HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գլենդել Հիլզը» 2.5 մլն դրամ է պահանջում «Ժամանակ» օրաթերթից

«Գլենդել Հիլզ» ընկերությունը «Ժամանակ» օրաթերթից պահանջում է 2 մլն դրամ փոխհատուցել զրպարտության միջոցով ընկերության պատվին և արժանապատվությանը հասցված վնասի, ինչպես նաև 500 հազար դրամ` դատական ծախսերի համար: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած նախնական դատական նիստի ընթացքում հայցի ֆինանսական մասի պահանջը պարզաբանեց «Գլենդել Հիլզ» ընկերության ներկայացուցիչ Անահիտ Սարդարյանը:

Հիշեցնենք, որ դատարան ներկայացրած հայցադիմումում փոխհատուցման չափը նշված չէր: Դատավոր Ա. Սուքոյանը հայցվորներից պահանջեց հստակեցնել, թե որքան փոխհատուցում են պահանջում թերթից:

Փաստաբան Անահիտ Սարդարյանն այսօր ներգրավվեց գործում և առաջին անգամ էր մասնակցում նիստին: Նախորդ նիստերին «Գլենդել Հիլզ» ընկերությունը ներկայացնում էին ընկերության 3 իրավաբանները: Անահիտ Սարդարյանը դատարանին ներկայացրեց «Գլենդել Հիլզ»-ի և իր միջև կնքված 500 հազար դրամի պայմանագիրը: Հենց այդ գումարն էլ պահանջեց օրաթերթից` որպես դատական ծախսերի փոխհատուցում:

«Ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը նկատեց, որ «Գլենդել Հիլզը» հատուկ արհեստական վնաս է առաջացնում, որպեսզի թերթից դրա համար փոխհատուցում պահանջի:  «Խնդիրը որակյալ իրավաբանական օգնություն ստանալը չէ, այլ վնասը արհեստականորեն ստեղծելն է մեր կողմին արհեստականորեն վատ վիճակի մեջ գցելու համար»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:

Անահիտ Սարդարյանը «Ժամանակ» օրաթերթի փաստաբանի այս մեկնաբանությունը ժխտեց` ասելով, որ «Գլենդել Հիլզի» իրավաբանները հիմնականում մասնագիտացած են շինարարական կազմակերպությունների գործերում, իսկ այս գործի բնույթն այլ է:

2 մլն-ի պահանջը փաստաբան Անահիտ Սարդարյանը հիմնավորեց Քաղ. Օր.-ի 1087.1 հոդվածի 11-րդ կետի առաջին մասի պահանջներով, այն է` զրպարտության համար նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափը, այսինքն` առավելագույն նիշը: «Այս դեպքերում հաշվի է առնվում զրպարտության եղանակը և տարածման շրջանակը, իսկ այս դեպքում ապատեղեկատվությունը տարածվել է «Սկիզբ Մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի կողմից հրատարակվող «ժամանակ» օրաթերթի միջոցով, որն ունի մոտավորապես 4100 տպաքանակ, այսինքն` որպես զանգվածային լրատվության միջոց նախատեսված է անսահմանափակ թվով անձանց համար, այսինքն` լայն շրջանակի համար է և ավելի մեծ վնաս է հասցվել»,- մանրամասնեց Անահիտ Սարդարյանը:

Քանի որ ապացուցման պարտականությունը պատասխանող կողմի վրա է, Նիկոլայ Բաղդասարյանն այսօրվա նիստին ներկայացրեց հայցվորների կողմից «զրպարտություն» որակած «ինքնափլուզման» վերաբերյալ ապացույցները, որոնք կքննվեն դատաքննության փուլում:

Փաստաբանը ներկայացրեց «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութը «Գլենդել Հիլզի» կառուցած շենքում տեղի ունեցած «ինքնափլուզման» վերաբերյալ, 7or.am կայքի նույնաբովանդակ հոդվածը, շենքի բնակիչների բաց նամակը, ՀՀ նախագահի պաշտոնական կայքում տեղադրված նախագահի` շինարարության անորակ լինելու մասին ելույթը, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի նույնաբովանդակ գնահատականը և ՄԻ պաշտպանի` դատարաններին ուղղված նամակը:

Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզ» ընկերությունը պահանջում է հերքել  2010 թվականին օգոստոսի 26-ին հրապարակած «1000 դոլար լռության դիմաց» լուրը, որտեղ օրաթերթը, վկայակոչելով իր լավատեղյակ աղբյուրներին, պատմում է չկայացած գործարքի մասին: ««Գլենդել Հիլզ» կազմակերպության Գյումրիի ներկայացուցիչները Գյումրիում իրենց կառուցած Մուշ-2 թաղամասի շենքերից մեկի ինքնափլուզումից հետո փորձել են ամեն գնով համոզել բնակիչներին որ նրանք կատարվածի մասին տեղյակ չպահեն լրատվամիջոցներին: Մեր աղբյուրը, որ չցանկացավ ներկայանալ, տեղեկացրեց, թե բնակիչներին « Գլենդել Հիլզն» առձեռն առաջարկել է 1000 դոլար գումար, ինչպես նաև խոստացել է արագ վերանորոգել բնակարանը, միայն թե թեման չհայտվի ԶԼՄ-ներում, իսկ հակառակ դեպքում սպառնացել, որ չի վերանորոգի բնակարանը: Տուժած բնակիչները հրաժարվել են «Գլենդել Հիլզի» հետ ստվերային գործարքից»,- գրել է թերթը:

«Գլենդել Հիլզը» սա զրպարտություն է որակում ու պահանջում հերքել ընկերության գործարար համբավն արատավորող տեղեկությունները և փոխհատուցել պատճառված վնասը:

Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդեց իրեն ևս տրամադրել նոր ներգրավված փաստաբանի պայմանագրի և վճարման անդորրագրերի կրկնօրինակները, ինչպես նաև ժամանակ խնդրեց այդ փաստաթղթերին ծանոթանալու և իրենց դիրքորոշումն արտահայտելու համար: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 22-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter