
Սամցխե-Ջավախքի նոր մարզպետարանը` հին հայկական եկեղեցու պատերով (վիդեո)
Ախալցխայում ընթանում են Սամցխե-Ջավախքի մարզպետարանի (գուբերնիայի) նոր շենքի վերակառուցման աշխատանքները: Ախալցխայի բնակիչները պատմեցին, որ նոր շենքը վերակառուցվում է նախկին Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հիմնապատերի վրա, և վերակառուցման աշխատանքներն իրականացնելիս բացվել են եկեղեցու նախշազարդ պատերն ու խաչքարերը:
Ախալցխացիներն ասում են, որ Սուրբ Ամենափրկիչը եղել է նախկին առաջնորդանիստը, որտեղ նաև թաղված է եղել Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունին: Հետագայում նրա շիրիմըը տեղափոխել են Ախալցխայի քաղաքային գերեզմանոց:
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու նախագիծը պահպանվել է (նկարում): Այն հիմնադրվել և գործել է 1883-1953 թվականներին, այնուհետև ռուսական զորքերի' Ախալցխայում տեղակայման տարիներին եկեղեցին քանդվել է, իսկ կանգուն մնացած հիմքերի և պատերի վրա կառուցվել է զինվորականների համար նախատեսված շինություն' Սպայի տունը:
Նոր շենքի վերակառուցման գործընթացները սկսվել են այս տարվա Սուրբ Զատիկի տոներից հետո: Մինչև նոյեմբեր շենքը պետք է շահագործման հանձնվի: Բանվորները, ովքեր չցանկացան որ հրապարակվի իրենց անունները, «Հետքի» հետ զրույցում պատմեցին, որ շենքը չեն քանդում, որպեսզի նորը կառուցեն, միայն վրայի շերտն են թարմացնում, վերակառուցում են այնպես, ինչպես նախկինում էր' Սպայի տան տեսքով:
Ներկայումս գործող մարզպետարանի շենքը հին է, և նոր շենքի վերակառուցման ավարտից հետո այն կտեղափոխվի այստեղ:
Ախալցխա
Եկեղեցու հին շենքի լուսանկարները տրամադրել են ախալցխացիները
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել