
Վարդենիսցի աշակերտները բոյկոտել են. նրանք որոշել են այլևս չհաճախել վթարային դպրոց
Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի աշակերտներն այսօր դպրոց չեն գնացել: Ծնողներն այլևս չեն ուզում թույլ տալ, որ իրենց երեխաները հաճախեն գյուղի 4-րդ աստիճանի վթարայնություն ունեցող դպրոց' ամեն օր վտանգելով իրենց կյանքը:
Հիշեցնենք, որ այս դպրոցը 1988-ի երկրաշարժից հետո վթարային էր դարձել: Անցյալ տարի կառավարությունը որոշել էր գումար հատկացնել նոր դպրոց կառուցելու համար, սակայն այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու սկսված շինարարությունը դադարեցվեց:
Դպրոցի տնօրեն Ավետիք Ավետիսյանը «Հետքին» տեղեկացրեց, որ երեխաների ծնողները դիմել էին նախագահ Սերժ Սարգսյանին: «Անցյալ տարի' 2011-ին, կառավարության հանձնարարությամբ դպրոցի շենքի նախագիծ նախագծվեց, 2011-ին մասնակի ֆինանսավորում տրվեց, նշվեց շենքի կառուցման վայրը, փորվեցին հիմքերը, բայց չգիտես ինչ-ինչ պատճառներով կառուցումը դադարեցվեց ու հանվեց ծրագրից,-գրել են վարդենիսցիները: - Մեծարգո նախագահ, գյուղի բնակիչները խիստ մտահոգված են այս խնդրով: Տարածաշրջանը սեյսմիկ ակտիվ գոտում է, շենքը աստիճանաբար քանդվում է: Ասացեք խնդրեմ' ինչպե՞ս վարվենք: Մեր երեխաները, ամեն օր գալով այդ դպրոց, վտանգում են իրենց կյանքը»:
Հազար բնակիչ ունեցող գյուղի անունից վարդենիսցիները խնդրել են նախագահին վճռական միջամտություն խնդրի լուծման ուղղությամբ: Նամակը, որը ստորագրել է 54 բնակիչ, սակայն ուղարկվել է կառավարություն, այնտեղից էլ' քաղաքաշինության նախարարություն: Երեկ վարդենիսցիները ստացել են քաղաքաշինության նախարարության պատասխանը, համաձայն որի' Վարդենիսի դպրոցի վերակառուցումը հնարավոր է ընդգրկվի 2013-15թթ. դպրոցաշինական ծրագրում:
Վարդենիսի գյուղապետ Կամո Պետրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ծնողները վճռական են տրամադրված և որոշել են երեխաներին չուղարկել դպրոց այնքան ժամանակ, մինչև կառավարության համապատասխան աշխատակիցները չայցելեն իրենց գյուղ և չլուծեն դպրոցի հարցը:
Մեկնաբանել