HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վստահ ենք, որ Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարությունը ըմբռնումով կմոտենա մեր պահանջներին»

Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարության կողմից փետրվարի 23-ին հրավիրված ասուլիսը չակերտական կլիներ, եթե հետագա իրադարձություններն այդքան ողբերգական ընթացք չունենային և չհանգեցնեին մարդկային կյանքի կորստի, ինչն Ախթալայի ԼՀԿ-ի սեփականատերերի և ղեկավարության կողմից ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի արդյունք է:

Մեզ թվում էր, որ Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարությունը կփորձեր մեր կողմից նամակում բարձրացված հարցերին տալ լուծումներ, այլ ոչ թե չակերտալի պատասխաններ տալ, որոնք իրականությունից բավականին հեռու են: Ի դեպ, գրեթե նույն խումբը անցած տարի փետրվարին քափուքրտինք կտրած ողջ տարածաշրջանից ստորագրություններ էին հավաքում առ այն, որ Ս. Տեր-Պողոսյանին անվանարկում են, որ նա հայրենասեր է, բարերար, աշխատատեղեր է ստեղծում և այլն: Թե ինչով դա վերջացավ, բոլորին է հայտնի: Իսկ հիմա փորձենք ներկայացնել մեր հիմնավորումները և պահանջները: 

  1. Մենք նշել էինք, որ պղնձի գներն իջնելուն պես ԼՀԿ-ի ղեկավարությունը կրճատեց մեր աշխատավարձերը, իսկ պղնձի գների բարձրացմանը զուգահեռ աշխատավարձերը չեն բարձրացվել:
  2. ԼՀԿ-ի ղեկավարությունը նշել էր, որ ոչ միայն բարձրացրել են, այլ ՀՀ կառավարության առջև ստանձնած պարտավորություններից էլ 12.000 դրամ ավելի միջին աշխատավարձ են տալիս:

Նախ ասենք, որ աշխատավարձի իջեցումը կատարվել է օրենքի կոպիտ խախտումով, որովհետև աշխատավարձի նվազեցում կարելի է կատարել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրի հիման վրա:

Հայտնի է, որ Ախթալայի ԼՀԿ-ի հետ կապված օրենք չի ընդունվել, իսկ կոլեկտիվ պայմանագիր չէր կարող լինել, որովհետև Ախթալայի ԼՀԿ-ում արհմիություն չկա:

Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարությունը կամ չգիտի, կամ փորձում է մոլորեցնել հասարակությանը՝ նշելով, որ ԼՀԿ-ի աշխատակիցների միջին աշխատավարձը 122.5 հազար դրամ է: Ընդ որում՝ ասուլիսի ժամանակ գլխավոր հաշվապահ Արամ Սոխակյանը հաշվարկի մեջ մտցրեց այն՝ օրենսդրությամբ սահմանված ծանր վնասվածք, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, ինչպես նաև գիշերային և արտաժամյա աշխատանքների համար տրվող հավելումները, որոնք աշխատավարձ չեն, որովհետև համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Աշխատավարձը ներառում է հիմնական աշխատավարձը և գործատուի կողմից աշխատողին իր կատարած աշխատանքի դիմաց տրված լրացուցիչ վարձատրությունը»:

Այս ամենի արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որ, օրինակ, ջարդման արտադրամասի բանվորի կամ հանք մտնող նմուշարկող բանվորի աշխատավարձը ընդամենը 37.500 դրամ է, այն դեպքում, երբ այդ մարդիկ ոչ միայն աշխատում են 100% վնասակարություն ունեցող միջավայրում, այլ ամեն պահ վտանգում են իրենց կյանքը:

Ի դեպ, ԼՀԿ-ում վերջին 3 տարիների ընթացքում զոհված աշխատակիցներից մեկը զոհվել է ջարդման արտադրամասում, մյուսն էլ հանքում: Լրացուցիչ նշենք, որ ի տարբերություն 2008թ., երբ արդյունահանվում էր ընդամենը ամսեկան 350-400 տոննա խտանյութ, այժմ արդյունահանվում է ամսեկան 1000-ից մինչև 1300 տոննա խտանյութ:

Ասուլիսի ժամանակ ԼՀԿ-ի ղեկավարությունը նշեց, որ արտահագուստ տվել են 2010թ., և օրենքով պետք է նորից հատկացնեն 2012թ.: Հիշեցնենք, որ ձմեռային արտահագուստ, եթե տրվում է տարին մեկ, ապա ամառային արտահագուստը պետք է տրվի առնվազն 6 ամիսը մեկ անգամ: Ինչ վերաբերվում է հատուկ սննդին, ապա իրենք նշել էին, որ դրա փոխարեն սննդի համար տալիս են հավելում, ինչը չեք կարող գտնել մեզ վճարվող աշխատավարձերի բացվածքում :

Ասուլիսի մասնակիցները, ըստ էության, չհերքեցին, որ իրենք կապիտալ ներդրումներ չեն կատարում տեխնիկական անվտանգության կանոնները պահպանելու նպատակով: Պարզապես նշեցին, որ իրենք բարելավումներ կատարելու ծրագրեր եւ նախագծեր ունեն, եւ որքան էլ զարմանալի է, նշեցին, որ 12 տարվա մեջ կոմբինատում ոչ մի դժբախտ դեպք տեղի չի ունեցել:

Նախ նշենք, որ ԳարիկԱղջյանի դեպքը, եթե հաջորդել է ասուլիսին, ապա Ս. Հախվերդյանի և Ա. Բեգջանյանի մահերը տեղի են ունեցել համապատասխանաբար 2006թ. (բաց հանքում) և 2008թ. (ֆաբրիկայի ջարդման արտադրամասում):

Հիմա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում է գտնվում Ս. Շախկյանի դիմումը կախված Ախթալայի ԼՀԿ-ում անվտանգության կանոնները խախտելու հետևանքով առողջությանը պատճառած վնասի հետ, մնացած դեպքերն էլ չենք նշում:

Իմիջայլոց, ճակատագրի հեգնանքով Ախթալայի ԼՀԿ-ի տեխնիկական անվտանգության ինժեները այն տեղամասի պետն է, որտեղ փետրվարի 25-ին զոհվեց 22-ամյա Գարիկ Աղջյանը: Կոմբինատի ղեկավարությունը չէր կարողանում պահել տեխնիկայի անվտանգության գծով մեկ ինժեներ և ստիպել էր, որպեսզի տեղամասի պետն իր աշխատանքը համատեղի տեխնիկական անվտանգության գծով ինժեների աշխատանքի հետ, ինչը ևս օրենքի կոպիտ խախտում է:

Ինչ վերաբերվում է Շամլուղի բաց հանքի վտանգավորությանը, մենք նշել էինք, որ մեծ հավանականություն կա սահքի, ինչի հետևանքով կարող են զոհվել մարդիկ, և ծանր տեխնիկան էլ կարող է մնալ հողի տակ:

Նախ նշենք, որ փոքր սահքի պատճառով բեռնատարի վարորդ Ս. Հախվերյանը զոհվել է 2006թ., իսկ 2011թ. գարնանը հողակույտի սահք է տեղի ունեցել բաց հանքի տարածքում: Այժմ այնտեղ կուտակված է միլիոնավոր տոննաներով հողաշերտ, որը սահելու դեպքում կլցվի Ախթալա-Շամլուղ միջհամայնքային ճանապարհին:

Մենք նշել էինք, որ չնայած գերշահույթներին՝ Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարությունը տալիս է զավեշտալի ցածր աշխատավարձեր, փորձելով ներկայացնել, որ կատարում է կառավարության առջև ստանձնած պարտավորությունները:

Ախթալայի ԼՀԿ-ի սեփականատերը օֆշորային Նեվիս կղզում գրանցված «ՄԵԹԼ ՓՐԻՆՍ» ընկերությունն է, որին մինչև 2007թ. պատկանում էին Լոռու մարզում Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, Կաճաճկուտի ոսկու բազմամետաղային հանքավայրը, Արմանիսի բազմամետաղային հանքավայրը և Սյունիքի մարզում Դաստակերտի պղնձամոլիբդենային հանքավայրը: 2007թ. ռուսական «Նեվ-Ռուս» ընկերությանը, վճարելով 40 մլն ԱՄՆ դոլար, դարձավ «ՄԵԹԼ ՓՐԻՆՍ ԷԼ ԹԻ ԴԻ» -ի բաժնետերը, իսկ 19%-ի բաժնեմասի սեփականատերերը մնացին ամուսիններ` Սերոբ Տեր-Պողոսյանը և Մադլեն Թաշճյանը: 2010թ. հիմնական բաժնետերը հրաժարվել են գործընկերությունից, և Ախթալայի ԼՀԿ-ն, դժբախտաբար, մնաց Սերոբ Տեր-Պողոսյանին և Մադլեն Թաշճյանին:

Ինչո՞ւ դժբախտաբար, որովհետև այսօր, համեմատելով «Սագամար» ՓԲԸ-ին պատկանող Արմանիսի հանքերում և ֆաբրիկայում ստեղծված պայմանների, վճարվող աշխատավարձերի հետ, գալիս ենք այն համոզման, որ ճիշտ էր գրված հայկական օրաթերթերից մեկում, որ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ի աշխատողներին ստրուկի տեղ են դրել:

Նշենք նաև, որ պղնձի միջազգային գները արտահայտված ՀՀ դրամով գտնվում է պատմական մաքսիմումի վրա` տոննայի առժեքը 6 միլիոն դրամ, այն դեպքում, երբ նախաճգնաժամային գինը 3 մլն դրան էր: Այդ գումարներից անցյալ տարի կոմբինատի ղեկավարությունն ընդամենը 40 մլն դրամ է ներդրել արտադրության մեջ:

Անդրադառնալով Ախթալայի և Շամլուղի սոցիալ-մշակութային օբյեկտներին և Արամյանցի հայտնի տանը՝ կրկնում ենք, որ այդ օբյեկտներն այսօր չեն ծառայում համայնքներին և իրենց բուն նշանակությանը : Օրինակ՝ Արամյանցի տունը Սերոբ Տեր-Պողոսյանն ընդամենն իր համար առանձնատուն է դարձրել և իր հոր ու մոր հուշաքարը տեղադրել (պայմանագրի կոպիտ խախտմամբ), իսկ Ախթալայի մշակույթի տան մի մասը վերածել է հանրակացարանի (օրենսդրության կոպիտ խախտումով), իսկ մնացած օբյեկտներում ոչ մի դրամ, ոչ մի լումա չի ներդրել, և դրանք մատնված են անտերության:

Փետրվարի 25-ին հայկական օրաթերթերց մեկը մի դժբախտ մարգարեություն էր արել՝ ենթավերնագրերից մեկում նշելով. «Բանվորի կյանքը մազից է կախված, բայց վախենում է խոսել ու զրկվել աշխատանքից»:

Վերոնշյալ ասուլիսը և դրան հետևած ողբերգական դեպքը մեզ ստիպում է, որ հանդես գանք հետևյալ պահանջներով.

սույն թվականի մարտի 3-ին՝ ժամը 17:00-ին, հրավիրել Ախթալայի ԼՀԿ-ի կոլեկտիվի ընդհանուր ժողով (որում պահանջում ենք, որ ներկա գտնվեն կոմբինատի գլխավոր բաժնետեր և գլխավոր տնօրեն Մ. Թաշճյանը և կոմբինատի ղեկավարությունը):

Փոխհատուցել ապօրինի նվազեցված աշխատավարձերը:

Էապես և արդարացի կերպով բարձրացնել կոմբինատի աշխատակիցների աշխատավարձերը (մասնավորապես հանքերի և ֆաբրիկայի բանվորների և վարպետների):

Լուծել տեխնիկական անվտանգության, արտահագուստի տրամադրման, հատուկ սննդի տրամադրման հարցերը, տրամադրել կյանքի և առողջության ապահովագրություն:

Ապահովել Ախթալա-Շամլուղ ճանապարհի անվտանգությունը և մաքրությունը:

Ախթալա և Շամլուղ համայնքներին հետ վերադարձնել (թեկուզ ՀՀ կառավարության կողմից գերակա հանրային շահ ճանաչելով) Ախթալա և Շամլուղ քաղաքների ակումբները, մանկապարտեղը, ճոպանուղին, հիվանդանոցը:

Քննության առնել Ախթալա և Շամլուղ քաղաքների բաշխիչ էլեկտրացանցերը Հայաստանի էլեկտրական ցանցին հանձնելու և Արամյանցի տան պայմանագիրը լուծելու հարցերը:

Ուզում ենք շնորհակալություն հայտնել ՀՀ նախագահին, Լոռու մարզպետին՝ մեր նախորդ նամակում արծարծված հարցերին օպերատիվ ընթացք տալու համար, բոլոր այն լրատվամիջոցներին և անձանց, ովքեր արագ կերպով անձագանքեցին մեր կողմից բարձրացված հարցերին: Խնդրում ենք, որ այդ հանդիպմանը իրենց մասնակցությունը բերեն ՀՀ էներգետիկայի և ընդերքի նախարարության, ՀՀ Աշխատանքի պետական տեսչության, ՀՀ Լոռու մարզպետարանի, ՀՀ արհմիությունների Հանրապետական խորհիդի ներկայացուցիչները, Ախթալայի և Շամլուղի քաղաքապետերը և ԶԼՄ ներկայացուցիչները:

Վստահ ենք, որ Ախթալայի ԼՀԿ-ի ղեկավարությունը ըմբռնումով կմոտենա մեր պահանջներին և քայլեր կձեռնարկի մեր բարձրացրած հարցերը լուծելու համար: 

Ախթալայի ԼՀԿ

Աշխատողների պաշտպանության կոմիտե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter