
Մարզպետարանում քննարկվել է ախթալացի բանվորների դիմումը. Մադլեն Թաշճյանը ներկա է եղել
Երեկ Լոռու մարզպետարանում ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության հանձնարարությամբ քննարկվեց նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի 41 աշխատողների դիմումը: Քննարկմանը հայտնի դարձավ, որ «Մեթըլ Փրինս» ընկերությունը 2011թ.-ի իր 7,5 միլիարդ դրամ հասույթից Ախթալայի ԼՀԿ-ում կատարել է ընդամենը 40 մլն դրամի ներդրում:
«Ինչպես այս, այնպես էլ անցած 12 տարիների իր հասույթներից, ընկերությունը ոչ մի կոպեկ չի ներդրել իր սեփականությունը հանդիսացող Ախթալայի սոց-կենցաղային օբյեկտների վերականգնման համար»,- ասաց քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը: Քննարկմանը մասնակցող «Մեթըլ Փրինս» կորպորացիայի սեփականտեր և գլխավոր տնօրեն Մադլեն Թաշճյանը որևէ գնահատական չտվեց բանվորների դժգոհություններին:
Մադլեն Թաշճյանը ախթալացիների պահանջով ներկայացրեց սեփական ձեռնարկությունում տարեկան 2 անգամ հայտնվելու իր մեկնաբանությունը. «Ճիշտ է, ես վերջերս չեմ եկել Ախթալա, բայց ես յուրաքանչյուր խումբի տնօրեն ունիմ: Ես իմ տնօրենների հետ միշտ կապի մեջ եմ, և իրենք գործը առաջ տանում են: Պարոն մարզպետ, կներեք, ես Ձեր օրինակը բերեմ: Ես չեմ կարող կարծել, որ պարոն մարզպետը ամեն գյուղ կերթա: Ինքը ամեն գյուղ գյուղապետ ունի, աշխատողներ ունի, որ իրեն ինֆո կուտան»:
«Տիկին Մադլեն , ի տարբերություն Ձեզ, ես իմ պաշտոնավարման 7 ամիսների ընթացքում մարզի բոլոր գյուղերում եղել եմ»,-ընդհատեց մարզպետը:
Մադլեն Թաշճյանը քննարկման ընթացքում որևէ գնահատական չտվեց նաև փետրվարի 25-ին հանքում զոհված 22-ամա Գարիկ Աղջյանի մահվան վերաբերյալ: Իսկ մինչ այդ քննարկմանը ներկայացած 5 բանվորները ԼՀԿ-ի տիրոջ առաջ, աշխատանքը կորցնելու անհանգստությամբ, դժվարանում էին ներկայացնել իրենց պահանջները:
Բանվորնրին աջակցեցին Խաչիկյան եղբայրներն ու ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը: Վազգեն Խաչիկյանը խնդրեց ԼՀԿ-ի սեփականատիրոջ բացատրությունը, թե ինչպես հասկանալ, որ ԼՀԿ-ի ղեկավարության աշխատավարձը հասնում է ընդհուպ 6 մլն դրամի, իսկ իրենց կյանքն ամեն օր վտանգող հանքափորներին ու ջարդման արտադրամասում աշխատող բանվորներին վճարում են 37-40 հազար դրամ դրույքաչափով: Հարցը մնաց անպատասխան:
«Փետրվարի 3-ին Ժողովուրդը հարց էր բարձրացրել, Ձեր ֆաբրիկայից ոչ մեկը չկար, որ մի հարցի պատասխաներ: Բա լավ, Ձեզանից մեկի մոտ էս մարդկանց նկատմամբ հարգանք չկա՞ր, խաթր չկա՞ր»,- ԼՀԿ-ի տնօրեններին նախատեց ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը:
«Մենք 2-րդ անգամ ջուր ծեծելու խնդիրը չէինք տեսնում: Մենք չգիտեինք նաև, որ Դուք գալու եք»,- պատգամավորին ասաց տնօրեն Գագիկ Շահնազարյանը: Բանվորներին 2012 թ.-ի հունվարի տոնական օրերին 2011թ.-ի համեմատ ավելի ցածր աշխատավարձ վճարելու մասին Ախթալայի քաղաքաքապետ Հայկազ Խաչիկյանի հարցի հետ կապված գլխավոր հաշվապահ Արամ Սոխակյանի պարզաբանումներից հայտնի դարձավ. որ գործատուն 2012թ.-ի հունվարի տոնական օրերի վարձատրության նոր պայմաններին ԼՀԿ-ի աշխատողներին չի տեղեկացրել:
«Ընդհանուր աշխատողներին դա չի տեղեկացվել, բայց կոնկրետ դիմողներին հաշվապահը բացատրել է»,- ասաց գլխավոր հաշվապահը:
Մարզպետ Նալբանդյանին հետաքրքրեց, թե իրենց դժգոհությունների մասին ինչու են աշխատողները որոշել նամակ գրել հենց երկրի նախագահին: Քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը մարզպետին պարզաբանեց, որ բանվորների կողմից որևէ հարց բարձրացնելու դեպքում նրանք ընկերության ղեկավարության կողմից վտարվում են աշխատանքից: Ըստ քաղաքապետին` դրա նախադեպը ԼՀԿ-ում արձանագրվել է նաև 2003թ.-ին:
Որպես փաստ բերվեց քննարկմանը ներկա ախթալացի Հովիկ Փարսադանյանի օրինակը: Մարզպետը հույս հայտնեց, որ ԼՀԿ-ի ղեկավարների կողմից քննարկմանը ներկա աշխատողների նկատմամբ նույնպես աշխատանքից ազատելու պատժամիջոցը չի կիրառվի:
ԼՀԿ –ում արհմիություն ստեղծելու խնդրի հետ կապված` ԼՀԿ-ի իրավաբանը և տնօրեն Գագիկ Շահնազարյանը փաստեցին, որ օրենքը արհմիություն ստեղծել չի պարտադրում: Ճգնաժանային տարիներին աշխատողների աշխատավարձը 20 տոկոսով կրճատելու մասին մարզպետը հիշեց . «Ախթալայում ճգնաժամի տարիներին աշխատանքից մի մարդ չազատվեց: Սա որևէ մեկը չի կարող ժխտել: Քաջարանի պղնձմոլիբդենային գործարանում էլ ճգնաժամի տարիներին 50 տոկոսով աշխատավարձի բարձրացում արձանագրվեց»,- նկատեց քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը:
Վազգեն Խաչիկյանն էլ տեղեկացրեց, որ ճգնաժամի տարիներին «Մեթըլ Փրինսի» բաժնետոմսերի զգալի մասը պատկանում էր «Նևա- Ռուս» ընկերությանը, և այդ տարիներին աշխատատեղերը չկորցնելու համար ԼՀԿ-ի աշխատողները պարտական են այդ ընկերությանը:
Բանվորներին արտահագուստ տրամադրելու շուրջ ԼՀԿ-ի արտադրության գծով տնօրեն Լյովա Վարդանյանի տեղեկությունները փաստեցին, որ Ախթալայի ԼՀԿ-ում կուշտերը սովածներին մանր են բրդում. «Ամառային արտահագուստ չենք տվել մեկ սեզոն, հա, հմի դրա համար, թե պտի մեզ գնդակահարեն, թող գնդակահարեն: Չենք տվել, հետո ի՞նչ»:
Նույն մոտեցումներով ԼՀԿ-ի ղեկավարության կողմից պատասխան տրվեց նաև երկրի նախագահին ուղղված բանվորների աշխատանքային անվտանգության ապահովման և Ախթալայի հիմնախնդիրներին վերաբերվող մյուս դժգոհություններին:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը հանձնարարեց քաղաքապետ Հայկ Խաչիկյանին ամենակարճ ժամկետում մարզպետարան ներկայացնել ԼՀԿ-ի հետ կապված բանվորների և ախթալացիների պահանջները, որպեսի այն մարզպետարանի տրված ժամանակացույցով իրականացվի ԼՀԿ-ի ղեկավարության կողմից:
Քննարկման վերջում, պատասխանելով «Հետքի» հարցին ՀՀ աշխատանքի պետական տեսչության Լոռու մարզի տարածքային կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Մազմանյանն ասաց. «Բանվորների իրավունքները որոշ հարցերում ԼՀԿ-ի ղեկավարության կողմից խախտվել է: Փաստացի այստեղ արտահագուստի խնդիրն է, սնվելու պայմանների ապահովումը, և ֆաբրիկայի լաբորատորիայի աշխատողների վտանգավոր միջավայրում աշխատողների կարգով չվճարելը: Ղեկավարության աշխատողների աշխատավարձերի տարբերության հարցում իրենք պետք է այդ թվերը ուղարկեն, որ մենք կարողանանք ասել»:
Գագիկ Մազմանյանը անթույլատրելի էր համարում հանքարդյունաբերության ոլորտում 37-40 հազար դրամ աշխատավարձի դրույքաչափ սահմանելը. «Բայց օրենքը պարզապես նվազագույն աշխատավաձ է սահմանել 32,5 հազար դրամ: ԼՀԿ-ում էլ սահմանել են 37 հազար, ինչը նվազագույնից բարձր է»: Գագիկ Մազմանյանը նաև ասաց, որը երբեք Ախթալայի ԼՀԿ-ում չի եղել. «Ասեմ, մենք մեր նախաձեռնությամբ չենք կարող գնալ, մենք կարող ենք նախարարի հանձնարարությամբ գնալ թեմատիկ ծրագրային ուսումնասիրության, որը մեզ չի տրվել»:
Աշխատանքի պետական տեսչության Լոռու մարզի պատասխանատուի հետ զրույցից պարզվեց, որ բանվորների աշխատանքային անվտանգության խնդիրների վերահսկումը նույնպես մտնում է աշխատանքի պետական տեսչության պարտականությունների մեջ. «Ոնց չի մտնում, դրա համար հիմա պետք է ասենք` այնտեղ բաղնիք սարքեն և այլն և այլն»:
Մարզպետարանի քննարկումից հետո ԼՀԿ-ի բանվորներ Գարիկ Ջաղինյանը և Վահրամ Դարչինյանը տուն էին վերադառնում ծանր զգացողությամբ: Նրանք հավատացած էին, որ իրենք բոլոր դեպքերում ազատվելու են աշխատանքից: Երիտասարդ բանվորները մտածում էին, որ օրերը տաքանալու պես պետք է տոմս գնեն և մեկնեն Սոչի` արտագնա աշխատանքի:
Մեկնաբանել