HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության հայտարարությունը՝ Մաշտոցի պուրակի վերաբերյալ

Մաշտոցի պողոտային հարող այգում շինարարական աշխատանքներ կատարելու առնչությամբ բնապահպանական և այլ հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված գործողությունների ու հայտարարությունների հարցով ՀՀ ոստիկանությունը բազմիցս հանդես է եկել հայտարարություններով՝ հանրությանը պարզաբանելով, թե այդ աշխատանքներին առնչվող իրավական վիճակը և թե ոստիկանության գործողությունների իրավական հիմքերը:

Վերահաստատելով իր դիրքորոշումները խնդրի վերաբերյալ՝ ՀՀ ոստիկանությունը վերստին հայտարարում է, որ լիազորված չէ կասկածի տակ դնել քաղաքապետի կողմից արձակված և չվիճարկված շինարարակական թույլտվության իրավաչափությունը: Այն որոշելու լիազորությունը պատկանում է բացառապես վարչական դատարանին: Հետևաբար, ոստիկանությունը պարտավոր էր թույլ չտալ միջամտություն հիշատակված շինարարական աշխատանքներին, ապահովելով Մաշտոցի պողոտային հարող այգում հասարակական կարգի պատշաճ պահպանությունը, այդ թվում նաև՝ այդ աշխատանքները խոչընդոտող անձանց և շինարարների անվտանգությունը: Ուստի, հասարակական կարգի պահպանմանն ուղղված ոստիկանության պահանջները միանշանակ  բխել են օրենքից:

ՀՀ ոստիկանությունն արդեն իսկ բազմիցս ընդգծել է, որ թույլատրված շինարարական աշխատանքների խոչընդոտումը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ, քանի որ հավաքների խաղաղ իրականացումը բացառում է ներկայացված պահանջների հարկադրաբար կենսագործումը հավաքի մասնակիցների կողմից: Նման գործողությունները կարող են որակվել որպես ինքնիրավչություն և առաջացնել վարչական պատասխանատվություն: Հասարակական կարգի և հասարակական անվտանգության խախտումների  առնչությամբ ոստիկանության ծառայողի օրինական պահանջները չկատարելը նույնպես հանգեցնում է վարչական պատասխանատվության: ՀՀ ոստիկանությունն իրավասու էր կիրառելու վարչական հարկադրանքի միջոցներ, սակայն, կանխարգելիչ լիազորությունների շրջանակներում ելնելով լարվածության թուլացման սկզբունքից՝ ձեռնպահ է մնացել միջոցներ կիրառելուց:

Կարևորելով հանրության տեսակետները և հանրային իրազեկվածության բարձրացումը, ՀՀ ոստիկանությունում փետրվարի 28-ին անցկացվեց կլոր սեղան` տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, որի արդյունքում, մասնավորապես, փաստվեց ոստիկանության գործողությունների համարժեքությունը իրավիճակին:

Չնայած դրան, հասարակական կազմակերպությունների առանձին ներկայացուցիչների կողմից վերստին, ընդ որում, վերջնագրային տոնով, կոչեր են հնչում շուրջօրյա նստացույց կազմակերպելու և անգամ սեփական ուժերով «քաղաքացիական դատավարություն անցկացնելու» վերաբերյալ: Հայտարարվում է նաև մինչև այդ ինքնակոչ «դատարանի որոշումը» տաղավարների գույքը «կալանքի վերցնելու», ինչպես և վերջնագրերը չընդունվելու դեպքում տաղավարները սեփական ուժերով ապամոնտաժելու մտադրության մասին:

Այս առնչությամբ ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտնել հետևյալը.

1. Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկին պատկանող գույքը կալանքի վերցնելը օրենքի կոպիտ խախտում է, որը չի կարող որակվել այլ կերպ, քան ինքնիրավչություն: Ավելին, տաղավարների ապօրինի ապամոնտաժումը անխուսափելիորեն զգալի չափերի վնաս կպատճառի անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքին, իսկ դա արդեն հանցագործություն է` ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ  հոդվածով նախատեսված արարք, որի կատարման դեպքում մեղավորները անխուսափելիորեն կենթարկվեն քրեական պատասխանատվության:

2. ՀՀ ոստիկանությունը` ունենալով խաղաղ հավաքների անցկացումն ապահովելու պարտականություն, որևէ կերպ չի կարող հանդուրժել այնպիսի գործողություններ, որոնք ամբողջությամբ դուրս են գալիս հավաքի ազատության շրջանակներից և իրենցից ներկայացնում են սոսկ վարչական իրավախախտում կամ անգամ հանցագործություն: Ակնհայտ է, որ Մաշտոցի պողոտային հարող պուրակում նման գործողությունների նպատակով անցկացվող հավաքույթները, որոնց նպատակը այլ անձանց գույքի նկատմամբ բռնի գործողությունների կատարումն է, հավաք չեն համարվում և դրանց կազմակերպիչներն ու մասնակիցները կենթարկվեն պատասխանատվության իրենց կողմից հայտարարված ապօրինի գործողություններն իրականում կատարելու համար:

3. ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ապահովել միաժամանակ թե քաղաքացիների խաղաղ հավանքների իրավունքը, թե հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանությունը, թե նաև այլ անձանց սահմանադրական իրավունքների պաշտպանությունը: ՀՀ ոստիկանության կողմից այս պարտականությունների կատարումն անհնարին է դառնում կամ դժվարանում է, եթե խաղաղ հավաքների փոխարեն անցկացվում են բռնարարքների միտված հավաքույթներ, որոնց նպատակը իրավիճակի սրումն է և հանրության առանձին ներկայացուցիներին ապակողմնորոշելու միջոցով նրանց հակաօրինական վարքագծի դրդելը: Ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին ձեռնպահ մնալ նման գործողություններից և որևէ կերպ չենթարկվել հակաօրինական արարքների դրդող կոչերին:

4. Հավատարիմ մնալով խնդրահարույց, այդ թվում սուր հարցերը բանակցային, իրավիճակի սրումը բացառող եղանակով լուծելու իր գործելաոճին, ՀՀ ոստիկանությունը` իր լիազորությունների սահմաններում, պատրաստակամ է շահագրգիռ կազմակերպությունների հետ շարունակել բանակցությունները այդ հարցերի քաղաքակիրթ և բոլորի շահերից բխող լուծումներ գտնելու ուղղությամբ:

Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանությունը լիազորված է հայտարարել, որ շինարարական թույլտվության կամ տաղավարների տեղադրման իրավաչափության հարցը չի մտնում իր իրավասության մեջ: Սակայն ոստիկանությունը պարտավոր է կանխել ցանկացած բռնարարք և ապահովել հասարակական կարգը և հասարակական անվտանգությունը:

Այս նկատառումներից ելնելով՝ ՀՀ ոստիկանությունը նախազգուշացնում է, որ տաղավարների ապօրինի, ինքնագլուխ ապամոնտաժման նպատակով հավաքույթներ անցկացնելը չի պաշտպանվում հավաքների ազատությամբ: Նման հավաքների ընթացքում որևէ ինքիրավ գործողության կատարումը, որը չի հանգեցնի այլ անձանց պատկանող գույքի ոչնչացման, առաջացնելու է վարչական պատասխանատվություն` ինքնիրավչության համար, իսկ զգալի վնաս պատճառած նույնաբնույթ գործողությունները որակվելու են որպես հանցագործություն:

ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետամուտ լինել, որպեսզի վարչական իրավախախտում և հանցագործություն կատարած բոլոր անձինք` առանց որևէ բացառության, ենթարկվեն իրենց արարքներին համարժեք պատասխանատվության: Այդ առնչությամբ ոստիկանությունը` անօրինական գործողությունները կանխարգելելու նպատակով, իրավասու է ներկայացնել պահանջներ` հասարակական կարգի և հասարակական անվտանգության պահպանման առնչությամբ: Նման պահանջները չկատարելը առաջացնելու է վարչական պատասխանատվություն:

Մյուս կողմից, ՀՀ ոստիկանությունը երաշխավորելու է բոլոր այն ակցիաները, որոնք անցկացվում և անցկացվելու են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքին համապատասխան:

Այս խնդրի առնչությամբ  մեր հասարակությունը բազմիցս հնարավորություն ունեցել է հավաստիանալ դրանում:

Մեկնաբանություններ (3)

Alik
apren mer bnapahpaner@ ay piti orinak vertsni amen mi hay amen mi anhad andz ,meng dzez het enq mer sireliner ete hark lini kmiananq
LALA
meng in4 el lini paygarelu eng, meng eng mer kaxaghi hamar mtatsum chishd e ushatsumov chnayadz mez en jamanak el chen lsel , baits meng hima aveli u aveli eng amrapndum mer dirkern u TUYL CHENK TA CHENK HANDURJI VOCH MI OLIGARXA-CHINOVNIKNERI
Mariam
չենք հեռանա Մաշտոցի պողոտայից, Չենք դադարելու պայքարել Մաշտոցի այգու համար եվ մեր իրավունքների համար հերիք է

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter