HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Փորձամրցում երիտասարդների մասնակցությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երեկ Կիպրոսում կայացած ընկերական խաղում 0-2 հաշվով պարտություն կրեց Սերբիայի ընտրանուց: Առաջին հայացքից սա անհաջողություն է: Անհաջողություն է այն խաղի համապատկերի ֆոնին, որ «Եվրո-2012»-ի ընտրական փուլում ցույց է տվել մեր ընտրանին, անհաջողություն է նաեւ զուտ վիճակագրական տեսանկյունից: Սակայն պատկերը փոխվում է, երբ հաշվի ենք առնում թե ինչ թիմեր էին խաղում դաշտում:

Եթե սերբերը, բացառությամբ հիմնական դարպասապահի ու հարձակվողների, ասպարեզ էին հանել իրենց մարտական կազմը՝ Իվանովիչի գլխավորությամբ, ապա Հայաստանի հավաքականում կար հիմնական կազմի ընդամենը երեք խաղացող՝ Արզումանյան, Մկրտչյան, Ղազարյան: Պատճառը պարզ է. այս ընկերական հանդիպումը առաջին հերթին լուրջ փորձամրցում էր փոխարինող կազմի՝ երիտասարդների համար, որոնք պաշտոնական հանդիպումներում համեմատաբար քիչ ժամանակ են անցկացնում խաղադաշտում: Ուժեղ մրցակցի հետ խաղում այս խաղացողներին հնարավորություն էր տրվել ցույց տալ իրենց արժանիքները եւ լավ խաղով աստիճանաբար ամրապնդվել առաջին 11-ի մեջ: Կառլեն Մկրտչյանն ու Գեւորգ Ղազարյանը միայն այս հանդիպմանը մասնակցելու հնարավորություն ունեին, քանի որ հետո միանալու էին իրենց թիմին՝ Դոնեցկի «Մետալուրգին», իսկ լեհական «Յագելոնիայում» քիչ ժամանակ անցկացնող Ռոբերտ Արզումանյանին Վարդան Մինասյանը հնարավորինս երկար խաղալու առիթ է տվել: Ընդ որում՝ Ռոբերտն առաջին անգամ կրում էր թիմի ավագի թեւկապը:

Խաղի առաջին 10-13 րոպեները անցան համեմատաբար հավասար պայքարում, չնայած դաշտի տիրոջ կարգավիճակով հանդես եկող սերբերը որոշակի առավելություն, այդուհանդերձ, ունեին: Այս հատվածում հիշատակվեց Բրանիսլավ Իվանովիչի գլխով ուժեղ հարվածը, որից հետո գնդակը հետ մղվեց մեր դարպասի հորիզոնական դարպասաձողից: Առաջին գոլը ծնվեց սերբերի ձախ եզրից, որից էլ հիմնականում բալկանցիները կազմակերպում էին իրենց գրոհները. հենց այդ ուղղությամբ էր գործում պաշտպան Ալեքսանդր Կոլարովը, որը աչքի էր ընկնում սուր անցումներով: 14-րդ րոպեին Կոլարովի ուժեղ հարվածը դարպասապահ Մելիքսեթյանը հետ մղեց, սակայն կենտրոնով գրոհող Զդրավկո Կուզմանովիչը իր ուղղությամբ եկած գնդակն ուղարկեց դատարկ դարպասը. աջ պաշտպան Գագիկ Դաղբաշյանը չհասցրեց կասեցնել դրա ընթացքը: Առաջին գոլում Գրիգոր Մելիքսաթյանին մեղադրել չի կարելի, քանի որ նա ժամանակին դուրս եկավ դարպասից ու հետ մղեց վտանգավոր հարվածը, սակայն նրան փոխօգնության պետք է հասնեին կենտրոնական պաշտպաններ Արզումանյանն ու Հարոյանը:

Ընդ որում հենց Վարազդատ Հարոյանը դարձավ երկրորդ գոլի գլխավոր մեղավորներից մեկը՝ անտեղի ձեռքով խաղալով տուգանայինի եզրագծի մոտ ու սերբերին տուգանային հարված նվիրելով: Սա 20-ամյակը չբոլորած պաշտպանի երկրորդ խաղն էր ազգային թիմում, ու պետք է շեշտել, որ այն կրկին ձախողված էր: Առաջին անգամ՝ լիտվացիների հետ խաղում (0-3) Հարոյանը անտեղի կարմիր քարտ ստացավ ու ծանր դրության մեջ թողեց թիմին, իսկ այս անգամ դարձավ ընդունած գոլի պատճառ: Ճիշտ է՝ այս անգամ անհաջող գործեց նաեւ Մելիքսեթյանը, որը թաց գնդակը հետ մղեց հենց իր դիմաց, ինչին էլ սպասում էր Իվանովիչը՝ 0-2: Առաջին 45 րոպեների ընթացքում բավականին զգալի էր մերոնց խաղում փոխանցումների խոտանը: Միայն առանձին դրվագներում էր հաջողվում մեկ հպումով արագ փոխանցումներով ինչ-որ բան ձեռնարկել, որը, սակայն, հաջողություն չէր ունենում: Մերոնց գրոհներից հիշարժան էր միայն Յուսպաշյանի հարվածը, որը սերբերի դարպասապահ Կահրիմանը հետ մղեց:

Առաջին կեսում գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը 50-50 էր, սակայն երկրորդ կեսում պատկերը փոխվեց: Հայ ֆուտբոլիստներն սկսեցին տիրել նախաձեռնությանը, բայց խոստովանենք, որ սերբերն էլ, իրենց գործն արված համարելով, առանձնապես չէին մտածում գրոհելու մասին: Երկրորդ կեսում 5 վտանգավոր պահ ստեղծեց Հայաստանի ընտրանին, 3-ը՝ սերբերը: Երբ մեր տղաները սկսեցին խաղալ ավելի հստակ փոխանցումներով ու դիմել պրեսինգի մրցակցի կիսադաշտում, արդյունքը եղավ այն, որ պաշտպան Սուբոտիչը քիչ մնաց գրավեր սեփական դարպասը, սակայն գնդակը հետ մղվեց ուղղահայաց դարպասաձողից:

Երկրորդ կեսում էլ Վարդան Մինասյանը չփոխեց իր մարտավարությունը եւ դաշտ դուրս բերեց բացառապես փոխարինող կազմի խաղացողներին՝ հիմնական ուժերը պահելով այսօրվա Կանադայի հետ խաղի համար: Առանձնապես հիշատակվեց մերոնց գրոհը ձախ եզրով, երբ ձախից եկած փոխանցումից հետո Վալտեր Պողոսյանը գնդակն ուղարկում էր դատարկ դարպասը, սակայն վրա հասած պաշտպանը փակեց դրա ճանապարհը:

Սերբերը պատասխանում էին հատուկենտ գրոհներով, որոնց ժամանակ, սակայն, հասցնում էին վտանգավոր հարվածներ կատարել, ինչպիսիք եղան Սուլեյմանիի ու Յովանովիչի կատարմամբ: Այդուհանդերձ, գրանցվեց 2-0՝ հօգուտ սերբերի:

Սա, անշուշտ, լավ առիթ էր Մինասյանի համար՝ իր տրամադրության տակ եղած երիտասարդներին փորձարկելու համար: Սա լավ հնարավորություն էր նաեւ, որ տղաները գլխավոր թիմում իրար հետ խաղալու փորձ ձեռք բերեն, ինչը զգալի նշանակություն է ունենալու նրանց գալիք ելույթների համար: 0-2 հաշվով պարտությունն առաջին հերթին խոսում է միջազգային փորձի պակասի մասին, քանի որ այս խաղացողները գերազանցապես հանդես են գալիս Հայաստանի ներքին առաջնությունում եւ միայն առիթից առիթ՝ տարբեր տարիքի հավաքականներում ու եվրագավաթներում են կարողանում նման փորձ կուտակել:

Եթե հաշվի առնենք, որ այս եկող կազմը հիմնականում 1990-ին եւ դրանից հետո ծնված տղաներն են, կարելի է ասել, որ մարզչական լավ աշխատանքի ու հենց իրենց՝ երիտասարդների քրտնաջան մարզումների շնորհիվ կարող ենք ունենալ ներկայիս մարտունակ կոլեկտիվին փոխարինելու եկող նույնքան լավ թիմ:

Այսօր Հայաստանի ընտրանին իր երկրորդ ընկերական խաղը կանցկացնի կանադացիների հետ:        

Լուս.՝ armsport.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter