամալիրը «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից ճանաչվեց  աշխարհի 63 նորարար դպրոցներից մեկը, և ես, որպես Հայաստանի ներկայացուցիչ, մասնակցեցի Վաշինգտոնի գլոբալ կրթական ֆորումին, նամակ գրեցի կրթության նախարարին և տեղյակ պահեցի թե մեր մասնկացության, թե ձեռքբերումների մասին: «Մայքրոսոֆթը» նույնպես  նամակ էր գրել ԿԳ նախարարություն, որ շահել ենք և գնալու ենք Վաշինգտոն` մասնակցելու կրթական մեծ հանդիսությանը: Նախարարությունից ոչ մի արձագանք չեղավ:  Գնացի, էնտեղ Հայաստան ներկայացրի, բայց այդ ընթացքում համալսարանից իմ բացակայությունների պատճառով զրկվեցի կարմիր դիպլոմից, չնայած որ կրթական առումով մաքսիմում ցուցանիշ էի հավաքել: Պարզապես աբսուրդ է:

-Մեր և արտասահմանյան կրթական ծրագրերի համեմատությունն էլ է աբսո՞ւրդ:

- Վաշինգտոնում մասնակցեցի այն ֆորումին, որը «Մայքրոսոֆթ» ընկերությունն էր կազմակերպել: Այդտեղ զգացի, որ Հայաստանի կրթական վիճակը վատ չէ: Օրինակ` ռուս ներկայացուցիչներն այդպես էլ չկարողացան իրենց համակարգիչները այնպես կարգավորել, որ օգտվեին այդտեղի wi fi կապից: Նրանք հասել էին այնտեղ, որ հրավիրվեին Վաշինգթոն, բայց պրակտիկ գիտելիքներ չունեին.  ես  միայն հպարտ էի, որ հայ եմ և որ պատրաստված եմ:

Բայց Լոնդոնում բոլորովին ուրիշ էր: Որովհետև Լոնդոն եկան համաշխարհային բոլոր տեխնոլոգիական ընկերությունները` Google, Intel, Apple, Microsoft… և ցույց տվեցին իրենց արտադրանքը կրթական միջավայրում: Հայաստանից այնտեղ էր նաև կրթության և գիտության նախարարը: Տեխնոլոգիական ընկերությունների կողմից ներկայացված ծրագրերը իրականում շատ թանկ են, բայց եթե երկու-երեք ծրագիր նա գնի ու բերի Հայաստան, այստեղ  պարզապես հեղաշրջում կլինի: Մենք ներուժ ունենք. շատ շուտ ենք ընկալում:

Առաջին օրը Լոնդոնում մեզ համար դասախոսություն կարդաց մի հրավիրյալ մասնագետ, ում մեկ ժամի համար Microsoft-ը վճարում էր 50 000 դոլար: Նա մի ամբողջ օր մեզ հետ անցկացրեց, վերապատրաստեց, սովորեցրեց, թե ինչպես, օրինակ, անել լիդերություն: Հաջորդ օրը գնացինք Քենթի համալսարան, որտեղ մեզ ցուցադրեցին նորագույն դպրոցի մոդելը: Այն ստանալու համար ծախսվել էր մոտ 65 միլիոն փաունդ: Չկային լսարաններ, բաց տարածքում միմյանց կողքին նստած են 1-ից մինչև 10-րդ դասարանի աշակերտները: Թվում էր, թե աղմուկ է: Բայց երբ որ մոտենում էիր, հասկանում էիր, որ ամեն մեկը անում է իր գործը: Նույն տարածքում ամեն մի դասարանի համար պատասխանատու էր երեք մանկավարժ: 

-Գրքերո՞վ էին սովորում:

-Ամեն մեկն իր նեթբուքն ուներ: Մեկը թեստ էր լուծում, մեկը նկարչությամբ էր զբաղվում: Ամեն առարկան ուներ իր սարքավորումներով հագեցած ստուդիան, օրինակ` արվեստի, գիտության, տեխնոլոգիայի...: Ոչ մի համեմատություն հայաստանյան որևէ կրթական կառույցի հետ: Հիմա մեր երկրում էլ են փորձում անցում կատարել «մեկ համակարգիչ, մեկ աշակերտ» համակարգին: Չգիտեմ` դա երբ կլինի: Բայց եթե այստեղ այդպես լինի, պետք է երեխայի ապահովության մասին էլ մտածես, որովհետև փողոցում ցանկացած մեկը կարող է կանգնեցնել փոքրիկին և ձեռքից խլել նեթբուքը: Իսկ Լոնդոնում  միկրոավտոբուսներով տանում-բերում են աշակերտներին:

-Ձեր դասախոսներին պատմո՞ւմ եք, թե դասավանդման ինչ մեթոդներ կան դրսում, ինչպե՞ս են արձագանքում:

-Ասում են` մեզ մոտ այդպիսի պայմաններ չկան: Բայց նրանցից ոչ ոք երևի չգիտի, որ «Մայքրոսոֆթ» ընկերությունը ճարտարագիտական համալսարանում բացել է ինովացիոն կենտրոն և դա անվճար տրամադրում է դասախոսին, եթե նա ցանկանում է իր դասախոսության ընթացքում փորձեր անել, անհրաժեշտ են սարքավորումներ կամ պետք է, որ ուսանողները նստած լինեն համակարգիչների առջև: Իրենք ոչ գիտեն, ոչ հետաքրքրվում են:

-Գուցե գիտեն, բայց սարքավորումներից օգտվել չգիտեն:

-Վերջերս մի դասախոս ոգևորվել է և որոշել է դասախոսությունը կազմակերպել ինովացիոն կենտրոնում: Հետո պատմեցին, որ նրա կարդացած դասախոսությունը 30 տարվա հնության է եղել: Դասախոսին թվացել է, թե ինքը նոր բան է անում, բայց այնքան հեռու է այդ ամեն ինչից, որ չի նկատել: Սակայն ամեն ինչը տանում է նրան, որ շուտով բոլորը ստիպված կլինեն տիրապետել նորագույն տեխնոլոգիաներին: Գուցե մանկավարժները դժգոհեն, որ էլ ձեռագրով չենք գրի, որ չի զարգանա ձեռքի մոտորիկան, բայց համակարգչի մկնիկով էլ է հնարավոր զարգացնել այդ մոտորիկան:

-Բավական արագ կստացվի սովորել, օրինակ, այբուբենը:

 - Այո, ինչպես էին մեր ուսուցիչները մեզ նախատում, երբ տառերը ուղիղ, գեղեցիկ չէինք գրում: Ցածր գնահատական էինք ստանում դրա համար, բայց ինչո՞ւ… Եթե ինձ հարմար է այսպես գրել, ուրեմն ինձ ազատ թողեք: Ենթադրենք` ձեռագիրս գեղեցիկ է, հետո՞:

  -Աննա, «վաստակավոր ուսուցիչը» Ձեզ համար ո՞վ է. նման կոչում կա Հայաստանում:

 - Հենց ասում եմ «վաստակավոր», պատկերացնում եմ ծեր մարդու: Թե ինչ չափանիշներով է ուսուցիչը դառնում վաստակավոր, չեմ հասկանում: Վաստակը Հայաստանում, ինչքանով որ ես եմ նկատել, միայն տարիքի հետ են կապում: Վաստակավոր ուսուցիչը անպայման պետք է 60-անց լինի, երիտասարդ մասնագետներին այդ կոչմանը չեն արժանացնում: Երևի հաշվի են առնում երկար տարիների փո՞րձը, բայց այնպես է, որ այդ ուսուցչի աշխատանքային փորձը իր դպրոցից դուրս չի ծավալվել: 25 տարի առաջ ընդունվել է այդ դպրոց, և ասում են, որ նա շարունակում է կրթել բազում սերունդների: Բայց թե ի՞նչ է արել այդ դպրոցի շրջանակներից դուրս, որ արժանացել է «վաստակավոր» կոչմանը, պարզ չէ:  Ու երբ տրվում է  այդ մրցանակը, միայն մի քանի օրով է վաստակավոր ուսուցիչը դպրոցի ներսում հայտնի դառնում ու վերջ. դարձյալ մոռացվում է: Նրա CV-ի մեջ ավելանում է մի տող, բայց այդ տողն էլ իրեն անհրաժեշտ չի լինելու, որովհետև ինքը իր դպրոցից դուրս չի գալու: 

- Աշակերտին դասարանից դուրս հանել, անկյուն կանգնեցնել, «երկու» գնահատել… «դաստիարակող» մեթոդներից որևէ մեկը կիրառե՞լ  եք: 

Ես ընդհանրապես չեմ գնահատում: Իրենք ազատ են: Հանգիստ կարող են քայլել դասարանում կամ նստել ոչ թե աթոռին, այլ գորգի վրա: Մտնում են դասարան, արդեն դասի թեման գիտեն: Հարցնում եմ` ով ինչ կուզեր իմանալ: Ասում են, իրենց պատասխանները մոնիտորին անմիջապես հայտնվում են: Քննարկումներ ենք անում ու շատ փորձեր: Չնայած, օրինակ, դիֆուզիայի մասին դասը ութերորդ դասարանի դասագրքում է, բայց երբ երկրորդ դասարանի աշակերտին պարզ ձևով բացատրում ես, հասկանում է: Ֆոտոսինթեզի դասը բացատրելու համար, օրինակ, մուլտֆիլմ էի պատրաստել, թե ինչպես են քլորոֆիլիկները գալիս, ամեն մեկը մի նյութ բերում և ի վերջո ստանում տերևի կանաչ գույնը: Մուլտֆիլմի միջոցով երեխաները հասկացան այդ բարդ կենսաբանական պրոցեսը: Նայած թե ինչպես ես մատուցում նյութը: Անպայման պետք է փորձեր անել: Եթե պրակտիկա արեցիր, երեխան այդ գործընթացի մեջ եղավ, կպատկերացնի ու կհասկանա: Կսովորի` չհասկանալով, որ սովորում է: 

Հ.Գ.  «Մայքրոսոֆթ» ընկերության և ԿԳ նախարարության հետ համատեղ անցկացվող «Նորարար ուսուցիչներ» ֆորումը Հայաստանում կազմակերպվում է երրորդ անգամ: Այս տարի մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ փետրվարի 8-ին «Մայքրոսոֆթի» ինովացիոն կենտրոնում: Գլխավոր մրցանակակիրը` Աննա Գալստյանը, հնարավորություն ստացավ մասնակցելու Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում մարտի 19-22 կայանալիք եվրոպական «Գործընկերներ ուսման ոլորտում» ֆորումին և իր  նախագիծը ներկայացնելու միջազգային հանրությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter